Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ի՞նչ չեն կարող ասել գիտնականները

Ի՞նչ չեն կարող ասել գիտնականները

Թվում է՝ գիտնականներն արդեն ամբողջությամբ ուսումնասիրել են մեզ հայտնի տիեզերքը։ Սակայն դեռ շատ կարևոր հարցեր կան, որոնց պատասխանները նրանք չեն կարողանում տալ։

Գիտությունը պարզե՞լ է, թե ինչպես են սկիզբ առել տիեզերքը և կյանքը։ Կարճ ասած՝ ոչ։ Ոմանց կարծիքով՝ գիտության ճյուղերից մեկը՝ տիեզերաբանությունը, կարող է բացատրել, թե ինչպես է առաջացել տիեզերքը։ Սակայն Դարթմուտ քոլեջի աստղագիտության պրոֆեսոր Մարսելո Գլեյզերը, ով ագնոստիկ է, այսպես է արտահայտվել. «Մենք առհասարակ ոչինչ էլ չենք պարզել տիեզերքի առաջացման մասին»։

«Սայենս նյուս» ամսագրում կյանքի ծագման մասին նման միտք է նշվում. «Գուցե այդպես էլ չհաջողվի պարզել, թե երկրագնդի վրա իրականում ինչպես է կյանքն առաջացել։ Երկրաբանական նմուշների մեծ մասը, որոնք տեղեկություններ կհայտնեին Երկիր մոլորակի վաղ շրջանի մասին, վաղուց արդեն վերացել են» (Science News)։ Վերը նշված խոսքերը ցույց են տալիս, որ գիտությունը դեռ չի պատասխանել հետևյալ հարցին՝ ինչպե՞ս են առաջացել տիեզերքն ու կյանքը։

Բայց գուցե մտածեք. «Եթե կյանքը երկրի վրա նախագծված է եղել, ո՞վ է նախագծողը»։ Հնարավոր է՝ ձեզ նաև հետաքրքրեն հետևյալ հարցերը. «Եթե գոյություն ունի իմաստուն ու հոգատար Ստեղծիչ, ինչո՞ւ է նա թույլ տալիս, որ իր ստեղծած մարդիկ տառապեն։ Ինչո՞ւ այսքան շատ կրոններ կան։ Ինչո՞ւ է նա թույլ տալիս, որ իրեն պաշտող մարդիկ այդքան վատ գործեր անեն»։

Այս հարցերին գիտությունը չի կարող պատասխանել։ Բայց դա չի նշանակում, որ չեք կարող գտնել դրանց տրամաբանական պատասխանները։ Փաստն այն է, որ շատերը Աստվածաշնչից գտել են դրանք։

Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչու են որոշ գիտնականներ, որոնք ուսումնասիրել են Աստվածաշունչը, ասում, որ հավատում են Ստեղծչի գոյությանը, այցելեք jw.org կայք։ Որոնման տողում գրեք՝ «տեսակետներ կյանքի ծագման մասին»։