ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԻՆՉՊԵՍ ԽՈՒՍԱՓԵԼ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Հիվանդություններից պաշտպանվելու կերպեր
ՀՆՈՒՄ շատ քաղաքներ պաշտպանված էին հզոր պարիսպներով։ Սակայն եթե թշնամին քանդեր պարսպի թեկուզ մի փոքր մասը, ամբողջ քաղաքի ապահովությունը սպառնալիքի տակ կհայտնվեր։ Մեր օրգանիզմը նման է այդպիսի պարսպապատ քաղաքի։ Եվ մեր առողջությունը կախված է նրանից, թե ինչպես հոգ կտանենք մեր պաշտպանական համակարգի մասին։ Նկատի առնենք հինգ գործոն, որոնց պատճառով գուցե հիվանդություններով վարակվելու վտանգի առջև կանգնենք։ Նաև տեսնենք, թե ինչպես կարելի է լավագույնս պաշտպանվել այդ վտանգից։
1 ՋՈՒՐ
ՎՏԱՆԳԸ։ Ախտածին օրգանիզմները կարող են մուտք գործել մեր օրգանիզմ աղտոտված ջրի միջոցով։
ԻՆՉՊԵՍ ՊԱՇՏՊԱՆՎԵԼ։ Պաշտպանության լավագույն կերպը ջրային պաշարները աղտոտումից զերծ պահելն է։ Եթե գիտեք, որ ջրային պաշարներն աղտոտված են, կամ այդպիսի մտավախություն ունեք, ապա կարող եք ախտահանել ջուրը տնային պայմաններում։ * Խմելու ջուրը պահեք փակ տարաներով և դրանից օգտվելիս պահեք հիգիենայի կանոնները. ջուրը վերցրեք երկարակոթ մաքուր ամանով, կամ տարայի վրա ծորակ տեղադրեք։ Երբեք ձեր ձեռքերը մի՛ մտցրեք խմելու ջրի մեջ։ Հնարավորության դեպքում ապրեք այն վայրերում, որտեղ արտաթորանքները այնպես են հեռացվում, որ տեղի ջրային պաշարները չաղտոտվեն։
2 ՍՆՈՒՆԴ
ՎՏԱՆԳԸ։ Ախտածին օրգանիզմներ կարող են լինել սննդի մեջ, ինչպես նաև սննդի վրա։
ԻՆՉՊԵՍ ՊԱՇՏՊԱՆՎԵԼ։ Անգամ թարմ ու սննդարար տեսք ունեցող սնունդը կարող է աղտոտված լինել։ Ուստի միշտ մանրակրկիտ լվացեք բոլոր տեսակի մրգերն ու բանջարեղենը։ Սնունդ պատրաստելիս կամ մատուցելիս հավաստիացեք, որ ձեր ձեռքերը, ինչպես նաև խոհանոցային պարագաներն ու մակերեսները մաքուր են։ Կան սննդամթերքներ, որոնք հարկավոր է եփել որոշակի ջերմաստիճանի տակ, որպեսզի վտանգավոր միկրոօրգանիզմները ոչնչանան։ Եթե սննդամթերքը փոխել է գույնը կամ տհաճ համ և հոտ ունի, մի՛ օգտագործեք այն, քանի որ այդ նշանները ցույց են տալիս, որ սննդամթերքի մեջ առկա է վտանգավոր միկրոօրգանիզմների մի մեծ բանակ։ Սննդամթերքը, որը տվյալ պահին չեք օգտագործում, հնարավորինս շուտ դրեք սառնարանի մեջ։ Եթե հիվանդ եք, ուրիշների համար կերակուր մի՛ պատրաստեք։ *
3 ՄԻՋԱՏՆԵՐ
ՎՏԱՆԳԸ։ Որոշ միջատներ կարող են վարակել ձեզ իրենց ներսում եղած վտանգավոր միկրոօրգանիզմներով։
ԻՆՉՊԵՍ ՊԱՇՏՊԱՆՎԵԼ։ Հնարավորինս խուսափեք հիվանդություններ տարածող միջատներից. նրանց ակտիվ շրջանում աշխատեք շատ չմնալ դրսում կամ կրեք պաշտպանող հագուստ, օրինակ՝ երկարաթև շապիկ և երկարափողք տաբատ։ Քնեք միջատասպան նյութով մշակված ցանցի տակ և օգտագործեք միջատներին վանող նյութեր։ Տան մոտակայքում մի՛ պահեք ջրով լցված ավազաններ, քանի որ չհոսող ջրում կարող են բազմանալ մոծակները։4 ԿԵՆԴԱՆԻՆԵՐ
ՎՏԱՆԳԸ։ Միկրոօրգանիզմները, որոնք բնակվում են կենդանիների ներսում առանց նրանց վնաս պատճառելու, կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար։ Եթե ձեր տնային կենդանին կամ այլ կենդանի կծել է ձեզ, ճանկռել, կամ առնչվել եք կենդանու արտաթորանքի հետ, ապա ձեր առողջությունը կարող է վտանգի տակ լինել։
ԻՆՉՊԵՍ ՊԱՇՏՊԱՆՎԵԼ։ Կարող եք ընտանի կենդանիներին դրսում պահել նրանց հետ շփումը նվազագույնի հասցնելու համար։ Նրանց դիպչելուց հետո անպայման լվացեք ձեր ձեռքերը, իսկ վայրի կենդանիներին ընդհանրապես մի՛ դիպչեք։ Եթե կենդանին ձեզ կծել կամ ճանկռել է, մանրակրկիտ լվացեք վնասվածքը և դիմեք բժշկի։ *
5 ՄԱՐԴԻԿ
ՎՏԱՆԳԸ։ Որոշ վտանգավոր մանրէներ կարող են ներթափանցել ձեր օրգանիզմ հիվանդ մարդու հազից կամ փռշտոցից օդում հայտնված կաթիլների միջոցով։ Դրանք կարող են փոխանցվել նաև ֆիզիկական շփման, օրինակ՝ գրկախառնության կամ ձեռքսեղմման միջոցով։ Հիվանդ մարդկանցից փոխանցված միկրոօգրանիզմները կարող են աննկատ բնակվել նաև տարբեր առարկաների, օրինակ՝ դռների բռնակների, բազրիքների, հեռախոսների, հեռակառավարման վահանակների, համակարգիչների էկրանների և ստեղնաշարերի վրա։
ԻՆՉՊԵՍ ՊԱՇՏՊԱՆՎԵԼ։ Մի՛ օգտվեք ուրիշների անձնական իրերից, օրինակ՝ ածելիներից, ատամի խոզանակներից և սրբիչներից։ Աշխատեք որևէ առնչություն չունենալ կենդանիների կամ մարդկանց կենսաբանական հեղուկների հետ, օրինակ՝ արյան և արյունից ստացած պատրաստուկների։ Եվ մի՛ մոռացեք, որ շատ կարևոր է հաճախ ու մանրակրկիտ լվանալ ձեռքերը։ Կարելի է ասել, որ դա հիվանդությունների տարածումը կանխելու ամենաարդյունավետ միջոցն է։
Եթե հիվանդ եք, աշխատեք դուրս չգալ տնից։ ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնները խորհուրդ են տալիս հազալիս կամ փռշտալիս բերանը փակել ոչ թե ձեռքերով, այլ հագուստի թևքով։
Աստվածաշնչյան մի հին առակ ասում է. «Խորագետը տեսնում է փորձանքը և թաքնվում» (Առակներ 22։3)։ Այս խոսքերը իսկապես գործնական են այսօր, երբ ամենուրեք մեզ սպառնում են տարբեր վտանգավոր հիվանդություններ։ Ուստի ձգտեք տեղեկացված լինել՝ օգտվելով տեղի առողջապահական ծառայություններից և հնարավորինս պաշտպանեք ձեզ վտանգներից՝ պահպանելով ճիշտ հիգիենա։ Ամուր պահելով ձեր պաշտպանական համակարգը՝ կնվազեցնեք հիվանդանալու վտանգը։
^ պարբ. 6 Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը առաջադրում է տնային պայմաններում ջուրն անվտանգ դարձնելու մի քանի մեթոդ, ինչպիսիք են քլորացումը, արևի լույսով ախտահանումը, ֆիլտրումը և եռացումը։
^ պարբ. 9 Սննդի անվտանգության մասին ավելի շատ տեղեկություններ կարող եք գտնել «Արթնացե՛ք» ամսագրի 2012 թ. հունիսի համարում (էջ 3–9)։
^ պարբ. 12 «Արթնացե՛ք» ամսագրի 2015 թ. հուլիսի համարում (էջ 14, 15) կարող եք տեղեկություն գտնել այն մասին, թե ինչպես պաշտպանվել մալարիայից։
^ պարբ. 15 Թունավոր կենդանիներից ստացած վնասվածքի դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բուժօգնության։