Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչպե՞ս վարվեմ, եթե ծնողս հիվանդ է

Ինչպե՞ս վարվեմ, եթե ծնողս հիվանդ է

 Շատ երիտասարդներ չունեն ծնողին խնամելու խնդիր, այդ պատճառով զերծ են դրա հետ կապված մտահոգություններից։ Չէ՞ որ գուցե շատ տարիներ հետո միայն իրենց ծնողները առողջական խնդիրներ ունենան։

 Սակայն ի՞նչ կարող ես անել, եթե հայրդ կամ մայրդ հիվանդանան այն ժամանակ, երբ դու դեռ փոքր ես։ Տեսնենք, թե երկու պատանիներ ինչ դժվարությունների բախվեցին։

 Էմելինի պատմությունը

 «Մայրս Էլերս-Դանլոսի (ԷԴՀ) համախտանիշ ունի։ Դա քրոնիկ և ցավոտ հիվանդություն է, որն ազդում է հոդերի, մաշկի և արյունատար անոթների վրա։

 Դա անբուժելի հիվանդություն է, և մորս վիճակը վերջին տասը տարիներին վատթարացել է։ Երբեմն նրա արյան տոկոսը այնքան ցածր է լինում, որ կյանքին վտանգ է սպառնում, կամ էլ ցավն այնքան ուժգին է լինում, որ նա այլևս չի ուզում ապրել։

 Ես ու իմ ընտանիքը Եհովայի վկաներ ենք, և մեր ժողովը մեծ մխիթարություն է մեզ համար։ Օրինակ՝ վերջերս իմ տարիքի մի աղջիկ բացիկ էր ուղարկել մեզ, որում ասում էր, թե որքան շատ է սիրում մեզ, և հավաստիացնում էր, որ միշտ մեզ կաջակցի։ Այնքան հաճելի է այդպիսի ընկեր ունենալը։

 Աստվածաշունչը օգնության անգնահատելի աղբյուր է ինձ համար։ Իմ սիրած համարներից մեկը Սաղմոս 34:18-ն է, որտեղ ասվում է. «Եհովան մոտ է սրտով կոտրվածներին»։ Շատ եմ սիրում նաև Եբրայեցիներ 13:6-ը, որտեղ գրված է. «Եհովան է իմ օգնականը, ես չեմ վախենա»։

 Հատկապես այս վերջին համարն է անչափ օգնում ինձ։ Ամենաշատը վախենում եմ այն բանից, որ կկորցնեմ մորս։ Ես նրան շատ եմ սիրում և շնորհակալ եմ Աստծուն նրա հետ անցկացրած ամեն մի օրվա համար։ Աստվածաշնչյան այդ համարը օգնում է ինձ հասկանալու, որ ինչ էլ լինի, ես կարող եմ վստահությամբ նայել ապագային։

 Մի բան էլ կա, որ վախեցնում է ինձ. ԷԴՀ-ն ժառանգական հիվանդություն է։ Այն ժառանգաբար փոխանցվել է մորս իմ տատիկից, իսկ մորիցս՝ ինձ։ Այո՛, ես էլ եմ հիվանդ ԷԴՀ-ով։ Բայց Եբրայեցիներ 13:6-ը վստահեցնում է ինձ, որ Եհովան միշտ կլինի «իմ օգնականը»։

 Միևնույն ժամանակ ձգտում եմ գնահատել այն, ինչ ունեմ այսօր, և չապրել անցյալով կամ մտահոգվել ապագայի համար։ Եթե սկսեմ մտածել, թե առաջվա համեմատ՝ որքան քիչ բան է մայրս հիմա ի վիճակի անելու, վհատության մեջ կընկնեմ։ Աստվածաշունչն ասում է, որ նեղությունները «վաղանցիկ են ու թեթև»՝ հաշվի առնելով այն հույսը, որ ապրելու ենք հավիտյան՝ առանց հիվանդանալու (2 Կորնթացիներ 4:17; Հայտնություն 21:1–4)»։

 Մտածիր։ Ի՞նչն օգնեց Էմելինին դրական տրամադրվածություն պահպանելու։ Ինչպե՞ս դու կարող ես դրական տրամադրվածություն պահպանել, երբ դժվարությունների բախվես։

 Էմիլիի պատմությունը

 «Հայրս առաջին անգամ հիվանդացավ դեպրեսիայով, երբ ես սովորում էի դպրոցում։ Նախկին հայրս կարծես էլ չկար, և նրա փոխարեն՝ ուրիշ մարդ էր։ Այդ ժամանակվանից սկսած՝ հայրս համակվում է տխրությամբ, անբնական վախեր ու տագնապային խանգարումներ է ունենում։ Արդեն 15 տարի է, ինչ նա պայքարում է այդ հիվանդության դեմ։ Որքա՜ն ցավալի պետք է որ լինի նրա համար, երբ համակվում է տխրությամբ, թեև գիտի, որ ոչ մի տրամաբանական պատճառ չկա այդպես զգալու համար։

 Մենք Եհովայի վկաներ ենք, և մեր ժողովի անդամները շատ են աջակցում մեզ։ Մեր հավատակիցները շատ բարի և հասկացող են։ Ոչ ոք երբևէ այնպիսի բան չի արել, որ հայրս իրեն անպիտան զգա ժողովում։ Տեսնելով, թե ինչպես է նա դիմանում այդ դժվարությանը, ավելի ու ավելի շատ եմ նրան սիրում։

 Ես կարոտում եմ նախկին հորս՝ նրան, ում տագնապները չէին տանջում, ով չէր տառապում և ուրախ էր։ Այնքան վատ եմ զգում, որ նա ամեն օր ստիպված է պայքարել անտեսանելի թշնամու դեմ, որն իր մտքում է։

 Չնայած դրան՝ հայրս մեծ ջանք է թափում դրական մտավիճակ պահպանելու համար։ Վերջերս, երբ նրա վիճակը սրվել էր, նա ամեն օր ճիգ էր անում, որ Աստվածաշունչ կարդար՝ գոնե մի քանի համար։ Դա նրան շատ էր զորացնում։ Նույնիսկ այս փոքր թվացող բանը կենսական էր հորս համար։ Երբևէ այդքան շատ չեմ հպարտացել նրանով, որքան այդ ծանր օրերին։

 Ինձ շատ է դուր գալիս Նեեմիա 8:10 համարը, որտեղ ասվում է. «Եհովայի ուրախությունը ձեր ամրոցն է»։ Դա իրոք այդպես է։ Այն ուրախությունը, որ ես զգում եմ՝ գնալով ժողովի հանդիպումներին, մեկնաբանություններ տալով և ծառայությանը ակտիվորեն մասնակցելով, օգնում է ինձ, երբ տխուր եմ լինում կամ դատարկություն եմ զգում։ Դա ջերմ զգացումներով է լցնում ինձ ողջ օրը։ Հորս օրինակից սովորել եմ, որ անկախ նրանից, թե ինչի դեմ ենք պայքարում, Եհովան միշտ մեր կողքին է և աջակցում է»։

 Մտածիր։ Ինչպե՞ս է Էմիլին աջակցում հիվանդ հորը։ Ինչպե՞ս դու կարող ես օգնել դեպրեսիայով տառապող անհատի։