ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԸ ԿԱՊՐԻ՞
Օվկիանոս
ՕՎԿԻԱՆՈՍՆԵՐԸ մեզ ապահովում են ոչ միայն սննդով, այլ նաև շատ նյութերով, որոնք անհրաժեշտ են դեղամիջոցներ պատրաստելու համար։ Օվկիանոսներն արտադրում են Երկիր մոլորակի թթվածնի կեսից ավելին և կլանում են մարդկանց գործունեության հետևանքով առաջացած ածխածինը։ Ի հավելումն այս ամենի՝ օվկիանոսները կարգավորում են նաև մեր կլիման։
Օվկիանոսներին սպառնացող վտանգներ
Կլիմայական փոփոխությունները վնասակար են կորալային խութերի, խեցեմորթների և ջրային այլ կենդանի օրգանիզմների համար։ Գիտնականները կարծում են, որ գրեթե բոլոր խութերը, որոնք ապահովում են ստորջրյա կյանքի քառորդ մասը, առաջիկա 30 տարիների ընթացքում կարող են վերանալ։
Փորձագետների գնահատմամբ՝ ծովային թռչունների մոտ 90 տոկոսը թերևս պլաստիկ իրեր է կերել։ Նաև ենթադրվում է, որ օվկիանոսում հայտնված պլաստիկ իրերի պատճառով ամեն տարի միլիոնավոր ծովային կենդանիներ են սատկում։
2022 թ.-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նշել է. «Մենք հոգ չենք տարել օվկիանոսների մասին և այսօր բախվում ենք մի խնդրի, որը կբնորոշեի որպես օվկիանոսների ծայրահեղ ծանր վիճակ»։
Երկիրը ստեղծված է ինքնավերականգնվելու կարողությամբ
Օվկիանոսները և դրանում գոյություն ունեցող կենդանի օրգանիզմները այնպես են ստեղծված, որ կարող են ինքնամաքրվել ու վերականգնվել, եթե չլինի մարդածին աղտոտումը։ Կլիմայական ճգնաժամին վերջ դնելու մասին մի գրքում նշվում է, որ եթե ծովի մի մասը զերծ լինի մարդկային գործունեությունից, «ապա օվկիանոսների վերականգնողական մեխանիզմը կգործի առանց խոչընդոտների» (Regeneration։ Ending the Climate Crisis in One Generation)։ Նկատի առնենք մի քանի օրինակ։
-
Ֆիտոպլանկտոն կոչվող փոքր օրգանիզմները կլանում ու պահում են ածխաթթու գազը, որն էլ գլոբալ տաքացման պատճառն է համարվում։ Ֆիտոպլանկտոնը կլանում է գրեթե այնքան ածխաթթու գազ, որքան մեր մոլորակի բոլոր ծառերը, խոտերը և ցամաքային բույսերը միասին։
-
Մանրէները սնվում են սատկած ձկների մնացորդներով, որոնք հակառակ դեպքում կաղտոտեին օվկիանոսը։ Իսկ այդ մանրէները իրենց հերթին սնունդ են ծովային այլ արարածների համար։ Արդյունքում, համաձայն մի կայքի, «օվկիանոսները մաքուր են մնում» (Smithsonian Institution Ocean Portal)։
-
Օվկիանոսի շատ բնակիչներ իրենց մարսողական համակարգի միջոցով ծովի թթվային ջրերը, որոնք վնասում են կորալներին, խեցեմորթներին և այլ արարածների, վերածում են օգտակար ալկալային ջրերի։
Ինչ է արվում խնդիրը լուծելու համար
Եթե թափոններ չգցվեն օվկիանոս, ապա օվկիանոսը մաքրելու կարիք չի լինի։ Ուստի մասնագետները հորդորում են օգտագործել ոչ թե մեկանգամյա պլաստիկ առարկաներ ու դրանք դեն նետել, այլ այնպիսի պայուսակներ, առարկաներ և տարաներ, որոնք հնարավոր է մի քանի անգամ օգտագործել։
Բայց ավելին է պետք անել։ Վերջերս՝ մեկ տարվա ընթացքում, բնապահպանական մի կազմակերպություն 112 երկրների ծովափերից 9200 տոննա աղբ է հավաքել, որը ծովի ալիքներն են դուրս բերել։ Դա ամեն տարի օվկիանոս թափվող աղբի շատ փոքր մասն է։
«Նեշնլ ջիոգրաֆիք»-ը հայտնում է, որ օվկիանոսների «թթվայնությունը այնքան է բարձրացել, որ գրեթե անհնար է վերականգնել»։ Ծովի բնակիչները «դեմ են համաշխարհային տնտեսությանը, որը չափից շատ անորակ ու էժանագին վառելանյութեր է օգտագործում։ Դա անհավասար պայքար է»։
Իրական հույս. ինչ է ասում Աստվածաշունչը
«Երկիրը լի է քո ստեղծագործություններով։ Այս մեծ ու լայնարձակ ծովի մեջ թիվ չկա շարժվող բաներին, կենդանի էակներին՝ թե՛ փոքրերին, թե՛ մեծերին» (Սաղմոս 104։24, 25)։
Մեր Արարիչը օվկիանոսները ստեղծել է ինքնամաքրման ունակությամբ։ Մտածեք. եթե նա այդքան շատ բան գիտի ծովի ու ծովային կյանքի մասին, արդյոք չի՞ կարողանա վերացնել օվկիանոսներին հասցված վնասը։ Կարդացեք «Աստված խոստանում է, որ մեր մոլորակը կապրի» հոդվածը էջ 15-ում։