Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչպե՞ս կարող եմ նիհարել

Ինչպե՞ս կարող եմ նիհարել

 Իսկապե՞ս նիհարելու կարիք կա

 Որոշ պատանիներ ասում են, որ ուզում են նիհարել։ Սակայն...

  •   Շատերին ավելի շատ մտահոգում է իրենց արտաքին տեսքը, քան առողջությունը։ Ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար ոմանք անում են այնպիսի բաներ, որոնք, իրենց կարծիքով, կօգնեն արագ քաշ գցելու, օրինակ՝ բաց են թողնում սննդի ընդունումը կամ նիհարեցնող հաբեր են խմում։ Սակայն նման մեթոդները սովորաբար անօգուտ են ու երբեմն նույնիսկ վտանգավոր։

     «Որոշ աղջիկներ սովի են մատնում իրենց, որպեսզի արագ արդյունքի հասնեն։ Սակայն այդպես նրանք միայն վնաս են հասցնում իրենց օրգանիզմին, և երկար ժամանակ կպահանջվի, մինչև որ այն վերականգնվի» (Հեյլի)։

  •   Շատերն անտեղի են մտահոգվում իրենց քաշի պատճառով։ Նրանք նորմալ քաշ ունեն, բայց երբ սկսում են համեմատվել հասակակիցների կամ ամսագրերի շապիկների վրայի մոդելների հետ, իրենց գեր են համարում։

     «Երբ 13 տարեկան էի, ինձ համեմատում էի ընկերներիս հետ ու մտածում, որ նրանց ավելի շատ դուր կգամ, եթե նրանց նման չոփ լինեմ» (Պաոլա)։

 Մյուս կողմից՝ որոշ երիտասարդներ իրոք նիհարելու կարիք ունեն։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝

  •   ամբողջ աշխարհում 5–19 տարեկան մոտ 340 միլիոն երեխաներ և պատանիներ ավելորդ քաշ ունեն,

  •   1975 թ.-ին այդ տարիքային խմբի միայն 4 տոկոսը քաշի ավելցուկ ուներ։ 2016 թ.-ին այս ցուցանիշը աճեց՝ հասնելով 18 տոկոսի,

  •   աշխարհի երկրների մեծ մասում գերքաշ մարդկանց թիվը գերազանցում է թերքաշ մարդկանց թիվը,

  •   ճարպակալումը նաև տարածված է զարգացող երկրներում, նույնիսկ այն ընտանիքներում, որոնց անդամները առողջ սնունդ չեն օգտագործում։

 Ինչպե՞ս ճիշտ և անվնաս նիհարել

 Ո՞ր մեթոդը կընտրեիր.

  1.   Բաց թողնել սննդի ընդունումը։

  2.   Մարզանք անել և հավասարակշռված սննդակարգ ունենալ։

  3.   Նիհարեցնող հաբեր խմել։

 Ճիշտ պատասխան՝ մեթոդ 2. մարզանք անել և հավասարակշռված սննդակարգ ունենալ։

 Սննդի ընդունումը բաց թողնելով կամ սննդամթերքների որևէ խմբից հրաժարվելով՝ գուցե արագ արդյունքի հասնես։ Բայց այդ մեթոդները կարող են վնասակար լինել քո առողջության համար, և դու հավանաբար նույն քաշին կվերադառնաս, երբ կրկին սկսես սնվել առաջվա պես։

 Մյուս կողմից՝ եթե նպատակ դնես առողջ լինել, հրաշալի արտաքին տեսք և լավ ինքնազգացողություն կունենաս։ «Ամենաապահով, ամենաառողջ և ամենաերկարատև արդյունքները լինում են.... կենսակերպի այնպիսի փոփոխության դեպքում, երբ այն կարող ես պահպանել մինչև կյանքիդ վերջը»,— գրել է հոգեբան Մայքլ Բրեդլին։ a Ուստի եթե կարիք ունես քաշ գցելու, մտածիր ոչ թե այն մասին, թե ինչպիսի սննդակարգ ես պահելու, այլ թե ինչպես ես փոխելու քո կենսակերպը։

 Գործողությունների պլան

 Աստվածաշունչը հորդորում է «սովորությունների մեջ չափավոր» լինել, և դա վերաբերում է նաև ուտելու սովորությանը (1 Տիմոթեոս 3։11)։ Այն նույնիսկ կոնկրետ զգուշացում է տալիս շատակերությունից խուսափելու մասին (Առակներ 23։20; Ղուկաս 21։34)։ Ի մտի ունենալով այս սկզբունքները՝ փորձիր կիրառել հետևյալ խորհուրդները, որպեսզի ավելի առողջ ապրելակերպ ունենաս։

  •   Իմացիր, թե ինչ է նշանակում սնվել առողջ կերպով։

     Ճիշտ է, կարիք չկա սննդի ընտրության հարցում ծայրահեղությունների մեջ ընկնել, սակայն ճիշտ սնվելու մասին որոշ չափով գիտելիքներ ունենալը կարող է օգնել քեզ հավասարակշռված սննդակարգ ունենալու։ Իսկ դա նորմալ քաշ պահպանելու լավագույն կերպերից մեկն է։

  •   Կանոնավորաբար մարզվիր։

     Մտածիր, թե օրվա ընթացքում ինչպես կարող ես ավելի շատ շարժվել։ Օրինակ՝ վերելակի փոխարեն՝ աստիճաններից օգտվիր։ Կես ժամ քիչ խաղա տեսախաղեր, որ այդ ժամանակը հատկացնես մաքուր օդին արագ քայլքով զբաղվելուն։

  •   Արագ սնունդը փոխարինիր առողջ սննդով։

     «Ես փորձում եմ որևէ առողջարար բան վերցնել հետս, օրինակ՝ մրգեր կամ բանջարեղեն,— ասում է Սոֆիա անունով մի դեռահաս աղջիկ։— Ուստի հազվադեպ եմ կանգնում վնասակար բան ուտելու գայթակղության առաջ»։

  •   Դանդաղ կեր։

     Որոշ մարդիկ այնքան շտապելով են ուտում, որ չեն «լսում» օրգանիզմի ազդանշանը՝ բավական է։ Ուստի դանդաղ կեր։ Նախքան երկրորդ չափաբաժինն ուտելը մի պահ ընդմիջում արա։ Այդ ժամանակ թերևս կզգաս, որ կուշտ ես։

  •   Վերահսկիր կալորիաների քանակը։

     Կարդա սննդի բաղադրությունը՝ իմանալու համար, թե որքան կալորիա է այն պարունակում։ Նշենք, որ քաղցրեցված գազավորված ըմպելիքները, արագ սնունդը և աղանդերը բարձր կալորիականություն ունեն և քաշ են ավելացնում։

  •   Հավասարակշռված եղիր։

      16-ամյա Սառան պատմում է. «Մի պահ այնքան էի տարվել կալորիաները հաշվելով, որ երբ նայում էի կերակրով լի ափսեին, միայն թվեր էի տեսնում։ Մի՛ դարձիր «կալորիաների հաշվապահ»։ Երբեմն կարող ես քեզ երես տալ՝ ուտելով քո սիրած բաները, որոնք բարձր կալորիականություն ունեն»։

 Առաջարկ։ Խոսիր քո բժշկի հետ քաշիդ հետ կապված մտահոգություններիդ մասին։ Հաշվի առնելով քո առողջական վիճակը՝ նա կասի քեզ, թե ինչ փոփոխություններ կարող ես անել քո կենսակերպում, որ լավ արդյունքների հասնես։

a «When Things Get Crazy With Your Teen» գրքից։