Ինչպե՞ս են էլեկտրոնային սարքերը ազդում ձեր մտային կարողությունների վրա
Մարդիկ շարունակ սովորում են՝ լինի դպրոցում, աշխատավայրում թե մեկ այլ ձևով։ Այս հարցում մեծապես կարող են օգնել նորագույն տեխնոլոգիաները։ Պատմության մեջ երբեք այսքան շատ տեղեկություն հասանելի չի եղել մարդկանց։ Այն ձեռք բերելու համար տնից դուրս գալու, անգամ նստած տեղից վեր կենալու կարիք չկա։
Սակայն նրանք, ովքեր ակտիվորեն օգտվում են սարքերից, հաճախ՝
-
ընթերցելիս դժվարանում են կենտրոնանալ,
-
չեն կարողանում կենտրոնանալ մի գործի վրա,
-
շուտ ձանձրանում են, երբ մենակ են մնում։
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ
Շատ մարդիկ, ովքեր հաճախ են օգտվում էլեկտրոնային սարքերից, չեն կարողանում համբերատարորեն կարդալ որևէ հոդված կամ գիրք, ուստի պարզապես աչքի են անցկացնում այն։
Նյութը թռուցիկ կարդալն արդյունավետ է, երբ անհրաժեշտ է որևէ հարցի պատասխան արագ գտնել։ Բայց դա օգտակար մեթոդ չէ, եթե պետք է նյութը խորությամբ հասկանալ։
ՄՏԱԾԵՔ։ Հեշտությա՞մբ եք կարողանում երկար տեքստեր կարդալ։ Այդ ունակությունը ինչպե՞ս կարող է ազդել սովորելու ձեր կարողության վրա (ԱՌԱԿՆԵՐ 18։15)։
ԿԵՆՏՐՈՆԱՆԱԼՈՒ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Որոշ մարդիկ կարծում են, որ էլեկտրոնային սարքերը հնարավորություն են տալիս միաժամանակ երկու գործողություն կատարել, օրինակ՝ դասեր անելիս ընկերներին տեքստային հաղորդագրություններ ուղարկել։ Բայց երբ մարդ փորձում է միաժամանակ երկու գործ անել, որոնք ուշադրություն են պահանջում, դժվար թե կարողանա երկուսի վրա էլ կենտրոնանալ ու դրանք լավ անել։
Կենտրոնանալու համար ինքնակարգապահություն է անհրաժեշտ։ Բայց արժե՛ ջանքեր թափել, քանի որ դա լավ արդյունքներ է բերում։ Գրեյս անունով մի պատանի ասում է. «Այդպես ավելի քիչ սխալներ եմ անում, և լարվածությունս պակասում է։ Հասկացել եմ, որ ավելի արդյունավետ է, երբ կենտրոնանում եմ մի բանի վրա և չեմ փորձում մի քանի գործ միաժամանակ անել»։
ՄՏԱԾԵՔ։ Միաժամանակ մի քանի գործողություն անելը խանգարո՞ւմ է ձեզ կենտրոնանալ և մտապահել ինֆորմացիան (ԱՌԱԿՆԵՐ 17։24)։
ԵՐԲ ՄԵՆԱԿ ԵՔ
Որոշ մարդիկ անհանգիստ են զգում, երբ լուռ միջավայրում մենակ են լինում, ուստի փորձում են լցնել անհարմար լռությունը։ Օլիվիա անունով մի կին նշում է. «Եթե 15 րոպե չեմ օգտվում պլանշետից, հեռախոսից կամ չեմ միացնում հեռուստացույցը, սկսում եմ ձանձրանալ»։
Սակայն մենակ մնալը խորը մտորելու հնարավորություն է տալիս, որը անկախ տարիքից՝ կարևոր պայման է ինչ-որ բան սովորելու համար։
ՄՏԱԾԵՔ։ Արդյունավե՞տ եք օգտագործում ժամանակը, երբ մենակ եք (1 ՏԻՄՈԹԵՈՍ 4։15)։
Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵՔ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵՔ ՕԳՏՎՈՒՄ ՍԱՐՔԵՐԻՑ
Ինչպե՞ս կարող եք սարքերն օգտագործել, որ նոր բաներ սովորեք։ Ո՞ր դեպքերում են դրանք խանգարում, որ կենտրոնանաք։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ։ «Իմաստություն և խորհելու կարողություն պահպանիր» (ԱՌԱԿՆԵՐ 3։21)։