ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆ
Առողջությանը հետևելը և կրկին ոտքի կանգնելու ունակությունը
ՔՐՈՆԻԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՐՋ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՆ ԹՈՂՆՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԻ ՎՐԱ։ Ուլֆը, որը մի ժամանակ գործունյա և առողջ մարդ էր, բայց հետո անդամալույծ դարձավ, պատմում է. «Ես խոր դեպրեսիայի մեջ էի։ Զգացապես և ֆիզիկապես ուժասպառ էի եղել.... Ինձ ջախջախված էի զգում»։
Ուլֆի հետ պատահածը հիշեցնում է, որ մեզանից ոչ ոք ապահովագրված չէ առողջական խնդիրներից։ Սակայն մենք կարող ենք ողջամիտ քայլեր ձեռնարկել, որպեսզի հիվանդանալու հավանականությունը նվազագույնի հասցնենք։ Իսկ ի՞նչ անենք, եթե մեր առողջությունը գնալով վատանում է։ Արդյո՞ք դա նշանակում է, որ այլևս չենք կարող երջանիկ լինել։ Ինչպես կտեսնենք, դա ամենևին էլ այդպես չէ։ Բայց նախ քննենք մի քանի սկզբունք, որոնք նպաստում են լավ առողջությանը։
«ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ ՉԱՓԱՎՈՐ» ԵՂԵՔ (1 Տիմոթեոս 3։2, 11)։ Ուտելիքն ու ալկոհոլը չարաշահելու սովորությունը, ինչ խոսք, վատ է անդրադառնում մեր առողջության վրա։ Բացի այդ՝ մենք տուժում ենք ֆինանսապես։ «Մի՛ եղիր գինով հարբողների մեջ, ինչպես նաև որկրամոլությամբ միս ուտողների մեջ, որովհետև հարբեցողն ու որկրամոլը կաղքատանան» (Առակներ 23։20, 21)։
ՄԻ՛ ՊՂԾԵՔ ՁԵՐ ՄԱՐՄԻՆԸ։ «Եկեք մաքրենք մեզ մարմնի և ոգու ամեն պղծությունից» (2 Կորնթացիներ 7։1)։ Մարդիկ պղծում են իրենց մարմինը, երբ ծխախոտ են ծխում, ծխախոտաբույս են ծամում, չարաշահում են ալկոհոլը կամ թմրանյութերը։ Օրինակ՝ ինչպես նշում են ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնները, ծխելու «հետևանքով առաջանում են տարբեր հիվանդություններ ու խանգարումներ, և վնասվում են մարդու գրեթե բոլոր օրգանները»։
ՄԱՐՄԻՆՆ ՈՒ ԿՅԱՆՔԸ ԹԱՆԿ ՊԱՐԳԵՎՆԵՐ ՀԱՄԱՐԵՔ։ «[Աստծով] ենք մենք ապրում, շարժվում և գոյություն ունենք» (Գործեր 17։28)։ Այս փաստը գիտակցելը մղում է մեզ, որ անտեղի ռիսկի չենթարկենք մեր կյանքը, լինի դա աշխատավայրում, մեքենա վարելիս, թե զվարճանալիս։ Չարժե վայրկենական հաճույքի համար անդամալույծ դառնալ ու խորտակել ողջ կյանքը։
ՎԵՐԱՀՍԿԵՔ ՁԵՐ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԶԳԱՑՈՒՄՆԵՐԸ։ Մարդու միտքն ու մարմինը սերտորեն փոխկապակցված են։ Ուստի փորձեք չափից շատ չմտահոգվել, խուսափեք Սաղմոս 37։8-ում ասվում է. «Զսպի՛ր բարկությունդ և զայրույթդ հեռո՛ւ վանիր»։ Իսկ Մատթեոս 6։34-ում կարդում ենք. «Երբեք մի՛ մտահոգվեք վաղվա օրվա մասին, որովհետև վաղվա օրը կունենա իր մտահոգությունները»։
բարկության պոռթկումներից, նախանձից և այլ բացասական զգացումներից։ՓՈՐՁԵՔ ԿԵՆՏՐՈՆԱՆԱԼ ԴՐԱԿԱՆ ԲԱՆԵՐԻ ՎՐԱ։ Առակներ 14։30-ում գրված է. «Հանդարտ սիրտը կյանք է մարմնի համար»։ Աստվածաշնչում նաև կարդում ենք. «Ուրախ սիրտը բուժիչ է» (Առակներ 17։22)։ Այս մտքերին թիկունք է կանգնում նաև բժշկությունը։ Շոտլանդացի հայտնի բժիշկ Դերեկ Քոկսը ասում է. «Եթե ուրախ մարդ եք, շատ հավանական է, որ ապագայում ավելի քիչ առողջական խնդիրներ կունենաք, քան նրանք, ովքեր ուրախ չեն»։
ՍՈՎՈՐԵՔ ԿՐԿԻՆ ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵԼ։ Ուլֆի պես, ում մասին նշվեց հոդվածի սկզբում, մենք էլ գուցե տևական և անլուծելի մի խնդիր ունենք և ստիպված ենք պարզապես դիմանալ դրան։ Սակայն հարցը միայն դիմանալը չէ, այլ այն, թե ինչպես ենք դիմանում։ Ոմանք վհատության գիրկն են ընկնում, ինչն ավելի է բարդացնում իրավիճակը։ Առակներ 24։10-ում ասվում է. «Եթե նեղության օրը վհատվես, քո ուժը խղճուկ կլինի»։
Կան մարդիկ էլ, ովքեր թեև սկզբում հուսահատվում են, բայց հետո կարողանում են վերագտնել իրենց ուրախությունը և ուժերը։ Նրանք հարմարվում են իրենց իրավիճակին և դիմանալու կերպեր են գտնում։ Ուլֆը հենց այդպես վարվեց։ Նա ասում է, որ Աստվածաշնչի հայտնած բարի լուրի շուրջ խորհրդածելուց և շատ աղոթելուց հետո «սկսեց դժվարությունները դիտել ոչ թե որպես խոչընդոտներ, այլ որպես հնարավորություններ»։ Բացի այդ՝ ծանր դժվարությունների միջով անցնող շատ մարդկանց պես՝ Ուլֆը սովորեց ավելի կարեկից լինել, ինչն էլ մղեց նրան աստվածաշնչյան մխիթարական լուրը հայտնել ուրիշներին։
Սթիվը նույնպես շատ տառապանքներ է կրել։ 15 տարեկանում դժբախտ պատահարի հետևանքով նա պարանոցից ներքև անդամալույծ դարձավ։ Հետագայում ձեռքերը աշխատեցնելու նրա ունակությունը վերականգնվեց, և 18 տարեկանում Սթիվը ընդունվեց համալսարան, որտեղև կարճ ժամանակ անց մխրճվեց թմրամոլության, հարբեցողության և անբարոյության ճահճի մեջ։ Սթիվը ապագայի ոչ մի հույս չուներ, սակայն երբ սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել, ամեն բան փոխվեց. դա օգնեց նրան նորովի նայել կյանքին և ձերբազատվել վատ սովորություններից։ Նա ասում է. «Երկար ժամանակ ինձ տանջող դատարկության զգացումն անհետացավ։ Այժմ սիրտս լի է խաղաղությամբ, ուրախությամբ և գոհունակությամբ»։
Սթիվի և Ուլֆի խոսքերը հիշեցնում են Սաղմոս 19։7, 8 համարները, որտեղ ասվում է. «Եհովայի օրենքը կատարյալ է, կենդանացնում է հոգին [«վերականգնում է ուժերը», «Նոր աշխարհ թարգմանություն», 2013 թ., անգլ.].... Եհովայի կանոններն արդար են, ուրախացնում են սիրտը, Եհովայի պատվիրանը մաքուր է, լույս է տալիս աչքերին»։