Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչո՞ւ ծնողներս թույլ չեն տալիս զվարճանալ

Ինչո՞ւ ծնողներս թույլ չեն տալիս զվարճանալ

 Այս կիրակի ընկերներդ քեզ քեֆի են հրավիրել։ Ծնողներիդ հարցնում ես, թե կարո՞ղ ես գնալ։ Բայց ինչպես միշտ, նույն խիստ պատասխանն ես ստանում՝ ո՛չ։ Ուրիշ բան չէիր էլ սպասում։ Անցած անգամ էլ այդպես եղավ։

Այս հոդվածում՝

 Ինչո՞ւ են ծնողներս միշտ «ո՛չ» ասում

 Եթե այնպիսի զգացողություն ունես, որ ծնողներդ միշտ մերժում են քո խնդրանքները, գուցե մտածես, որ նրանք ընդհանրապես չեն ուզում՝ զվարճանաս։

 Մարի անունով մի պատանի աղջիկ նույնն էր զգում, երբ առաջին անգամ հեռախոս ունեցավ։ Նա ասում է. «Պապաս լիքը կանոններ սահմանեց. ո՛ր հավելվածները բեռնեմ, ում հետ շփվեմ, մինչև ժամը քանիսը... Մինչդեռ ընկերներս ինչ ուզում, անում էին»։

 Մտածիր։ Մարիի հայրը իրո՞ք ուզում էր զրկել նրան զվարճանքից։ Գուցե նա անհանգստանալու պատճառնե՞ր ուներ։

Արագությունը սահմանափակող նշանը գուցե ինչ-որ չափով սահմանափակում է ազատությունդ, բայց պաշտպանում է քեզ հավանական վտանգներից։ Նույնը կարելի է ասել ծնողներիդ դրած կանոնների մասին

 Փորձիր հետևյալը։ Պատկերացրու՝ դու ինքդ ես ծնող և թույլ ես տվել, որ պատանի երեխադ իր հեռախոսն ունենա։ Դո՞ւ ինչ մտահոգություններ կունենաս։ Ի՞նչ կանոններ կսահմանես, որ պաշտպանես նրան։ Ինչպե՞ս կարձագանքես, եթե երեխադ ասի, որ չես ուզում՝ ինքը զվարճանա։

 «Իմ պապան միշտ ասում էր. «Քեզ իմ տեղը դիր»։ Դա օգնում էր, որ ոչ միայն գնահատեի նրա սահմանած կանոնները, այլև հասկանայի դրանց պատճառները։ Եթե երեխաներ ունենայի, նրանցից նույնը կակնկալեի, ինչ հայրս ինձնից» (Տանյա)։

 Ի՞նչ անեմ, որ ծնողներս «այո՛» ասեն

 Այսպես մի՛ արա։ Մի՛ խռովիր, մի՛ բողոքիր ու մի՛ վիճիր։

 «Գոռալով հարց չես լուծի. միայն զգացապես կքամես թե՛ քեզ, թե՛ ծնողներիդ։ Եթե վիճես, ծնողներդ կմտածեն, որ դեռ հասուն չես, ու չարժե քեզ ավելի շատ ազատություն տալ» (Ռիչարդ)։

 Փոխարենը փորձիր հետևյալը։ Արագ մի՛ արձագանքիր։ Իրավիճակին նայիր ծնողներիդ տեսանկյունից։ Խնդիրն այն է, որ նրանք քե՞զ չեն վստահում, թե՞ այն մարդկանց, ում հետ առնչվելու ես։ Կամ գուցե միջավա՞յրը ապահով չեն համարում։ Կարող ես նստել և ծնողներիդ հետ հանգիստ խոսել, որ հասկանաս՝ ինչու են «ո՛չ» ասում։

 «Սովորաբար ամեն մի կանոն իր հիմնավոր պատճառներն ունի։ Ծնողներս չեն ուզում զրկել ինձ ուրախությունից։ Ուղղակի ուզում են՝ լավագույն ձևով զվարճանամ՝ առանց գլխիս փորձանք բերելու» (Իվի)։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Հիմարը տեղի է տալիս իր զգացմունքներին, բայց իմաստունը կառավարում է դրանք ու հանդարտ է մնում» (Առակներ 29։11

 Այսպես մի՛ արա։ Մի՛ փորձիր ծնողներիդ մեջքի հետևում խախտել կանոնները։

 «Ես փորձեցի շրջանցել հեռախոսից օգտվելու հետ կապված պապայիս սահմանած կանոնները։ Ամեն անգամ մի ձև էի գտնում, որ ուշ ժամի գրեմ ընկերներիս կամ էլ բեռնեմ այն հավելվածները, որ պապան արգելել էր։ Օրերից մի օր նա ամեն ինչ բացահայտեց ու ավելի խիստ կանոններ դրեց, որովհետև էլ չէր վստահում ինձ։ Կանոնները շրջանցելը հեչ լավ գաղափար չէ» (Մարի)։

 Փոխարենը փորձիր հետևյալը։ Ցույց տուր ծնողներիդ, որ պատրաստ ես հնազանդվել նրանց կանոններին և շահել նրանց վստահությունը։

 «Համբերատար եղիր։ Գուցե ժամանակ պահանջվի, որ ծնողներդ փոխեն այն կանոնը, որը քո սրտով չէ, բայց եթե տեսնեն, որ հնազանդվում ես իրենց սահմանած կանոններին, հավանականությունը մեծ է, որ ավելի շատ ազատություն կտան քեզ» (Մելինդա)։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Երեխանե՛ր, հնազանդվեք ձեր ծնողներին ամեն ինչում» (Կողոսացիներ 3։20

 Այսպես մի՛ արա։ Մի՛ փորձիր համոզել ծնողներիդ՝ ասելով, թե քո տարիքի մյուս երեխաներին ինչեր են թույլատրվում։

 «Անընդհատ քոնը պնդելը կյանքդ չի հեշտացնի, ոչ էլ կօգնի՝ հասնես ուզածիդ» (Նատալի)։

 Փոխարենը փորձիր հետևյալը։ Խոսիր ծնողներիդ հետ՝ օգտվելով «Մտածիր ծնողներիդ սահմանած կանոնների մասին» գրառումների էջից։

 «Ծնողը ուզում է տեսնել, որ առողջ դատողություն ունես։ Դրա համար, երբ ես խոսում եմ ծնողներիս հետ, ոչ թե զգացմունքներիս վրա եմ շեշտ դնում, այլ փորձում եմ տրամաբանական հիմնավորումներ բերել։ Այդպես ավելի լավ արդյունքների եմ հասնում» (Ջոզեֆ)։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Պատվիր քո հորն ու մորը» (Եփեսացիներ 6։2