Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ի՞նչ անեմ, եթե խախտել եմ ծնողներիս դրած կանոնները

Ի՞նչ անեմ, եթե խախտել եմ ծնողներիս դրած կանոնները

 Գրեթե բոլոր ընտանիքներում կան սահմանված կանոններ, օրինակ, թե որ ժամին պետք է տանը լինել, որքան օգտվել էլեկտրոնային սարքերից և ինչ վարվելաձև ունենալ։

 Իսկ ի՞նչ կարող ես անել, եթե կանոն ես խախտել։ Եղածը եղած է, ոչինչ չես կարող փոխել, բայց պետք է փորձես այնպես անել, որ իրավիճակն ավելի չվատանա։ Այս հոդվածը ցույց կտա, թե ինչպես դա անել։

 Ինչ չանել

  •   Եթե ծնողներդ չգիտեն, որ կանոն ես խախտել, գուցե հակված լինես թաքցնելու կատարվածը։

  •   Եթե գիտեն, թե ինչ ես արել, գուցե հակված լինես պատճառաբանություններ բերելու կամ մեղքդ ուրիշի վրա բարդելու։

 Դրանցից ոչ մեկն էլ լավ տարբերակ չէ։ Ինչո՞ւ։ Քանի որ կատարվածը թաքցնելը կամ անհիմն պատճառաբանություններ բերելը անհասունության նշան է։ Դա ընդամենը ցույց կտա ծնողներիդ, որ դեռ չես մեծացել։

 «Ստելը հարցի լուծում չէ։ Ժամանակի ընթացքում ճշմարտությունը ջրի երես դուրս կգա, և ծնողներդ ավելի խիստ կանոններ կսահմանեն» (Դայանա)։

 Ավելի լավ մոտեցում

  •   Խոստովանիր արածդ։ Աստվածաշունչն ասում է. «Իր հանցանքները ծածկողը հաջողություն չի ունենա» (Առակներ 28։13)։ Ծնողներդ քեզնից կատարելություն չեն սպասում, բայց ուզում են, որ ազնիվ լինես։

     «Ծնողներդ ավելի ներողամիտ կլինեն քո հանդեպ, եթե ճշմարտությունն ասես։ Երբ տեսնեն, որ ազնիվ ես, կհավատան ու ավելի շատ կվստահեն քեզ» (Օլիվիա)։

  •   Ներողություն խնդրիր։ Աստվածաշունչն ասում է. «Խոնարհամտություն դրսևորեք» (1 Պետրոս 5։5)։ Խոնարհություն է պետք, որ առանց պատճառաբանություններ բերելու ասես՝ «Կներես»։

     «Այն մարդիկ, ովքեր անընդհատ արդարանում են, բթացնում են իրենց խիղճը։ Ժամանակի ընթացքում այն այլևս չի ահազանգի» (Հեդեր)։

  •   Պատրաստ եղիր կրելու հետևանքները։ Աստվածաշունչն ասում է. «Խրատ լսեք» (Առակներ 8։33)։ Մի՛ տրտնջա և ընդունիր այն բոլոր սահմանափակումները, որ ծնողներդ կդնեն քեզ վրա։

     «Որքան շատ բողոքես պատժից, այնքան ավելի կբարդացնես իրավիճակդ։ Հարմարվիր սահմանափակումներին և մի՛ կենտրոնացիր կորցրածիդ վրա» (Ջեյսոն)։

  •   Փորձիր վերականգնել ծնողներիդ վստահությունը։ Աստվածաշունչն ասում է. «Ձեր վրայից հանեք այն հին անձնավորությունը, որը համապատասխան է ձեր նախկին ապրելակերպին» (Եփեսացիներ 4։22)։ Փորձիր ավելի պատասխանատու մարդ դառնալ։

     «Եթե շարունակաբար իմաստուն որոշումներ կայացնես ու ցույց տաս ծնողներիդ, որ չես ցանկանում նույն սխալը կրկնել, կվերականգնես ծնողներիդ վստահությունը» (Քերըն)։

 ԱՌԱՋԱՐԿ։ Պահանջվածից ավելին արա, որպեսզի ցույց տաս, որ արժանի ես վստահության։ Օրինակ՝ հաջորդ անգամ, երբ որևէ տեղ գնաս, տուն վերադառնալիս զանգիր ծնողներիդ և ասա, որ ճանապարհին ես, նույնիսկ եթե չես ուշանալու։ Դրանով ցույց կտաս, որ ուզում ես վերականգնել նրանց վստահությունը։