Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ի՞նչ պետք է իմանամ ծխելու և վեյփ սարքեր օգտագործելու մասին

Ի՞նչ պետք է իմանամ ծխելու և վեյփ սարքեր օգտագործելու մասին

 «Իմ բնակավայրում չես գտնի 25 տարեկանից ցածր մեկի, ով ծխախոտ կամ վեյփ օգտագործած չլինի» (Ջուլիա)։

Այս հոդվածում՝

 Ինչ պետք է իմանաս

  •   Ծխախոտը կարող է սպանել քեզ։ Նիկոտինը՝ ծխախոտի գլխավոր բաղադրիչը, թունավոր նյութ է, որը մեծ կախվածություն է առաջացնում։ Ըստ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների՝ «ամբողջ աշխարհում կանխարգելման ենթակա հիվանդությունների ու վաղաժամ մահացությունների գլխավոր պատճառներից մեկը ծխախոտն է»։

     «Աշխատում եմ բժշկական հաստատությունում որպես ուլտրաձայնային հետազոտության մասնագետ։ Բազմիցս զննել եմ ուլտրաձայնային պատկերներ, որոնք ցույց են տվել, թե ծխելը ինչ ազդեցություն է թողնում պացիենտների վրա։ Ցնցվել եմ՝ տեսնելով, թե նախկին ծխողների անոթներում որքան նստվածք կա։ Առողջությունս շատ թանկ է ինձ համար, ուստի չեմ ծխում» (Թերեզա)։

     Գիտեի՞ր արդյոք։ Ծխախոտը պարունակում է մոտ 7 000 քիմիական նյութեր, որոնցից շատերը թունավոր են։ Ամեն տարի միլիոնավոր մարդիկ են մահանում ծխախոտի պատճառով առաջացած հիվանդություններից։

  •   Վեյփ սարքեր օգտագործողը թունավոր նյութեր է շնչում։ Վեյփինգը՝ վեյփ գլանակ կամ էլեկտրոնային ծխախոտ օգտագործելը, վնասում է թոքերը և կարող է մահվան պատճառ դառնալ։ Ծխախոտի պես՝ բազմաթիվ վեյփ ապրանքներ նիկոտին են պարունակում։ Համաձայն էլեկտրոնային ծխախոտների մասին մի տեղեկատվական թերթիկի, քանի որ նիկոտինը ուժեղ կախվածություն է առաջացնում, «այն կարող է պատճառ դառնալ, որ երիտասարդների ուղեղը այլ թմրանյութերի հանդեպ էլ կախվածություն ձեռք բերի»։

     ««Քոթոն քենդի» և «չերի բոմբ» անուններով հայտնի վեյփ ապրանքները համային քաղցր հավելումներով են, որոնք հատկապես դուր են գալիս երեխաներին և պատանիներին։ Այդ համերը ստիպում են նրանց անտեսել ռիսկերը» (Միրանդա)։

     Գիտեի՞ր արդյոք։ Էլեկտրոնային ծխախոտից դուրս եկող գոլորշին պարզապես ջուր չէ։ Այն պարունակում է թունավոր նյութերի մասնիկներ՝ հաճախ ծանր մետաղներ, որոնք անցնում են քո թոքեր։

 Ծխելու և վեյփինգի վտանգները

  1.  1) Ընկալման, կենտրոնացման և տրամադրության խանգարումներ, հատկապես՝ աճման շրջանում

  2.  2) Բորբոքված լնդեր, ինչպես նաև անառողջ ատամներ

  3.  3) Թոքերի քրոնիկ բորբոքվածություն և սրտային հիվանդություններ

     Խորացող ասթմա

     Ստամոքսի խանգարումներ և սրտխառնոց

 Ինչ կարող ես անել

  •   Տեղեկացված եղիր։ Ամեն ինչ հալած յուղի տեղ մի՛ ընդունիր, օրինակ՝ այն պնդումը, թե վեյփինգն անվնաս է կամ օգնում է ազատվել սթրեսից։ Փնտրտուքներ արա և դրա՛նց հիման վրա որոշում կայացրու։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Անփորձը հավատում է ամեն խոսքի, բայց խորագետը կշռադատում է իր քայլերը» (Առակներ 14։15

     «Երբ մտածում ես ծխելու կամ վեյփինգի բացասական հետևանքների մասին, հասկանում ես, որ դա «անվնաս զվարճանք» չէ, ինչպես հասակակիցներդ ու հայտնի մարդիկ են փորձում ցույց տալ» (Էվան)։

     Մտածիր: Այն երիտասարդները, ովքեր ծխում են կամ վեյփ են օգտագործում, իսկապե՞ս երջանիկ են։ Ավելի լա՞վ են պատրաստված դիմակայելու կյանքի սթրեսային իրավիճակները՝ լինի հիմա, թե ապագայում։ Թե՞ հավելյալ խնդիրների սերմեր են ցանում։

  •    Տագնապը հաղթահարելու օգտակար կերպեր գտիր։ Տագնապի զգացումը նվազեցնելու լավ միջոցներ են մարզվելը, ընթերցելը կամ էլ քեզ մոտիվացնող ընկերների հետ ժամանակ անցկացնելը։ Երբ միտքդ զբաղված լինի դրական բաներով, ծխելու ցանկություն չես ունենա։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Անհանգստությունը ընկճում է մարդու սիրտը, բայց բարի խոսքը ուրախացնում է այն» (Առակներ 12։25

     «Մարդիկ մտածում են, որ ծխելն ու վեյփինգը թեթևացնում են սթրեսը։ Բայց այդ ազդեցությունը ժամանակավոր է և ուղեկցվում է երկարատև բացասական հետևանքներով։ Սթրեսը հաղթահարելու ավելի լավ միջոցներ կան» (Անջելա)։

     Մտածիր: Ի՞նչը կարող է քեզ օգնել, որ արդյունավետորեն հաղթահարես սթրեսը։ Եթե օգնության կարիք ունես, տես «Երիտասարդները հարցնում են» հոդվածաշարի «Ի՞նչ անեմ, որ շատ չմտահոգվեմ» հոդվածը։

Երբ տագնապի զգացումից ազատվելու համար կախվածություն առաջացնող միջոցներ ես օգտագործում, ասես անձրևից խուսափելու համար օվկիանոսի մեջ ցատկես։ Դա միայն ավելացնում է խնդիրներդ

  •    Պատրաստ եղիր դիմադրելու հասակակիցներիդ ճնշմանը։ Ճնշման պատճառ կարող են լինել դասընկերներդ և նույնիսկ զվարճությունները։ Ֆիլմերում, հեռուստահաղորդումներում և սոցցանցերում ծխելը և վեյփինգը հաճախ ներկայացվում են որպես հավես ու զիլ մի բան։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Հասուն [մարդիկ].... իրենց ըմբռնողականությունը գործադրելով՝ այն մարզել են ճիշտն ու սխալը զանազանելու համար» (Եբրայեցիներ 5։14

     «Դպրոցական տարիներին հասակակիցներիցս շատերը հարգում էին ինձ չծխելու և վեյփ չօգտագործելու համար։ Երբ բացատրեցի դրանց վերաբերյալ իմ դիրքորոշումը, նրանք նույնիսկ սկսեցին պաշտպանել ինձ։ Ուստի որքան էլ տարօրինակ թվա, դիրքորոշմանդ մասին խոսելը կարող է պաշտպանություն լինել» (Աննա)։

     Մտածիր: Որքա՞ն լավ ես պատրաստված դիմադրելու հասակակիցներիդ ճնշմանը։ Կարո՞ղ ես հիշել դեպքեր, երբ դիմագրավել ես ճնշումները։ Եթե այս ոլորտում օգնության կարիք ունես, տես «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքի 2-րդ հատորի 15-րդ գլխի «Ինչ անեմ, երբ ինձ ճնշեն» վարժությունը։

  •   Ընկերներ ընտրելիս զգույշ եղիր։ Եթե ընկերներդ ծխախոտ կամ վեյփ օգտագործելու վերաբերյալ նույն տեսակետն ունենան, ինչ դու, ավելի քիչ կկանգնես գայթակղության առաջ։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Իմաստունների հետ քայլողը իմաստուն կդառնա, բայց հիմարների հետ գործ ունեցողը կտուժի» (Առակներ 13։20

     «Այնքա՜ն լավ է, երբ ընկերներդ ինքնատիրապետում ունեն և հաստատակամ են։ Տեսնելով, թե այդ հատկությունները ինչ օգուտներ են բերում ընկերներիդ՝ մղվում ես նմանվել նրանց» (Քելվին)։

     Մտածիր: Մտերիմ ընկերներդ աջակցո՞ւմ են քեզ, որ մաքուր ու առողջ ապրելակերպ ունենաս, թե՞ հակված են թուլացնել վճռականությունդ։

 Իսկ մարիխուա՞նա

 Շատերն ասում են, թե մարիխուանան անվնաս է, բայց դա սուտ է։

  •   Այն երիտասարդները, ովքեր մարիխուանա են օգտագործում, կախվածություն ունենալու վտանգի առաջ են կանգնում։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարիխուանայի օգտագործումը կարող է լուրջ վնասներ հասցնել ուղեղին, այդ թվում՝ նվազեցնել ինտելեկտը։

  •   Ըստ մի կազմակերպության ուսումնասիրությունների՝ «մարիխուանա օգտագործող մարդկանց դեպքում ավելի մեծ է ռիսկը, որ կունենան միջանձնային խնդիրներ, վատ առաջադիմություն, աշխատանքի բնագավառում ձախողումներ և դժգոհ կլինեն կյանքից» (U.S. Substance Abuse and Mental Health Services Administration)։

     «Ուզում էի ազատվել տագնապի զգացումից, դրա համար մարիխուանա ծխելու միտքը գայթակղիչ էր ինձ համար։ Բայց երբ մտածեցի, թե մարիխուանայի օգտագործումը ինչ կախվածություն է առաջացնելու, որքան փող եմ ծախսելու և առողջությանս ինչ վնաս եմ հասցնելու, հասկացա, որ այն ավելի կխորացնի տագնապի զգացումս» (Ջուդա)։