Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպե՞ս են էլեկտրոնային սարքերը ազդում ձեր երեխաների վրա

Ինչպե՞ս են էլեկտրոնային սարքերը ազդում ձեր երեխաների վրա

Երեխաները շատ հմտորեն են օգտագործում էլեկտրոնային սարքերը և թվային աշխարհում զգում են, ինչպես ձուկը ջրում։ Ի տարբերություն նրանց՝ մեծահասակները հաճախ դժվարանում են օգտվել նոր սարքերից կամ ծրագրերից։ Նրանք ասես օտարականներ լինեն թվային աշխարհում։

Միևնույն ժամանակ նկատվել է, որ երիտասարդները, որոնք շատ ժամանակ են անցկացնում առցանց (օնլայն)՝

  • կախվածություն են ձեռք բերում սարքերից,

  • ներգրավվում են կիբեռբուլիինգի մեջ (առցանց ճնշումներ և ծաղրուծանակ),

  • կամա թե ակամա առնչվում են պոռնկագրությանը։

ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Որոշ օնլայն հավելվածներ և խաղեր կախվածության մեջ են գցում մարդկանց։ Մի գրքում ասվում է. «Մեր հեռախոսների հավելվածները այնպես են նախագծված, որ չկարողանանք աչք կտրել էկրանից» (Reclaiming Conversation)։ Որքան շատ ժամանակ ենք վատնում հավելվածներում ցուցադրվող գովազդները դիտելու վրա, այնքան շատ գումար ենք դնում գովազդատուների գրպանը։

ՄՏԱԾԵՔ։ Ձեր երեխաները կախվածություն ունե՞ն սարքերից։ Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց, որ ժամանակը ավելի ճիշտ օգտագործեն (ԵՓԵՍԱՑԻՆԵՐ 5։15, 16

ԿԻԲԵՌԲՈՒԼԻԻՆԳ

Օնլայն հարթակում որոշ մարդիկ դառնում են ագրեսիվ, կոպիտ և մյուսների զգացումների հանդեպ անտարբեր։ Արդյունքում՝ նրանք սկսում են ծաղրել ու ճնշել ուրիշներին։

Հաճախ նման վարվելակերպը սոցցանցերում հայտնի լինելու ուժգին ցանկության հետևանքն է։ Երբեմն էլ մարդը կարող է ճնշված կամ վիրավորված զգալ, օրինակ, երբ տեսնում է, որ իրեն ինչ-որ խնջույքի չեն հրավիրել։

ՄՏԱԾԵՔ։ Սոցիալական ցանցերում ձեր երեխաները կոպիտ ու անքաղաքավարի՞ են (Եփեսացիներ 4։31)։ Վհատվում և ընկճվո՞ւմ են, երբ իմանում են, որ ուրիշները հետաքրքիր ժամանակ են անցկացնում առանց իրենց։

ՊՈՌՆԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Անպարկեշտ բովանդակությամբ տեղեկությունները հեշտ հասանելի են ինտերնետում։ Ծնողները պետք է հասկանան, որ նման տեղեկությունները արգելափակող ծրագրերը, ճիշտ է, կարող են օգնել, բայց լիարժեքորեն չեն պաշտպանում։

Սեքստինգը՝ հեռախոսի կամ այլ սարքի միջոցով բացահայտ սեռական բնույթի նկարներ ուղարկելն ու ստանալը, կարող է իրավական հետևանքներ ունենալ։ Որոշ դեպքերում՝ կախված երկրի օրենքներից և ներգրավված անձանց տարիքից, սեքստինգով զբաղվողները կարող են մեղադրվել մանկական պոռնկագրություն տարածելու մեջ։

ՄՏԱԾԵՔ։ Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր երեխաներին, որ չտրվեն սեռական բնույթի նկարներ ուղարկելու և դիտելու գայթակղությանը (ԵՓԵՍԱՑԻՆԵՐ 5։3, 4

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

ՍՈՎՈՐԵՑՐԵՔ ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Չնայած երեխաները շատ հմտորեն են օգտվում էլեկտրոնային սարքերից, միևնույն է, նրանք ուղղություն ստանալու կարիք ունեն։ Մի գրքում նշվում է, որ առանց ինտերնետից օգտվել սովորեցնելու երեխայի ձեռքը սմարթֆոն տալը «նույնն է, ինչ առանց լողալ սովորեցնելու նրան թույլ տալ, որ գլխիվայր ցատկի լողավազանի մեջ» (Indistractable)։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ։ «Կրթիր երեխային ճիշտ ճանապարհի համաձայն. նույնիսկ երբ նա ծերանա, չի շեղվի դրանից» (ԱՌԱԿՆԵՐ 22։6

Նշեք այն առաջարկները, որոնք ցանկանում եք կիրառել կամ գրեք ձեր տարբերակները։

  • Երեխային սովորեցնել ինտերնետից օգտվելիս լինել քաղաքավարի։

  • Օգնել երեխային, որ իրեն անտեսված չզգա։

  • Հնարավորության սահմաններում արգելափակել անպարկեշտ բովանդակությամբ տեղեկությունները։

  • Պարբերաբար ստուգել երեխայի հեռախոսը։

  • Սարքերից օգտվելու ժամաքանակ սահմանել։

  • Թույլ չտալ քնի ժամին օգտվել սարքերից։

  • Արգելել ճաշի սեղանի շուրջ օգտվել որևէ սարքից։