ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԳԵՐԲՆԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ. Ի՞ՆՉ Է ԹԱՔՆՎԱԾ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎՈՒՄ
Ի՞նչ է ասում Աստվածաշունչը ոգեհարցության մասին
ԱՅՍՕՐ շատերը անլուրջ են վերաբերվում գերբնական երևույթների և ոգեհարցության հետ կապված ցանկացած բանի և այդ ամենը համարում են խաբեություն կամ էլ ֆիլմարդյունաբերության ոլորտի հմուտ սցենարիստների վառ երևակայության արդյունք։ Բայց Աստվածաշունչը այլ տեսակետ է հայտնում դրա մասին։ Այնտեղ հստակ ասվում է, որ հարկավոր է հեռու մնալ ոգեհարցությունից։ Օրինակ՝ 2 Օրենք 18։10–13-ում կարդում ենք. «Ձեր մեջ չպետք է լինի.... գուշակություն անող, մոգությամբ զբաղվող, նախանշաններ մեկնող, կախարդ, ուրիշներին հմայող, ոգեհարցի կամ գուշակի հետ խորհրդակցող կամ էլ մեռելներին հարցուփորձ անող»։ Համարի շարունակության մեջ ասվում է, թե ինչու է հարկավոր այդպես վարվել. «Որովհետև բոլոր նրանք, ովքեր անում են այս բաները, գարշելի են Եհովայի համար.... Անարատ եղիր քո Աստված Եհովայի առաջ»։
Ինչո՞ւ է Աստվածաշունչը խստորեն դատապարտում ոգեհարցության բոլոր ձևերը։
ԹԱՔՆՎԱԾ ՎՏԱՆԳԸ
Աստվածաշնչից իմանում ենք, որ երկիրը ստեղծելուց դեռ շատ առաջ Աստված ստեղծել է միլիոնավոր ոգեղեն արարածների՝ հրեշտակներին (Հոբ 38։4, 7; Հայտնություն 5։11)։ Նրանք օժտված են ազատ կամքով և կարող են որոշել՝ ճիշտ վարվել, թե սխալ։ Այդ հրեշտակներից ոմանք որոշեցին դեմ գնալ Աստծուն։ Նրանք թողեցին երկնքում ունեցած իրենց դիրքը և իջնելով երկիր՝ սկսեցին խռովություններ ու խնդիրներ առաջացնել։ Դրա հետևանքով երկիրը «բռնությամբ լցվեց» (Ծննդոց 6։2–5, 11; Հուդա 6)։
Աստվածաշունչը հայտնում է, որ այդ չար հրեշտակները մեծ ազդեցություն ունեն աշխարհի վրա և մոլորեցնում են միլիոնավոր մարդկանց (Հայտնություն 12։9)։ Օրինակ՝ նրանք օգտվում են այն հանգամանքից, որ մարդիկ ապագայով հետաքրքրվելու բնածին հակում ունեն (1 Սամուել 28։5, 7; 1 Տիմոթեոս 4։1)։
Գուցե թվա, թե ոգեհարցության որոշ ձևեր օգուտ են բերում մարդկանց (2 Կորնթացիներ 11։14)։ Սակայն իրականում ոգեհարցության հետևում կանգնած են չար հրեշտակները, որոնք ուզում են կուրացնել մարդկանց մտքերը, որպեսզի նրանք չիմանան ճշմարտությունը Աստծու մասին (2 Կորնթացիներ 4։4)։
Ահա թե ինչու է Աստվածաշունչը զգուշացնում, որ ոգեհարցությունը ամենևին էլ անվնաս զբաղմունք չէ։ Այնտեղ ասվում է, որ «մոգությամբ զբաղվող» մարդկանցից ոմանք, ովքեր ուզում էին դառնալ Հիսուսի հետևորդ, իմանալով ճշմարտությունը ոգեհարցության մասին, «իրենց գրքերը մեկտեղ հավաքեցին և ամենքի առաջ այրեցին», թեև դրա հետևանքով ֆինանսական մեծ կորուստ ունեցան (Գործեր 19։19)։
Նմանապես այսօր շատերը որոշել են ոչ մի առնչություն չունենալ այնպիսի զբաղմունքների և զվարճությունների հետ, որոնց հիմքում ոգեհարցությունն է։ Քննենք Մարիայի * օրինակը։ Երբ նա 12 տարեկան էր, կարողանում էր ապագա դեպքեր կամ սպասվող վտանգներ կանխագուշակել։ Նա իր դասընկերների համար գուշակություն էր անում տարո քարտերով (գուշակության քարտեր), ու քանի որ նրա ասածները կատարվում էին, նա հետզհետե տարվեց մոգությամբ։
Մարիան կարծում էր, թե գուշակելու կարողությունը Աստծուց է ստացել, որ դրա միջոցով օգնի մարդկանց։ Նա պատմում է. «Բայց մի բան անհանգստացնում էր ինձ։ Քարտերով գուշակություն անելիս միայն ուրիշների ապագան էի կարողանում գուշակել։ Բայց իմ ապագան չէի կարողանում գուշակել, թեև շատ էի ուզում իմանալ՝ ինչ է ինձ սպասում»։
Մարիային շատ հարցեր էին մտատանջում, որոնց պատասխանները նա չէր կարողանում գտնել։ Նա այդ ամենի մասին աղոթեց Աստծուն։ Ավելի ուշ Մարիան հանդիպեց Եհովայի վկաներին ու սկսեց նրանց օգնությամբ ուսումնասիրել Աստվածաշունչը։ Նա Աստվածաշնչից իմացավ, որ ապագան գուշակելու իր կարողությունը Աստծուց չէ։ Նաև հասկացավ, որ նրանք, ովքեր ուզում են դառնալ Աստծու ընկերը, պետք է ձերբազատվեն ոգեհարցության հետ կապված ցանկացած բանից (1 Կորնթացիներ 10։21)։ Ուստի Մարիան դեն նետեց մոգության հետ կապված իր բոլոր իրերը։ Այժմ նա ուրիշներին պատմում է այն բոլոր ճշմարտությունները, որ սովորել է Աստվածաշնչից։
Պատանեկան տարիքում Մայքլը մեծ հետաքրքրությամբ կարդում էր գերբնական էակների մասին ֆանտաստիկ պատմվածքներ։ Նա ասում է. «Ես սիրում էի ինձ պատկերացնել ինձ հասակակից հերոսների դերում, որոնք խորհրդավոր, երևակայական աշխարհներ էին բացահայտում»։ Մայքլը աստիճանաբար տարվեց կախարդության և սատանայական ծեսերի մասին գրքերով։ Նա խոստովանում է. «Հետաքրքրասիրությունից մղված՝ ավելի ու ավելի շատ էի ուզում կարդալ այդ թեմաներով գրքեր ու դիտել այդպիսի ֆիլմեր»։
Սակայն երբ Մայքլը սկսեց ուսումնասիրել Աստվածաշունչը, հասկացավ, որ պետք է շատ զգույշ լինի այն հարցում, թե ինչ է կարդում։ Նա ասում է. «Ես ցուցակ կազմեցի և նշեցի, թե իմ ունեցած իրերից որոնք են ինչ-որ կերպ առնչվում ոգեհարցությանը, և ձերբազատվեցի դրանցից»։ Ապա ավելացնում է. «Ես մի կարևոր բան սովորեցի։ 1 Կորնթացիներ 10։31-ում ասվում է. «Ամեն բան Աստծու փառքի համար արեք»։ Հիմա մի բան ընթերցելիս ինքս ինձ այսպիսի հարց եմ տալիս. «Այս նյութը ընթերցելով՝ որևէ կապ չե՞մ ունենա այնպիսի բանի հետ, որը փառք չի բերում Աստծուն»։ Եվ եթե զգում եմ, որ մի բան այն չէ, չեմ կարդում»։
Աստվածաշունչը միանգամայն իրավացիորեն համեմատվում է ճրագի հետ։ Այն ճշմարտության լույսի միակ աղբյուրն է, որը բացահայտում է, թե իրականում ինչ է ոգեհարցությունը (Սաղմոս 119։105)։ Բայց դա դեռ ամենը չէ։ Աստվածաշունչը նաև հայտնում է մի հիանալի հույսի մասին, որ շատ շուտով աշխարհը կմաքրվի ոգեղեն չար ուժերի ազդեցությունից։ Դրանից հետո մարդկությունը մեծ թեթևություն կապրի։ Օրինակ՝ Սաղմոս 37։10, 11-ում ասվում է. «Եվս մի փոքր ժամանակ, և ամբարիշտն այլևս չի լինի, կնայես նրա տեղին, և նա չկա։ Սակայն հեզերը կժառանգեն երկիրը և անսահման կուրախանան խաղաղության առատությամբ»։
^ պարբ. 10 Այս հոդվածում անունները փոխված են։