ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ
Ստեղծագործությո՞ւն, թե՞ էվոլյուցիա—Մաս 2։ Ինչո՞ւ կասկածել էվոլյուցիային
Ալեքսը տարակուսանքի մեջ է։ Նա միշտ հավատացել է Աստծուն և գիտի, որ նա է ամեն ինչ ստեղծել։ Բայց այսօր նրա կենսաբանության ուսուցիչը ամենայն համոզվածությամբ ասում է, որ էվոլյուցիան փաստ է՝ հիմնված գիտական հետազոտությունների վրա։ Ալեքսը չի ուզում տգետ երևալ։ «Ի վերջո,— մտածում է նա,— եթե գիտնականները ապացուցել են, որ էվոլյուցիան ճիշտ է, ես ո՞վ եմ, որ կասկածեմ»։
Ծանո՞թ իրավիճակ է։ Հավանաբար քո ողջ կյանքում հավատացել ես նրան, ինչ Աստվածաշունչն է ասում. «Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ծննդոց 1։1)։ Սակայն մարդիկ փորձում են տարհամոզել քեզ՝ պնդելով, թե արարչագործությունն առասպել է, իսկ էվոլյուցիան՝ փաստ։ Կհավատա՞ս նրանց։ Ինչո՞ւ կասկածել էվոլյուցիային։
Երկու պատճառ, թե ինչու կասկածել էվոլյուցիային
Գիտնականները էվոլյուցիայի վերաբերյալ տարակարծիք են։ Չնայած տասնամյակներ տևած հետազոտություններին՝ գիտնականները դեռևս չեն կարողանում այնպիսի սահմանում տալ էվոլյուցիային, որին բոլոր մասնագետները համձայն կլինեն։
Մտածիր։ Եթե նույնիսկ բանիմաց գիտնականները ընդհանուր եզրակացության չեն գալիս, մի՞թե սխալ է, որ դու կասկածներ ունենաս (Սաղմոս 10:4)։
Կարևոր է, թե ինչին ես հավատում։ «Եթե կյանքը պատահականորեն է առաջացել, ուրեմն մեր կյանքը ու նաև ամբողջ տիեզերքում ինչ որ կա, անիմաստ է»,— ասում է Զաքարի անունով մի երիտասարդ։ Իսկապես, եթե էվոլյուցիան ճիշտ է, նշանակում է կյանքը ոչ մի էական նպատակ չունի (1 Կորնթացիներ 15։32)։ Մյուս կողմից՝ եթե ստեղծագործությունն է ճիշտ, նշանակում է կյանքի նպատակի և ապագայի վերաբերյալ հարցերը պատասխան ունեն, ու մենք կարող ենք գտնել դրանք (Երեմիա 29։11)։
Մտածիր։ Ինչպե՞ս կարող է էվոլյուցիայի կամ ստեղծագործության ճիշտ լինելու հանգամանքը ազդել կյանքի հանդեպ քո վերաբերմունքի վրա (Եբրայեցիներ 11։1)։
Հարցեր խորհրդածելու համար
ՊՆԴՈՒՄ։ «Տիեզերքում ամեն բան մեծ պայթյունի հետևանքով է առաջացել»։
Ո՞վ կամ ի՞նչը եղավ այդ մեծ պայթյունի պատճառը։
Ո՞րն է ավելի տրամաբանական՝ ամեն ինչ ոչնչից է առաջացել, թե՞ ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի գործունեության արդյունքն է։
ՊՆԴՈՒՄ։ «Մարդիկ առաջացել են կենդանիներից»։
Եթե դա այդպես է, օրինակ՝ եթե առաջացել են կապիկներից, ապա ինչու այսքան ահռելի անջրպետ կա բանական մարդու ունակությունների և կապիկների ունակությունների միջև։ a
Ինչո՞ւ են կյանքի «պարզագույն» տեսակները անչափ բարդ։ b
ՊՆԴՈՒՄ։ «Էվոլյուցիան ապացուցված փաստ է»։
Այն մարդը, ով նման կարծիք է հայտնում, անձամբ քննե՞լ է փաստերը։
Որքա՞ն մարդիկ են իրականում հավատում էվոլյուցիային միայն այն պատճառով, որ իրենց ասել են, թե բանիմաց մարդիկ դրան են հավատում։
a Ոմանք գուցե ասեն, թե մարդիկ ավելի խելացի են, քանի որ մարդու ուղեղը ավելի մեծ է, քան կապիկներինը։ Սակայն այս համոզմունքը անհիմն է, իսկ թե ինչու, տես «Կյանքի ծագումը. հինգ հարց, որ արժե քննել» գրքույկը (էջ 28)։
b Տես «Կյանքի ծագումը. հինգ հարց, որ արժե քննել» գրքույկը (էջ 8–12)։