ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԻՍԿԱՊԵ՞Ս «ՆԵՐՇՆՉՎԱԾ Է ԱՍՏԾՈՒՑ
Աստվածաշունչը իսկապե՞ս «ներշնչված է Աստծուց»
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ հեղինակն Աստվա՞ծ է, թե՞ այնտեղ մարդկանց մտքերն են գրված։
Սա վիճելի հարց է նույնիսկ նրանց շրջանում, ովքեր իրենց քրիստոնյա են համարում։ Օրինակ՝ 2014 թ.-ին Գելապ ընկերության անցկացրած հարցումը ցույց տվեց, որ իրենց քրիստոնյա համարող մարդկանց մեծ մասը համաձայն է այն մտքին, որ «Աստվածաշունչը ինչ-որ ձևով կապ ունի Աստծու հետ»։ Այդուհանդերձ, հարցմանը մասնակցած գրեթե ամեն հինգ մարդուց մեկը մտածում էր, որ Աստվածաշունչը «հին առասպելների, լեգենդների, պատմությունների և մարդկանց ստեղծած չափանիշների գիրք է»։ Քանի որ Աստվածաշնչի՝ Աստծուց ներշնչված լինելու վերաբերյալ կարծիքներն այդքան հակասական են, անհրաժեշտ է նախ պարզել, թե ինչ է իրականում նշանակում «ներշնչված լինել» արտահայտությունը (2 Տիմոթեոս 3։16)։
ՆԵՐՇՆՉՎԱԾ ԼԻՆԵԼ. Ի՞ՆՉ Է ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ
Աստվածաշունչը բաղկացած է 66 փոքր գրքերից, որոնք գրվել են մոտ 1 600 տարիների ընթացքում 40 տարբեր մարդկանց կողմից։ Բայց եթե մարդիկ են գրել Աստվածաշունչը, ինչպե՞ս կարող է այն Աստծուց ներշնչված լինել։ Եթե կարճ ասենք, «ներշնչված է Աստծուց» արտահայտությունը նշանակում է, որ Աստվածաշնչում գրված տեղեկությունների Աղբյուրը Աստված է։ Աստվածաշունչն ասում է. «Մարդիկ Աստծու կողմից են խոսել՝ սուրբ ոգուց մղված» (2 Պետրոս 1։21)։ Այլ խոսքով՝ Աստված իր սուրբ ոգու՝ անտեսանելի մղիչ ուժի միջոցով իր մտքերը հաղորդել է Աստվածաշունչը գրողներին։ Սա կարելի է նմանեցնել այն բանին, որ տնօրենը քարտուղարին հանձնարարում է նամակ գրել և թելադրում է, թե ինչ գրի։ Այսպիսով՝ նամակի հեղինակը թելադրողն է, ոչ թե գրի առնողը։
Աստվածաշնչի որոշ գրողներ լսել են Աստծու խոսքերը, որոնք նա փոխանցել է բանավոր կերպով՝ հրեշտակի միջոցով։ Ոմանք էլ Աստծուց տեսիլքներ են ստացել։ Իսկ որոշ դեպքերում Աստված հայտնել է իր պատգամը երազների միջոցով։ Թեև նա երբեմն Աստվածաշունչը գրողներին թույլ է տվել իրենց բառերով գրել իր հաղորդած տեղեկությունները, բայց եղել է նաև այնպես, որ նա բառ առ բառ ասել է՝ ինչ գրեն։ Բոլոր դեպքերում էլ Աստվածաշունչը գրող մարդիկ փոխանցել են ոչ թե իրենց մտքերը, այլ Աստծու։
Բայց ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ Աստվածաշունչը իսկապես Աստծու ներշնչմամբ է գրվել։ Քննենք երեք տարբեր ոլորտների առնչվող փաստեր, որոնք ցույց են տալիս, որ Աստվածաշնչի հեղինակն Աստված է։