Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Այն, ինչ ազդարարում է Դատաստանի օրվա ժամացույցը, չի իրականանա, քանի որ Աստված խոստանում է, որ մարդկությանն ու մեր մոլորակին պայծառ ապագա է սպասում

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԱՇԽԱՐՀՆ ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ՞ Է ԴԱՐՁԵԼ

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

ԱՇԽԱՐՀԻ ներկայիս սոսկալի վիճակի մասին դարեր առաջ մարգարեացվել էր Աստվածաշնչում։ Այնտեղ նաև հստակ մարգարեացվել էր, որ մարդկությանը հիասքանչ ապագա է սպասում։ Թեև շատերի համար Աստվածաշնչի հայտնած այս տեղեկությունը գուցե անհավանական թվա, բայց պետք չէ անմիջապես մերժել այն, քանի որ փաստերը ցույց են տալիս, որ Աստվածաշնչում մարգարեացված բազում իրադարձություններ ամենայն ճշգրտությամբ կատարվել են։

Քննենք աստվածաշնչյան մարգարեությունների մի քանի այդպիսի օրինակ։

  • «Ազգ ազգի դեմ դուրս կգա, և թագավորություն՝ թագավորության դեմ, և տեղ-տեղ սովեր ու երկրաշարժեր կլինեն» (Մատթեոս 24։7

  • «Վերջին օրերում չափազանց դժվար ժամանակներ են լինելու, որովհետև մարդիկ կլինեն անձնասեր, փողասեր, մեծամիտ, գոռոզ, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անհավատարիմ, բնական կապվածություն չունեցող, համաձայնության չեկող, զրպարտող, ինքնատիրապետում չունեցող, դաժան, առաքինություն չսիրող, մատնիչ, համառ, հպարտ, ավելի հաճոյասեր, քան աստվածասեր» (2 Տիմոթեոս 3։1–4

Այս մարգարեությունները կարդալով՝ ոմանք գուցե ասեն, որ դրանցում նկարագրվում է մի աշխարհ, որը դուրս է եկել վերահսկողությունից։ Ինչ-որ իմաստով մեր աշխարհը իրոք դուրս է եկել վերահսկողությունից՝ մարդկանց վերահսկողությունից։ Ըստ Աստվածաշնչի՝ մարդիկ պարզապես չունեն այնքան իմաստություն և զորություն, որ կարողանան վերջնականապես լուծել այդ խնդիրը։ Այս միտքն ընդգծվում է ներքոհիշյալ աստվածաշնչյան համարներում։

  • «Կա ճանապարհ, որ ուղիղ է թվում մարդու աչքին, բայց դրա վերջում մահվան ճանապարհներն են» (Առակներ 14։12

  • «Մարդը մարդու վրա իշխում է նրա վնասի համար» (Ժողովող 8։9

  • «Մարդը չի կարող ուղղություն տալ իր քայլերին» (Երեմիա 10։23

Եթե մարդկությունն ինքնահոսի թողնվի, ապա, ամենայն հավանականությամբ, չի կարողանա խուսափել համաշխարհային աղետից։ Բայց նման բան չի լինի։ Ինչո՞ւ կարող ենք այդպես ասել։ Քանի որ Աստվածաշնչում այսպիսի հավաստիացումներ են տրվում։

  • Աստված «երկիրը հաստատել է ամուր հիմքերի վրա. այն հավիտյանս հավիտենից չի սասանվի» (Սաղմոս 104։5

  • «Մի սերունդ գնում է, մի սերունդ գալիս է, բայց երկիրը մնում է հավիտյան» (Ժողովող 1։4

  • «Արդարները կժառանգեն երկիրը և հավիտյան կբնակվեն նրա վրա» (Սաղմոս 37։29

  • «Ցորենի առատություն կլինի երկրի վրա, նույնիսկ սարերի գլուխների վրա» (Սաղմոս 72։16

Աստվածաշնչյան այս համարները հստակ պատասխաններ են տալիս մեզ մտահոգող հարցերին։ Մարդկությունը չի վերանա շրջակա միջավայրի աղտոտման, սննդի կամ ջրի պակասի կամ էլ համերկրային աշխարհավարակի հետևանքով, ոչ էլ կվերանա միջուկային կործանումից։ Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել դրանում։ Քանի որ Աստված լիովին վերահսկում է իրավիճակը, և մեր երկրագնդի ապագան նրա ձեռքերում է։ Աստված թույլ է տվել, որ մարդիկ, օգտագործելով իրենց ազատ կամքը, ինքնուրույն որոշումներ կայացնեն։ Բայց նրանք պետք է նաև կրեն իրենց որոշումների հետևանքները (Գաղատացիներ 6։7)։ Միևնույն ժամանակ Աստված հստակ սահմաններ է դրել ու թույլ չի տալու, որ մարդիկ անդառնալի վնաս պատճառեն իրենք իրենց (Սաղմոս 83։18; Եբրայեցիներ 4։13)։ Ուստի կարող ենք ասել, որ աշխարհը ամենևին էլ գծերից դուրս եկած գնացք չէ, որն ամբողջովին անկառավարելի է դարձել ու գնում է դեպի անխուսափելի կործանում։

Աստված ավելին է անելու մարդկության համար։ Նա մարդկանց պարգևելու է «խաղաղության առատություն» (Սաղմոս 37։11)։ Ապագայի այս գեղեցիկ նկարագրությունը, որ կարդացիք այս հոդվածում, ընդամենը ստվերն է այն հիասքանչ ապագայի, որի մասին իմացել են միլիոնավոր Եհովայի վկաներ՝ ուսումնասիրելով Աստվածաշունչը։

Եհովայի վկաները տարբեր տարիքի և տարբեր ազգերի մարդկանցից բաղկացած համաշխարհային եղբայրություն են։ Նրանք երկրպագում են միակ ճշմարիտ Աստծուն, ում անունը Եհովա է, ինչպես գրված է Աստվածաշնչում։ Նրանք չեն վախենում ապագայից, քանի որ Աստվածաշնչում հետևյալն է ասվում. «Այսպես է ասում Եհովան՝ երկնքի Արարիչը՝ ճշմարիտ Աստվածը՝ երկիրը Կազմավորողն ու Ստեղծողը, Նա, ով հաստատեց այն, զուր տեղը չարարեց, այլ բնակվելու համար ստեղծեց այն. «Ես Եհովան եմ, և ուրիշը չկա»» (Եսայիա 45։18

Այս հոդվածում քննեցինք մարդկության և երկրագնդի ապագայի վերաբերյալ ընդամենը մի քանի աստվածաշնչյան միտք։ Ավելի շատ տեղեկություններ կարող եք գտնել «Բարի լուր Աստծուց» գրքույկի 5-րդ դասում։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից և առկա է www.pr418.com /hy կայքում։

Դուք կարող եք նաև www.pr418.com /hy կայքում դիտել «Ինչո՞ւ է Աստված ստեղծել երկիրը» տեսանյութը (Տես ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)