ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ
Ինչպե՞ս ծնողներիս հետ խոսեմ նրանց սահմանած կանոնների մասին
«Երբ 15 տարեկան էի, ծնողներիս սահմանած կանոնները միանգամայն տրամաբանական էին ինձ համար, բայց հիմա, երբ 19-ինն եմ, մտածում եմ, որ ավելի շատ ազատության կարիք ունեմ» (Սիլվիա)։
Դու է՞լ ես Սիլվիայի պես մտածում։ Եթե այո, այս հոդվածը կօգնի քեզ ծնողներիդ հետ զրուցելու այդ մասին։
Ինչ պետք է իմանաս
Նախքան ծնողներիդ հետ նրանց սահմանած կանոնների մասին խոսելը նկատի առ հետևյալը։
Կյանքը առանց կանոնների քաոսի կվերածվեր։ Պատկերացրու խիտ երթևեկություն ունեցող մայրուղի։ Ի՞նչ կլիներ, եթե չլինեին ճանապարհային երթևեկության և արագությունը սահմանափակող նշաններ, ինչպես նաև լուսաֆորներ։ Տանը սահմանված կանոնները օգնում են կարգուկանոն պահպանելու, ինչպես որ ճանապարհային երթևեկության կանոններն են նպաստում կարգուկանոնի պահպանմանը։
Կանոնները փաստում են, որ ծնողներդ հոգ են տանում քո մասին։ Եթե նրանք կանոններ չսահմանեին, դա կնշանակեր, որ նրանց համար միևնույնն է, թե քեզ ինչ կպատահի։ Ինչպիսի՞ ծնողներ նրանք կլինեին այդ դեպքում։
ԳԻՏԵԻ՞Ր ԱՐԴՅՈՔ։ Ծնողները նույնպես ենթարկվում են կանոնների։ Եթե կասկածներ ունես այդ առնչությամբ, կարդա հետևյալ համարները՝ Ծննդոց 2։24; 2 Օրենք 6։6, 7; Եփեսացիներ 6։4 և 1 Տիմոթեոս 5։8։
Իսկ ի՞նչ կարող ես անել, եթե, այնուամենայնիվ, մտածում ես, որ ծնողներիդ սահմանած կանոնները արդարացի չեն։
Ինչ կարող ես անել
Նախքան զրուցելը մտածիր։ Սովորաբար հնազանդվո՞ւմ ես ծնողներիդ սահմանած կանոններին։ Եթե հաճախ ես խախտում դրանք, ապա հիմա նրանց հետ զիջումների գնալու մասին խոսելու ճիշտ ժամանակը չէ։ Փոխարենը՝ կարդա «Ինչպե՞ս կարող եմ արժանանալ ծնողներիս վստահությանը» հոդվածը։
Իսկ եթե սովորաբար հնազանդվում ես ծնողներիդ կանոններին, ապա նախապատրաստվիր զրույցին։ Նախապես մտածելով, թե ինչ ես ուզում ասել, հնարավոր է նաև թղթի վրա մտքերդ շարադրելով՝ կկարողանաս որոշել, թե որքանով է ողջամիտ խնդրանքդ։ Հետո խնդրիր ծնողներիդ որոշել զրույցի ժամանակը և տեղը, որպեսզի բոլորի համար հանգիստ ու անկաշկանդ մթնոլորտ լինի։ Ապա երբ միասին հավաքվեք, հիշիր հետևյալը։
Հարգալից եղիր։ Աստվածաշունչն ասում է. «Ցավ պատճառող խոսքը բարկություն է բորբոքում» (Առակներ 15։1)։ Ուստի հիշի՛ր. եթե վիճես ծնողներիդ հետ կամ նրանց մեղադրես անարդար լինելու մեջ, ձեր զրույցը շատ արագ բացասական երանգ կստանա։
«Որքան շատ եմ հարգանքով վերաբերվում ծնողներիս, այնքան ավելի շատ են նրանք հարգանքով վերաբերվում ինձ։ Մեզ համար անհամեմատ ավելի հեշտ է համաձայնության գալ, երբ փոխադարձ հարգանք կա» (Բիանկա, 19)։
Լսիր։ Աստվածաշունչը հորդորում է «արագ լինել լսելու մեջ, դանդաղ՝ խոսելու մեջ» (Հակոբոս 1։19)։ Մի՛ մոռացիր, որ դու ծնողներիդ հետ զրուցում ես, ոչ թե նրանց առաջ ելույթ ես անում։
«Որքան մեծանում ենք, այնքան մեզ թվում է, թե մեր ծնողներից ավելի շատ բան գիտենք, բայց դա հեռու է ճշմարտությունից։ Լավ կանենք, եթե ականջ դնենք նրանց խորհուրդներին ու խրատներին» (Դեվան, 20)։
Ձգտիր հասկանալ։ Փորձիր հարցին նայել ծնողներիդ աչքերով։ Կիրառիր աստվածաշնչյան այս խորհուրդը. «Ոչ միայն ձեր շահը փնտրեք, այլ նաև ուրիշներինը» (Փիլիպպեցիներ 2։4)։
«Նախկինում ծնողներիս համարում էի իմ հակառակորդները, ոչ թե աջակիցները։ Բայց հիմա հասկանում եմ, որ նրանք պարզապես սովորում էին լինել հոգատար ծնող, ինչպես որ ես սովորում էի լինել պատասխանատու, հասուն անձնավորություն։ Ինչ որ նրանք անում էին, սիրուց և հոգատարությունից մղված էին անում» (Ջոշուա, 21)։
Լուծում առաջարկիր։ Ենթադրենք՝ դու ուզում ես գնալ մի հավաքույթի և այնտեղ հասնելու համար պետք է մեկ ժամ մեքենա վարես։ Սակայն ծնողներդ համաձայն չեն։ Պարզիր, թե որն է նրանց գլխավոր մտահոգությունը՝ հեռավորությո՞ւնը, թե՞ հավաքույթը։
Եթե հեռավորությունն է խնդիրը, հնարավո՞ր է, որ նրանք վերանայեն իրենց որոշումը, եթե ընկերներիցդ մեկը, ով հմուտ վարորդ է, գա քեզ հետ։
Եթե հավաքույթն է խնդիրը, նրանք ավելի հանգիստ կլինե՞ն, եթե ասես, թե ովքեր են ներկա լինելու դրան, և ով է այն վերահսկելու։
Հիշիր, որ պետք է հարգալից խոսես և համբերատարությամբ լսես ծնողներիդ։ Խոսքով և վարքով ցույց տուր, որ «պատվում ես քո հորն ու մորը» (Եփեսացիներ 6։2, 3)։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ նրանք զիջումների կգնան։ Գուցե այո, գուցեև ոչ։ Ինչպիսին էլ լինի արդյունքը, արա հետևյալը։
Հարգանքով ընդունիր ծնողներիդ որոշումը։ Սա մի քայլ է, որը կարող է վճռորոշ լինել, բայց որը հաճախ անտեսվում է։ Եթե չստանաս քո ուզածը և սկսես վիճել ծնողներիդ հետ, հաջորդ անգամ քեզ համար ավելի դժվար կլինի որևէ բան քննարկել նրանց հետ։ Մյուս կողմից՝ եթե պատրաստակամորեն ենթարկվես նրանց, ավելի հավանական է, որ քեզ ավելի շատ ազատություն կտան։