ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ
Ընկերությո՞ւն, թե՞ ռոմանտիկ զգացումներ—Մաս 2։ Ի՞նչ նշաններ եմ ցույց տալիս
Երբ քո ընկերներից մեկը ուզում է զրուցել, դու պատրաստ ես լսելու։ Բայց վերջերս դու սկսել ես ավելի հաճախ զրուցել նրանցից մեկի հետ։ Միայն թե մի խնդիր կա. նա հակառակ սեռի անհատ է։ «Մենք պարզապես ընկերներ ենք»,— ասում ես ինքդ քեզ՝ կարծելով, որ նա էլ է այդպես մտածում։ Արդյոք հիմք կա՞ մտահոգվելու։
Ինչ կարող է լինել
Սխալ չէ հակառակ սեռի ընկերներ ունենալ։ Սակայն ի՞նչ կլինի, եթե նրանցից մեկի հետ ավելի շատ մտերմանաս։ Այդ դեպքում նա կարող է մտածել, որ դու ուզում ես, որ դուք ընկերներ լինելուց ավելին լինեք։
Ուզո՞ւմ ես, որ նա այդպես մտածի։ Նկատի առ որոշ բաներ, որոնք անելով՝ գուցե ոչ միտումնավոր կերպով առիթ տաս նրան մտածելու, թե հետաքրքրված ես նրանով։
Չափից շատ ուշադրություն ցույց տալ։
«Դու չես կարող վերահսկել ուրիշի զգացմունքները։ Սակայն չպետք է կրակը բորբոքես՝ ասելով, որ դուք պարզապես ընկերներ եք, բայց միևնույն ժամանակ անընդհատ զանգելով ու խոսելով այդ անհատի հետ» (Սիերա)։
Արձագանքել քո հանդեպ ցույց տված ուշադրությանը։
«Ես չէի գրում այդ աղջկան, բայց նա ինձ բազմաթիվ հաղորդագրություններ էր ուղարկում, ու ես միշտ պատասխանում էի։ Դրանից հետո ինձ համար դժվար էր նրան բացատրել, որ նա ինձ համար պարզապես ընկեր է» (Ռիչարդ)։
Խրախուսել, որ անհատը քո հանդեպ ավելի շատ ուշադրություն ցույց տա։
«Ոմանք մտածում են՝ ֆլիրտ անելը խաղ է։ Նրանք խաղում են ուրիշների զգացմունքների հետ՝ լուրջ նպատակներ չունենալով։ Շատ եմ տեսել նման բաներ. ինչ-որ մեկը միշտ ցավ է ապրում» (Թամարա)։
Ամփոփում։ Անհատի հետ կանոնավոր շփվելով և նրա հանդեպ ուշադրություն ցուցաբերելով՝ ռոմանտիկ հետաքրքրության նշաններ ես ցույց տալիս։
Ինչու է դա կարևոր
Դիմացինը խոր ցավ է ապրում։
Աստվածաշունչն ասում է. «Ձգձգվող ակնկալիքը հիվանդացնում է սիրտը» (Առակներ 13:12)։ Իսկ ի՞նչ սպասումներ դու կունենայիր, եթե ինչ-որ մեկը շարունակ ռոմանտիկ հետաքրքրություն ցույց տար քո հանդեպ։
«Այսպիսի դարձվածք կա՝ «ինչ-որ մեկին կարթից կախված պահել»։ Դա նշանակում է, որ երբ ձուկ ես բռնում, ո՛չ նրան քաշում ես դեպի քեզ, ո՛չ էլ բաց ես թողնում։ Նման բան կարող է լինել նաև փոխհարաբերություններում։ Եթե նպատակ չունենաս ընկերություն անելու ինչ-որ մեկի հետ, բայց միևնույն ժամանակ նրան «կարթից կախված պահես», մեծ ցավ կպատճառես նրան» (Ջեսիկա)։
Բիծ ես բերում քո անվան վրա։
Աստվածաշունչն ասում է. «Ոչ միայն ձեր շահը փնտրեք, այլ նաև ուրիշներինը» (Փիլիպպեցիներ 2:4)։ Ինչպե՞ս կնկարագրես նրան, ով միայն իր մասին է մտածում։ Ինչպե՞ս դա կարող է անդրադառնալ նրա անվան վրա։
«Այն տղան, որը ֆլիրտ է անում աղջիկների հետ, գրավիչ չէ ինձ համար։ Ֆլիրտը կարող է նախանշան լինել այն բանի, որ ամուսնական կյանքում անհատը անհավատարիմ կլինի իր կողակցին։ Ուրիշի միջոցով նա ինքնահաստատվում է. դա եսասիրություն է» (Ջուլիա)։
Ամփոփում։ Նա, ով ռոմանտիկ հետաքրքրություն է ցույց տալիս դիմացինի հանդեպ, սակայն լուրջ նպատակներ չունի, վնասում է թե՛ նրան և թե՛ իրեն։
Ինչ կարող ես անել
Աստվածաշունչն ասում է, որ երիտասարդ տղամարդկանց պետք է վերաբերվենք ինչպես եղբայրների, իսկ «երիտասարդ կանանց՝ ինչպես քույրերի՝ ամենայն մաքրությամբ» (1 Տիմոթեոս 5:1, 2)։ Եթե հետևես այս խորհրդին, կպահպանես քո ընկերական փոխհարաբերությունները հակառակ սեռի անհատների հետ։
«Եթե ես ամուսնացած լինեի, ֆլիրտ չէի անի ուրիշի կողակցի հետ։ Ես ամուրի եմ, և այսօր հակառակ սեռի հետ շփվելիս հավասարակշռված լինելը կօգնի ինձ նաև ապագայում» (Լիա)։
Աստվածաշունչն ասում է. «Խոսքերի շատության դեպքում հանցանքն անպակաս է» (Առակներ 10:19)։ Այս սկզբունքը վերաբերում է ոչ միայն զրույցներին, այլև հաղորդագրություններ գրելուն, այդ թվում նրան, թե ինչ ենք գրում և որքան հաճախ։
«Չպետք է աղջկան ամեն օր հաղորդագրություններ գրես, եթե նպատակ չունես նրա հետ ընկերություն անելու» (Բրայեն)։
Աստվածաշունչն ասում է. «Վերին իմաստությունը նախևառաջ մաքուր է» (Հակոբոս 3:17)։ Կարելի է մաքուր միտումով գրկախառնվել ինչ-որ մեկին և կարելի է նույնն անել ռոմանտիկ հետաքրքրություն ցույց տալու համար։
«Փորձում եմ իմ զրույցներում ընկերական լինել, բայց միևնույն ժամանակ որոշակի սահմաններ դնել» (Մարիա)։
Ամփոփում։ Լավ մտածիր, թե ինչ վարք ես դրսևորում հակառակ սեռի հետ շփվելիս։ Ջենիֆեր անունով մի պատանի աղջիկ ասում է. «Դժվար է լավ ընկերներ գտնել։ Եթե չես ուզում նրանց կորցնել, այնպիսի նշաններ ցույց մի՛ տուր, որ քեզ սխալ հասկանան»։
Առաջարկներ
Ուշադրություն դարձրու, թե ինչ են ասում ուրիշները։ Եթե ինչ-որ մեկը հարցնում է՝ «դու և նա ընկերությո՞ւն եք անում», դա կարող է նշանակել, որ դուք չափից շատ մտերիմ եք դարձել։
Հակառակ սեռի բոլոր ընկերներիդ հետ հավասար չափով շփվիր։ Մի՛ առանձնացրու ինչ-որ մեկին և նրան առանձնահատուկ ուշադրություն մի՛ դարձրու։
Ուշադրություն դարձրու հաղորդագրություններիդ բովանդակությանը, այն բանին, թե որքան հաճախ ես դրանք ուղարկում և որ ժամին։ Ալիսա անունով մի աղջիկ ասում է. «Կեսգիշերին հաղորդագրություններ մի՛ գրիր հակառակ սեռի անհատին»։