ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ
Ինչպե՞ս կարող եմ արժանանալ ծնողներիս վստահությանը
Ինչ պետք է իմանաս
Այն, թե որքանով են քեզ վստահում, կախված է նրանից, թե որքան վստահարժան ես։ Ծնողներիդ կանոններին հնազանդվելը նման է պարտք մարելուն։ Դու քո ծնողներին հնազանդություն ես պարտք և որքան վստահելի լինես այն «վճարելու» հարցում, այնքան ավելի շատ «վարկ» (կամ՝ ազատություն) կստանաս նրանցից։ Մյուս կողմից՝ եթե դու անվստահելի լինես, չզարմանաս, երբ ծնողներդ նվազեցնեն քո «վարկային գիծը»։
Վստահություն վաստակելու համար ժամանակ է հարկավոր։ Նախքան ծնողներդ քեզ ավելի շատ ազատություն կտան, դու պետք է ցույց տաս, որ պատասխանատու մարդ ես։
ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ։ «Պատանեկության տարիներին ես հստակ գիտեի, թե ինչ են ծնողներս ուզում ինձանից, և ձևացնում էի, թե անում եմ այդ բաները, բայց, իրականում, գաղտնի անում էի իմ ուզածը։ Այդ պատճառով ծնողներս դժվարությամբ էին վստահում ինձ։ Որոշ ժամանակ հետո հասկացա, որ այդպես չի կարող շարունակվել. անազնիվ լինելով՝ չես կարող ավելի շատ ազատություն ստանալ։ Որպեսզի քեզ վստահեն, դու պետք է վստահելի լինես» (Քրեյգ)։
Ինչ կարող ես անել
Ճշմարտախոս եղիր, նույնիսկ եթե դա քեզ վնասելու է։ Բոլորը սխալներ են թույլ տալիս, բայց եթե այդ սխալները քողարկես ստով (կամ խուսափես որոշ փաստեր հայտնելուց, որպեսզի թաքցնես ճշմարտությունը), կկորցնես ծնողներիդ վստահությունը։ Մյուս կողմից՝ եթե դու ժամանակի ընթացքում փաստես, որ լիովին ազնիվ ես, ծնողներդ կհասկանան, որ բավականին հասուն անձնավորություն ես և ընդունում ես սխալներդ։ Հենց այդպիսի մարդն է, որ արժանի է վստահության։
«Միշտ չէ, որ սխալներ անելու հետևանքով կկորցնես ուրիշների վստահությունը, բայց միշտ կկորցնես այն, եթե փորձես թաքցնել սխալներդ» (Աննա)։
Աստվածաշունչն ասում է. «Ուզում ենք ամեն ինչում ազնվությամբ վարվել» (Եբրայեցիներ 13։18)։
Մտածիր։ Երբ ծնողներդ հարցնում են քեզ՝ ուր ես գնում կամ ինչ ես անելու, ողջ ճշմարտությո՞ւնն ես ասում նրանց։ Կամ երբ նրանք հարցնում են՝ որտեղ էիր կամ ինչ էիր անում, թաքցնո՞ւմ ես այն մանրամասները, որոնք նրանք կցանկանային իմանալ։
Պատասխանատու անձնավորություն եղիր։ Հնազանդվիր ընտանիքում հաստատված բոլոր կանոններին։ Անմիջապես կատարիր տանը ունեցած պարտականություններդ։ Ճշտապահ եղիր պայմանավորվածությունների հարցում։ Տնային աշխատանքներիդ պատասխանատվությամբ վերաբերվիր։ Մի՛ խախտիր քեզ համար սահմանված ժամը։
«Եթե ծնողներդ թույլ են տալիս, որ ընկերներիդ հետ ժամանակ անցկացնես, և խնդրում են ժամը 21:00-ին տանը լինել, բայց դու տուն ես մտնում ժամը 22:30-ին, մի՛ ակնկալիր, որ հաջորդ անգամ, երբ ցանկանաս ընկերներիդ հետ ժամանակ անցկացնել, նրանք քեզ թույլ կտան դա» (Ռայան)։
Աստվածաշունչն ասում է. «Յուրաքանչյուր մարդ պատասխանատվության իր բեռն է կրելու» (Գաղատացիներ 6։5, ծանոթագրություն, «Նոր աշխարհ թարգմանություն», 2013 թ., անգլ.)։
Մտածիր։ Ի՞նչ համբավ ունես ճշտապահ լինելու, տանը ունեցած պարտականություններդ կատարելու, ինչպես նաև կանոններին հնազանդվելու հարցերում, նույնիսկ եթե դրանցից մի քանիսը քեզ դուր չեն գալիս։
Համբերատար եղիր։ Եթե կորցրել ես ծնողներիդ վստահությունը, ժամանակ կպահանջվի այն վերականգնելու համար։ Պատրաստ եղիր սպասելու։
«Ես հուսախաբ էի եղել, երբ հասա որոշակի տարիքի, և ծնողներս ինձ ավելի շատ պատասխանատվություններ չվստահեցին։ Չէի հասկանում, որ մեծանալը և հասունանալը տարբեր բաներ են։ Խնդրեցի ծնողներիս հնարավորություն տալ ինձ փաստելու, որ վստահարժան եմ։ Թեև դրա համար որոշակի ժամանակ պահանջվեց, բայց դա գործնական եղավ։ Ես սովորեցի, որ ոչ թե տարիներն են քեզ վստահելի դարձնում, այլ գործերը» (Ռեյչլ)։
Աստվածաշունչն ասում է. «Թող նա իր լավ վարքով.... ցույց տա իր գործերը» (Հակոբոս 3։13)։
Մտածիր։ Ծնողներիդ վստահությունը ձեռք բերելու (կամ վերականգնելու) համար ինչպե՞ս կարող ես ցույց տալ, որ լավ վարք ունես։
ԱՌԱՋԱՐԿ։ Նպատակ դիր լինել ճշտապահ, կատարել տանը ունեցած պարտականություններդ, չխախտել քեզ համար սահմանված ժամը և այլն։ Թող ծնողներդ իմանան, թե ինչ ես վճռել։ Նաև հարցրու նրանց, թե ինչ են ակնկալում քեզնից, որպեսզի արժանանաս նրանց վստահությանը։ Դրանից հետո ջանք արա, որ հետևես աստվածաշնչյան հետևյալ հորդորին. «Ձեր վրայից հանեք այն հին անձնավորությունը, որը համապատասխան է ձեր նախկին ապրելակերպին» (Եփեսացիներ 4։22)։ Ժամանակի ընթացքում ծնողներդ կտեսնեն քո առաջխաղացումը։