ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ
Ի՞նչ է հարկավոր իմանալ էլեկտրոնային խաղերի մասին
Թեստ
Ըստ քեզ՝ Միացյալ Նահանգներում, որտեղ էլեկտրոնային խաղերի ինդուստրիան միլիարդավոր դոլարների եկամտաբերություն ունի...
Ո՞րն է էլեկտրոնային խաղեր խաղացողների միջին տարիքը։
Ա. 18
Բ. 30
Որքա՞ն է խաղացողների սեռերի հարաբերակցությունը։
Ա. 55 տոկոս արական, 45 տոկոս իգական
Բ. 15 տոկոս արական, 85 տոկոս իգական
Հետևյալ երկու խմբերից ո՞րն է զգալի մեծամասնություն կազմում էլեկտրոնային խաղեր խաղացողների շրջանում։
Ա. Իգական՝ 18 տարեկան և ավելի մեծ
Բ. Արական՝ 17 տարեկան և ավելի փոքր
Պատասխանները՝ հիմնված 2013թ. տվյալների վրա
Բ. 30։
Ա. Իգական սեռի ներկայացուցիչները կազմում են խաղացողների 45 տոկոսը՝ գրեթե կեսը։
Ա. 18 տարեկան և ավելի մեծ տարիքի կանայք ու աղջիկները կազմում են խաղացողների 31 տոկոսը, մինչդեռ 17 տարեկան և ավելի փոքր տարիքի տղաները՝ ընդամենը 19 տոկոսը։
Այս վիճակագրական տվյալները օգնում են, որ պատկերացում կազմենք, թե մեծ մասամբ ովքեր են խաղում էլեկտրոնային խաղեր։ Սակայն այդ տվյալները ոչինչ չեն ասում այդ խաղերի թողած ազդեցության մասին, լինի այն լավ թե վատ։
Լավ կողմ
Էլեկտրոնային խաղերի վերաբերյալ հետևյալ կարծիքներից որի՞ն ես համաձայն։
«Դրանք ընտանեկան և ընկերական կապերը ամրացնելու զվարճալի կերպեր են» (Այրին)։
«Իրականությունից կտրվելու հաճելի միջոց են» (Անետ)։
«Մարզում են մարդու ռեակցիան» (Քրիստոֆեր)։
«Օգնում են զարգացնել տարբեր խնդիրներ կամ խոչընդոտներ լուծելու ունակություն» (Էմի)։
«Մտքի վարժություններ են. ստիպում են քեզ մտածել, ծրագրել, ստրատեգիաներ մշակել» (Էնթոնի)։
«Որոշ խաղեր սովորեցնում են համագործակցել ընկերներիդ հետ որպես թիմ» (Թոմաս)։
«Կան խաղեր, որ օգնում են մարզվել և պահպանել կազմվածքը» (Ջեյլ)։
Հնարավոր է՝ համաձայն ես այս երիտասարդներից ոմանց կամ գուցե բոլորի հետ։ Վիդեոխաղերը կարող են բարերար ազդեցություն ունենալ մարդու թե՛ ֆիզիկական և թե՛ մտային ունակությունների վրա։ Եթե անգամ որոշ խաղեր պարզապես ժամանակ անցկացնելու համար են, կամ, ինչպես Անետն է ասել, իրականությունից կտրվելու հաճելի միջոց են, դա դեռ չի նշանակում, որ այդ խաղերը միանշանակ վատն են։
● Աստվածաշունչն ասում է, որ «ամեն ինչ իր ժամանակն ունի», այդ թվում՝ զվարճությունը (Ժողովող 3:1–4)։
Վատ կողմ
Էլեկտրոնային խաղերը ժամանակի գո՞ղ են։
«Հենց սկսում եմ խաղալ, չեմ կարողանում կտրվել։ Անընդհատ ասում եմ. «Լավ, էս լեվլն էլ անցնեմ...»։ Ու էդպես ժամերն անցնում են, և ես էկրանի առաջ նստած եմ մնում» (Անետ)։
«Վիդեոխաղերը խմում են ժամանակդ։ Ժամեր շարունակ խաղում ես, քեզ հաղթող ես զգում, որովհետև արդեն հինգ խաղ տարել ես։ Բայց իրականում ոչինչ էլ չես տարել» (Սերինա)։
Հետևություն։ Եթե փող կորցնես, միգուցե գտնես այն։ Բայց եթե ժամանակ կորցնես, երբեք չես գտնի։ Որոշ առումով ժամանակն ավելի արժեքավոր է, քան փողը։ Ուրեմն՝ թույլ մի տուր, որ քեզ կողոպտեն։
● Աստվածաշունչն ասում է. «Իմաստութեա՛մբ վարուեցէք.... [լավագույնս] օգտագործելով ժամանակը» (Կողոսացիներ 4:5, Էջմիածնի թարգմանություն)։
Էլեկտրոնային խաղերը ազդո՞ւմ են մարդու մտածելակերպի վրա։
«Այնպիսի հանցագործություններ, որոնց համար մարդիկ բանտարկվում են կամ նույնիսկ մահապատժի ենթարկվում, սովորական բան են էլեկտրոնային խաղերի մեջ, և խաղացողը առանց վայրկյան անգամ մտածելու «գործում է» այդ հանցանքները» (Սեթ)։
«Շատ խաղերում նպատակակետին հասնելու համար դու պետք է հաղթես քո թշնամիներին։ Հաճախ դրա համար դու պետք է սպանես նրանց ամենասարսափելի ձևերով» (Անետ)։
«Երբեմն չես էլ զգում, որ խաղալիս ընկերներիդ ասում ես՝ «ա՛յ տենց, դե մեռի՛» կամ «դու մեռար»» (Նաթան)։
Հետևություն։ Մի՛ խաղա այն խաղերը, որոնք Աստծուն ատելի բաներ են խրախուսում, օրինակ՝ բռնություն, անբարոյություն կամ ոգեհարցություն (Գաղատացիներ 5:19–21; Եփեսացիներ 5:10; 1 Հովհաննես 2:15, 16)։
● Աստվածաշունչն ասում է, որ Եհովան ատում է ոչ միայն բռնություն գործողին, այլև «բռնություն սիրողին» (Սաղմոս 11:5)։ Քո ընտրությունը գուցեև ոչինչ չի ասում այն մասին, թե ինչպիսի անձնավորություն կդառնաս, սակայն ցույց է տալիս, թե հավանաբար ինչպիսի անձնավորություն է թաքնված քո ներսում։
Խորհելու համար։ Պատանեկան տարիքի երեխաներ ունեցող ծնողների համար նախատեսված մի խորհրդատվական գրքում (Getting to Calm) ասվում է. «Բռնի տեսախաղերը հավանաբար ավելի մեծ ազդեցություն են ունենում վարքագծի վրա, քան հեռուստացույցը, քանի որ երեխաները ոչ թե պարզապես դիտում են վրեժխնդիր ու դաժան հերոսներին, այլև հենց իրենք են այդ հերոսները։ Տեսախաղերը «գիտեն» սովորեցնելու բոլոր գաղտնիքները և դրանք կիրառելով՝ հիմնականում բռնություն են սովորեցնում» (համեմատիր Եսայիա 2:4)։
Վերադարձ իրականություն
Շատ պատանիներ ու երիտասարդներ սովորել են հավասարակշռված լինել էլեկտրոնային խաղերի հարցում։ Ահա նրանցից երկուսի օրինակը.
«Առաջ ես վիդեոխաղեր էի խաղում մինչև ուշ գիշեր, երբեմն էլ մինչև լուսաբաց։ Մտածում էի. «Ինձ հինգ ժամն էլ բավական է քնելու համար։ Մի լեվլ էլ անցնեմ...»։ Հիմա հասկացել եմ, որ խաղը իր տեղում պետք է լինի։ Ինձ համար այն պարզապես լավ հոբբի է, որով ժամանակ առ ժամանակ կարող եմ զբաղվել։ Չէ՞ որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ» (Ջոզեֆ)։
«Ես կրճատեցի խաղի ժամանակը, և ինձ շատ բան հաջողվեց անել։ Բարելավեցի ծառայությունս, կարողացա օգնության ձեռք մեկնել ժողովի մարդկանց, նույնիսկ սովորեցի նվագել։ Խաղից բացի այնքա՜ն լավ բաներ կան կյանքում» (Դեյվիդ)։
● Աստվածաշունչը հորդորում է լինել «սովորությունների մեջ չափավոր» (1 Տիմոթեոս 3:2, 11)։ Հասուն մարդիկ գիտեն զվարճանալ, բայց գիտեն նաև երբ կանգ առնել։ Նրանք կարողանում են ինքնատիրապետում դրսևորել (Եփեսացիներ 5:10)։
Հետևություն։ Էլեկտրոնային խաղերը կարող են հանգստի և զվարճանալու լավ ձև լինել, եթե, իհարկե, հարկ եղածից ավելի մեծ տեղ չես տալիս դրանց։ Թույլ մի տուր, որ խաղերը տնօրինեն ժամանակդ և շեղեն ուշադրությունդ կյանքում ավելի կարևոր բաներից։ Խաղում հաղթելու համար ներդրած ջանքերդ մի՞թե ավելի լավ չի լինի ներդնել իրական կյանքում նպատակների հասնելու համար և լինել իսկական հաղթող։