Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ձեր օրինակով ինչպիսի՞ ճանապարհ եք ցույց տալիս ձեր երեխաներին

ԾՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

8. Ձեր օրինակը

8. Ձեր օրինակը

Ի՞ՆՉ Է ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ

Այն ծնողները, ովքեր լավ օրինակ են երեխաների համար, ապրում են իրենց սովորեցրածի համաձայն։ Օրինակ՝ երբ չցանկանալով խոսել որևէ մեկի հետ՝ ասում եք՝ «ասա տանը չի», մի՞թե կարող եք ակնկալել, որ ձեր երեխան, ով լսում է այդ ամենը, ճշմարտախոս կլինի։

«Մարդիկ հաճախ ասում են. «Դու ասածներիս նայիր, ոչ թե արածներիս»։ Բայց այս մոտեցումը չի գործում երեխաների պարագայում։ Նրանք սպունգի պես ներծծում են մեր ասած և արած ամեն բան և հաստատ «կհուշեն» մեզ, երբ մեր վարքն ու պահվածքը չհամապատասխանեն մեր սովորեցրածին» (Դեյվիդ)։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ. «Դու, որ քարոզում ես՝ «մի՛ գողացիր», ի՞նքդ ես գողանում» (Հռոմեացիներ 2։21

ԻՆՉՈ՞Ւ Է ԴԱ ԿԱՐԵՎՈՐ

Երեխաների և անգամ պատանիների վրա ուրիշ ոչ ոք, այդ թվում՝ հասակակիցները այնքան մեծ ազդեցություն չեն թողնում, որքան ծնողները։ Դա նշանակում է, որ ձեր երեխաներին ճիշտ ուղղություն տալու ամենալավ հնարավորությունը ձեր ձեռքերում է, եթե իհարկե ինքներդ անում եք այն, ինչ սովորեցնում եք։

«Գուցե մի բանը հարյուր անգամ ասենք երեխային և մտածենք, թե չի էլ լսում, բայց հենց մի անգամ չանենք այնպես, ինչպես ասում ենք, դա նրա աչքից չի վրիպի։ Անգամ եթե մեզ թվում է՝ երեխաները ուշադրություն չեն դարձնում, թե ինչ ենք անում, իրականում նրանք ուշիուշով հետևում են մեզ» (Նիկոլ)։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ. «Վերին իմաստությունը.... առանց կեղծավորության [է]» (Հակոբոս 3։17

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

Ստուգեք, թե ինքներդ ինչ չափանիշներով եք ապրում։ Դուք անձամբ զվարճության ի՞նչ ձև եք ընտրում, ի՞նչ եք դիտում։ Ինչպե՞ս եք վերաբերվում ձեր կողակցին ու երեխաներին։ Ինչպիսի՞ մարդիկ են ձեր ընկերները։ Դուք հոգատա՞ր եք ուրիշների հանդեպ։ Այլ խոսքով՝ կարելի՞ է ասել, որ դուք ինքներդ այնպիսի անձնավորություն եք, ինչպիսին որ ուզում եք՝ ձեր երեխան լինի։

«Ես ու ամուսինս մեր երեխաներին չենք պարտավորեցնում հետևել մի չափանիշի, որին ինքներս չենք հետևում» (Քրիստին)։

Ներողություն խնդրեք ձեր սխալների համար։ Ձեր երեխաները գիտեն, որ դուք կատարյալ չեք։ Ուստի եթե և՛ նրանցից, և՛ ձեր կողակցից ներողություն խնդրեք, երբ տեղին է, ապա հիանալի օրինակ կլինեք անկեղծ ու խոնարհ լինելու հարցում։

«Կարևոր է, որ մեր երեխաները տեսնեն, որ մենք ընդունում ենք մեր սխալը և ներողություն ենք խնդրում դրա համար։ Եթե այդպես չանենք, նրանք կսովորեն միայն մի բան՝ չընդունել իրենց սխալները» (Ռոբին)։

«Որպես ծնող՝ մենք ամենամեծ ազդեցությունն ենք թողնում մեր երեխաների վրա, և դաստիարակության լավագույն միջոցը հենց մեր օրինակն է, քանի որ այն միշտ նրանց աչքի առաջ է։ Դա այն գիրքն է, որը միշտ բաց դրված է նրանց առջև, այն դասը, որը նրանք միշտ սերտում են» (Վենդել)։