Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Համացանցում հայտնի լինելը կարևո՞ր է

Համացանցում հայտնի լինելը կարևո՞ր է

 Իլեյն անունով մի պատանի ասում է. «Երբ տեսա, որ մեր դպրոցում ոմանք սոցիալական ցանցերում հարյուրավոր հետևորդներ ունեն, մտածեցի. «Ինչ հայտնի են»։ Որ ճիշտն ասեմ, մի քիչ նախանձեցի»։

 Երբևէ այդպիսի զգացում ունեցե՞լ ես։ Եթե այո, այս հոդվածը քեզ կօգնի, որ այդ հոսանքի մեջ չընկնես։

 Ի՞նչ վտանգներ կան

 Աստվածաշնչում՝ Առակներ 22:1-ում, ասվում է. «Լավ անունը մեծ հարստությունից նախընտրելի է»։ Լավ համբավի ձգտելը սխալ չէ։ Սխալ չէ նաև, երբ ձգտում ես ուրիշների դուրը գալ։

 Բայց երբեմն ընդունված լինելու ցանկությունը վերածվում է հանրահայտ լինելու տենչի։ Իսկ դա կարո՞ղ է վտանգավոր լինել։ 16-ամյա Օնյան ասում է, որ կարող է։

 «Տեսել եմ, թե մարդիկ ինչպես են անմիտ բաներ անում, որ ճանաչված դառնան։ Օրինակ՝ դրա համար մեր դպրոցի աշակերտներից մեկը երկրորդ հարկից դուրս էր թռել»։

 Իրենց հասակակիցների ուշադրությունը գրավելու համար ոմանք նույնիսկ նկարում են իրենց հիմար արարքները և դրանք հրապարակում սոցցանցերում։ Օրինակ՝ մի քանի պատանիներ լվացքի պատիճներ էին կերել, որոնք թունավոր նյութեր են պարունակում, ու տեսանյութը ինտերնետ էին գցել։

 Աստվածաշնչում ասվում է. «Ոչինչ մի՛ արեք՝.... սնապարծությունից դրդված» (Փիլիպպեցիներ 2։3

 Մտածիր

  •   Համացանցում հայտնի լինելը որքա՞ն կարևոր է քեզ համար։

  •   Առողջությունդ կամ կյանքդ վտանգի կենթարկեի՞ր հասակակիցներիդ ուշադրությանը և հավանությանն արժանանալու համար:

 «Հայտնիության պատրանքը»

 Մարդկանց հայտնի դառնալու ջանքերը չեն սահմանափակվում միայն վտանգավոր արարքներով։ 22-ամյա Էրիկան մեկ այլ սովորության մասին է նշում։

 «Մարդիկ հրապարակում են մի նկարը մյուսի հետևից, որ տպավորություն ստեղծեն, ասես լիքը մտերիմ ընկերներ ունեն, ում հետ շատ ժամանակ են անցկացնում։ Դա հայտնիության պատրանք է ստեղծում»։

 15-ամյա Քերան ասում է, որ ոմանք խորամանկ քայլերի են դիմում, որ այդպիսի պատրանք ստեղծեն։

 «Ոմանք այնպիսի լուսանկարներ են նկարում, որոնց նայելով՝ մարդիկ կմտածեն, թե նրանք խնջույքի են, մինչդեռ իրականում տանն են»։

 Մեթյուն, որը 22 տարեկան է, ասում է, որ ինքն էլ է նման բան արել։

 «Ես մի նկար հրապարակեցի և վայրը նշեցի «Էվերեստ լեռ», թեև երբեք չեմ եղել Ասիայում»։

 Աստվածաշնչում ասվում է. «Ուզում ենք ամեն ինչում ազնվությամբ վարվել» (Եբրայեցիներ 13։18

 Մտածիր

  •   Սոցկայքերում երբևէ խաբեության դիմո՞ւմ ես, որ քեզ ավելի շատ մարդիկ ճանաչեն։

  •    Քո մեկնաբանություններն ու հրապարակած նկարները արտացոլո՞ւմ են քո իսկական էությունն ու քո արժեքները։

 Կարևո՞ր են հետևորդներն ու լայքերը

 Շատ մարդիկ փորձում են մեծ թվով հետևորդներ և լայքեր հավաքել, որ ճանաչված լինեն։ Մեթյուն, որի մասին արդեն նշեցինք, խոստովանում է, որ ինքն էլ է այդպես արել։

 «Մարդկանց հարցնում էի՝ «Քանի՞ հետևորդ ունես» կամ «Ամենաշատը քանի՞ լայք ես ունեցել»։ Հետևորդներիս թիվն ավելացնելու համար սկսում էի պատահական մարդկանց հետևել, որ իրենք էլ ինձ հետևեն։ Ձգտում էի ամեն կերպ հայտնի լինել, իսկ սոցցանցերը ավելի էին մեծացնում այդ ցանկությունը»։

Սոցցանցերում հայտնի լինելը նման է անառողջ սննդի, որը չի հագեցնում։ Այն կարճաժամկետ ուրախություն է բերում, սակայն անբավարարվածության զգացում է առաջացնում։

 25-ամյա Մարիան նկատել է, որ ոմանց ինքնագնահատականը կախված է իրենց հետևորդների ու լայքերի թվից։

 «Եթե աղջիկը սելֆի է տեղադրում, ու այն շատ լայքեր չի ստանում, նա մտածում է, որ տգեղ է։ Իհարկե, այդպես մտածելը սխալ է, բայց շատերն այդպես կմտածեին։ Ինչ-որ առումով այդպիսի մարդիկ իրենք իրենց կիբեռբուլիինգի են ենթարկում»։

 Աստվածաշնչում ասվում է. «Եկեք չլինենք սնապարծ՝ իրար մրցակցության չհրահրենք և իրար չնախանձենք» (Գաղատացիներ 5։26

 Մտածիր

  •   Եթե գրանցված ես սոցիալական կայքում, նկատե՞լ ես, որ այն քեզ դրդի ուրիշների հետ համեմատվել։

  •    Ավելի շատ մտածում ես հետևորդներիդ թվի՞ մասին, թե՞ ընկերություն անելու այնպիսի մարդկանց հետ, ովքեր իսկապես սիրում են քեզ։