Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Բուժումը պետք է ոչ թե պարզապես ախտանիշները վերացնի, այլ բուն պատճառը

ԻՆՉ Է ՀԱՐԿԱՎՈՐ ԱՆԵԼ

Գտնել բուն պատճառը

Գտնել բուն պատճառը

Ձեր կարծիքով՝ մարդիկ կարո՞ղ են լուծել այն բազում խնդիրները, որոնք խաթարում են մեր խաղաղությունն ու անվտանգությունը և սպառնում մեր ապագա բարօրությանը։ Որպեսզի որոշակի բուժում արդյունավետ լինի, այն պետք է ոչ թե պարզապես ախտանիշները վերացնի, այլ խնդրի բուն պատճառը։

Պատկերացնենք օրինակով։ Թոմ անունով մի մարդ հիվանդ էր և որոշ ժամանակ անց մահացավ։ Ի՞նչն էր պատճառը։ Բժիշկներից մեկը, որն աշխատում էր այն հիվանդանոցում, ուր տեղափոխվել էր Թոմը իր մահվանից կարճ ժամանակ առաջ, նկարագրում է, թե ինչ էր եղել. «Երբ ի հայտ էին եկել վաղ ախտանիշները, ոչ ոքի մտքով չէր անցել փնտրել դրանց առաջացման բուն պատճառը»։ Փաստորեն, բժիշկները, որ ավելի վաղ զբաղվել էին Թոմի բուժմամբ, պարզապես նրա ինքնազգացողությունը բարելավվող դեղեր էին նշանակել։

Կարելի՞ է ասել, որ մարդկությունը նույն մոտեցումն է դրսևորում աշխարհը պատուհասող խնդիրների լուծման հարցում։ Օրինակ՝ հանցագործության դեմ պայքարելու համար կառավարությունները նորանոր օրենքներ են սահմանում, տեսահսկման համակարգեր են տեղադրում, հզորացնում են ոստիկանության ուժերը։ Այս միջոցները թեև որոշ չափով արդյունավետ են, բայց չեն վերացնում բուն պատճառը։ Չէ՞ որ հարցը միայն մարդու վարվելակերպը չէ, այլ այն, ինչ ընկած է դրա հիմքում՝ նրա մտածելակերպը, համոզմունքներն ու ձգտումները։

Դանիելը, որն ապրում է քայքայվող տնտեսություն ունեցող հարավամերիկյան մի երկրում, ասում է. «Մի ժամանակ մենք նորմալ կյանքով էինք ապրում։ Չէինք վախենում զինված կողոպուտներից։ Բայց հիմա մեր երկրում չես գտնի մի խաղաղ անկյուն՝ անվտանգ քաղաք կամ գյուղ։ Տնտեսական անբարենպաստ վիճակը երևան հանեց շատերի իրական դեմքը՝ նրանց ագահությունը և հարգանքի պակասը ուրիշների կյանքի ու սեփականության նկատմամբ»։

Մի մարդ, ում կանվանենք Իլիաս, հակամարտությունների պատճառով փախել էր Միջին Ասիայից և հետագայում սկսել էր Աստվածաշունչ ուսումնասիրել։ Նա ասում է. «Իմ հայրենի քաղաքից շատ երիտասարդներ իրենց ընտանիքի անդամներից, ինչպես նաև կրոնական և քաղաքական կառույցներից հորդորներ էին ստանում մասնակցել պատերազմին ու դառնալ ազգի հերոսներ։ Նույնպիսի հորդոր ստանում էին նաև հակառակորդ կողմի երիտասարդները։ Սա տեսնելով՝ հասկացա, որ մարդկային ղեկավարների վրա հույս դնելը միայն հիասթափություն է բերում»։

Աստվածաշունչը միանգամայն իրավացիորեն ասում է.

  • «Մարդու սիրտն իր մանկությունից հակված է դեպի չարը» (Ծննդոց 8։21

  • «Նենգավոր է սիրտը ամեն բանից առավել և անհուսալի։ Ո՞վ կարող է հասկանալ նրան» (Երեմիա 17։9

  • «Սրտից են դուրս գալիս չար մտքերը, սպանությունները.... պոռնկությունները, գողությունները, սուտ վկայությունները» (Մատթեոս 15։19

Մարդկությունը մինչ այժմ չի կարողացել գտնել մարդկային էության արատավոր գծերը արմատախիլ անելու միջոց։ Դեռ ավելին, ինչպես ցույց են տալիս նախորդ հոդվածում թվարկված խնդիրները, ներկայումս այդ գծերը ավելի ցայտուն ու լայնամասշտաբ կերպով են դրսևորվում (2 Տիմոթեոս 3։1–5)։ Ընդ որում դա տեղի է ունենում մի դարաշրջանում, երբ մեր տրամադրության տակ կա մեծ քանակությամբ ինֆորմացիա, էլ չենք խոսում հաղորդակցության աննախադեպ հնարավորությունների մասին։ Ուրեմն ինչո՞ւ չենք կարողանում աշխարհը խաղաղ ու անվտանգ վայր դարձնել։ Արդյոք մեր ուժերից վեր բա՞ն ենք ակնկալում։ Գուցե դա առհասարակ անհնարի՞ն է։

ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ԱՆՀՆԱՐԻ՞ՆԸ

Անգամ եթե մարդիկ ինչ-որ հրաշքով կարողանային արմատախիլ անել այդ արատավոր գծերը, միևնույնն է, չէին կարողանա աշխարհը ապահով ու անվտանգ վայր դարձնել։ Ինչո՞ւ։ Որովհետև նրանց հնարավորությունները սահմանափակ են։

Աստվածաշնչում մի պարզ ճշմարտություն է գրված. «Մարդը չի կարող ուղղություն տալ իր քայլերին» (Երեմիա 10։23)։ Այո՛, մենք ստեղծված չենք նույնիսկ ինքներս մեզ ղեկավարելու համար, ուր մնաց թե ուրիշներին։ Ինչպես որ մարդը ստեղծված չէ ջրում կամ բաց տիեզերքում ապրելու համար, այնպես էլ ստեղծված չէ մյուս մարդկանց ղեկավարելու համար։

Ինչպես որ մարդը ստեղծված չէ ջրում ապրելու համար, այնպես էլ ստեղծված չէ ուրիշներին ղեկավարելու համար

Օրինակ՝ մտածենք. առհասարակ մարդկանց դուր գալի՞ս է, երբ իրենց հավասար մեկը ասում է՝ ինչպես ապրել կամ ինչ բարոյական չափանիշների հետևել։ Սիրո՞ւմ են, որ ուրիշները թելադրեն իրենց՝ ինչպիսի տեսակետ ունենալ աբորտի, մահապատժի վերաբերյալ կամ ինչպես դաստիարակել իրենց երեխաներին։ Սրանք ընդամենը մի քանիսն են այն հարցերից, որոնք մարդկանց մեջ տարաձայնություններ են առաջացնում։ Եվ ուրեմն, ինչքան էլ դժվար լինի, բայց պետք է խոնարհաբար ընդունենք, որ Աստվածաշնչում գրվածը իրողություն է։ Մարդը պարզապես ունակ չէ և բարոյական իրավունք չունի ղեկավարելու ուրիշներին։ Այդ դեպքում որտեղի՞ց օգնություն սպասենք։

Ամենատրամաբանական պատասխանն այն է, որ պետք է դիմենք մեր Արարչին։ Չէ՞ որ նա է մեզ ստեղծել։ Եվ նա չի մոռացել մեզ, թեև ոմանք այդպես են մտածում։ Մեր հանդեպ նրա հոգատարությունը երևում է Աստվածաշնչում գրված իմաստուն խորհուրդներից։ Այդ բացառիկ գիրքը խորությամբ հասկանալով՝ ավելի լավ կճանաչենք նաև ինքներս մեզ։ Բացի այդ, կհասկանանք, թե ինչու է մարդկության պատմությունը լի ողբերգական էջերով։ Կըմբռնենք, թե ինչն է պատճառը, որ, ինչպես գրել է մի գերմանացի փիլիսոփա, «ժողովուրդներն ու պետությունները երբեք ոչ մի դաս չեն քաղել պատմությունից և հետևաբար չեն վարվել այդ դասերի համաձայն»։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԻՄԱՍՏՈՒՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ՄԵԶ

Աստվածաշնչում ասվում է. «Իմաստությունը արդարացվում է իր բոլոր զավակներով», այսինքն՝ իր բերած արդյունքներով (Ղուկաս 7։35)։ Այդ իմաստության վառ օրինակ է Սաղմոս 146։3-ում գրված խորհուրդը։ Այնտեղ ասվում է. «Մի՛ ապավինեք իշխանավորներին, մարդու որդուն, որի մոտ փրկություն չկա»։ Ի՞նչ արդյունք է բերում այս խորհրդին հետևելը։ Այն պաշտպանում է մեզ կեղծ հույսերից և անիրատեսական ակնկալիքներից։ Քենեթը, ով ապրում է բռնությամբ լի հյուսիսամերիկյան մի քաղաքում, ասում է. «Մեկը մյուսի հետևից ասպարեզ եկող քաղաքական գործիչները խոստանում են փոխել դրությունը, բայց չեն կարողանում։ Դա ամեն անգամ փաստում է, թե որքան ճշմարիտ ու իմաստուն են Աստվածաշնչում գրված խոսքերը»։

Դանիելը, ում խոսքերը մեջբերվեցին ավելի վաղ, գրում է. «Օրեցօր ավելի եմ համոզվում, որ մարդիկ չեն կարող լավ ղեկավար լինել.... Բանկային հաշվին գումար ունենալը կամ կենսաթոշակային ծրագրի մասնակցելը ապահով ապագայի երաշխիք չէ։ Իմ աչքով եմ տեսել, թե այս բաների վրա հույս դնող մարդիկ ինչպիսի խոր հիասթափություն են ապրել»։

Աստվածաշունչը ոչ միայն պաշտպանում է մեզ անիրատեսական ակնկալիքներից, այլև, ինչպես դեռ կտեսնենք, հիմնավոր հույս է տալիս։