Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 9

ԵՐԳ 75 «Ահա՛ ես, ի՛նձ ուղարկիր»

Պատրա՞ստ ես նվիրվելու Եհովային

Պատրա՞ստ ես նվիրվելու Եհովային

«Ինչո՞վ հատուցեմ Եհովային ինձ արած իր բոլոր բարիքների համար» (ՍԱՂ. 116։12

ՀՈԴՎԱԾԻՑ ԿԻՄԱՆԱՆՔ

Հոդվածը կարող է օգնել քեզ այնքան մտերմանալ Եհովայի հետ, որ ցանկանաս նվիրվել նրան և մկրտվել։

1-2. Ի՞նչ է հարկավոր անել նախքան մկրտվելը։

 ՎԵՐՋԻՆ հինգ տարիների ընթացքում ավելի քան մեկ միլիոն մարդ մկրտվել է ու դարձել Եհովայի վկա։ Նրանցից շատերը առաջին դարի քրիստոնյաներից մեկի՝ Տիմոթեոսի պես ճշմարտությունը իմացել են «վաղ մանկությունից» (2 Տիմոթ. 3։14, 15)։ Մյուսները Եհովայի մասին իմացել են չափահաս տարիքում, ոմանք էլ՝ տարեց հասակում։ Օրինակ՝ մի կին, ով Աստվածաշունչ էր ուսումնասիրում Եհովայի վկաների օգնությամբ, մկրտվեց 97 տարեկանում։

2 Եթե դու էլ ես Աստվածաշունչ ուսումնասիրում կամ ծնվել ես Վկաների ընտանիքում, մտածո՞ւմ ես մկրտվելու մասին։ Եթե այդ քայլն անելու նպատակ ունես, դա շատ գովելի է։ Բայց նախքան մկրտվելը դու պետք է քո անձը նվիրես Եհովային։ Հոդվածը կօգնի հասկանալ, թե ինչ է նշանակում նվիրվել Աստծուն, և թե ինչու չպետք է վարանես այդ քայլն անել ու մկրտվել, եթե իհարկե պատրաստ ես դրան։

Ի՞ՆՉ Է ՆՎԻՐՈՒՄԸ

3. Բեր աստվածաշնչյան ժամանակներում ապրած մարդկանց օրինակներ, ովքեր նվիրվել են Եհովային։

3 Աստվածաշնչից իմանում ենք, որ երբ ինչ-որ մեկը նվիրվում է Եհովային, առանձնացվում է հատուկ նպատակի համար։ Ճիշտ է, իսրայելացիները որպես ազգ նվիրվել էին Եհովային, բայց որոշ իսրայելացիներ նվիրվում էին նրան հատուկ ձևով։ Նրանցից էր Ահարոնը, ով կրում էր «նվիրման սուրբ նշանը»։ Դա ոսկե փայլուն թիթեղ էր, որն ամրացված էր նրա խույրի առջևի մասում։ Այն ցույց էր տալիս, որ Ահարոնը առանձնացված էր Եհովային հատուկ ծառայություն մատուցելու համար, այսինքն՝ ծառայելու որպես քահանայապետ (Ղևտ. 8։9)։ Ուխտավորները նույնպես նվիրվում էին Եհովային հատուկ ձևով։ «Ուխտավոր» բառը ծագում է եբրայերեն «նազիր» բառից, որը նշանակում է «առանձնացված» կամ «նվիրված»։ Ուխտավորները պետք է հնազանդվեին հատուկ պատվերների, որոնք սահմանված էին իրենց համար Մովսիսական օրենքով (Թվեր 6։2-8

4. ա) Ի՞նչ իմաստով են Եհովային նվիրված մարդիկ առանձնացվում հատուկ նպատակի համար։ բ) Ի՞նչ է նշանակում «անձը ուրանալ» (տես նաև նկարը)։

4 Երբ նվիրվում ես Եհովային, որոշում ես դառնալ Հիսուս Քրիստոսի աշակերտ և Աստծու կամքը կատարելը քո կյանքում առաջնային համարել։ Իսկ ի՞նչ է դա ներառում։ Հիսուսն ասաց. «Եթե որևէ մեկն ուզում է իմ հետևից գալ, թող իր անձը ուրանա» (Մատթ. 16։24)։ «Թող իր անձը ուրանա» խոսքերը հունարենից կարելի է թարգմանել նաև այսպես՝ «Նա պետք է ինքն իրեն ասի՝ ոչ»։ Նվիրվելով Եհովային՝ դու պետք է «ոչ» ասես ցանկացած բանի, որը հակասում է նրա կամքին (2 Կորնթ. 5։14, 15)։ Դա նշանակում է «ոչ» ասել «մարմնի գործերին», ինչպիսին է սեռական անբարոյությունը (Գաղ. 5։19-21; 1 Կորնթ. 6։18)։ Արդյո՞ք նման սահմանափակումները կբարդացնեն քո կյանքը։ Ո՛չ, եթե սիրես Եհովային և համոզված լինես, որ նրա օրենքները քո օգտի համար են (Սաղ. 119։97; Ես. 48։17, 18)։ Նիկոլաս անունով մի եղբայր դա հետևյալ կերպ է նկարագրում. «Եհովայի չափանիշները կարող ես դիտել կա՛մ որպես բանտախցի ճաղեր, որոնք թույլ չեն տալիս քեզ անել այն, ինչ ուզում ես, կա՛մ որպես առյուծներից պաշտպանող ճաղեր»։

Եհովայի չափանիշները դիտում ես որպես բանտախցի ճաղե՞ր, որոնք քեզ հետ են պահում քո ուզածն անելուց, թե՞ որպես առյուծներից պաշտպանող ճաղեր (տես պարբերություն 4)


5. ա) Ինչպե՞ս է նվիրումը լինում։ բ) Ո՞րն է նվիրման և մկրտության տարբերությունը (տես նաև նկարը)։

5 Իսկ ինչպե՞ս է նվիրումը լինում։ Դու անձնական աղոթքով խոստանում ես Եհովային, որ միայն նրան ես պաշտելու և նրա կամքը կատարելը քո կյանքում առաջին տեղում ես դնելու։ Այդպիսով դու խոստանում ես միշտ սիրել նրան «քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով և քո ամբողջ ուժով» (Մարկ. 12։30)։ Քո նվիրման ժամանակ ներկա եք միայն դու ու Եհովան։ Ի տարբերություն նվիրման՝ մկրտությունը հանրային արարողություն է։ Մկրտվելով՝ դու ներկաներին ցույց ես տալիս, որ նվիրվել ես Աստծուն։ Նվիրումը սուրբ երդում է, և դու պետք է ձգտես պահել այն։ Եհովան էլ է ակնկալում, որ այդպես վարվես (Ժող. 5։4, 5

Եհովային նվիրվել նշանակում է անձնական աղոթքում խոստանալ, որ պաշտելու ես միայն նրան, և նրա կամքը կատարելը քո կյանքում առաջին տեղում ես դնելու (տես պարբերություն 5)


ԻՆՉՈ՞Ւ ՆՎԻՐՎԵԼ ԵՀՈՎԱՅԻՆ

6. Ի՞նչն է մղում անհատին, որ նվիրվի Եհովային։

6 Եհովային նվիրվելու գլխավոր պատճառը նրա հանդեպ սերն է։ Այդ սերը հիմնված չէ միայն զգացմունքների վրա։ Դրա հիմքում «ճշգրիտ գիտելիքներն» են ու «հոգևոր հասկացողությունը», բաներ, որոնք ձեռք բերելով՝ դու սկսել ես սիրել Եհովային (Կող. 1։9)։ Ուսումնասիրելով Աստվածաշունչը՝ դու համոզվել ես, որ՝ 1) Եհովան իրական անձ է, 2) Աստվածաշունչը նրա ներշնչումով է գրվել, և 3) նա իր կազմակերպության միջոցով իրականացնում է իր կամքը։

7. Ի՞նչ պետք է անենք նախքան մեր անձը Եհովային նվիրելը։

7 Նրանք, ովքեր որոշում են նվիրվել Եհովային, պետք է իմանան Աստծու Խոսքի հիմնական ուսմունքները և ապրեն աստվածաշնչյան չափանիշների համաձայն։ Նրանք իրենց հնարավորության սահմաններում ամեն բան անում են, որ ուրիշներին պատմեն իրենց հավատի մասին (Մատթ. 28։19, 20)։ Արդյունքում Եհովայի հանդեպ նրանց սերը աճում է, և նրանք մեծ ցանկությամբ են լցվում բացարձակ նվիրված լինելու նրան։ Քո պարագայում է՞լ է այդպես։ Եթե խոր սեր ունենաս Եհովայի հանդեպ, չես նվիրվի ու մկրտվի պարզապես քեզ Աստվածաշունչ ուսուցանողին ու ծնողներիդ հաճեցնելու համար, ոչ էլ դա կանես ընկերներիդ կողմից ընդունված լինելու համար։

8. Ի՞նչ դեր է խաղում երախտագիտությունը Եհովային նվիրվելու հարցում (Սաղմոս 116։12-14

8 Դու սրտանց կորոշես նվիրվել Եհովային, եթե մտածես այն բոլոր լավ բաների մասին, որ նա արել է քեզ համար (կարդա Սաղմոս 116։12-14)։ Աստվածաշնչում ասվում է, որ «ամեն բարի պարգև և ամեն կատարյալ նվեր» Եհովան է տալիս (Հակ. 1։17)։ Նա մեզ համար զոհել է իր Որդուն՝ Հիսուսին, և դա նրա տված մեծագույն նվերն է։ Միայն մտածիր այդ հրաշալի պարգևի մասին։ Հիսուսի զոհի շնորհիվ դու կարող ես մտերիմ լինել Եհովայի հետ և հավիտենական կյանքի հեռանկար ունենալ (1 Հովհ. 4։9, 10, 19)։ Եհովային նվիրվելը լավագույն կերպերից է, որով կարող ես ցույց տալ քո երախտագիտությունը նրա սիրո մեծագույն դրսևորման, ինչպես նաև նրա տված մյուս բոլոր օրհնությունների համար (2 Օրենք 16։17; 2 Կորնթ. 5։15)։ Մեր գնահատանքը նման կերպ արտահայտելու կարևորության մասին խոսվում է «Վայելիր կյանքը հավիտյան» գրքի 46-րդ դասի 4-րդ կետում, որի մաս է կազմում նաև «Ձեր պարգևները ներկայացրեք Աստծուն» երեք րոպեանոց տեսանյութը։

ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՍ ՆՎԻՐՎԵԼՈՒ ԵՎ ՄԿՐՏՎԵԼՈՒ

9. Եհովային նվիրվելու որոշումը կայացնելիս ինչո՞ւ չպետք է համեմատենք մեզ ուրիշների հետ։

9 Գուցե մտածես, որ պատրաստ չես նվիրելու կյանքդ Եհովային և մկրտվելու։ Հնարավոր է՝ դեռ փոփոխություններ պետք է անես, որ կյանքդ համապատասխանեցնես Եհովայի չափանիշներին, կամ էլ քեզ ավելի շատ ժամանակ է պետք հավատդ ամրացնելու համար (Կող. 2։6, 7)։ Աստվածաշունչ ուսումնասիրողները տարբեր արագությամբ են հոգևորապես առաջադիմում, և ոչ բոլոր երիտասարդներն են որոշակի տարիքում պատրաստ լինում նվիրվելու Եհովային և մկրտվելու։ Փորձիր հասկանալ, թե որ հարցերում բարելավումներ անելու կարիք ունես, և կատարիր անհրաժեշտ փոփոխությունները՝ առանց քեզ ուրիշների հետ համեմատելու (Գաղ. 6։4, 5

10. Ի՞նչ կարող ես անել, եթե զգում ես, որ պատրաստ չես նվիրվելու Եհովային և մկրտվելու (տես նաև « Վկաների ընտանիքում մեծացողների համար» շրջանակը)։

10 Նույնիսկ եթե տեսնում ես, որ դեռ պատրաստ չես նվիրվելու Եհովային, շարունակիր ձգտել այդ նպատակին։ Խնդրիր նրան, որ օգնի քեզ կատարել անհրաժեշտ փոփոխությունները (Փիլիպ. 2։13; 3։16)։ Համոզված եղիր, որ նա կլսի քո աղոթքը և կպատասխանի (1 Հովհ. 5։14

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՈՄԱՆՔ ՎԱՐԱՆՈՒՄ

11. Ինչպե՞ս է Եհովան օգնում մեզ, որ հավատարիմ մնանք իրեն։

11 Ոմանք, ովքեր պատրաստ են նվիրման ու մկրտության, վարանում են այդպես վարվել։ Նրանք թերևս մտածում են. «Բա որ լուրջ մեղք գործեմ ու զրկվեմ ընկերակցությունից»։ Եթե դու էլ նման մտավախություն ունես, համոզված եղիր, որ Եհովան կտա քեզ այն ամենը, ինչ անհրաժեշտ է «[իրեն] արժանի կերպով քայլելու [համար], որպեսզի լիովին հաճեցնես նրան» (Կող. 1։10)։ Նա նաև ուժ կտա, որ անես այն, ինչը ճիշտ է։ Եհովան շատերին է օգնել այդպես վարվել (1 Կորնթ. 10։13)։ Դա է պատճառներից մեկը, որ համեմատաբար քիչ թվով մարդիկ են զրկվում ընկերակցությունից։ Եհովան զինում է իր ծառաներին ամեն անհրաժեշտ բանով, որ իրեն հավատարիմ մնան։

12. Ինչպե՞ս կարող ենք խուսափել լուրջ մեղք գործելուց։

12 Բոլոր անկատար մարդիկ էլ կանգնում են սխալ անելու գայթակղության առաջ (Հակ. 1։14)։ Բայց դու ես որոշում՝ ինչպես վարվել գայթակղության բախվելիս։ Իրականում, կյանքիդ ղեկը քո ձեռքերում է։ Թեև որոշ մարդիկ հակառակն են պնդում, բայց դու կարող ես սովորել վերահսկել սխալ հակումներդ։ Նույնիսկ եթե որոշ սխալ ցանկություններ գլուխ բարձրացնեն, դու կարող ես որոշել չտրվել դրանց։ Որպեսզի կարողանաս այդպես վարվել, ամեն օր աղոթիր, Աստծու Խոսքի ուսումնասիրության լավ գրաֆիկ ունեցիր, հաճախիր ժողովի հանդիպումներին և ուրիշներին պատմիր քո հավատի մասին։ Եթե կանոնավորաբար անես այս ամենը, ուժ կունենաս ապրելու քո նվիրման համաձայն։ Միշտ հիշիր՝ Եհովան կօգնի քեզ այդ հարցում (Գաղ. 5։16

13. Ի՞նչ լավ օրինակ է Հովսեփը մեզ համար։

13 Քեզ համար ավելի հեշտ կլինի ապրել քո երդման համաձայն, եթե նախօրոք որոշես, թե ինչպես ես վարվելու գայթակղության բախվելիս։ Աստվածաշնչում մի շարք մարդկանց օրինակներ կան, ովքեր, ակներևաբար, այդպես են վարվել, չնայած որ նրանք նույնպես անկատար էին։ Նրանցից էր Հովսեփը։ Թեև Պետափրեսի կինը շարունակ փորձում էր գայթակղել նրան, բայց Հովսեփի դիրքորոշումը շատ հստակ էր։ Աստվածաշունչն ասում է, որ նա «մերժում էր» Պետափրեսի կնոջը և ասում. «Ինչպե՞ս կարող եմ անել այս մեծ չարիքը և մեղք գործել Աստծու դեմ» (Ծննդ. 39։8-10)։ Ակնհայտ է, որ գայթակղության բախվելուց առաջ Հովսեփը արդեն գիտեր, թե ինչպես է վարվելու նման իրավիճակում։ Դրա շնորհիվ նրա համար ավելի հեշտ էր փորձության պահին ճիշտ արձագանքել։

14. Ի՞նչ կարող ենք անել, որ պատրաստ լինենք դիմակայելու մեղք գործելու գայթակղությանը։

14 Ինչպե՞ս կարող ես ճիշտն անելու հարցում Հովսեփի նման վճռական լինել։ Այսօրվանից որոշիր, թե ինչպես ես վարվելու գայթակղության բախվելիս։ Սովորիր անմիջապես մերժել այն ամենը, ինչ Եհովան ատում է, և վճռիր անգամ չմտածել դրանց մասին (Սաղ. 97։10; 119։165)։ Այդ դեպքում փորձության բախվելիս չես վարանի ճիշտ վարվել, քանի որ արդեն կիմանաս, թե ինչպես ես արձագանքելու։

15. Ինչպե՞ս կարող է անհատը ցույց տալ, որ «ջանադրաբար փնտրում է» Եհովային (Եբրայեցիներ 11։6

15 Թերևս համոզված ես, որ գտել ես ճշմարտությունը, և ամբողջ սրտով ցանկանում ես ծառայել Եհովային, բայց ինչ-որ բան քեզ հետ է պահում նրան նվիրվելուց և մկրտվելուց։ Այդ դեպքում Դավիթ թագավորի պես աղերսագին խնդրիր Եհովային. «Քննի՛ր ինձ, ո՛վ Աստված, և ճանաչի՛ր իմ սիրտը։ Փորձի՛ր ինձ և իմացի՛ր ինձ անհանգստացնող մտքերը։ Տե՛ս, չկա՞ արդյոք իմ մեջ մի բան, որ ինձ սխալ ճանապարհով տանի։ Հավիտենության ճանապարհով ինձ առաջնորդիր» (Սաղ. 139։23, 24)։ Եհովան օրհնում է նրանց, ովքեր «ջանադրաբար փնտրում են իրեն»։ Եհովային նվիրվելու և մկրտվելու նպատակին ձգտելով՝ դու նրան ցույց ես տալիս, որ հենց այդպես ես վարվում (կարդա Եբրայեցիներ 11։6

ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ՄՏԵՐՄԱՆԱԼ ԵՀՈՎԱՅԻ ՀԵՏ

16-17. Ինչպե՞ս է Եհովան ձգում նրանց, ովքեր մեծանում են Վկաների ընտանիքում (Հովհաննես 6։44

16 Հիսուսն ասաց, որ իր աշակերտներին Եհովան է ձգել (կարդա Հովհաննես 6։44)։ Մի պահ մտածիր, թե ինչ տպավորիչ միտք է սա, և թե այն ինչպես է առնչվում քեզ։ Եհովան միայն նրանց է ձգում դեպի իրեն, ում մեջ ինչ-որ լավ բան է տեսնում։ Նա այդպիսի մարդկանց իր «հատուկ սեփականությունն» է համարում (2 Օրենք 7։6)։ Եհովան այդպես է վերաբերվում նաև քեզ։

17 Բայց հնարավոր է՝ դու մեծանում ես Վկաների ընտանիքում։ Գուցե մտածես, որ ծնողներիդ շնորհիվ է, որ ճշմարտության մեջ ես, ոչ թե այն պատճառով, որ Եհովան է ձգել քեզ։ Բայց Եհովան քեզ չի դիտում զուտ որպես խմբի մի մաս։ Նա ձգում է մարդկանց անհատապես, այդ թվում՝ նրանց, ովքեր Վկաների ընտանիքում են մեծանում։ Բացի այդ՝ Աստվածաշնչում ասվում է. «Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ» (Հակ. 4։8; 1 Տար. 28։9)։ Հետևաբար, երբ դու քայլեր ես ձեռնարկում Եհովայի հետ մտերմանալու համար, ինչպես նշվում է Հակոբոս 4։8-ում, նա էլ քեզ հետ է մտերմանում (համեմատիր 2 Թեսաղոնիկեցիներ 2։13

18. Ի՞նչ ենք քննելու հաջորդ հոդվածում (Սաղմոս 40։8

18 Երբ նվիրում ես կյանքդ Եհովային ու մկրտվում, ընդօրինակում ես Հիսուսին։ Նա պատրաստակամորեն կատարեց այն, ինչ կամենում էր իր Հայրը (կարդա Սաղմոս 40։8; Եբր. 10։7)։ Հաջորդ հոդվածից կիմանանք, թե ինչը կօգնի քեզ հավատարմորեն ծառայել Եհովային մկրտությունից հետո։

Ի՞ՆՉ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՍ

  • Ի՞նչ է նշանակում նվիրվել Եհովային։

  • Ի՞նչ դեր ունի երախտագիտությունը քո կյանքը Եհովային նվիրելու հարցում։

  • Ի՞նչը կօգնի քեզ խուսափել լուրջ մեղք գործելուց։

ԵՐԳ 38 Նա կզորացնի քեզ