Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Եհովան զորացրել է մեզ թե՛ պատերազմական, թե՛ խաղաղ ժամանակներում

Եհովան զորացրել է մեզ թե՛ պատերազմական, թե՛ խաղաղ ժամանակներում

Փոլ– 1985թ. նոյեմբեր ամիսն էր։ Անչափ ոգևորված էինք։ Ճամփորդում էինք դեպի Լիբերիա (Արևմտյան Աֆրիկա), որտեղ պետք է սկսեինք մեր միսիոներական ծառայությունը։ Հանկարծ մեր ինքնաթիռը չնախատեսված վայրէջք կատարեց Սենեգալում։ Էնն ասաց. «Ինձ թվում է՝ մոտ մեկ ժամից Լիբերիայում կլինենք»։ Բայց քիչ անց հայտարարեցին. «Լիբերիա մեկնող ուղևորներին խնդրում ենք իջնել ինքնաթիռից։ Պետական հեղաշրջման փորձ անողները թույլ չեն տալիս վայրէջք կատարել այնտեղ»։ Մենք տասը օր մնացինք Սենեգալում ծառայող միսիոներների հետ։ Լուրերից տեղեկացանք, որ Լիբերիայում այնքան մարդ է սպանվում, որ նրանց դիակները բեռնատարներով են տեղափոխում։ Բացի այդ՝ երկրում խիստ պարետային ժամ է սահմանված, և այն խախտողներին տեղում գնդակահարում են։

Էն– Մենք բնույթով արկածախնդիր մարդիկ չենք։ Փոքրուց ես շատ զգուշավոր երեխա եմ եղել, ուստի մարդիկ ինձ «Վախկոտ Էն» մականուն էին տվել։ Ես լարվում եմ անգամ փողոցն անցնելիս։ Բայց մենք որոշել էինք հետ չկանգնել և հասնել մեր նշանակման վայր։

Փոլ– Ես ու Էնը մեծացել ենք Անգլիայի արևմուտքում, և մեր բնակավայրերը իրարից ընդամենը 8կմ (5 մղոն) հեռավորության վրա էին գտնվում։ Էնի մայրը և իմ ծնողները միշտ հորդորում էին մեզ ռահվիրայություն սկսել, և ավագ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո մենք այդպես էլ վարվեցինք։ Նրանք լիովին թիկունք են կանգնել ողջ կյանքում լիաժամ ծառայելու մեր որոշմանը։ 19 տարեկանում պատիվ ունեցա Բեթելի ծառայություն սկսելու, իսկ 1982թ.-ին՝ մեր ամուսնությունից հետո, Էնը նույնպես հրավիրվեց Բեթել։

«Գաղաադի» ավարտական ծրագրի օրը (սեպտեմբերի 8, 1985թ.)

Էն– Մենք սիրում էինք Բեթելը, բայց միշտ ցանկացել ենք ծառայել այնտեղ, որտեղ քարոզիչների մեծ կարիք կա։ Նախկին միսիոներների հետ Բեթելում համագործակցությունը ավելի բոցավառեց մեր այդ ցանկությունը։ Երեք տարի շարունակ ամեն գիշեր աղոթում էինք այդ մասին։ Ուստի մեր ուրախությանը չափ չկար, երբ 1985թ.-ին հրավիրվեցինք սովորելու «Գաղաադ» դպրոցի 79-րդ դասարանում։ Այնուհետև նշանակվեցինք Լիբերիա։

ԶՈՐԱՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԵՎ ՔՈՒՅՐԵՐԻ ՍԻՐՈՎ

Փոլ– Լիբերիա մեկնող առաջին իսկ ինքնաթիռով մենք ճանապարհ ընկանք։ Այնտեղ մթնոլորտը շարունակում էր լարված մնալ, իսկ պարետային ժամը դեռ չէր հանվել։ Մարդիկ այնքան վախեցած էին, որ մեքենայի խլացուցիչի բարձր ու անսպասելի ձայնն անգամ կարող էր նրանց խուճապի մեջ գցել։ Մեր նյարդերը հանգստացնելու համար ամեն գիշեր «Սաղմոսներից» հատվածներ էինք կարդում։ Չնայած մեր շուրջը տիրող խառնաշփոթին՝ մենք սիրում էինք մեր նշանակումը։ Էնը ծառայում էր որպես միսիոներ, իսկ ես Բեթելում էի ծառայում՝ համագործակցելով եղբայր Ջոն Չարուկի հետ։ a Ես նրանից շատ բան սովորեցի, քանի որ նա մեծ փորձ ուներ և քաջատեղյակ էր Լիբերիայում ապրող հավատակիցների հանգամանքներին։

Էն– Մենք արագ հարմարվեցինք ու սիրեցինք Լիբերիայում մեր ծառայությունը։ Պատճառը մեր քույրերն ու եղբայրներն էին։ Նրանք ջերմ էին, շփվող ու նվիրված։ Կարճ ժամանակում մենք մտերմացանք, և այնտեղի հավատակիցները դարձան մեր նոր ընտանիքը։ Նրանք մեզ լավ խորհուրդներ էին տալիս ու քաջալերում։ Ծառայությունն ուղղակի հրաշալի էր։ Բնակիչները նեղվում էին, երբ շուտ էինք դուրս գալիս նրանց տնից։ Անգամ փողոցներում մարդիկ խոսում էին Աստվածաշնչից, և դու պարզապես կարող էիր մոտենալ ու միանալ նրանց զրույցին։ Այնքան մարդ էր ուզում Աստվածաշունչ ուսումնասիրել, որ չէինք հասցնում այցելել բոլորին։ Երանի՜ մեր բոլոր դժվարությունները այդպիսին լինեին։

ԶՈՐԱՆՈՒՄ ԵՆՔ՝ ՉՆԱՅԱԾ ՄԵՐ ՎԱԽԵՐԻՆ

Լիբերիայի Բեթելում հոգ են տանում փախստականների մասին (1990թ.)

Փոլ– Չորս տարվա հարաբերական խաղաղ ժամանակներից հետո՝ 1989թ.-ին, իրավիճակը կտրուկ փոխվեց. երկրում սկսվեց քաղաքացիական պատերազմ։ 1990թ. հուլիսի 2-ին հեղաշրջում իրականացնող զինված խմբերը շրջապատեցին Բեթելի տարածքը։ Երեք ամիս մեր կապը արտաքին աշխարհի, այդ թվում՝ ընտանիքի անդամների և գլխավոր վարչության հետ կտրված էր։ Ամենուրեք անարխիա էր տիրում, դժվար էր ուտելիք հայթայթել, և բազմաթիվ կանայք բռնաբարության զոհ էին դառնում։ Այս ամենը տեղի էր ունենում ամբողջ երկրով մեկ և տևեց 14 տարի։

Էն– Որոշ ցեղեր կռվում էին միմյանց դեմ և սպանում իրար։ Տարօրինակ հագուստով, մինչև ատամները զինված մարդիկ թափառում էին փողոցներում և տներ կողոպտում։ Ոմանց խոսքերով՝ մարդ սպանելը իրենց համար նման էր հավի ճուտ մորթելուն։ Հսկիչ անցագրային կետերում, որոնցից որոշները մասնաճյուղի մոտ էին գտնվում, կարելի էր տեսնել սպանված մարդկանց մարմինների կույտեր։ Հավատարիմ Վկաներից ոմանք նույնպես սպանվեցին, այդ թվում՝ մեր սիրելի միսիոներներից երկուսը։

Իրենց կյանքը վտանգելով՝ մեր հավատակիցները, այդ թվում՝ միսիոներներն ու բեթելցիները, թաքցնում էին այն ցեղերին պատկանող քույրերին ու եղբայրներին, որոնց հետապնդում ու սպանում էին։ Փախստական դարձած որոշ հավատակիցների տեղավորել էին Բեթելի նկուղային հարկերում, ոմանք էլ ապրում էին մեզ հետ՝ մեր սենյակներում։ Մեզ հետ ապրում էր յոթ հոգուց բաղկացած մի ընտանիք։

Փոլ– Ամեն օր զինյալները փորձում էին մտնել Բեթել, որպեսզի տեսնեն, թե արդյոք չենք թաքցնում մարդկանց։ Մենք չորս հոգանոց անվտանգության խումբ ունեինք. մի քույր և մի եղբայր պատուհանից էին հսկում, իսկ երկու եղբայր՝ դարպասի մոտ։ Եթե դարպասի մոտ գտնվող եղբայրները իրենց ձեռքերը առջևում էին պահում, ուրեմն ամեն ինչ լավ էր։ Բայց եթե ձեռքերը դնում էին մեջքին, նշանակում էր՝ զինյալները ագրեսիվ են տրամադրված, և պատուհանից նայող եղբայրները պետք է շտապեին թաքցնել հավատակիցներին։

Էն– Շաբաթներ անց զինյալների մի կատաղի խումբ ներխուժեց Բեթել։ Ես մի քրոջ հետ մտա լոգարան և կողպեցի դուռը։ Լոգարանում մի պահարան ունեինք, որի ներքևի հատվածում փոքր թաքստոց կար։ Քույրը մի կերպ տեղավորվեց այնտեղ։ Այդ ընթացքում զինյալները, ավտոմատները ձեռքներին, բարձրացել էին իմ հետևից։ Նրանք բարկացած թակում էին լոգարանի դուռը։ Փոլը համոզում էր նրանց ներս չմտնել՝ ասելով. «Կինս օգտվում է լոգարանից»։ Երբ ես մեր քրոջը թաքցնելիս փակեցի թաքստոցի դուռը, աղմուկ լսվեց։ Պահարանի դարակների պարունակությունն էլ դասավորելը երկար տևեց, ինչը կողքից կարող էր շատ կասկածելի թվալ։ Ես սկսեցի ողջ մարմնով դողալ։ Չէի կարող այդ վիճակում դուռը բացել, ուստի մտքումս աղոթեցի Եհովային՝ աղաչելով, որ օգնի ինձ։ Այնուհետև բացեցի դուռը, և ինձ հաջողվեց անվրդով ողջունել նրանց։ Զինյալներից մեկը ինձ հրելով առաջ անցավ, մոտեցավ պահարանին, բացեց դուռը և սկսեց քանդել դարակները։ Նա չէր կարողանում հավատալ, որ այնտեղ ոչ ոք չկա։ Դրանից հետո նրանք խուզարկեցին մյուս սենյակներն ու կտուրը, բայց դարձյալ ոչ ոքի չգտան։

ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՇՈՂԱԼ

Փոլ– Ամիսներ շարունակ մենք ուտելու գրեթե ոչինչ չունեինք։ Հաճախ Բեթելի առավոտյան երկրպագության ծրագիրը մեր միակ «նախաճաշն» էր լինում։ Բոլորս գիտեինք, որ Աստվածաշնչի ընթերցանությունն ու ուսումնասիրությունը մեզ ուժ կտան, որ ևս մեկ օր դիմանանք։

Եթե մեր ուտելիքն ու ջուրը վերջանար, և մենք ստիպված լինեինք դուրս գալ մասնաճյուղի տարածքից, թաքնված եղբայրներին ու քույրերին հավանաբար կգտնեին ու կսպանեին։ Եհովան ճիշտ ժամանակին մեզ տալիս էր այն, ինչի կարիքն ունեինք, և հաճախ դա ասես հրաշք լիներ։ Նա հոգ էր տանում մեր մասին և օգնում, որ չտրվենք վախին։

Որքան աշխարհը մռայլվում էր, այնքան ճշմարտությունն ավելի պայծառ էր շողում։ Մեր եղբայրներն ու քույրերը իրենց կյանքը փրկելու համար շատ անգամներ են ստիպված եղել փախուստի դիմել, բայց չեն կորցրել հավատը և արժանապատվությամբ են դիմացել դժվարություններին։ Ոմանք ասում էին, որ այդ ամենի միջով անցնելը իրենց պատրաստում է մեծ նեղությանը։ Երեցներն ու երիտասարդ եղբայրները քաջաբար ամեն ինչ անում էին, որ օգնեին իրենց հավատակիցներին։ Տեղահանված եղբայրներն ու քույրերը թիկունք էին կանգնում իրար, քարոզում էին այն տարածքներում, ուր տեղափոխվել էին, և մացառուտներում ժողովներ անցկացնում Թագավորության սրահի դեր տանող պարզ կառույցներում, որոնք իրենք էին պատրաստում անտառում գտած նյութերով։ Ժողովները հույսի հանգրվան էին վհատության այդ ծովում, իսկ քարոզչական գործը ուժ էր տալիս դիմանալու դժվարություններին։ Երբ ուտելիք, հագուստ և այլ անհրաժեշտ իրեր էինք բաժանում, անչափ տպավորվում էինք, քանի որ հավատակիցներից շատերը հագուստի փոխարեն քարոզելու համար պայուսակներ էին խնդրում։ Պատերազմի արհավիրքներով անցած բազմաթիվ մարդիկ լսում էին բարի լուրը։ Նրանք զարմանում էին՝ տեսնելով, թե որքան ուրախ ու դրական են տրամադրված Վկաները, որոնք ասես լույս լինեին այդ խավարի մեջ (Մատթ. 5։14-16)։ Մեր եղբայրության եռանդը տեսնելով՝ դաժան զինյալներից ոմանք մեր եղբայրները դարձան։

ԶՈՐԱՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԴԻՄԱՆԱՆՔ ԲԱԺԱՆՄԱՆԸ

Փոլ– Եղել է, որ լքել ենք Լիբերիան. երեք անգամ կարճ ժամանակով ենք դուրս եկել երկրից, երկու անգամ մի ամբողջ տարով։ Միսիոներ քույրերից մեկի հետևյալ խոսքերը լավ նկարագրում են, թե ինչ էինք զգում հեռանալիս. ««Գաղաադ» դպրոցում մեզ սովորեցրել են մեր սիրտը դնել մեր նշանակման մեջ, և մենք այդպես էլ արել ենք։ Ուստի նման հանգամանքներում եղբայրներից հեռանալիս ասես սիրտդ տեղից պոկում ես»։ Բայց մենք ուրախ էինք, որ այդ ընթացքում հարևան երկրներից կարողանում էինք աջակցել Լիբերիայում իրականացվող քարոզչական գործին։

Ուրախ-ուրախ վերադառնում ենք Լիբերիա (1997թ.)

Էն– 1996թ. մայիսին չորս հոգով մասնաճյուղին պատկանող մեքենայով ճանապարհ ընկանք՝ մեզ հետ տանելով շատ կարևոր փաստաթղթեր, որոնք առնչվում էին Լիբերիայում իրականացվող մեր գործունեությանը։ Մենք ուզում էինք ավելի ապահով վայր գնալ, որը քաղաքի մյուս կողմում էր՝ 16 կմ (10 մղոն) հեռավորության վրա։ Բայց երբ դեռ ճանապարհին էինք, կատաղի զինյալները հարձակում գործեցին։ Նրանք օդ կրակեցին, կանգնեցրին մեր մեքենան, Փոլից բացի՝ բոլորիս դուրս հանեցին մեքենայից և առևանգեցին այն։ Մենք շիվարել էինք և չգիտեինք՝ ինչ անել։ Հանկարծ տեսանք Փոլին, որը ամբոխի միջից քայլում էր դեպի մեզ. նրա ճակատից արյուն էր հոսում։ Ցայտնոտի մեջ՝ մտածեցինք, թե նրա ճակատին կրակել են, բայց հետո հասկացանք, որ այդ դեպքում նա չէր կարողանա քայլել։ Պարզվեց, որ զինյալներից մեկը մեքենայից դուրս հրելիս հարվածել էր նրան։ Հուրախություն մեզ՝ Փոլի վնասվածքը լուրջ չէր։

Մոտակայքում մի ռազմական բեռնատար կար, որը լի էր սարսափահար եղած մարդկանցով։ Մենք փորձեցինք խցկվել դրա մեջ, բայց քանի որ ներսում ասեղ գցելու տեղ չկար, ստիպված կառչեցինք բեռնատարից, բայց բռնվելու տեղ էլ գրեթե չկար։ Վարորդը այնքան կտրուկ տեղից պոկեց մեքենան, որ քիչ մնաց՝ ընկնեինք։ Մենք աղաչում էինք նրան կանգ առնել, բայց նա այնքան վախեցած էր, որ չլսեց մեզ։ Մենք մի կերպ տեղ հասանք, բայց նյարդային ու մկանային լարվածությունից ողջ մարմնով դողում էինք։

Փոլ– Կեղտոտ ու ճղճղված շորերով կանգնած՝ նայում էինք իրար ու չէինք հավատում, որ ողջ ենք մնացել։ Մոտակայքում մի ուղղաթիռ կար՝ բազմաթիվ փամփուշտների հետքերով, որն ասես ուր որ է կքանդվեր։ Այդ գիշեր քնեցինք բաց դաշտում՝ ուղղաթիռի կողքին։ Հաջորդ օրը դրանով գնացինք Սիեռա Լեոնե։ Ճիշտ է, մենք ուրախ էինք, որ ողջ ենք մնացել, բայց շատ մտահոգված էին Լիբերիայում գտնվող մեր հավատակիցների բարօրությամբ։

ԶՈՐԱՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՀԱՂԹԱՀԱՐԵՆՔ ՄԻ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Էն– Մենք ապահով հասանք Ֆրիթաունում գտնվող Բեթել (Սիեռա Լեոնե), որտեղ եղբայրները հոգ էին տանում մեր մասին։ Բայց ինձ հետ սկսեցին տարօրինակ բաներ կատարվել. աչքիս առաջ էին գալիս այն սարսափելի տեսարանները, որոնց ականատես էի եղել Լիբերիայում։ Օրվա ընթացքում ես անընդհատ տագնապի ու վախի մեջ էի, և շուրջս ամեն ինչ ասես մշուշի մեջ լիներ ու անիրական։ Գիշերներն արթնանում էի սառը քրտինքի մեջ կորած և ողջ մարմնով դողում էի։ Այնպիսի զգացում էի ունենում, ասես՝ ինչ-որ սարսափելի բան է տեղի ունենալու, և շունչս սկսում էր կտրվել։ Փոլն ինձ գրկում էր և աղոթում ինձ հետ։ Մենք երգում էինք Թագավորության երգերը, մինչև որ դողս անցներ։ Ինձ թվում էր՝ խելագարվում եմ և այլևս չեմ կարող միսիոներ ծառայել։

Երբեք չեմ մոռանա, թե ինչ եղավ հետո։ Հենց այդ շաբաթ մենք երկու ամսագիր ստացանք։ Առաջինը՝ 1996թ. հունիսի 8-ի «Արթնացե՛ք»-ն էր, որում «Ինչպե՞ս հաղթահարել խուճապային գրոհները» վերնագրով մի հոդված կար (անգլ., ռուս.), իսկ երկրորդը 1996թ. մայիսի 15-ի «Դիտարանն» էր։ Այդ թողարկման «Որտեղի՞ց են նրանք ուժ գտնում» հոդվածում (անգլ., ռուս.) մի նկար կար, որում վիրավոր թիթեռ էր պատկերված։ Բացատրվում էր, որ ինչպես թիթեռը կարող է շարունակել սնվել ու թռչել վնասված թևով, այնպես էլ մենք կարող ենք շարունակել Եհովայի ոգու օգնությամբ աջակցել ուրիշներին, նույնիսկ եթե էմոցիոնալ առումով վիրավոր ենք։ Այս երկու հոդվածների միջոցով Եհովան ճիշտ ժամանակին զորացրեց ինձ (Մատթ. 24։45)։ Ես այդ թեմայով փնտրտուքներ էի անում և դրա վերաբերյալ հոդվածները հավաքում էի մի թղթապանակի մեջ։ Դա ինձ շատ օգնեց։ Ժամանակի ընթացքում վիճակս թեթևացավ, և հետտրավմատիկ սթրեսի հետևանքները մեղմվեցին։

ԶՈՐԱՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՀԱՐՄԱՐՎԵՆՔ

Փոլ– Ամեն անգամ, երբ վերադառնում էինք տուն՝ Լիբերիա, մեր ուրախությանը չափ չէր լինում։ Սակայն 2004թ. վերջերին՝ գրեթե 20 տարի անց, նոր նշանակում ստացանք։ Դա շատ անսպասելի էր, քանի որ պատերազմն արդեն ավարտվել էր, և մասնաճյուղում շինարարական աշխատանքներ էին պլանավորվում։

Այս նոր նշանակումն ընդունելը անչափ դժվար էր մեզ համար։ Մենք շատ էինք մտերմացել մեր հոգևոր ընտանիքի հետ և չէինք պատկերացնում, թե ինչպես ենք դիմանալու բաժանմանը, բայց ընդունեցինք նշանակումը։ Երբ «Գաղաադ» գնալու համար թողել էինք մեր ընտանիքները և մեզ լիովին հանձնել Եհովային, տեսել էինք, թե ինչպես է նա օրհնում մեզ։ Ուստի ուղևորվեցինք նոր նշանակման վայր՝ Գանա։

Էն– Հեռանալիս մենք շատ արցունք թափեցինք։ Բայց ի զարմանս մեզ՝ Ֆրենկ անունով մի իմաստուն տարեց եղբայր հետևյալն ասաց. «Դուք պետք է մոռանաք մեզ»։ Հետո բացատրեց. «Իհարկե, վստահ ենք, որ երբեք չեք մոռանա, բայց դուք պետք է ամբողջ սրտով նվիրվեք ձեր նոր նշանակմանը։ Եհովան է ձեզ ուղարկում, ուստի կենտրոնացեք այնտեղի եղբայրներին ու քույրերին օգնելու վրա»։ Եղբոր խոսքերը զորացրին մեզ, որ կարողանանք նոր ընկերներ գտնել մի վայրում, որտեղ քչերն էին մեզ ճանաչում, և ամեն բան նոր էր մեզ համար։

Փոլ– Շատ ժամանակ չպահանջվեց Գանայում մեր նոր հոգևոր ընտանիքը սիրելու համար։ Այդ երկրում այնքան շատ Վկաներ կային։ Մեր նոր ընկերների նվիրվածությունն ու ամուր հավատը տեսնելով՝ մենք շատ բան սովորեցինք։ 13 տարի Գանայում ծառայելուց հետո նոր նշանակում ստացանք. ևս մի անակնկալ։ Մեզ խնդրեցին տեղափոխվել Արևելյան Աֆրիկայի մասնաճյուղ, որը Քենիայում է։ Ճիշտ է, մենք շատ էինք կարոտում Գանայում և Լիբերիայում ծառայող մեր ընկերներին, բայց արագ ընկերացանք Քենիայում ծառայող մեր սիրելի հավատակիցների հետ։ Մինչ օրս մենք ծառայում ենք Քենիայում, որտեղ նույնպես հսկայական գործ կա անելու։

Նոր ընկերների հետ՝ Արևելյան Աֆրիկայի մասնաճյուղի տարածքում (2023թ.)

ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

Էն– Տարիների ընթացքում շատ սթրեսներ ու վախեր եմ ունեցել։ Վտանգավոր ու լարված իրավիճակները կարող են վատ անդրադառնալ մեզ վրա թե՛ ֆիզիկական, թե՛ էմոցիոնալ առումով։ Մենք չենք ակնկալում, որ Եհովան հրաշքով կպաշտպանի մեզ այդ ամենից։ Նույնիսկ հիմա, երբ կրակոցի ձայներ եմ լսում, ստամոքսս սթրեսից կծկվում է, և ձեռքերս թմրում են։ Բայց սովորել եմ լիովին օգտվել այն ամենից, ինչ Եհովան տալիս է մեզ զորացնելու համար, այդ թվում՝ մեր եղբայրների ու քույրերի աջակցությունից։ Նաև համոզվել եմ, որ Եհովայի օգնությամբ կարող ենք մնալ մեր նշանակման մեջ, եթե հոգևոր գործերի կայուն գրաֆիկ ունենանք և կառչած մնանք դրան։

Փոլ– Երբեմն մեզ հարցնում են. «Սիրո՞ւմ եք ձեր նշանակումը»։ Ինչ խոսք, այն երկրները, ուր քեզ ուղարկում են, գուցե գեղեցիկ լինեն, բայց դրանք կարող են անկայուն ու վտանգավոր վայր դառնալ։ Ուստի ցանկացած երկրից առավել մեր թանկագին եղբայրներին ու քույրերին ենք սիրում՝ մեր ընտանիքին։ Չնայած մշակութային տարբերություններին՝ մենք մի մտքի ենք։ Կարծում էինք, թե մեզ ուղարկել են, որ քաջալերենք մեր հավատակիցներին, բայց իրականությունն այն է, որ նրանք են քաջալերել ու զորացրել մեզ։

Ամեն անգամ տեղափոխվելիս ականատես ենք լինում մերօրյա հրաշքի՝ մեր համաշխարհային եղբայրությանը։ Քանի դեռ ժողովի մաս ենք կազմում, տուն և ընտանիք ունենք։ Համոզված ենք, որ եթե շարունակենք ապավինել Եհովային, նա կզորացնի մեզ, ինչ իրավիճակում էլ որ հայտնվենք (Փիլիպ. 4։13

a Տես Ջոն Չարուկի կենսագրությունը «Դիտարանի» 1973թ. մարտի 15-ի համարում (անգլ.