Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչպե՞ս կարող է Աստվածաշունչը օգնել ինձ։ Մաս 2. Աստվածաշնչի ընթերցանությունը հաճելի դարձրու

Ինչպե՞ս կարող է Աստվածաշունչը օգնել ինձ։ Մաս 2. Աստվածաշնչի ընթերցանությունը հաճելի դարձրու

 «Աստվածաշնչի ընթերցանությունը կարող է ձանձրալի թվալ, եթե չգիտես այն կարդալու ճիշտ ձևը»,— ասում է Ուիլ անունով մի պատանի։

 Ուզո՞ւմ ես բացահայտել Աստվածաշնչի ընթերցանությունը հաճելի դարձնելու գաղտնիքները։ Այս հոդվածը կօգնի քեզ այդ հարցում։

 Աստվածաշնչյան պատմությունները կենդանի դարձրու

 Կարդացածդ հետաքրքիր դարձրու։ Փորձիր հետևյալը։

  1.   Ընտրիր աստվածաշնչյան այն արձանագրությունը, որն ուզում ես ուսումնասիրել։ Կարող ես ընտրել որևէ իրադարձություն, Ավետարաններից մի հատված կամ jw.org կայքում առկա Աստվածաշնչի թատերականացված ընթերցանություններից մեկը։

  2.   Կարդա տվյալ արձանագրությունը։ Կարող ես կարդալ ինքդ քեզ համար կամ բարձրաձայն կարդալ ընկերներիդ կամ ընտանիքիդ անդամների հետ։ Մեկը գուցե հեղինակի խոսքերը կարդա, իսկ մյուսները՝ կերպարների։

  3.   Փորձիր կիրառել հետևյալ առաջարկներից մեկը կամ մի քանիսը։

    •   Նկարիր կարդացածդ։ Կամ պարզ նկարների միջոցով պատկերիր դեպքերի հաջորդականությունը։ Նկարների տակ մակագրություններ դիր, որ նկարագրես, թե ինչ է տեղի ունենում յուրաքանչյուր դրվագում։

    •   Գծապատկերներ արա։ Օրինակ՝ երբ կարդում ես հավատարիմ մարդկանց մասին, կապ ստեղծիր նրանց հատկությունների, գործերի և ստացած օրհնությունների միջև։

    •   Տվյալ արձանագրությունը վերածիր նորության։ Այդ դեպքի մասին հայտնիր մի քանի տեսանկյուններից և «հարցազրույց» անցկացրու գլխավոր կերպարների և ականատեսների հետ։

    •   Եթե որևէ կերպար անխոհեմ որոշում է կայացրել, ուրիշ ավարտ պատկերացրու։ Օրինակ՝ մտածիր այն դեպքի մասին, երբ Պետրոսը ուրացավ Հիսուսին (Մարկոս 14։66–72)։ Ի՞նչ կարող էր անել նա, որպեսզի այդ ճնշման տակ ճիշտ արձագանքեր։

    •   Եթե դու ստեղծագործական միտք ունես, գրիր աստվածաշնչյան արձանագրության վրա հիմնված քո պիեսը։ Ընդգրկիր դասեր, որ կարելի է սովորել այդ արձանագրությունից (Հռոմեացիներ 15։4

      Դու կարող ես աստվածաշնչյան պատմությունները կենդանի դարձնել

 Փնտրտուքներ արա

 Եթե վերլուծես մանրամասները, կարող ես թաքնված գանձեր գտնել տվյալ պատմության մեջ։ Իրականում, աստվածաշնչյան արձանագրությունում երբեմն մեկ կամ երկու բառը կարևոր նշանակություն ունեն։

 Օրինակ՝ Մատթեոս 28:7-ը համեմատիր Մարկոս 16:7-ի հետ։

  •    Մարկոսն ինչո՞ւ է ընդգրկել այն մանրամասնությունը, որ Հիսուսը շուտով երևալու էր աշակերտներին «ու Պետրոսին»։

  •  Պատասխան։ Մարկոսը ականատես չէր եղել այդ դեպքերին։ Ակներևաբար նա այդ տեղեկությունը ստացել էր Պետրոսից։

  •  Թաքնված գանձ։ Ինչո՞ւ Պետրոսը պետք է որ մխիթարված լիներ, երբ լսեց, որ Հիսուսն ուզում է նորից տեսնել իրեն (Մարկոս 14։66–72)։ Հիսուսն ինչպե՞ս փաստեց, որ իսկական ընկեր է Պետրոսի համար։ Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Հիսուսին և իսկական ընկեր լինել ուրիշների համար։

 Երբ աստվածաշնչյան պատմությունները կենդանի ես դարձնում և մանրամասների վերաբերյալ փնտրտուքներ ես անում, ընթերցանությունը ավելի հաճելի է դառնում։