Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 11

ԵՐԳ 129 Պիտի շարունակենք տոկալ

Շարունակիր ծառայել Եհովային՝ չնայած հիասթափություններին

Շարունակիր ծառայել Եհովային՝ չնայած հիասթափություններին

«Շատ բաների ես դիմացել հանուն իմ անվան» (ՀԱՅՏՆ. 2։3

ՀՈԴՎԱԾԻՑ ԿԻՄԱՆԱՆՔ

Չնայած հիասթափություններին՝ մենք կարող ենք շարունակել հավատարմորեն ծառայել Եհովային։

1. Ի՞նչ օրհնություններ ենք վայելում՝ լինելով Եհովայի կազմակերպության մի մասը։

 ԱՅՍ անհանգիստ ժամանակներում մեզ համար մեծ օրհնություն է լինել Եհովայի կազմակերպության մի մասը։ Գնալով աշխարհի վիճակը վատանում է, բայց Եհովան մեզ տվել է միասնական հոգևոր ընտանիք, որը օգնության աղբյուր է մեզ համար (Սաղ. 133։1)։ Նա նաև օգնում է մեզ, որ մեր ընտանեկան կապերը ամուր պահենք (Եփես. 5։33-6։1)։ Բացի այդ՝ տալիս է հասկացողություն և իմաստություն, ինչի շնորհիվ կարողանում ենք ներքին խաղաղություն պահպանել։

2. Ի՞նչ պետք է անենք և ինչո՞ւ։

2 Այնուամենայնիվ, Եհովային հավատարիմ մնալու համար մենք պետք է ջանքեր գործադրենք։ Ինչո՞ւ։ Քանի որ հնարավոր է՝ երբեմն վիրավորվենք ուրիշների անկատարության դրսևորումներից կամ վհատվենք մեր իսկ թերությունների պատճառով, հատկապես եթե նույն սխալը մի քանի անգամ ենք անում։ Տեսնենք, թե ինչը կօգնի մեզ՝ 1) երբ հավատակիցը վիրավորում է, 2) երբ մեր կողակիցը հիասթափեցնում է, և 3) երբ հիասթափվում ենք ինքներս մեզանից։ Հոդվածում կքննենք այս իրավիճակներից յուրաքանչյուրը և կտեսնենք, թե ինչ կարող ենք սովորել աստվածաշնչյան ժամանակներում ապրած հավատարիմ ծառաներից, ովքեր նմանատիպ խնդիրների են բախվել։

ԵՐԲ ՀԱՎԱՏԱԿԻՑԸ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ Է

3. Ի՞նչ դժվարության են բախվում Եհովայի ծառաները։

3 Դժվարություն։ Որոշ հավատակիցներ այնպիսի բնավորության գծեր ունեն, որոնք նյարդայնացնում են մեզ։ Ոմանք էլ գուցե հիասթափեցնեն մեզ կամ սխալ վարվեն մեզ հետ։ Հնարավոր է նաև՝ երեցները սխալներ թույլ տան։ Նման բաների պատճառով ոմանք գուցե կասկածեն, որ սա Աստծու կազմակերպությունն է։ Հավատակիցների հետ Եհովային «ուս ուսի» ծառայելու փոխարեն նրանք գուցե այլևս չշփվեն նրանց հետ, ովքեր վիրավորել են իրենց, և նույնիսկ այլևս ժողով չգնան (Սոփ. 3։9)։ Արդյո՞ք այդպես վարվելը իմաստուն է։ Տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել աստվածաշնչյան մի կերպարից, ով նման դժվարությունների միջով է անցել։

4. Ի՞նչ դժվարությունների բախվեց Պողոս առաքյալը։

4 Աստվածաշնչյան օրինակ։ Պողոս առաքյալը գիտեր, որ իր հավատակիցները անկատար են։ Օրինակ՝ Երուսաղեմում գտնվող ժողովից ոմանք չէին հավատում, որ նա իսկապես աշակերտ է դարձել և խուսափում էին նրանից (Գործ. 9։26)։ Հետագայում որոշ հավատակիցներ նրա հետևից խոսում էին ու վարկաբեկում նրա համբավը (2 Կորնթ. 10։10)։ Իսկ մի անգամ Պողոսը ականատես եղավ, թե ինչպես է պատասխանատու եղբայրներից մեկը սխալ վարվում, ինչը կարող էր գայթակղության պատճառ լինել մյուսների համար (Գաղ. 2։11, 12)։ Մի առիթով էլ նրա մտերիմ ընկերներից մեկը՝ Մարկոսը, մեծ հիասթափություն պատճառեց նրան (Գործ. 15։37, 38)։ Այս իրավիճակներից յուրաքանչյուրում Պողոսը կարող էր վիրավորվել հավատակիցներից և այլևս չշփվել նրանց հետ։ Բայց նա շարունակեց դրական տեսակետ ունենալ եղբայրների ու քույրերի մասին և ակտիվ մնաց ծառայության մեջ։ Տեսնենք, թե ինչն օգնեց Պողոսին։

5. Ի՞նչն էր օգնում Պողոսին մտերիմ մնալ եղբայրների և քույրերի հետ (Կողոսացիներ 3։13, 14; տես նաև նկարը)։

5 Պողոսը սիրում էր իր հավատակիցներին, ինչն էլ օգնեց նրան, որ կենտրոնացած մնա նրանց լավ կողմերի վրա, ոչ թե անկատարության դրսևորումների։ Սերը նաև օգնեց Պողոսին, որ կիրառի իր իսկ տված խորհուրդը, որը գրված է Կողոսացիներ 3։13, 14 համարներում (կարդա)։ Քննենք առաքյալի կյանքից մի դեպք։ Թեև Պողոսի առաջին շրջագայության ժամանակ Մարկոսը լքել էր նրան, առաքյալը վիրավորված չմնաց նրանից։ Դա իմանում ենք Կողոսայի ժողովին ուղղված նրա նամակից։ Այդ ջերմ նամակում Պողոսը գովում է Մարկոսին՝ որպես լավ համագործակցի, ով «զորավիգ է եղել» իրեն (Կող. 4։10, 11)։ Իսկ Հռոմում բանտարկված ժամանակ նա խնդրում է, որ հենց Մարկոսին ուղարկեն իրեն օգնելու համար (2 Տիմոթ. 4։11)։ Տեսնում ենք, որ Պողոսը ներում էր իր հավատակիցներին և պահպանում էր մտերմությունը նրանց հետ։ Ի՞նչ կարող ենք սովորել նրանից։

Պողոսը տարաձայնություն ուներ Բառնաբասի և Մարկոսի հետ, բայց առաքյալը անտեսեց դա և հետագայում ուրախությամբ համագործակցեց Մարկոսի հետ (տես պարբերություն 5)


6-7. Ի՞նչը կարող է օգնել մեզ, որ շարունակենք սեր դրսևորել մեր եղբայրների ու քույրերի հանդեպ՝ չնայած նրանց անկատարության դրսևորումներին (1 Հովհաննես 4։7

6 Ի՞նչ ենք սովորում։ Եհովան ուզում է, որ շարունակ սեր դրսևորենք մեր եղբայրների ու քույրերի հանդեպ (կարդա 1 Հովհաննես 4։7)։ Երբ մեր հավատակիցը թերանում է որևէ քրիստոնեական հատկություն դրսևորելու հարցում, նրան վատ մղումներ վերագրելու փոխարեն մենք պետք է մտածենք, որ նա ցանկանում է հետևել աստվածաշնչյան սկզբունքներին և այդ պահին պարզապես անմտածված է գործել (Առակ. 12։18)։ Աստված սիրում է իր հավատարիմ ծառաներին՝ անկախ նրանց թերացումներից։ Երբ սխալ ենք վարվում, նա կապերը չի խզում մեզ հետ և ոխ չի պահում (Սաղ. 103։9)։ Անչափ կարևոր է, որ մենք ընդօրինակենք մեր ներողամիտ Հորը (Եփես. 4։32-5։1

7 Նաև հիշիր, որ ինչքան մոտենում ենք այս աշխարհի վերջին, այնքան ավելի մտերիմ պետք է լինենք մեր եղբայրների ու քույրերի հետ։ Մենք ակնկալում ենք, որ հալածանքը գնալով կուժգնանա։ Նույնիսկ հնարավոր է, որ մեր հավատի համար հայտնվենք բանտում։ Այդ ժամանակ մենք առավել, քան երբևէ, կունենանք մեր եղբայրների ու քույրերի կարիքը (Առակ. 17։17)։ Տեսնենք, թե ինչ եղավ Իսպանիայում ապրող երեցներից մեկի՝ Ջուզեպի a հետ։ Նա մի քանի այլ եղբայրների հետ չեզոքության համար բանտարկված էր։ Ջուզեպը պատմում է. «Բանտում հեշտ էր նյարդայնանալ միմյանց վրա, քանի որ բոլորս միասին էինք ապրում։ Մենք պետք է համբերեինք իրար և մեծահոգաբար ներեինք միմյանց։ Դրա շնորհիվ մենք միասնական էինք և թիկունք էինք կանգնում իրար, հատկապես որ շրջապատված էինք Եհովային չծառայող մարդկանցով։ Մի անգամ ձեռքս այնպես էի վնասել, որ դրանով ոչինչ չէի կարողանում անել։ Բայց եղբայրներից մեկը լվանում էր իմ հագուստը և այլ գործնական կերպերով հոգ էր տանում իմ մասին։ Դա իսկական սիրո դրսևորում էր, ինչի կարիքը այդ պահին շատ ունեի»։ Այո՛, մենք հիմնավոր պատճառներ ունենք հենց այսօր հարթելու մեր միջև ծագած տարաձայնությունները։

ԵՐԲ ԿՈՂԱԿԻՑԴ ՀԻԱՍԹԱՓԵՑՆՈՒՄ Է

8. Ի՞նչ դժվարության են բախվում ամուսնացածները։

8 Դժվարություն։ Բոլոր ամուսնությունների մեջ էլ դժվարություններ լինում են։ Աստվածաշնչում պարզ գրված է, որ ամուսնացողները «դժվարություններ կունենան իրենց կյանքում» (1 Կորնթ. 7։28)։ Պատճառն այն է, որ ամուսնությունը միավորում է երկու անկատար մարդկանց, որոնք տարբեր բնավորության գծեր ու նախասիրություններ ունեն։ Կողակիցները տարբեր ընտանիքներից են և հնարավոր է՝ տարբեր դաստիարակություն են ստացել։ Բացի այդ՝ ժամանակի ընթացքում նրանք գուցե սկսեն դրսևորել այնպիսի հատկություններ, որոնք նախքան ամուսնությունը նկատելի չէին։ Այս ամենի պատճառով ընտանիքում կարող է լարվածություն առաջանալ։ Հնարավոր է՝ կողակիցները մեղադրեն միմյանց, փոխարենը ընդունելու, որ ստեղծված իրավիճակում յուրաքանչյուրն իր մեղքի բաժինն ունի և պետք ջանքեր ներդնի, որպեսզի լուծի խնդիրը։ Նրանք գուցե այնպիսի եզրակացության գան, որ իրենց խնդրի լուծումը անջատ ապրելն է կամ ամուսնալուծվելը։ Բայց արդյո՞ք դա այդպես է։ b Քննենք աստվածաշնչյան մի կերպարի օրինակ և տեսնենք, թե նա ինչպես է պահպանել իր ամուսնությունը ծայրահեղ դժվար հանգամանքներում։

9. Ի՞նչ դժվարություն ուներ Աբիգեան։

9 Աստվածաշնչյան օրինակ։ Աբիգեան ամուսնացած էր Նաբաղի հետ, ով ինչպես Աստվածաշունչն է ասում, կոպիտ և չարագործ մարդ էր (1 Սամ. 25։3)։ Աբիգեայի համար պետք է որ դժվար լիներ ապրել նման մարդու հետ։ Բայց արդյո՞ք նա կերպեր էր փնտրում վերջ դնելու իր ամուսնությանը։ Ո՛չ։ Հիշենք այն դեպքը, երբ Իսրայելի ապագա թագավոր Դավիթը պատրաստվում էր սպանել Աբիգեայի ամուսնուն, ով վիրավորել էր իրեն և իր մարդկանց (1 Սամ. 25։9-13)։ Դա շատ լավ հնարավորություն էր Աբիգեայի համար. փախչել և թույլ տալ Դավթին իրագործել իր ծրագրածը։ Բայց նա միջամտեց և համոզեց Դավթին, որ չսպանի Նաբաղին (1 Սամ. 25։23-27)։ Ո՞րն էր պատճառը, որ Աբիգեան այդպես վարվեց։

10. Թերևս ի՞նչը մղեց Աբիգեային վերջ չդնելու իր ամուսնությանը։

10 Աբիգեան սիրում էր Եհովային և հարգում էր ամուսնության վերաբերյալ նրա սահմանած չափանիշները։ Անկասկած, նա գիտեր, թե ինչ է Եհովան ասել Ադամին ու Եվային առաջին ամուսնությունը հիմնելիս (Ծննդ. 2։24)։ Աբիգեան գիտեր, որ Եհովան ամուսնությունը սուրբ է համարում։ Այս հավատարիմ կինը ցանկանում էր հաճեցնել Աստծուն։ Դա էր պատճառը, որ ամեն բան արեց իր տան անդամներին, այդ թվում՝ իր ամուսնուն փրկելու համար։ Նա անմիջապես գործի անցավ, որպեսզի կանխի Նաբաղի սպանությունը։ Բացի այդ՝ պատրաստակամորեն ներողություն խնդրեց մի սխալի համար, որը չէր արել։ Անշուշտ, Եհովան սիրում էր իր այս քաջ և անձնազոհ ծառային։ Իսկ ի՞նչ կարող են ամուսիններն ու կանայք սովորել Աբիգեայի օրինակից։

11. ա) Ի՞նչ է Եհովան ակնկալում ամուսնացածներից (Եփեսացիներ 5։33)։ բ) Ի՞նչ ես սովորում Կարմենից (տես նաև նկարը)։

11 Ի՞նչ ենք սովորում։ Եհովան ցանկանում է, որ ամուսնացածները հարգեն ամուսնական կառույցը, նույնիսկ եթե կյանքը իրենց կողակցի հետ հեշտ չէ։ Անկասկած, Եհովան շատ է ուրախանում՝ տեսնելով, որ ամուսինները ջանք չեն խնայում, որպեսզի լուծեն իրենց խնդիրները և անձնազոհ սեր ու հարգանք ցուցաբերեն միմյանց հանդեպ (կարդա Եփեսացիներ 5։33)։ Տեսնենք, թե ինչ է պատմում Կարմեն անունով մի քույր։ Ամուսնությունից վեց տարի հետո Կարմենը սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների օգնությամբ և մկրտվեց։ Քույրն ասում է. «Ամուսնուս դա դուր չեկավ։ Նրան զայրացնում էր այն, որ ես ժամանակ էի տրամադրում հոգևոր գործերին և վճռական էի ծառայել Եհովային։ Նա վիրավորում էր ինձ և սպառնում ամուսնալուծվել»։ Կարմենն ամեն բան անում էր, որ պահպաներ իրենց ամուսնությունը։ 50 տարի շարունակ նա ջանք չի խնայել, որ իրենց ընտանիքում սեր ու հարգանք տիրի։ Կարմենն ասում է. «Տարիների ընթացքում սովորել եմ ավելի խորաթափանց լինել և նրբանկատորեն խոսել ամուսնուս հետ։ Իմանալով, որ ամուսնությունը սուրբ է Եհովայի համար՝ ես իմ ուժերի սահմաններում ամեն ինչ արել եմ, որ պահպանեմ ամուսնությունս։ Երբեք չեմ մտածել ամուսնուս լքելու մասին, քանի որ սիրում եմ Եհովային»։ c Եթե քո ընտանիքում էլ խնդիրներ ծագեն, համոզված եղիր, որ Եհովայի օգնությամբ կարող ես պահպանել ամուսնությունդ։

Ի՞նչ ես սովորում Աբիգեայից, ով պատրաստ էր իր ձեռքից եկածն անել իր տնեցիների կյանքը փրկելու համար (տես պարբերություն 11)


ԵՐԲ ՀԻԱՍԹԱՓՎՈՒՄ ԵՍ ԻՆՔԴ ՔԵԶՆԻՑ

12. Ի՞նչ դժվարության առաջ գուցե կանգնենք, երբ լուրջ մեղք ենք գործում։

12 Դժվարություն։ Լուրջ մեղք գործելուց հետո հնարավոր է՝ խիստ վհատվենք։ Աստվածաշունչն ասում է, որ մեր մեղքերի պատճառով մենք կարող ենք «կոտրված ու փշրված» զգալ (Սաղ. 51։17)։ Ռոբերտ անունով մի եղբայր տարիներ շարունակ ջանքեր էր ներդնում, որ համապատասխաներ ծառայող օգնական դառնալու պահանջներին, բայց մի օր նա լուրջ մեղք գործեց, ինչի պատճառով մտածում էր, որ դավաճանել է Եհովային։ Եղբայրն ասում է. «Խիղճս ահավոր տանջում էր։ Շատ ծանր ապրումներ ունեի։ Ես հեկեկալով աղոթում էի Եհովային։ Մտածում էի, որ Աստված երբեք էլ ուշադրություն չի դարձնի իմ աղոթքներին։ Ինչո՞ւ նա պետք է լսեր իմ աղոթքները. ես նրան հիասթափեցրել էի»։ Երբ լուրջ մեղք ենք գործում, գուցե այնքան ընկճվենք, որ սկսենք մտածել, թե Եհովան լքել է մեզ, և նրան ծառայելը այլևս իմաստ չունի (Սաղ. 38։4)։ Եթե դու էլ նման զգացումներ ունես, ուշադրություն դարձրու աստվածաշնչյան մի կերպարի օրինակին, ով շարունակեց ծառայել Եհովային, թեև լուրջ մեղք էր գործել։

13. Ի՞նչ ծանր մեղք գործեց Պետրոսը, և ի՞նչը հանգեցրեց դրան։

13 Աստվածաշնչյան օրինակ։ Հիսուսի մահվանը նախորդող գիշերը Պետրոս առաքյալը մի շարք սխալներ թույլ տվեց, որոնց պատճառով շատ լուրջ մեղք գործեց։ Նախ՝ նա ինքնավստահություն դրսևորեց՝ պարծենալով, թե հավատարիմ կմնա Հիսուսին, անգամ եթե մյուս առաքյալները լքեն նրան (Մարկ. 14։27-29)։ Այնուհետև՝ Գեթսեմանի պարտեզում Պետրոսը մի քանի անգամ թերացավ արթուն մնալ (Մարկ. 14։32, 37-41)։ Իսկ երբ զինված ամբոխը եկավ Հիսուսին ձերբակալելու, Պետրոսը լքեց նրան (Մարկ. 14։50)։ Այս ամենից հետո Պետրոսը երեք անգամ ժխտեց, որ ճանաչում է Հիսուսին, և անգամ այդ սուտը երդումով հաստատեց (Մարկ. 14։66-71)։ Իսկ ի՞նչ արեց Պետրոսը, երբ գիտակցեց իր մեղքի ծանրությունը։ Մեղավորության զգացումից փշրված՝ նա չդիմացավ և սկսեց դառնապես լաց լինել (Մարկ. 14։72)։ Միայն պատկերացրու, թե ինչ ծանր ապրումներ ունեցավ Պետրոսը, երբ ժամեր անց նրա ընկերոջը՝ Հիսուսին, մահվան մատնեցին։ Անարժեքության զգացումը ակներևաբար տանջում էր նրան։

14. Ի՞նչն օգնեց Պետրոսին, որ շարունակի հավատարմորեն ծառայել Եհովային (տես նկարը)։

14 Ի՞նչն օգնեց Պետրոսին, որ շարունակի հավատարմորեն ծառայել Եհովային։ Նախ՝ նա չմեկուսացավ։ Նա գնաց իր հոգևոր եղբայրների մոտ, և նրանք, անկասկած, մխիթարեցին նրան (Ղուկ. 24։33)։ Բացի այդ՝ հարություն առնելուց հետո Հիսուսը հայտնվեց Պետրոսին, հավանաբար, վերջինիս քաջալերելու համար (Ղուկ. 24։34; 1 Կորնթ. 15։5)։ Իսկ հետագայում Պետրոսին նախատելու փոխարեն Հիսուսն ասաց, որ նա ավելի մեծ պատասխանատվություններ է ստանձնելու (Հովհ. 21։15-17)։ Պետրոսը գիտեր, որ ծանր մեղք է գործել, բայց թևաթափ չեղավ, քանի որ համոզված էր, որ իր Տերը՝ Հիսուսը, հույսը չի կտրել իրենից։ Բացի այդ՝ նրա հոգևոր եղբայրներն ու քույրերը շարունակում էին աջակցել նրան։ Տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել Պետրոսի օրինակից։

Հովհաննես 21։15-17 համարներից տեսնում ենք, որ Հիսուսը հույսը չէր կտրել Պետրոսից, ինչը ոգևորեց վերջինիս, որ շարունակի իր հավատարիմ ընթացքը (տես պարբերություն 14)


15. Եհովան ուզում է, որ ինչո՞ւմ համոզված լինենք (Սաղմոս 86։5; Հռոմեացիներ 8։38, 39; տես նաև նկարը)։

15 Ի՞նչ ենք սովորում։ Եհովան ուզում է, որ մենք երբեք չկասկածենք նրա սիրո և ներողամտության մեջ (կարդա Սաղմոս 86։5; Հռոմեացիներ 8։38, 39)։ Երբ մեղք ենք գործում, մեղավորության զգացում ենք ունենում, ինչը բնական է ու տեղին։ Բայց մենք չպետք է մտածենք, որ Եհովան մեզ այլևս չի սիրում ու երբեք չի ների։ Փոխարենը՝ պետք է անմիջապես օգնության դիմենք։ Ռոբերտը, ում մասին արդեն խոսեցինք, ասում է. «Ես մեղք գործեցի, քանի որ գայթակղությանը դիմակայելու հարցում իմ ուժերին էի վստահում»։ Նա հասկացավ, որ պետք է խոսի երեցների հետ։ Ռոբերտն ասում է. «Երբ դիմեցի այդ քայլին, անմիջապես զգացի, որ Եհովան սիրում է ինձ։ Երեցները հույսը չէին կտրել ինձանից։ Նրանք վստահեցրին, որ Եհովան ինձ չի լքել»։ Մենք նույնպես կարող ենք համոզված լինել, որ եթե զղջում ենք մեր մեղքերի համար, օգնության ենք դիմում, և ամեն կերպ փորձում ենք չանել նույն սխալները, Եհովան ներում է մեզ և շարունակում է սիրել (1 Հովհ. 1։8, 9)։ Եթե համոզված լինենք դրանում, թևաթափ չենք լինի, երբ սայթաքենք կամ ընկնենք։

Ինչո՞ւմ ես հավաստիանում՝ տեսնելով, թե որքան բան են անում երեցները քեզ օգնելու համար (տես պարբերություն 15)


16. Ինչո՞ւ ես վճռել շարունակ հավատարմորեն ծառայել Եհովային։

16 Եհովան թանկ է գնահատում մեր ջանքերը, որ ներդնում ենք այս վերջին դժվար ժամանակներում իրեն ծառայելու համար։ Եհովայի օգնությամբ մենք կարող ենք շարունակել հավատարմորեն ծառայել իրեն՝ չնայած հիասթափություններին։ Մենք կարող ենք սեր զարգացնել մեր եղբայրների ու քույրերի հանդեպ և ներել նրանց, նույնիսկ երբ նրանք վիրավորում են մեզ։ Եթե վճռական լինենք լուծելու այն խնդիրները, որ ծագում են մեր ընտանիքում, ցույց կտանք, թե որքան շատ ենք սիրում Եհովային և հարգում նրա հաստատած ամուսնական կառույցը։ Իսկ եթե մեղք գործենք, կփնտրենք Եհովայի օգնությունը, կընդունենք նրա սերն ու ներողամտությունը և կշարունակենք ծառայել նրան։ Կարող ենք վստահ լինել, որ առատ օրհնություններ կունենանք, եթե «չհոգնենք բարին անելուց» (Գաղ. 6։9

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՀԱՎԱՏԱՐՄՈՐԵՆ ԾԱՌԱՅԵԼ ԵՀՈՎԱՅԻՆ, ԵՐԲ՝

  • հավատակիցը վիրավորում է մեզ,

  • կողակիցը հիասթափեցնում է մեզ,

  • հիասթափվում ենք ինքներս մեզանից։

ԵՐԳ 139 Տես քեզ նոր աշխարհում

a Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։

b Աստծու Խոսքը չի խրախուսում ամուսնուն և կնոջը առանձին ապրել և հստակ ցույց է տալիս, որ առանձին ապրելը կողակիցներին վերամուսնանալու իրավունք չի տալիս։ Բայց կան այնպիսի լուրջ հանգամանքներ, որոնց պարագայում որոշ քրիստոնյաներ որոշում են իրենց կողակցից առանձին ապրել (տես «Վայելիր կյանքը հավիտյան» գրքի հավելյալ տեղեկություններ բաժնի 4-րդ կետը՝ «Անջատ ապրել»)։