Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԹԵԹԵՎԱՑՈՒՄ ՍԹՐԵՍԻՑ

Ինչպես դիմակայել սթրեսին

Ինչպես դիմակայել սթրեսին

Սթրեսը թեթևացնելու համար շատ կարևոր է, որ ուշադրություն դարձնեք ձեր առողջությանը, նաև այն բանին, թե ինչպես եք շփվում ուրիշների հետ և ինչ նպատակներ ու առաջնահերթություններ ունեք կյանքում, այսինքն՝ ինչն եք իսկապես կարևորում։ Այս հոդվածում կքննարկենք մի քանի գործնական սկզբունքներ, որոնք կարող են օգնել ավելի արդյունավետորեն պայքարելու սթրեսի դեմ և նույնիսկ նվազեցնելու այն։

Ապրեք միայն օրվա հոգսով

«Երբեք մի՛ մտահոգվեք վաղվա օրվա մասին, որովհետև վաղվա օրը կունենա իր մտահոգությունները» (ՄԱՏԹԵՈՍ 6։34

Ինչ է դա նշանակում։ Առօրյա հոգսերը կյանքի անբաժան մասն են։ Բայց պետք չէ մեծացնել օրվա հոգսը՝ դրան ավելացնելով վաղվա մտահոգությունները։ Ապրեք միայն օրվա հոգսով։

  • Սթրեսը կարող է մտահոգություններ պատճառել։ Ուստի փորձեք հետևյալը. նախ՝ ընդունեք այն փաստը, որ անհնար է՝ ինչ-որ չափով սթրես չլինի կյանքում։ Մտատանջվելով այն բաների համար, որոնք չեք կարող կանխել, դուք միայն կավելացնեք սթրեսը։ Երկրորդ՝ պետք է հասկանալ, որ շատ հաճախ այն, ինչից վախենում ենք, այդպես էլ չի լինում։

Ողջամիտ ակնկալիքներ ունեցեք

«Վերին իմաստությունը.... խոհեմ [է]» (ՀԱԿՈԲՈՍ 3։17

Ինչ է դա նշանակում։ Մի՛ եղեք կատարելապաշտ։ Անիրատեսական ակնկալիքներ մի՛ ունեցեք ո՛չ ինքներդ ձեզանից, ո՛չ էլ ուրիշներից։

  • Եղեք համեստ, ունեցեք ողջամիտ ակնկալիքներ և հաշվի առեք ձեր և ուրիշների սահմանափակումները։ Այդպես կնպաստեք, որ թե՛ դուք, թե՛ ձեր շրջապատի մարդիկ ավելի քիչ սթրես ապրեք և ավելի լավ արդյունքների հասնեք։ Նաև մի՛ կորցրեք հումորի զգացումը։ Սրտանց ծիծաղելը, նույնիսկ երբ մի բան այնպես չի լինում, օգնում է թուլացնել լարվածությունը և բարձրացնում է տրամադրությունը։

Պարզեք՝ ինչն է ձեզ սթրեսի ենթարկում

«Խորաթափանց մարդը ոգով անվրդով է» (ԱՌԱԿՆԵՐ 17։27

Ինչ է դա նշանակում։ Բացասական զգացումները կարող են մթագնել առողջ դատողությունը, ուստի աշխատեք անվրդով մնալ։

  • Պարզեք՝ ինչն է ձեզ սթրես պատճառում, և փորձեք նկատել, թե ինչպես եք արձագանքում։ Օրինակ՝ ուշադրություն դարձրեք, թե սթրեսի ենթարկվելիս ինչ եք մտածում, ինչ եք զգում և ինչպես եք ձեզ պահում։ Կարող եք նաև գրի առնել այդ ամենը։ Երբ ավելի լավ հասկանաք, թե ինչպես եք արձագանքում սթրեսին, ավելի արդյունավետորեն կպայքարեք դրա դեմ։ Նաև մտածեք, թե ինչպես կարող եք ձեր կյանքում պակասեցնել սթրես պատճառող բաները։ Եթե դա անհնար է, ուրեմն հնարավորինս նվազեցրեք դրանց ազդեցությունը, օրինակ, ավելի լավ կազմակերպելով ձեր գործերն ու ժամանակը։

  • Փորձեք այլ կերպ նայել իրերին։ Մի բան կարող է ձեզ սթրես պատճառել, իսկ մեկ ուրիշին՝ ոչ։ Պատճառը թերևս տարբեր մոտեցումներն են։ Նկատի առեք հետևյալ երեք առաջարկները։

    1. Մի՛ շտապեք վատ մղում վերագրել։ Պատկերացրեք՝ մեկը հերթի մեջ ձեզանից առաջ է անցնում։ Եթե անմիջապես եզրակացնեք, որ նա պարզապես անքաղաքավարի վարվեց, թերևս նեղսրտեք։ Իսկ մի՞թե ավելի լավ չի լինի մտածել, որ նա հարգելի պատճառով արեց դա։ Եվ գուցե իրականում հենց այդպես է։

    2. Տեսեք իրավիճակի դրական կողմը։ Օրինակ, եթե ստիպված եք երկար սպասել բժշկի մոտ մտնելու համար կամ օդանավակայանում, շատ ավելի հեշտ կլինի, եթե այդ ժամանակն օգտագործեք որևէ բան ընթերցելու, կարևոր մի գործ ավարտին հասցնելու կամ հաղորդագրություն գրելու համար։

    3. Ավելի լայն տեսանկյունից նայեք հարցին։ Ինքներդ ձեզ հարցրեք. «Որոշ ժամանակ անց այս խնդիրը նույնչափ լուրջ կլինի՞ ինձ համար»։ Փորձեք հասկանալ, թե որ խնդիրներն են ոչ այնքան էական, և որոնք են իսկապես լուրջ։

Եղեք կազմակերպված

«Ամեն ինչ թող պարկեշտությամբ և կարգուկանոնով լինի» (1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐ 14։40

Ինչ է դա նշանակում։ Աշխատեք կազմակերպված լինել կյանքի տարբեր հարցերում։

  • Բոլորս էլ սիրում ենք, երբ կյանքում ողջամտության սահմաններում կարգուկանոն է լինում։ Կյանքն անկազմակերպ դարձնող և սթրես առաջացնող գործոններից մեկը հետաձգելու սովորությունն է։ Դրա պատճառով մեր գլխին անընդհատ կուտակվում են կիսատ մնացած գործեր։ Փորձեք հետևյալ երկու առաջարկները։

    1. Գործնական գրաֆիկ կազմեք և պարտաճանաչորեն հետևեք դրան։

    2. Պարզեք, թե որ մոտեցումը կամ վերաբերմունքն է հետաձգելու պատճառ դառնում, և համապատասխան փոփոխություն արեք։

Եղեք հավասարակշռված

«Ավելի լավ է մի բուռ հանգիստ, քան երկու բուռ տքնաջան աշխատանք և վազք՝ քամու հետևից» (ԺՈՂՈՎՈՂ 4։6

Ինչ է դա նշանակում։ Աշխատամոլ մարդիկ իրենք իրենց զրկում են այն օգուտներից, որ բերում է իրենց «երկու բուռ տքնաջան աշխատանքը», քանի որ ժամանակ և ուժ չեն ունենում, որ վայելեն այն, ինչ վաստակել են։

  • Իրատես եղեք փողի և աշխատանքի հարցում։ Շատ փողը չի ավելացնում երջանկությունը, ոչ էլ նվազեցնում է սթրեսը։ Դեռ մի բան էլ կարող է հակառակը լինել։ Ժողովող 5։12-ում ասվում է. «Հարուստի առատ ունեցվածքը չի թողնում, որ նա քնի»։ Այնպես որ աշխատեք բավարարվել ունեցածով և ապրել ձեր բյուջեի սահմաններում։

  • Ժամանակ հատկացրեք հանգստին։ Հաճելի մի բան անելը կարող է թեթևացնել սթրեսը։ Սակայն պասիվ հանգիստը, ինչպես, օրինակ, հեռուստացույց դիտելը, այնքան էլ օգտակար չի լինի։

  • Չափավո՛ր օգտվեք էլեկտրոնային սարքերից։ Աշխատեք անընդհատ չստուգել էլեկտրոնային փոստը, հաղորդագրությունները կամ սոցիալական կայքերը։ Եթե խիստ անհրաժեշտ չէ, աշխատաժամից դուրս մի ստուգեք աշխատանքին առնչվող էլեկտրոնային նամակները։

Հոգ տարեք ձեր առողջության մասին

«Մարմնի մարզումը.... օգտակար [է]» (1 ՏԻՄՈԹԵՈՍ 4։8

Ինչ է դա նշանակում։ Կանոնավոր մարմնամարզությունը բարելավում է առողջությունը։

  • Առողջ ապրելակերպ ունեցեք։ Ֆիզիկական ակտիվությունը կարող է բարձրացնել ձեր տրամադրությունը և օգնել, որ ձեր օրգանիզմն ավելի լավ դիմակայի սթրեսին։ Կերեք սննդարար ուտելիքներ և բաց մի թողեք նախաճաշը, ճաշը կամ ընթրիքը։ Բավականաչափ հանգստացեք։

  • Խուսափեք սթրեսը թեթևացնելու վնասակար միջոցներից, ինչպիսիք են ծխելը, թմրադեղեր կամ ալկոհոլ չարաշահելը։ Վերջնական արդյունքում դրանք ավելացնում են սթրեսը, վնասում ձեր առողջությունը և քամուն տալիս ծանր աշխատանքով վաստակած ձեր փողը։

  • Դիմեք բժշկի, եթե սթրեսը ձեզ համար անտանելի է դառնում։ Մասնագիտական օգնության դիմելն ամոթ բան չէ ու չի նշանակում, թե դուք «պարտվել» եք սթրեսի դեմ պայքարում։

Ճիշտ առաջնահերթություններ դրեք

«Հավաստիա[ցեք], թե ինչն է ավելի կարևոր» (ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐ 1։10

Ինչ է դա նշանակում։ Լրջորեն ծանրութեթև արեք ձեր առաջնահերթությունները։

  • Ձեր անելիքները դասավորեք ըստ կարևորության։ Դա կօգնի կենտրոնանալ ավելի կարևոր գործերի վրա և ավելի հեշտ կլինի տեսնել, թե որ գործերը կարելի է հետաձգել, փոխանցել մեկ ուրիշի կամ նույնիսկ ընդհանրապես չանել։

  • Մեկ շաբաթ հետևեք ու գրանցեք, թե ինչպես եք օգտագործում ժամանակը։ Այնուհետև մտածեք, թե ինչպես կարող եք ավելի ճիշտ օգտագործել այն։ Վերահսկելով ձեր առօրյան՝ կնվազեցնեք լարվածությունը։

  • Հանգստի ժամ ունեցեք։ Անգամ կարճ ընդմիջումները կարող են թարմացնել ձեզ և թուլացնել սթրեսը։

Աջակցություն փնտրեք

«Անհանգստությունը ընկճում է մարդու սիրտը, բայց բարի խոսքը ուրախացնում է այն» (ԱՌԱԿՆԵՐ 12։25

Ինչ է դա նշանակում։ Ուրիշների ասած բարի, կարեկից խոսքերը կարող են ուրախացնել ու քաջալերել ձեզ։

  • Ձեր մտահոգությունների մասին խոսեք հասկացող ու վստահելի մեկի հետ։ Նա կարող է օգնել, որ իրերին այլ կերպ նայեք կամ գուցե նույնիսկ տեսնեք այնպիսի լուծում, որի մասին չէիք մտածել։ Ու հենց միայն ձեր սիրտը թեթևացնելը կարող է օգնել, որ ավելի լավ զգաք։

  • Օգնության դիմեք։ Եթե որոշակի գործ պետք է արվի, կարո՞ղ եք խնդրել, որ մեկ ուրիշը անի դա կամ օգնի ձեզ այդ հարցում։

  • Եթե ձեր աշխատակիցը սթրեսի է ենթարկում ձեզ, ապա մտածեք, թե ինչ կարելի է անել իրավիճակը բարելավելու համար։ Օրինակ՝ կարո՞ղ եք սիրալիր ու նրբանկատ կերպով խոսել նրա հետ ու ասել, թե նրա պահվածքը ինչպես է ազդում ձեզ վրա (Առակներ 17։27)։ Եթե դա արդյունք չբերի, ապա աշխատեք ավելի քիչ ժամանակ անցկացնել այդ անձնավորության հետ։

Մի՛ անտեսեք ձեր հոգևոր կարիքները

«Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները» (ՄԱՏԹԵՈՍ 5։3

Ինչ է դա նշանակում։ Մարդուն ավելին է անհրաժեշտ, քան միայն սնունդ, հագուստ և կացարան ունենալը։ Մենք ստեղծված ենք հոգևոր կարիքներով։ Երջանիկ լինելու համար պետք է գիտակցենք դա ու բավարարենք այդ կարիքները։

  • Աղոթքը օգնության անգնահատելի միջոց է։ Աստված հորդորում է, որ «ձեր ամբողջ հոգսը նրա վրա գցեք, որովհետև նա հոգ է տանում ձեր մասին» (1 Պետրոս 5։7)։ Աղոթելը և դրական, խորիմաստ բաների մասին մտորելը կարող է ներքին խաղաղություն պարգևել (Փիլիպպեցիներ 4։6, 7

  • Կարդացեք այնպիսի նյութեր, որոնք կօգնեն ձեզ մտերմանալ Աստծու հետ։ Այս ամսագրում քննարկվող սկզբունքները վերցված են Աստվածաշնչից, որը գրվել է մարդկանց հոգևոր կարիքները բավարարելու նպատակով։ Այդ սկզբունքները նաև «իմաստություն և խորհելու կարողություն» են զարգացնում (Առակներ 3։21)։ Այնպես որ արժե նպատակ դնել կարդալու Աստվածաշունչը։ Կարելի է սկսել «Առակներ» գրքից։