ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ
Ինչպե՞ս կարող եմ մարզել խիղճս
Նշված բաներից ինչի՞ հետ կհամեմատես խիղճդ
կողմնացույցի
հայելու
ընկերոջ
դատավորի
Չորսն էլ ճիշտ պատասխաններ են։ Այս հոդվածը կբացատրի, թե ինչու։
Ի՞նչ է խիղճը
Խիղճը ճիշտն ու սխալը հասկանալու քո ներքին զգացողությունն է։ Աստվածաշունչն ասում է, որ այն նման է օրենքի, որը գրված է մարդկանց սրտերում (Հռոմեացիներ 2։15)։ Լավ մարզված խիղճը օգնում է, որ ճիշտ գնահատես իրավիճակը, երբ ինչ-որ քայլ պետք է անես կամ արդեն արել ես։
Խիղճդ նման է կողմնացույցի։ Այն քեզ ճիշտ ուղղությամբ է տանում, որ խնդիրների մեջ չընկնես։
Խիղճդ նման է հայելու։ Այն արտացոլում է քո բարոյական վիճակը՝ բացահայտելով քո ներքին անձնավորությունը։
Խիղճդ նման է լավ ընկերոջ։ Եթե լսես նրան, նա կարող է քեզ լավ խորհուրդ տալ և օգնել, որ հաջողության հասնես։
Խիղճդ նման է դատավորի։ Այն նախազգուշացնում է, երբ ինչ-որ սխալ բան ես անում։
Ամփոփում։ Խիղճը կենսական գործիք է, որն օգնում է 1) իմաստուն որոշումներ կայացնել, 2) տեսնել սխալները, ափսոսալ ու փորձել ուղղել դրանք։
Ինչո՞ւ է հարկավոր մարզել խիղճը
Աստվածաշնչում ասվում է. «Մաքուր խիղճ ունեցեք» (1 Պետրոս 3։16)։ Դժվար է մաքուր խիղճ ունենալ, եթե չես մարզել այն։
«Երբ ինչ-որ տեղ էի գնում, ծնողներիս խաբում էի ու չէի ասում, թե իրականում ուր եմ գնում։ Սկզբում խիղճս տանջում էր, բայց ժամանակի ընթացքում դա ինձ համար սովորական բան դարձավ» (Ջենիֆեր)։
Մի օր Ջենիֆերի խիղճը ի վերջո մղեց նրան ամեն ինչ պատմելու ծնողներին, և նա այլևս չխաբեց նրանց։
Մտածիր։ Ջենիֆերի խիղճը չէ՞ր կարող ավելի շուտ ահազանգել, և եթե կարող էր, ապա ե՞րբ։
«Երկակի կյանքով ապրելը սթրեսային է։ Երբ խիղճդ թույլ է տալիս մեկ անգամ սխալ որոշում կայացնել, մյուս սխալ որոշում կայացնելը ավելի հեշտ է դառնում» (Մեթյու)։
Որոշ մարդիկ ընդհանրապես չեն լսում իրենց խղճի ձայնին։ Աստվածաշնչում ասվում է, որ նրանք «ամոթի զգացումը կորցրել են» (Եփեսացիներ 4։19)։
Մտածիր: Արդյո՞ք այն մարդիկ, ովքեր մեղավորության զգացում չեն ունենում իրենց գործած սխալների համար, ավելի լավ կյանքով են ապրում։ Հետագայում ի՞նչ խնդիրներից նրանք չեն կարողանա խուսափել։
Ամփոփում: Մաքուր խիղճ ունենալու համար պետք է «ըմբռնողականությունդ գործադրելով՝ այն մարզես ճիշտն ու սխալը զանազանելու համար» (Եբրայեցիներ 5։14)։
Ինչպե՞ս կարող ես մարզել խիղճդ
Խիղճդ մարզելու համար պետք է չափանիշներ ունենաս և քայլեր անելիս առաջնորդվես դրանցով։ Մարդկանց համար շատ հաճախ չափանիշներ են սահմանում՝
ընտանիքը կամ մշակույթը
հասակակիցները
հայտնի մարդիկ
Սակայն աստվածաշնչյան չափանիշները գերազանցում են վերը նշվածներին։ Եվ դա զարմանալի չէ, քանի որ Աստվածաշունչը «Աստծու ներշնչմամբ է գրված»՝ այն Անձնավորության, ով ստեղծել է մեզ և գիտի, թե որն է մեզ համար լավագույնը (2 Տիմոթեոս 3։16)։
Նկատի առ մի քանի օրինակ։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ: «Ուզում ենք ամեն ինչում ազնվությամբ վարվել» (Եբրայեցիներ 13։18)։
Ինչպե՞ս կարող է այս սկզբունքը ազդել խղճիդ վրա, երբ ծնողներիդ խաբելու, ստուգողական աշխատանքի ժամանակ արտագրելու կամ էլ գողանալու գայթակղություն է առաջանում։
Եթե խիղճդ մղի քեզ ամեն ինչում ազնիվ լինել, ի՞նչ օրհնություններ կունենաս հիմա և ապագայում։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ: «Փախե՛ք պոռնկությունից» (1 Կորնթացիներ 6։18)։
Ինչպե՞ս կարող է այս սկզբունքը ազդել խղճիդ վրա, երբ պոռնկագրություն դիտելու կամ էլ նախքան ամուսնանալը սեքսով զբաղվելու գայթակղություն է առաջանում։
Եթե խիղճդ մղի քեզ փախչել անբարոյությունից, ի՞նչ օրհնություններ կունենաս հիմա և ապագայում։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ: «Իրար հանդեպ եղեք բարի և կարեկից՝ մեծահոգաբար ներելով իրար» (Եփեսացիներ 4։32)։
Ինչպե՞ս կարող է այս սկզբունքը օգնել քեզ, երբ կոնֆլիկտ է առաջանում եղբորդ, քրոջդ կամ էլ ընկերոջդ հետ։
Եթե խիղճդ մղի քեզ կարեկից ու ներող լինել, ի՞նչ օրհնություններ կունենաս հիմա և ապագայում։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ: «Եհովան բռնություն սիրողին ատում է» (Սաղմոս 11։5)։
Ինչպե՞ս կարող է այս սկզբունքը օգնել քեզ ֆիլմ, հեռուստահաղորդում կամ տեսախաղ ընտրելու հարցում։
Եթե խիղճդ մղի մերժելու բռնություն պարունակող զվարճությունները, ի՞նչ օրհնություններ կունենաս հիմա և ապագայում։
ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ։ «Ես ընկերներ ունեմ, որոնց հետ բռնություն պարունակող տեսախաղեր էի խաղում։ Հայրս նախազգուշացրեց, որ այդպիսի խաղեր այլևս չխաղամ։ Դրա համար դրանք խաղում էի, երբ ընկերներիս տուն էի գնում։ Ու երբ տուն էի վերադառնում, այդ մասին ոչինչ չէի ասում։ Հայրս հարցնում էր, թե արդյոք ամեն բան լավ է, ու ես ասում էի՝ այո։ Մի օր Սաղմոս 11։5-ը կարդալիս խիղճս սկսեց տանջել։ Հասկանում էի, որ չպետք է շարունակեմ խաղալ այդ տեսախաղերը։ Եվ այս անգամ ինչպես որ որոշել էի, այդպես էլ արեցի։ Ընկերներիցս մեկը նույնպես հետևեց իմ օրինակին» (Ջերեմի)։
Մտածիր: Ջերեմիի խիղճը ե՞րբ սկսեց գործել, ու նա ե՞րբ հետևեց դրան։ Ի՞նչ ես սովորում նրա օրինակից։
Ամփոփում: Քո խիղճը ցույց է տալիս, թե դու ով ես և ինչն ես կարևոր համարում։ Խիղճդ ի՞նչ է հայտնում քո մասին։