Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 13

ԵՐԳ 127 Ինչպիսի մարդ պետք է լինեմ

Դու կարող ես ունենալ Եհովայի հավանությունը

Դու կարող ես ունենալ Եհովայի հավանությունը

«Ես քեզ հավանել եմ» (ՂՈՒԿ. 3։22

ՀՈԴՎԱԾԻՑ ԿԻՄԱՆԱՆՔ

Ինչո՞ւ կարող ես համոզված լինել, որ ունես Եհովայի հավանությունը։

1. Եհովայի հավատարիմ ծառաներից ոմանք ի՞նչ կասկածներ գուցե ունենան։

 ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ասում է. «Եհովան հավանում է իր ժողովրդին» (Սաղ. 149։4)։ Անչափ քաջալերական է իմանալ, որ Եհովայի ժողովուրդը՝ որպես խումբ, ունի նրա հավանությունը։ Սակայն ոմանք երբեմն գուցե այնքան վհատվեն, որ մտածեն. «Իսկ անձամբ ես ունե՞մ Եհովայի հավանությունը»։ Աստվածաշնչյան ժամանակներում Եհովայի հավատարիմ ծառաներից շատերն են նման կասկածներ ունեցել (1 Սամ. 1։6-10; Հոբ 29։2, 4; Սաղ. 51։11

2. Ովքե՞ր ունեն Եհովայի հավանությունը։

2 Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ չնայած անկատարությանը՝ մենք կարող ենք ձեռք բերել Եհովայի հավանությունը։ Ինչպե՞ս։ Մենք պետք է հավատ դրսևորենք Հիսուս Քրիստոսի հանդեպ և մկրտվենք (Հովհ. 3։16)։ Մկրտվելով՝ հանրորեն ցույց ենք տալիս, որ զղջացել ենք մեր մեղքերի համար և խոստացել ենք Աստծուն նրա կամքը կատարել (Գործ. 2։38; 3։19)։ Երբ այդպես ենք վարվում, փաստում ենք, որ ուզում ենք մտերմանալ Եհովայի հետ, ինչը շատ է ուրախացնում նրան։ Քանի դեռ ապրում ենք մեր նվիրման համաձայն, Եհովան հավանում է մեզ և իր մտերիմ ընկերն է համարում (Սաղ. 25։14

3. Ո՞ր հարցերի պատասխանները կիմանանք։

3 Այդ դեպքում ինչո՞ւ են ոմանք կասկածում, որ ունեն Աստծու հավանությունը։ Ինչպե՞ս է Եհովան ցույց տալիս, որ հավանում է մեզ, և ինչպե՞ս կարող ենք ամրացնել մեր համոզվածությունը դրանում։

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՈՄԱՆՔ ԿԱՍԿԱԾՈՒՄ

4-5. Չնայած թերարժեքությանը՝ ինչո՞ւմ կարող ենք համոզված լինել։

4 Մեզանից շատերը փոքրուց թերարժեքության զգացում ունեն (Սաղ. 88։15)։ Ադրիան անունով մի եղբայր ասում է. «Ես միշտ ինձ անարժեք եմ զգացել։ Հիշում եմ՝ փոքր ժամանակ աղոթում էի, որ ընտանիքս ապրի դրախտում, թեև համոզված էի, որ ես արժանի չեմ այնտեղ լինելու»։ Իսկ Թոնին, ով մեծացել է ոչ Վկաների ընտանիքում, ասում է. «Ծնողներս երբեք չեն ասել, որ սիրում են ինձ կամ որ հպարտանում են ինձանով։ Դրա պատճառով ես այնպիսի զգացում ունեի, որ երբեք չեմ կարող հաճեցնել նրանց»։

5 Եթե երբեմն թերարժեքության զգացումը պատում է մեզ, պետք է հիշենք, որ Եհովան է մեզ ձգել դեպի իրեն (Հովհ. 6։44)։ Նա մեր մեջ տեսնում է այն լավ բաները, որ գուցե ինքներս չենք տեսնում, և գիտի, թե ինչպիսին ենք իրականում (1 Սամ. 16։7; 2 Տար. 6։30)։ Ուստի կարող ենք լիովին վստահել նրա հավաստիացմանը ու չկասկածել, որ թանկ ենք նրա համար (1 Հովհ. 3։19, 20

6. Ի՞նչ զգացումներով էր համակվում Պողոս առաքյալը անցյալում գործած իր մեղքերի պատճառով։

6 Նախքան ճշմարտությունն իմանալը ոմանք այնպիսի բաներ են արել, որոնց պատճառով մինչև հիմա իրենց մեղավոր են զգում (1 Պետ. 4։3)։ Եհովայի հավատարիմ ծառաներից ոմանք էլ պայքարում են որոշ մեղավոր հակումների դեմ։ Իսկ ի՞նչ կարելի է ասել քո մասին։ Քո սիրտն է՞լ է երբեմն դատապարտում քեզ։ Եթե այո, գուցե քեզ մխիթարի այն միտքը, որ հնում ապրած Եհովայի ծառաներն էլ են ունեցել նմանատիպ զգացումներ։ Նրանցից էր Պողոս առաքյալը։ Բախվելով իր անկատարության դրսևորումներին՝ Պողոսը իրեն թշվառ էր համարում (Հռոմ. 7։24)։ Ինչ խոսք, նա զղջացել էր իր մեղքերի համար և մկրտվել էր, բայց իրեն համարում էր «առաքյալների մեջ.... փոքրագույնը» և մեղավորներից «առաջինը» (1 Կորնթ. 15։9; 1 Տիմոթ. 1։15

7. Ի՞նչ պետք է հիշենք անցյալում գործած մեր մեղքերի առնչությամբ։

7 Մեր երկնային Հայրը խոստանում է, որ կների մեզ (Սաղ. 86։5)։ Ուստի եթե իսկապես զղջում ենք մեր գործած մեղքերի համար, կարող ենք համոզված լինել, որ նա կվարվի իր խոստման համաձայն (Կող. 2։13

8-9. Ինչպե՞ս կարող ենք ձերբազատվել այն զգացումից, թե երբեք չենք կարող հաճեցնել Աստծուն։

8 Բոլորս էլ ցանկանում ենք մեր լավագույնը տալ Եհովային։ Սակայն ոմանք այնպիսի զգացում ունեն, որ երբեք չեն կարողանա անել այնքան, որքան անհրաժեշտ է Աստծու հավանությունը ստանալու համար։ Ամանդա անունով մի քույր ասում է. «Ես հակվածություն ունեմ մտածելու, որ Եհովային լավագույնը տալ նշանակում է միշտ ավելին անել։ Հաճախ ես ինձնից ավելին եմ ակնկալում, քան կարող եմ անել։ Եվ երբ որևէ հարցում հաջողության չեմ հասնում, ինձ թվում է, թե Եհովան էլ, ինչպես ես, հիասթափվում է ինձանից»։

9 Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել այն զգացումը, թե երբեք չենք կարող հաճեցնել Եհովային։ Հիշիր, որ Եհովան պահանջկոտ ու անթեք չէ։ Նա երբեք չի ակնկալում, որ անենք ավելին, քան ողջամտության սահմաններում կարող ենք։ Երբ Եհովային մեր լավագույնն ենք տալիս, նա թանկ է համարում մեր ջանքերը։ Կարող ենք մտածել Աստվածաշնչում հիշատակված այն մարդկանց մասին, ովքեր ամբողջ սրտով ծառայել են Եհովային։ Նրանց թվում էր Պողոսը։ Տարիներ շարունակ եռանդորեն ծառայելով Եհովային՝ նա հսկայական տարածություններ էր անցնում և տարբեր վայրերում ժողովներ հիմնում։ Բայց երբ նրա հանգամանքները փոխվեցին, մի՞թե նա կորցրեց Աստծու հավանությունը զուտ այն պատճառով, որ այլևս չէր կարողանում ծառայության մեջ անել այնքան, որքան նախկինում։ Ամենևի՛ն։ Պողոսը շարունակում էր անել այն, ինչ կարող էր, և Եհովան օրհնում էր նրան (Գործ. 28։30, 31)։ Մեր հանգամանքները նույնպես կարող են փոխվել։ Եհովայի համար կարևոր են մեր մղումները, ոչ թե մեր տվածի չափը։ Այժմ տեսնենք, թե ինչ կերպերով է նա ցույց տալիս, որ հավանում է մեզ։

ԻՆՉՊԵ՞Ս Է ԵՀՈՎԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ ԻՐ ԲԱՐԵՀԱՃՈՒԹՅՈՒՆԸ

10. Ինչպե՞ս կարող ենք լսել Եհովայի սիրո հավաստիացումը (Հովհաննես 16։27

10 Աստվածաշնչի միջոցով։ Եհովան տարբեր կերպերով ցույց է տալիս իր ժողովրդին, որ սիրում է նրանց, և որ նրանք ունեն իր հավանությունը։ Աստվածաշնչում խոսվում է երկու դեպքի մասին, երբ Եհովան Հիսուսին ասել է, որ նա իր սիրելի Որդին է, ում ինքը հավանել է (Մատթ. 3։17; 17։5)։ Կցանկանայի՞ր դու էլ Եհովայից նման հավաստիացում ստանալ։ Այսօր Եհովան մեզ հետ չի խոսում երկնքից, բայց նա դա անում է իր Խոսքի միջոցով։ Օրինակ՝ մենք կարող ենք լսել Եհովայի սիրո հավաստիացումը՝ կարդալով Ավետարաններում գրված Հիսուսի խոսքերը (կարդա Հովհաննես 16։27)։ Երկրի վրա եղած ժամանակ նա կատարելապես արտացոլում էր իր Հոր էությունը։ Ուստի երբ կարդում ենք, թե ինչպես էր Հիսուսը արտահայտում իր հավանությունը իր անկատար, բայց հավատարիմ հետևորդների հանդեպ, պատկերացնում ենք, որ Եհովան այդ խոսքերը մեզ է ասում (Հովհ. 15։9, 15

Եհովան բազմաթիվ կերպերով ցույց է տալիս, որ ունենք իր հավանությունը (տես պարբերություն 10)


11. Փորձությունների միջով անցնելը ինչո՞ւ չի նշանակում, որ կորցրել ենք Եհովայի հավանությունը (Հակոբոս 1։12

11 Իր գործերով։ Եհովան ցանկանում է օգնել մեզ, օրինակ՝ հոգ տանելով մեր նյութական կարիքների մասին։ Բայց երբեմն Եհովան կարող է թույլ տալ, որ դժվարություններ կրենք, ինչպես դա եղավ հավատարիմ Հոբի պարագայում (Հոբ 1։8-11)։ Երբ փորձություններ ենք ունենում, դա չի նշանակում, որ չունենք Աստծու հավանությունը։ Ընդհակառակը՝ դրանք հնարավորություն են տալիս մեզ փաստելու, թե որքան խորն է Եհովայի հանդեպ մեր սերն ու վստահությունը (կարդա Հակոբոս 1։12)։ Տեսնելով, թե ինչպես է Եհովան օգնում մեզ տոկալ՝ մենք կզգանք նրա հոգատարությունն ու աջակցությունը։

12. Ի՞նչ կարող ենք սովորել Դմիտրիի օրինակից։

12 Տեսնենք, թե ինչ է պատմում Ասիայում ապրող Դմիտրի անունով մի եղբայր։ Նա կորցրել էր աշխատանքը և ամիսներ շարունակ չէր կարողանում նորը գտնել։ Այնուամենայնիվ, եղբայրը որոշեց ընդլայնել ծառայությունը և այդպիսով փաստել իր վստահությունը Եհովայի հանդեպ։ Անցան ամիսներ, բայց նա դեռ աշխատանք չէր գտնում։ Այնուհետև, Դմիտրին լուրջ առողջական խնդիրներ ձեռք բերեց, ինչի պատճառով անկողնային հիվանդ դարձավ։ Նա սկսեց մտածել, որ այլևս լավ ամուսին և հոգատար հայր չէ և որ կորցրել է Եհովայի հավանությունը։ Մի երեկո նրա դուստրը թղթի վրա տպեց Եսայիա 30։15-ում գրված հետևյալ խոսքերը. «Ձեր զորությունը հանգստության և ապավինության մեջ կլինի»։ Նա մոտեցավ իր հոր անկողնուն և ցույց տալով թուղթը՝ ասաց. «Հայրի՛կ, երբ քեզ վատ զգաս, հիշիր այս համարը»։ Դմիտրին հասկացավ, որ Եհովայի շնորհիվ իր ընտանիքն ունի սնունդ, հագուստ և ծածկ։ Եղբայրն ասում է. «Ես պարզապես պետք է հանդարտ մնայի և շարունակեի ապավինել իմ Աստծուն»։ Եթե դու էլ ես նմանատիպ փորձության միջով անցնում, վստահ եղիր, որ Եհովան հոգ կտանի քո մասին և կօգնի՝ դիմանաս։

Եհովան բազմաթիվ կերպերով ցույց է տալիս, որ ունենք իր հավանությունը (տես պարբերություն 12) a


13. Հաճախ ո՞ւմ միջոցով է Եհովան դրսևորում իր բարեհաճությունը մեր հանդեպ, և ինչպե՞ս։

13 Հավատակիցների միջոցով։ Եհովան իր բարեհաճությունը ցույց է տալիս նաև մեր հավատակիցների միջոցով։ Նա կարող է մղել նրանց, որ ճիշտ պահին քաջալերական խոսքեր ասեն մեզ։ Քննենք Ասիայում ապրող քույրերից մեկի օրինակը, ում կյանքում ծանր շրջան սկսվեց։ Նա կորցրեց աշխատանքը և լուրջ առողջական խնդիր ձեռք բերեց։ Դա հերիք չէր, նրա ամուսինը լուրջ մեղք գործեց և դադարեց երեց լինելուց։ Քույրը պատմում է. «Չէի հասկանում, թե ինչու են ինձ հետ նման բաներ լինում։ Մտածում էի՝ երևի սխալ բան եմ արել և կորցրել եմ Եհովայի հավանությունը»։ Նա աղաչում էր Եհովային, որ ինչ-որ ձևով ցույց տա, որ շարունակում է սիրել իրեն։ Իսկ ինչպե՞ս Եհովան դա արեց։ Քույրը պատմում է. «Երեցները զրուցեցին ինձ հետ և վստահեցրին, որ Եհովան սիրում է ինձ»։ Որոշ ժամանակ անց այս քույրը օգնության համար կրկին դիմեց Եհովային։ Նա ասում է. «Հենց նույն օրը նամակ ստացա ժողովի մի խումբ հավատակիցներից։ Երբ կարդում էի նրանց մխիթարական խոսքերը, հասկացա, որ Եհովան լսել է աղոթքս»։ Այո՛, Եհովան մեր հանդեպ իր հավանությունը հաճախ արտահայտում է ուրիշների ջերմ խոսքերի միջոցով (Սաղ. 10։17

Եհովան բազմաթիվ կերպերով ցույց է տալիս, որ ունենք իր հավանությունը (տես պարբերություն 13) b


14. Ուրիշ ինչպե՞ս է Եհովան ցույց տալիս իր բարեհաճությունը։

14 Եհովան դրսևորում է իր բարեհաճությունը նաև այն ժամանակ, երբ մեր հավատակիցների միջոցով խրատում է մեզ։ Օրինակ՝ առաջին դարում նա Պողոսին ներշնչեց, որ նամակներ գրի իր հավատակիցներին։ Առաքյալը 14 նամակ գրեց, որոնք պարունակում էին հստակ և սիրառատ խորհուրդներ։ Իսկ ինչո՞ւ Եհովան Պողոսին ներշնչեց նման բան անել։ Նա հոգատար Հայր է, և խրատում է նրանց, ում սիրում է (Առակ. 3։11, 12)։ Ուստի, երբ Աստվածաշնչի վրա հիմնված խորհուրդ ենք ստանում, չպետք է մտածենք, թե կորցրել ենք նրա հավանությունը։ Ընդհակառակը՝ այն պետք է դիտենք որպես Աստծու հավանությունն ունենալու ապացույց (Եբր. 12։6)։ Ուրիշ ի՞նչն է ցույց տալիս, որ ունենք Եհովայի բարեհաճությունը։

ՈՒՐԻՇ Ի՞ՆՉ ԿԵՐՊԵՐՈՎ Է ԵՀՈՎԱՆ ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ ԻՐ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ

15. Ո՞ւմ է Եհովան տալիս իր սուրբ ոգին, և դա իմանալը ինչո՞ւմ կարող է մեզ հավաստիացնել։

15 Եհովան իր սուրբ ոգին է տալիս նրանց, ում հավանում է (Մատթ. 12։18)։ Կարող ենք ինքներս մեզ հարցնել. «Ինձ հաջողվո՞ւմ է դրսևորել Աստծու ոգու պտղի հատկությունները։ Նկատո՞ւմ եմ, որ Եհովային ճանաչելուց հետո մարդկանց հանդեպ ավելի համբերատար եմ դարձել»։ Որքան շատ զարգացնես ոգու պտղի գեղեցիկ հատկությունները, այնքան ավելի համոզված կլինես, որ ունես Եհովայի հավանությունը (տես « Ոգու պտղի հատկությունները» շրջանակը)։

Ինչպե՞ս կարող ես համոզվել, որ ունես Եհովայի բարեհաճությունը (տես պարբերություն 15)


16. Ո՞ւմ է Եհովան վստահում բարի լուրը քարոզելու գործը, և ի՞նչ ես զգում՝ իմանալով այդ մասին (1 Թեսաղոնիկեցիներ 2։4

16 Եհովան բարի լուրը քարոզելու գործը վստահում է նրանց, ում հավանում է (կարդա 1 Թեսաղոնիկեցիներ 2։4)։ Տեսնենք, թե Ջոսելին անունով մի քույր ինչ օգուտներ քաղեց՝ բարի լուրը պատմելով ուրիշներին։ Մի օր Ջոսելինը արթնացավ շատ վհատված։ Նա ասում է. «Ուժ չունեի։ Ինձ թվում էր՝ ես բանի պետք չեմ։ Բայց ես ռահվիրա էի, և այդ օրը իմ ծառայության օրն էր։ Ուստի աղոթեցի և գնացի ծառայության»։ Այդ օրը Ջոսելինը հանդիպեց Մերի անունով մի բարեհամբույր կնոջ, ով համաձայնվեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Մի քանի ամիս հետո Մերին պատմեց, որ երբ Ջոսելինը թակեց իր դուռը, ինքը աղոթքով օգնություն էր խնդրում Աստծուց։ Ի՞նչ սովորեց Ջոսելինը այդ դեպքից։ Նա ասում է. «Կարծես Եհովան ինձ ասեր. «Դու ունես իմ հավանությունը»»։ Իհարկե, ոչ բոլորը դրականորեն կարձագանքեն մեր քարոզած լուրին, բայց կարող ենք համոզված լինել, որ երբ փորձում ենք ծառայության մեջ մեր լավագույնն անել, ուրախացնում ենք Եհովային։

Ինչպե՞ս կարող ես համոզվել, որ ունես Եհովայի բարեհաճությունը (տես պարբերություն 16) c


17. Ի՞նչ ես սովորում փրկագնի վերաբերյալ Վիկիի նշած մտքերից (Սաղմոս 5։12

17 Եհովան փրկագնի հիման վրա ներում է իր հավանությունն ունեցող մարդկանց մեղքերը (1 Տիմոթ. 2։5, 6)։ Բայց ի՞նչ կարող ենք անել, եթե մեր սիրտը չի ցանկանում ընդունել, որ մենք հաճելի ենք Եհովային, չնայած որ հավատում ենք փրկագնին և մկրտված ենք։ Մեր զգացմունքները միշտ չէ, որ վստահելի են, բայց Եհովային միշտ կարող ենք վստահել։ Փրկագնին հավատացող մարդկանց նա արդար է համարում և խոստանում է օրհնել (կարդա Սաղմոս 5։12; Հռոմ. 3։26)։ Տեսնենք, թե փրկագնի շուրջ խորհրդածելը ինչպես է օգնել Վիկի անունով մի քրոջ։ Նա պատմում է, որ մի օր փրկագնի մասին խորությամբ մտածելուց հետո հասկացավ, որ Եհովան երկար ժամանակ համբերատար է եղել իր հանդեպ։ Վիկին ասում է. «Իսկ ես, փաստորեն, նրան ասում էի. «Քո սերը այնքան մեծ չէ, որ ինձ էլ բաժին հասնի։ Քո Որդու զոհը բավարար չէ, որ քավի իմ մեղքերը»»։ Այդ թանկ նվերի՝ փրկագնի շուրջ խորհելով՝ Վիկին վերջապես սկսեց զգալ, որ Եհովան սիրում է իրեն։ Եթե խորհրդածենք փրկագնի շուրջ, մենք նույնպես կհավաստիանանք, որ Եհովան սիրում է մեզ, և որ մենք ունենք նրա հավանությունը։

Ինչպե՞ս կարող ես համոզվել, որ ունես Եհովայի բարեհաճությունը (տես պարբերություն 17)


18. Ինչո՞ւմ կարող ենք համոզված լինել, եթե շարունակենք սիրել մեր երկնային Հորը։

18 Հնարավոր է՝ անգամ վերոնշյալ առաջարկները կիրառելուց հետո երբեմն վհատվես ու սկսես կասկածել, որ Եհովան հավանում է քեզ։ Եթե նման բան լինի, հիշիր, որ «[Եհովային] սիրողները» ունեն նրա հավանությունը (Հակ. 1։12)։ Ուստի շարունակիր մտերմանալ Եհովայի հետ և ուշադիր եղիր, որ նկատես, թե ինչպես է նա քո հանդեպ դրսևորում իր բարեհաճությունը։ Միշտ հիշիր՝ Եհովան «մեզանից յուրաքանչյուրիցս հեռու չէ» (Գործ. 17։27

Ի՞ՆՉ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՍ

  • Ինչո՞ւ ոմանք գուցե մտածեն, որ չունեն Եհովայի հավանությունը։

  • Ինչպե՞ս է Եհովան ցույց տալիս իր բարեհաճությունը մեր հանդեպ։

  • Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ ունենք Աստծու հավանությունը։

ԵՐԳ 88 Ճանաչեցրու ինձ քո ճանապարհները

a ՆԿԱՐ։ Բեմականացված նկար

b ՆԿԱՐ։ Բեմականացված նկար

c ՆԿԱՐ։ Բեմականացված նկար