Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 5

Սովորել մեծահասակներից

Սովորել մեծահասակներից

ԻՆՉ ԴԵՐ ՈՒՆԵՆ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՅԱՆՔՈՒՄ

Երեխաների կյանքում մեծահասակները կարևոր դեր ունեն, քանի որ կարող են ուղղություն ցույց տալ և օգտակար խորհուրդներ տալ նրանց։ Որպես ծնող՝ այդ դերը լավագույնս կարող եք կատարել հենց դուք։ Ավելին, դա ձեր պատասխանատվությունն է։ Սակայն երեխաները կարող են օգուտ քաղել նաև այլ մեծահասակների խորհուրդներից ու փորձից։

ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ

Շատ երկրներում պատանիները քիչ են շփվում մեծահասակների հետ։ Նկատի առնենք հետևյալ փաստերը։

  • Երեխաները իրենց օրվա մեծ մասն անցկացնում են դպրոցում, որտեղ մեծամասնություն են կազմում աշակերտները, ոչ թե ուսուցիչները կամ այլ մեծահասակներ։

  • Որոշ դեռահասներ, տուն վերադառնալով, մնում են մենակ, քանի որ երկու ծնողներն էլ ստիպված են աշխատել։

  • Ըստ մի ուսումնասիրության՝ Միացյալ Նահանգներում 8–12 տարեկան երեխաները ամեն օր մոտ վեց ժամ ծախսում են ժամանցային մեդիայի՝ հեռուստատեսության, ինտերնետի, էլեկտրոնային սարքերի վրա։ *

Ծնողների համար նախատեսված մի գրքում ասվում է. «Շատ հաճախ դեռահասների համար իրազեկման, ընդօրինակման և խորհրդի աղբյուր են ծառայում ոչ թե մայրերը, հայրերը, ուսուցիչները կամ ուրիշ պատասխանատու չափահաս մարդիկ.... այլ իրենց հասակակիցները» (Hold On to Your Kids)։

ԻՆՉ ԱՆԵԼ, ՈՐ ԵՐԵԽԱՆ ՇՓՎԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՀԵՏ

Առաջին հերթին ինքներդ ժամանակ անցկացրեք ձեր երեխայի հետ

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ։ «Կրթիր երեխային ճիշտ ճանապարհի համաձայն. նույնիսկ երբ նա ծերանա, չի շեղվի դրանից» (Առակներ 22։6

Երեխաները սովորաբար իրենց ծնողներին են համարում հեղինակություն և օգնության աղբյուր։ Ավելին, մասնագետներն ասում են, որ անգամ դեռահասները իրենց ծնողների խորհուրդները գերադասում են հասակակիցների խորհուրդներից։ Հոգեբանության դոկտոր Լորենս Ստայնբերգը իր գրքում նշում է. «Ծնողները շարունակում են գերակշռող ազդեցություն ունենալ երեխայի մտածելակերպի ու վարվելակերպի վրա անգամ դեռահասության տարիքում ընդհուպ մինչև չափահասություն»։ Նա ավելացնում է. «Դեռահասների համար իրականում կարևոր է ձեր կարծիքը, և նրանք ուշադրություն են դարձնում ձեր ասածներին, անգամ եթե չեն խոստովանում դա կամ չեն համաձայնում ձեր ամեն մի ասածին» (You and Your Adolescent)։

Ճիշտ օգտագործեք այն հանգամանքը, որ խորհուրդ ու առաջնորդություն ստանալու հարցում երեխաները ի բնե ձեզ են ընդունում որպես հեղինակություն։ Ժամանակ անցկացրեք ձեր երեխաների հետ և խոսեք ձեր արժեքների, հայացքների և փորձի մասին։

Օգնեք երեխային, որ ունենա հասուն և վստահելի ընկեր

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ։ «Իմաստունների հետ քայլողը իմաստուն կդառնա» (Առակներ 13։20

Մտածեք. ձեր շրջապատում կա՞ այնպիսի անձնավորություն, ով կարող է լավ օրինակ լինել ձեր երեխայի համար։ Կարող եք կազմակերպել, որ ձեր երեխան ժամանակ անցկացնի նրա հետ։ Իհարկե, դա չի նշանակում, որ ձեր ծնողական պատասխանատվությունը պետք է ուրիշի վրա գցեք։ Սակայն կերտիչ ընկերակցությունը չափահաս անձնավորության հետ, որը վստահելի է ու չի վնասի ձեր երեխային, կարող է լրացնել ձեր տված կրթությունը։ Աստվածաշնչում խոսվում է մի երիտասարդի՝ Տիմոթեոսի մասին, որի համար շատ օգտակար եղավ Պողոս առաքյալի հետ շփումը ոչ միայն դեռահասության տարիներին, այլև հետագայում։ Այդ ընկերակցությունը օգտակար եղավ նաև առաքյալի համար (Փիլիպպեցիներ 2։20, 22

Վերջին հարյուրամյակում նկատվել է, որ շատ հարազատներ՝ տատիկները, պապիկները, մորեղբայրները, հորաքույրները կամ ուրիշ ազգականներ ապրում են աշխարհի տարբեր ծայրերում։ Եթե ձեր հանգամանքներն էլ են այդպիսին, հոգ տարեք, որ ձեր երեխաները հնարավորություն ունենան շփվելու այլ մեծահասակների հետ, ովքեր ունեն այնպիսի հատկություններ, որ կցանկանայիք տեսնել ձեր երեխաների մեջ։

^ պարբ. 9 Իսկ ավելի բարձր տարիքի երեխաները, այդ նույն ուսումնասիրության համաձայն, ամեն օր միջին հաշվով մոտ ինը ժամ են ծախսում ժամանցային մեդիայի վրա։ Այս վիճակագրական տվյալները չեն ընդգրկում այն ժամանակը, երբ երեխաներն ու պատանիներն օգտվում են ինտերնետից դպրոցում և տնային հանձնարարություններ անելիս։