Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 45

ԵՐԳ 138 «Ալևորության գեղեցկությունը»

Դասեր՝ հավատարիմ մարդկանց վերջին խոսքերից

Դասեր՝ հավատարիմ մարդկանց վերջին խոսքերից

«Տարեցներն իմաստություն ունեն, երկար կյանք ապրածները՝ ըմբռնողականություն» (ՀՈԲ 12։12

ՀՈԴՎԱԾԻՑ ԿԻՄԱՆԱՆՔ

Եհովա Աստծուն հնազանդվելը օրհնություններ է բերում հիմա, իսկ ապագայում հավիտենական կյանք կբերի։

1. Ինչո՞ւ ենք ասում, որ շատ բան ունենք սովորելու տարեցներից։

 ԿՅԱՆՔՈՒՄ կարևոր որոշումներ կայացնելիս բոլորս առաջնորդության կարիք ունենք։ Այդ հարցում մեզ կարող են օգնել երեցները և մյուս հասուն քրիստոնյաները։ Եթե նրանք տարիքով մեծ են, չի նշանակում, որ նրանց խորհուրդները արդիական չեն։ Եհովան ուզում է, որ սովորենք տարեցներից։ Նրանք մեզանից ավելի շատ փորձ ունեն, ավելի խոր հասկացողություն և իմաստություն (Հոբ 12։12

2. Ի՞նչ կիմանանք այս հոդվածից։

2 Աստվածաշնչյան ժամանակներում Եհովան հավատարիմ տարեցների միջոցով քաջալերում և առաջնորդում էր իր ժողովրդին։ Այդ հավատարիմների թվում էին Մովսեսը, Դավիթը, ինչպես նաև Հովհաննես առաքյալը։ Նրանք ապրել են տարբեր ժամանակաշրջաններում, և նրանց հանգամանքները խիստ տարբերվել են։ Իրենց կյանքի մայրամուտին նրանք իմաստուն խորհուրդներ են տվել երիտասարդներին։ Նրանցից յուրաքանչյուրը ընդգծել է Աստծուն հնազանդ լինելու կարևորությունը։ Եվ Եհովան նրանց իմաստուն խոսքերը գրել է տվել Աստվածաշնչում, որ մենք սովորենք դրանցից։ Անկախ նրանից՝ երիտասարդ ենք, թե տարեց, նրանց խորհուրդներին ուշադրություն դարձնելով՝ մեծ օգուտներ կքաղենք (Հռոմ. 15։4; 2 Տիմոթ. 3։16)։ Այս հոդվածում կքննենք այդ երեք հավատարիմ մարդկանց վերջին խոսքերը և կտեսնենք, թե ինչ դասեր են դրանցում պարփակված։

«ԿՅԱ՛ՆՔԸ ԸՆՏՐԵՔ, ՈՐ ԱՊՐԵՔ»

3. Ո՞վ է եղել Մովսեսը։

3 Մովսեսը անմնացորդ նվիրվածությամբ ծառայել է Եհովային։ Նա եղել է մարգարե, դատավոր, առաջնորդ ու պատմագիր և կյանքի մեծ փորձ է ունեցել։ Նա իսրայելացիներին դուրս է բերել Եգիպտոսից, որտեղ նրանք ստրուկ էին, և ականատես է եղել Եհովայի կատարած բազմաթիվ հրաշքներին։ Եհովայի ներշնչմամբ Մովսեսը գրել է Աստվածաշնչի առաջին հինգ գրքերը, ինչպես նաև 90-րդ և հավանաբար 91-րդ սաղմոսները։ Ըստ ամենայնի, նա նաև գրել է «Հոբ» գիրքը։

4. Մովսեսն ո՞ւմ քաջալերեց և ինչո՞ւ։

4 Իր մահից կարճ ժամանակ առաջ՝ 120 տարեկանում, Մովսեսը հավաքեց իսրայելացիներին, որ հիշեցնի այն ամենը, ինչ Եհովան արել էր նրանց համար։ Նրա ունկնդիրներից ոմանք երիտասարդ տարիքում ականատես էին եղել Եհովայի հրաշքներին և զարմանահրաշ գործերին, ինչպես նաև Եգիպտոսի նկատմամբ նրա իրականացրած դատավճիռներին (Ելք 7։3, 4)։ Նրանք քայլել էին Կարմիր ծովի ցամաքեցված հատակով և տեսել էին փարավոնի զորքի կործանումը (Ելք 14։29-31)։ Անապատում նրանք զգացել էին Եհովայի հոգատար ձեռքն ու պաշտպանությունը (2 Օրենք 8։3, 4)։ Այժմ, երբ իսրայելացիները Խոստացված երկրի շեմին էին, Մովսեսը վերջին անգամ թև տվեց նրանց։ a

5. Մովսեսի վերջին խոսքերը ինչո՞ւմ հավաստիացրին իսրայելացիներին (2 Օրենք 30։19, 20

5 Ի՞նչ ասաց Մովսեսը (կարդա 2 Օրենք 30։19, 20 Նա իսրայելացիներին հիշեցրեց նրանց հրաշալի ապագայի հեռանկարի մասին։ Եհովայի օրհնությամբ Իսրայելի ազգը կարող էր երկար ապրել Խոստացված երկրում, որը մի չքնաղ ու բերրի վայր էր։ Մովսեսն այս խոսքերով նկարագրեց այն. «Մեծ ու գեղեցիկ քաղաքներ, որոնք դուք չեք կառուցել, բարիքներով լի տներ, որոնք ձեր աշխատանքի արդյունքը չեն, քարե ջրավազաններ, որոնք դուք չեք փորել, խաղողի այգիներ ու ձիթենիներ, որոնք դուք չեք տնկել» (2 Օրենք 6։10, 11

6. Ինչո՞ւ Աստված թույլ տվեց, որ ուրիշ ազգերը նվաճեն Իսրայելը։

6 Մովսեսը նաև նախազգուշացրեց իսրայելացիներին, որ եթե ուզում են միշտ ապրել այդ հրաշալի երկրում, պետք է հնազանդվեն Եհովայի պատվիրաններին։ Մովսեսը նրանց հորդորեց «կյանքը ընտրել»՝ հնազանդվել Եհովային և հավատարիմ մնալ նրան։ Սակայն իսրայելացիները հեռացան Եհովայից։ Այդ պատճառով ժամանակի ընթացքում Աստված թույլ տվեց, որ ասորեստանցիները, իսկ հետագայում բաբելոնացիները նվաճեն նրանց երկիրն ու գերի տանեն նրանց (2 Թագ. 17։6-8, 13, 14; 2 Տար. 36։15-17, 20

7. Ի՞նչ ենք սովորում Մովսեսի խոսքերից (տես նաև նկարը)։

7 Ի՞նչ ենք սովորում։ Եթե հնազանդվենք, կապրենք։ Իսրայելացիների պես, որոնք Խոստացված երկրի շեմին էին, մենք էլ այսօր Աստծու խոստացած նոր աշխարհի շեմին ենք։ Շուտով մեր աչքերով կտեսնենք, թե ինչպես է երկիրը գեղեցիկ դրախտի վերածվում (Ես. 35։1; Ղուկ. 23։43)։ Սատանան ու դևերը կվերանան (Հայտն. 20։2, 3)։ Կեղծ կրոնը, որը մարդկանց հեռացնում է Եհովայից, նույնպես իսպառ կվերանա (Հայտն. 17։16)։ Մարդկային կառավարությունները չեն ճնշի իրենց հպատակներին (Հայտն. 19։19, 20)։ Ըմբոստները տեղ չեն ունենա դրախտում (Սաղ. 37։10, 11)։ Բոլոր մարդիկ կհնազանդվեն Եհովայի արդար օրենքներին, որոնք նպաստում են խաղաղությանն ու միասնությանը։ Նրանք կսիրեն և կվստահեն իրար (Ես. 11։9)։ Ի՜նչ հրաշալի հեռանկար։ Ավելին՝ եթե հնազանդվենք Եհովային, դրախտում կապրենք ոչ թե մի քանի հարյուրամյակ, այլ մի ամբողջ հավիտենություն (Սաղ. 37։29; Հովհ. 3։16

Եթե հնազանդվենք Եհովային, դրախտում կապրենք ոչ թե մի քանի հարյուրամյակ, այլ մի ամբողջ հավիտենություն (տես պարբերություն 7)


8. Հավիտենական կյանքի վերաբերյալ խոստումը ինչպե՞ս է օգնել երկար տարիների մի միսիոների (Հուդա 20, 21

8 Եթե հավիտենական կյանքի մասին Աստծու խոստումը վառ պահենք մեր մտքում, մեծ ցանկություն կունենանք հավատարիմ մնալու նրան՝ անկախ նրանից, թե ինչ փորձությունների միջով ենք անցնում (կարդա Հուդա 20, 21)։ Այդ խոստումը կարող է նաև ուժ տալ, որ պայքարենք մեր թուլությունների դեմ։ Աֆրիկայում երկար տարիներ ծառայող մի միսիոներ, ով շարունակ այդպիսի պայքար է մղել, ասում է. «Երբ գիտակցեցի, որ հավիտյան ապրելու իմ հեռանկարը վտանգված է, ավելի մեծ վճռականությամբ լցվեցի պայքարելու այդ խնդրի դեմ և առավել ջերմեռանդորեն Եհովայից օգնություն խնդրելու։ Նրա աջակցությամբ կարողացա հաղթել այդ պայքարում»։

«ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԿՀԱՍՆԵՍ»

9. Ի՞նչ դժվարություններ ուներ Դավիթը։

9 Դավիթը Աստծուն հավատարիմ թագավոր էր։ Նա նաև երաժիշտ էր, պոետ, ռազմիկ և մարգարե։ Նա իր կյանքում շատ դժվարություններ է տեսել։ Տարիներ շարունակ Դավիթը փախուստի մեջ է եղել, քանի որ նախանձ թագավոր Սավուղը հետապնդում էր նրան։ Իսկ գահակալելուց հետո իր կյանքը փրկելու համար նա ստիպված եղավ նորից փախչել, քանի որ իր որդի Աբիսողոմը փորձում էր խլել նրա գահը։ Սակայն, չնայած այդ դժվարություններին և իր գործած լուրջ սխալներին, նա մինչև իր կյանքի վերջ հավատարիմ մնաց Աստծուն։ Եհովան Դավթի մասին ասաց. «Իմ սրտին հաճելի մարդ է»։ Տեսնենք, թե Դավիթը ուշադրության արժանի ինչ խորհուրդ տվեց (Գործ. 13։22; 1 Թագ. 15։5

10. Ինչո՞ւ Դավիթը խորհուրդ տվեց Սողոմոնին։

10 Դավիթը իր որդի և թագաժառանգ Սողոմոնին մի խորհուրդ տվեց։ Եհովան ընտրել էր Սողոմոնին, որպեսզի այդ երիտասարդը շարունակեր առաջ տանել մաքուր երկրպագությունը և մի տաճար կառուցեր նրա պատվին (1 Տար. 22։5)։ Բայց Սողոմոնի ճանապարհին խոչընդոտներ էին լինելու։ Ի՞նչ խորհուրդ կտար նրան Դավիթը։ Տեսնենք։

11. 1 Թագավորներ 2։2, 3 համարների համաձայն՝ Դավիթն ինչո՞ւմ վստահեցրեց Սողոմոնին, և այդ խոսքերն ինչպե՞ս կատարվեցին (տես նաև նկարը)։

11 Ի՞նչ ասաց Դավիթը (կարդա 1 Թագավորներ 2։2, 3 Դավիթն իր որդուն ասաց, որ եթե նա հնազանդվի Եհովային, կյանքում հաջողության կհասնի։ Այդպես էլ եղավ։ Տարիներ շարունակ Եհովան առաջնորդում և օրհնում էր Սողոմոնին (1 Տար. 29։23-25)։ Վերջինս կառուցեց փառահեղ տաճարը, իսկ նրա խոսքերը տեղ են գտել Աստվածաշնչում։ Նա հայտնի դարձավ իր իմաստության ու հարստության շնորհիվ (1 Թագ. 4։34)։ Բայց, ինչպես Դավիթն էր ասել, Սողոմոնը հաջողության կհասներ միայն այն դեպքում, երբ հնազանդվեր Եհովային։ Ցավոք, հետագայում նա սկսեց ուրիշ աստվածների պաշտել ու զրկվեց Եհովայի բարեհաճությունից։ Արդյունքում Սողոմոնը կորցրեց արդարությամբ առաջնորդելու համար անհրաժեշտ իմաստությունը (1 Թագ. 11։9, 10; 12։4

Իր որդի Սողոմոնին Դավթի ասած վերջին խոսքերն օգնում են մեզ հասկանալու, որ եթե հնազանդվենք Եհովային, նա մեզ իմաստություն կտա, որպեսզի ճիշտ որոշումներ կայացնենք (տես պարբերություններ 11-12) b


12. Ի՞նչ ենք սովորում Դավթի խոսքերից։

12 Ի՞նչ ենք սովորում։ Եթե հնազանդվենք, հաջողության կհասնենք (Սաղ. 1։1-3)։ Ճիշտ է, Եհովան մեզ չի խոստացել պարգևել այն նույն փառքն ու հարստությունը, ինչ Սողոմոնն ուներ, բայց եթե հնազանդվենք նրան, նա մեզ կօժտի իմաստությամբ, որ կարողանանք ողջամիտ որոշումներ կայացնել (Առակ. 2։6, 7; Հակ. 1։5)։ Եհովայի սահմանած սկզբունքները կօգնեն մեզ ճիշտ որոշումներ կայացնել աշխատանքի, զվարճությունների, կրթության և գումարը տնօրինելու հետ կապված հարցերում։ Աստծու տված իմաստությամբ առաջնորդվելը կպաշտպանի մեզ անդառնալի վնասներից (Առակ. 2։10, 11)։ Մենք նաև լավ ընկերներ կունենանք, ու մեր ընտանիքը երջանիկ կլինի։

13. Ինչի՞ շնորհիվ Կարմենը ճիշտ որոշում կայացրեց։

13 Կարմենը, ով ապրում է Մոզամբիկում, մտածում էր, որ հաջողության գաղտնիքը բարձրագույն կրթությունն է։ Նա ընդունվեց համալսարանի ճարտարապետության ֆակուլտետ։ Կարմենը գրում է. «Ինձ դուր էր գալիս այն, ինչ սովորում էի։ Բայց դա շատ ժամանակ էր խլում ու քամում էր ինձ։ Առավոտյան 7։30-ից մինչև երեկոյան 6-ը համալսարանում էի։ Հաճախ չէի հասցնում գնալ ժողով և հոգևորապես թուլացել էի։ Սրտիս խորքում հասկանում էի, որ փորձում եմ երկու տիրոջ ծառայել» (Մատթ. 6։24)։ Քույրն օգնություն խնդրեց Եհովայից և փնտրտուքներ արեց մեր հրատարակություններում։ Նա նաև նշում է. «Հետևելով հասուն եղբայրների ու մորս տված խորհուրդներին՝ որոշեցի դուրս գալ համալսարանից և լիաժամ ծառայություն սկսել։ Դա իմ կյանքի լավագույն որոշումն էր, և ես ափսոսանքի զգացում չունեմ»։

14. Մովսեսն ու Դավիթը ի՞նչ կարևոր միտք ընդգծեցին։

14 Մովսեսն ու Դավիթը սիրում էին Եհովային և լիովին գիտակցում էին նրան հնազանդվելու կարևորությունը։ Մահից առաջ նրանք ուրիշներին հորդորեցին հետևել իրենց օրինակին և հավատարիմ մնալ իրենց Աստծուն՝ Եհովային։ Այս երկու տղամարդիկ նաև զգուշացրին, որ եթե նրանք հեռանան Եհովայից, կկորցնեն նրա բարեհաճությունն ու օրհնությունները։ Նրանց խորհուրդները մեծ արժեք ունեն նաև մեզ համար։ Դարեր անց Աստծուն հավատարիմ մեկ այլ ծառա ընդգծեց Եհովային նվիրված լինելու կարևորությունը։

«ՈՒՐԱԽԱՆԱԼՈՒ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՊԱՏՃԱՌ ՉՈՒՆԵՄ»

15. Հովհաննեսը ի՞նչ դեպքերի ականատես եղավ իր կյանքում։

15 Հովհաննեսը Հիսուսի սիրելի առաքյալն էր (Մատթ. 10։2; Հովհ. 19։26)։ Նա ուղեկցել էր Հիսուսին նրա ծառայության ողջ ընթացքում, ականատես էր եղել նրա կատարած հրաշքներին և դժվար պահերին նրա կողքին էր եղել։ Նա ներկա էր եղել Հիսուսի մահապատժին և տեսել էր նրան հարությունից հետո։ Նա ականատես էր եղել քրիստոնեության տարածմանը առաջին դարում. հավատարիմների փոքր խումբը այնքան էր մեծացել, որ բարի լուրն արդեն սկսել էր «քարոզվել ողջ աշխարհում» (Կող. 1։23

16. Ովքե՞ր են օգուտներ քաղել Հովհաննեսի նամակներից, և ո՞ւմ համար են դրանք օգտակար նաև այսօր։

16 Իր կյանքի վերջում Հովհաննեսը պատիվ ունեցավ գրելու Աստվածաշնչի որոշ հատվածներ, որոնց թվում էր ակնածանք ներշնչող «Հայտնություն» գիրքը (Հայտն. 1։1)։ Հովհաննեսը գրել է նաև իր անունը կրող Ավետարանը և երեք նամակներ։ Իր երրորդ նամակը Հովհաննեսը հասցեագրել է Գայոս անունով մի հավատարիմ քրիստոնյայի, ում նա համարում էր իր հոգևոր սիրելի զավակը (3 Հովհ. 1)։ Այդ ժամանակ Հովհաննեսը շատերին էր իր հոգևոր զավակները համարում։ Այն, ինչ գրել է այս հավատարիմ տարեց մարդը, մինչև հիմա քաջալերում է Հիսուսի բոլոր հետևորդներին։

17. Համաձայն 3 Հովհաննես 4-րդ համարի՝ ի՞նչն է մեծ ուրախություն բերում։

17 Ի՞նչ գրեց Հովհաննեսը (կարդա 3 Հովհաննես 4 Հովհաննեսը գրեց, որ Աստծուն հնազանդվելը ուրախություն է բերում։ Երբ նա գրեց իր երրորդ նամակը, ոմանք կեղծ ուսմունքներ էին տարածում և փորձում պառակտել ժողովը։ Սակայն կային մարդիկ, ովքեր «շարունակում էին քայլել ճշմարտության ուղով»։ Նրանք հնազանդվում էին Եհովային և ապրում էին «նրա պատվիրանների համաձայն» (2 Հովհ. 4, 6)։ Այդ հավատարիմ քրիստոնյաները ուրախացնում էին ոչ միայն Հովհաննեսին, այլև հենց Եհովային (Առակ. 27։11

18. Ի՞նչ ենք սովորում Հովհաննես առաքյալի խոսքերից։

18 Ի՞նչ ենք սովորում։ Հավատարմությունը ուրախություն է բերում (1 Հովհ. 5։3)։ Մենք ուրախ ենք, քանի որ գիտենք, որ ուրախացնում ենք Եհովային։ Նա ցնծում է, երբ մերժում ենք աշխարհի գայթակղիչ առաջարկները և հնազանդվում ենք նրա Խոսքին (Առակ. 23։15)։ Հրեշտակները նույնպես ուրախանում են (Ղուկ. 15։10)։ Մենք էլ ենք ուրախանում՝ տեսնելով, որ մեր եղբայրներն ու քույրերը հավատարիմ են մնում Եհովային, հատկապես հալածանքների ու փորձությունների բախվելիս (2 Թեսաղ. 1։4)։ Իսկ երբ Սատանայի այս չար աշխարհը կործանվի, մեր սիրտը բերկրանքով կլցվի, քանի որ հավատարիմ ենք մնացել Եհովային։

19. Ռեյչլն ի՞նչ է ասում ուրիշներին ճշմարտությունն ուսուցանելու մասին (տես նաև նկարը)։

19 Մեզ առանձնահատուկ ուրախություն է պատճառում ուրիշներին ճշմարտությունը հայտնելը։ Ռեյչլը, ով ապրում է Դոմինիկյան Հանրապետությունում, մեծ պատիվ է համարում այն, որ կարող է որևէ մեկին պատմել մեր սքանչելի Աստծու մասին, ում մենք ծառայում ենք։ Իր հոգևոր զավակների մասին մտածելով՝ նա ասում է. «Դժվար է նկարագրել, թե ինչ ուրախություն եմ զգում, երբ տեսնում եմ, որ այն մարդիկ, ում ուսուցանում եմ, Եհովայի հանդեպ սեր են զարգացնում, վստահում են նրան և նրա սիրտն ուրախացնելու համար փոփոխություններ են անում իրենց կյանքում։ Այս զգացումը գերազանցում է այն ջանքերն ու զոհողությունները, որ անում եմ նրանց օգնելու համար»։

Մենք ուրախանում ենք, երբ ուրիշներին սովորեցնում ենք սիրել և հնազանդվել Եհովային (տես պարբերություն 19)


ՀԱՎԱՏԱՐԻՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻՆ ՀԵՏԵՎԵԼԸ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԲԵՐՈՒՄ

20. Ի՞նչ ընդհանուր բաներ ունենք Մովսեսի, Դավթի և Հովհաննեսի հետ։

20 Մովսեսը, Դավիթը և Հովհաննեսը ապրել են այնպիսի ժամանակներում և հանգամանքներում, որոնք շատ են տարբերվում մեր օրերից ու հանգամանքներից։ Բայց մենք ընդհանուր շատ բան ունենք նրանց հետ։ Նրանց պես մենք ծառայում ենք ճշմարիտ Աստծուն, աղոթում և ապավինում ենք նրան ու հետևում նրա առաջնորդությանը։ Նրանց պես մենք էլ ենք համոզված, որ Եհովան առատապես օրհնում է իրեն հնազանդ մարդկանց։

21. Եհովան ինչպե՞ս կօրհնի նրանց, ովքեր հետևում են Մովսեսի, Դավթի և Հովհաննեսի պես հավատարիմ տարեցների խորհուրդներին։

21 Եկեք ականջ դնենք այդ տարեց մարդկանց խորհուրդներին և հնազանդվենք Եհովայի պատվերներին։ Այդ դեպքում ինչ էլ որ անենք, հաջողություն կունենանք։ Մենք «երկար կապրենք», կապրենք հավիտյան (2 Օրենք 30։20)։ Եվ ուրախ կլինենք, քանի որ հաճեցնում ենք մեր երկնային սիրառատ Հորը, ով իրագործում է իր բոլոր խոստումները՝ անելով շատ ավելին, քան մենք ակնկալում կամ պատկերացնում ենք (Եփես. 3։20

ԵՐԳ 129 «Պիտի շարունակենք տոկալ»

a Իսրայելացիների մեծ մասը, որը տեսել էր Եհովայի կատարած հրաշքը Կարմիր ծովում, մահացավ նախքան Խոստացված երկիր մտնելը (Թվեր 14։22, 23)։ Եհովան ասել էր, որ 20 տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր հաշվառվածները կմահանան անապատում (Թվեր 14։29)։ Սակայն 20-ից ցածր տարիքի իսրայելացիներից շատերը, ինչպես նաև Հեսուն, Քաղեբը և Ղևիի ցեղից շատերը ողջ մնացին, և Եհովայի խոստման համաձայն՝ անցան Հորդանան գետն ու մտան Քանանի երկիր (2 Օրենք 1։24-40

b ՆԿԱՐ։ Ձախ կողմում. Դավիթը մահվան մահճում իմաստուն խորհուրդներ է տալիս իր որդի Սողոմոնին։ Աջ կողմում. Ռահվիրայական ծառայության դպրոցի ուսանողները օգուտներ են քաղում աստվածապետական կրթությունից։