Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԿԼՈՒԾԻ ԽՆԴԻՐԸ

«Խաղաղությանը վերջ չի լինի»

«Խաղաղությանը վերջ չի լինի»

Միավորված ազգերի կազմակերպությունը կոչ է անում հետևել «համաշխարհային քաղաքացիության» գաղափարախոսությանը՝ նպատակ ունենալով խթանել միջազգային համագործակցությունը, խրախուսել մարդու իրավունքների հանդեպ հարգանքը և պաշտպանել մեր մոլորակը։ Ինչո՞ւ է շեշտ դրվում այս ամենի վրա։ Մահեր Նասերը «UN Chronicle» պարբերականում նշում է. «Կլիմայական փոփոխությունները, կազմակերպված հանցավորությունը, աճող անհավասարությունը, չլուծված կոնֆլիկտները, մարդկանց զանգվածային տեղահանումները, համաշխարհային ահաբեկչությունը, վարակիչ հիվանդությունները և նման այլ սպառնալիքներ սահմաններ չեն ճանաչում»։

Ոմանք ավելի հեռու են գնացել՝ կոչ անելով ստեղծել համաշխարհային կառավարություն։ Նրանցից են իտալացի փիլիսոփա, բանաստեղծ և քաղաքական գործիչ Դանթեն (1265–1321) և ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը (1879–1955)։ Դանթեն համոզված էր, որ քաղաքականորեն պառակտված աշխարհում մնայուն խաղաղություն չի կարող լինել։ Մեջբերելով Հիսուս Քրիստոսի խոսքերը՝ նա նշել է, որ եթե մի թագավորություն «բաժանված է իր մեջ.... փուլ կգա» (Ղուկաս 11։17

Երբ ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, որի ժամանակ երկու ատոմային ռումբ պայթեցվեց, դրանից շատ չանցած Ալբերտ Էյնշտեյնը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մի բաց նամակ ուղարկեց։ Նա գրում էր. «Միավորված ազգերի կազմակերպությունը պետք է գործի ծայրաստիճան հրատապությամբ և ստեղծի միջազգային անվտանգության համար անհրաժեշտ պայմաններ՝ հիմք դնելով մի իսկական համաշխարհային կառավարության»։

Բայց կարո՞ղ ենք վստահ լինել, որ այդպիսի հզոր կառավարության կազմում ընդգրկված քաղաքական գործիչները երբեք չեն դառնա կաշառակեր, չեն չարաշահի իրենց իշխանությունը կամ չեն կանգնի անզոր և անընդունակ լինելու փաստի առաջ, թե՞ նրանք էլ կունենան նույն արատները, ինչ ունեցել են նրանցից առաջ իշխանության գլուխ կանգնած մարդիկ։ Այս հարցերը մեր միտքն են բերում բրիտանացի պատմաբան Լորդ Ակտոնի հայտնի խոսքերը, որն ասել է. «Իշխանությունը ապականում է, իսկ բացարձակ իշխանությունը ապականում է բացարձակապես»։

Որպեսզի մարդկային մեծ ընտանիքում իսկական խաղաղություն և համերաշխություն տիրի, պետք է բոլորս միասնական լինենք։ Բայց ինչպե՞ս է հնարավոր հասնել դրան։ Արդյոք դա առհասարակ իրատեսակա՞ն նպատակ է։ Աստվածաշունչը պատասխանում է՝ այո՛։ Դա հնարավոր է և կլինի։ Բայց ինչպե՞ս։ Դա կլինի ոչ թե անհուսալի քաղաքական գործիչներից կազմված ինչ-որ համաշխարհային կառավարության միջոցով, այլ Աստծու կողմից հաստատված կառավարության։ Ավելին, այդ կառավարության միջոցով Աստված գործի կդնի իր ստեղծածների վրա իշխելու իր բացառիկ իրավունքը։ Ի՞նչ կառավարություն է դա։ Աստվածաշունչը այն կոչում է «Աստծու թագավորություն» (Ղուկաս 4։43

«ԹՈՂ ԳԱ ՔՈ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ»

Հիսուս Քրիստոսը հենց Աստծու Թագավորությունն ի մտի ուներ, երբ սովորեցնելով տիպար աղոթքը՝ ասաց. «Թող գա քո թագավորությունը։ Թող կատարվի քո կամքը.... երկրի վրա» (Մատթեոս 6։9, 10)։ Այո՛, Աստծու Թագավորությունը այնպես կանի, որ երկրի վրա կատարվի Աստծու կամքը, ոչ թե իշխանատենչ ու եսասեր մարդկանց։

Աստծու Թագավորությունը նաև կոչվում է «երկնքի թագավորություն» (Մատթեոս 5։3)։ Պատճառն այն է, որ թեև այն ղեկավարելու է երկիրը, բայց իշխելու է երկնքից։ Իսկ դա նշանակում է, որ այս համաշխարհային կառավարությունը իր գործունեության համար ոչ ոքի կողմից որևէ նյութական աջակցության կարիք չի ունենա։ Անկասկած, դա մեծ թեթևացում կլինի այդ Թագավորության հպատակների համար։

Ինչպես հուշում է «թագավորություն» բառը, Աստծու Թագավորությունը թագավորի կողմից ղեկավարվող կառավարություն է։ Այդ թագավորը Հիսուս Քրիստոսն է, ով իր իշխանությունը ստացել է Աստծուց։ Հիսուսի մասին Աստվածաշնչում ասվում է.

  • «Իշխանությունը նրա ուսերին կլինի.... Նրա իշխանությունը մինչև հեռուները կտարածվի, և խաղաղությանը վերջ չի լինի» (Եսայիա 9։6, 7

  • «Նրան տրվեց իշխանություն, պատիվ ու թագավորություն, որպեսզի բոլոր ժողովուրդները, ազգություններն ու լեզուները ծառայեն նրան։ Նրա իշխանությունը.... չի անցնի» (Դանիել 7։14

  • «Թագավորական իշխանությունը աշխարհի վրա այժմ պատկանում է մեր Տիրոջը [Աստծուն] և իր Քրիստոսին» (Հայտնություն 11։15

Ի կատարումն Հիսուսի սովորեցրած տիպար աղոթքի՝ Աստծու Թագավորությունը կիրագործի Աստծու կամքը երկրի վրա։ Դրա իշխանության ներքո բոլոր մարդիկ կսովորեն ճիշտ կերպով հոգ տանել մեր մոլորակի մասին, որպեսզի այն կրկին զարթոնք ապրի ու կյանքով լեցուն լինի։

Իսկ որ ամենակարևորն է, Աստծու Թագավորությունը կկրթի իր հպատակներին։ Բոլորը կսովորեն միևնույն չափանիշները։ Այլևս չեն լինի տարաձայնություններ և պառակտումներ։ Աստվածաշնչում ասվում է. «Նրանք չեն վնասի և ոչինչ չեն ավերի.... որովհետև երկիրը լիքն է լինելու Եհովայի մասին գիտելիքներով, ինչպես որ ջրերն են ծածկում ծովը» (Եսայիա 11։9

Երկրի բոլոր բնակիչները իսկապես կլինեն աշխարհի քաղաքացիներ և կսիրեն խաղաղությունը, մի բան, ինչն այսօր փորձում է իրագործել Միավորված ազգերի կազմակերպությունը։ Սաղմոս 37։11-ում ասվում է, որ մարդիկ «անսահման կուրախանան խաղաղության առատությամբ»։ Ժամանակի ընթացքում նրանց բառապաշարից դուրս կգան «հանցագործություն», «աղտոտում», «աղքատություն», «պատերազմ» և նմանատիպ մյուս բառերը։ Բայց ե՞րբ կլինի այս ամենը։ Երբ Աստծու Թագավորությունը երկրի իշխանությունն իր ձեռքը վերցնի։ Ինչպե՞ս կլինի դա։ Եվ ինչպե՞ս կարող եք դուք էլ տեսնել այդ ամենը։ Այժմ կստանանք այս հարցերի պատասխանները։