Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 47

ԵՐԳ 103 Հովիվները պարգևներ են

Եղբայրնե՛ր, ձգտո՞ւմ եք ծառայել որպես երեց

Եղբայրնե՛ր, ձգտո՞ւմ եք ծառայել որպես երեց

«Նա, ով ձգտում է ծառայել որպես վերակացու, լավ գործի է ձգտում» (1 ՏԻՄՈԹ. 3։1

ՀՈԴՎԱԾԻՑ ԿԻՄԱՆԱՆՔ

Ի՞նչ սուրբգրային պահանջների պետք է համապատասխանի եղբայրը երեց ծառայելու համար։

1-2. Ի՞նչ է ներառում այն «լավ գործը», որն անում են երեցները։

 ԵԹԵ որոշ ժամանակ է, ինչ ծառայող օգնական ես, հավանաբար ջանում ես համապատասխանել երեց ծառայելու չափանիշներին։ Ցանկանո՞ւմ ես անել այն «լավ գործը», որը երեցներն են անում (1 Տիմոթ. 3։1

2 Իսկ ի՞նչ գործ են անում երեցները։ Նրանք ակտիվորեն մասնակցում են քարոզչական գործին, ջանասիրաբար հովվում և ուսուցանում են ժողովին, ինչպես նաև խոսքով ու իրենց օրինակով զորացնում են հավատակիցներին։ Իզուր չէ, որ Աստվածաշունչը երեցներին կոչում է «պարգևներ» (Եփես. 4։8

3. Ինչպե՞ս կարող է եղբայրը դառնալ երեց (1 Տիմոթեոս 3։1-7; Տիտոս 1։5-9

3 Ի՞նչ պահանջների պետք է համապատասխանես, որպեսզի երեց նշանակվես։ Դրանք այն պահանջները չեն, որոնք անհրաժեշտ են աշխատանքի ընդունվելու համար, քանի որ այդ պարագայում որոշ հմտություններ ունենալը հաճախ բավարար է։ Եթե ցանկանում ես երեց նշանակվել, դու պետք է ոչ միայն քարոզելու և ուսուցանելու հմտություններ ունենաս, այլև համապատասխանես 1 Տիմոթեոս 3։1-7 և Տիտոս 1։5-9 համարներում նշված չափանիշներին (կարդա)։ Այս հոդվածում կքննենք այդ չափանիշները և կտեսնենք, թե երեցներն ինչպես կարող են 1) լավ համբավ ունենալ ժողովում և ժողովից դուրս, 2) ընտանիքի լավ գլուխ լինել և 3) պատրաստակամորեն ծառայել հավատակիցներին։

ԼԱՎ ՀԱՄԲԱՎ ՈՒՆԵՑԻՐ

4. Ի՞նչ է նշանակում լինել «անմեղադրելի»։

4 Երեց նշանակվելու համար դու պետք է «անմեղադրելի» լինես, այսինքն՝ լավ վարքիդ շնորհիվ բարի համբավ ունենաս ժողովում։ Նաև պետք է «լավ համբավ ունենաս դրսի մարդկանց շրջանում»։ Ոչ Վկա մարդիկ գուցե քննադատեն քո հավատալիքները, սակայն նրանք չպետք է հիմնավոր պատճառ ունենան կասկածի ենթարկելու քո ազնվությունն ու վարքը (Դան. 6։4, 5)։ Մտածիր. «Լավ համբավ ունե՞մ ժողովում և ժողովից դուրս»։

5. Ինչի՞ց կերևա, որ «սիրում ես բարին անել»։

5 Եթե «սիրում ես բարին անել», ապա ձգտում ես նկատել ուրիշների լավ հատկությունները և գովում ես նրանց։ Դու ուրախությամբ ես ուրիշների համար լավ գործեր անում և անում ես ավելին, քան ակնկալվում է (1 Թեսաղ. 2։8)։ Անչափ կարևոր է, որ երեցներն ունենան այս հատկությունը. չէ՞ որ նրանք շատ ժամանակ են տրամադրում, որ հոգ տանեն ժողովի համար և կատարեն իրենց հանձնարարությունները (1 Պետ. 5։1-3)։ Այնուամենայնիվ, ուրիշներին ծառայելու ուրախությունը գերազանցում է իրենց արած բոլոր զոհողությունները (Գործ. 20։35

6. Ինչպե՞ս կարող ես հյուրասիրություն դրսևորել (Եբրայեցիներ 13։2, 16; տես նաև նկարը)։

6 Պահանջներից մեկը «հյուրասեր» լինելն է։ Դու հյուրասիրություն ես դրսևորում, երբ լավ բաներ ես անում ուրիշների համար, այդ թվում՝ նրանց համար, ովքեր քո մտերիմները չեն (1 Պետ. 4։9)։ Մի աշխատության մեջ ասվում է, թե ինչպիսին պետք է լինի հյուրընկալ մարդը. «Նրա տան և նրա սրտի դռները պետք է բաց լինեն անծանոթների համար»։ Ինքդ քեզ հարցրու. «Ժողով այցելած մարդկանց հանդեպ բարություն դրսևորելու հարցում լավ համբավ ունե՞մ» (կարդա Եբրայեցիներ 13։2, 16)։ Հյուրասեր մարդն իր ունեցածից տալիս է ուրիշներին, այդ թվում՝ չունևորներին, ինչպես նաև ջանասիրաբար ծառայողներին, ինչպիսիք են շրջանային վերակացուներն ու հանրային ելույթ ներկայացնողները (Ծննդ. 18։2-8; Առակ. 3։27; Ղուկ. 14։13, 14; Գործ. 16։15; Հռոմ. 12։13

Հյուրասեր քրիստոնյա զույգը հյուրընկալել է շրջանային վերակացուին ու նրա կնոջը (տես պարբերություն 6)


7. Ինչի՞ց կերևա, որ «փողասեր» չես։

7 «Փողասեր» չլինել։ Դա նշանակում է, որ նյութական բաները քո կյանքում ամենակարևորը չեն։ Անկախ նրանից՝ հարուստ ես, թե աղքատ, Թագավորության շահերը կյանքիդ բոլոր ոլորտներում առաջնային են քեզ համար (Մատթ. 6։33)։ Դու քո ժամանակը, ուժը և միջոցները օգտագործում ես Եհովային պաշտելու, ընտանիքիդ կարիքները հոգալու և ժողովին ծառայելու նպատակով (Մատթ. 6։24; 1 Հովհ. 2։15-17)։ Մտածիր. «Որքանո՞վ եմ կարևորում փողը։ Բավարարվո՞ւմ եմ անհրաժեշտ բաներով, թե՞ կենտրոնացած եմ գումար վաստակելու և ավելի շատ նյութական իրեր ձեռք բերելու վրա» (1 Տիմոթ. 6։6, 17-19

8. Ինչի՞ց կերևա, որ «սովորությունների մեջ չափավոր» և «ինքդ քեզ տիրապետող» մարդ ես։

8 Եթե դու «սովորությունների մեջ չափավոր» և «ինքդ քեզ տիրապետող» մարդ ես, ուրեմն կյանքիդ բոլոր ոլորտներում հավասարակշռված ես։ Դա նշանակում է, որ չափից շատ չես ուտում և խմում, հագուստդ ու հարդարանքդ համեստ են, և զվարճությունների ընտրության հարցում ճիշտ որոշումներ ես կայացնում։ Դու աշխարհի թրենդների գերին չես (Ղուկ. 21։34; Հակ. 4։4)։ Քո հավասարակշռված լինելը երևում է նաև այն բանից, որ հանդարտ ես մնում, անգամ երբ քեզ սադրում են։ Դու «հարբեցող» չես, ոչ էլ շատ խմողի համբավ ունես։ Ինքդ քեզ հարցրու. «Իմ կենսակերպը ցույց տալի՞ս է, որ սովորություններիս մեջ չափավոր եմ և ինքս ինձ տիրապետում եմ»։

9. Ինչպե՞ս կարող ես «ողջամիտ» և «կարգապահ» լինել։

9 Եթե «ողջամիտ» մարդ ես, դու ամեն ինչ ծանրութեթև ես անում՝ հիմնվելով Աստվածաշնչի սկզբունքների վրա։ Դու խորությամբ մտածել ես այդ սկզբունքների շուրջ, ինչի շնորհիվ խորաթափանցություն և հասկացողություն ես զարգացրել։ Դու հապճեպ եզրակացություններ չես անում, փոխարենը համոզվում ես, որ բոլոր անհրաժեշտ փաստերին տեղյակ ես (Առակ. 18։13)։ Այդպես հավասարակշռված որոշումներ ես կայացնում, որոնք արտացոլում են Եհովայի մտածելակերպը։ Եթե «կարգապահ» ես, ուրեմն կազմակերպված ես և ճշտապահ։ Քեզ ճանաչում են որպես մեկի, ով վստահելի է և հետևում է տրված առաջնորդությանը։ Այս բոլոր հատկությունների շնորհիվ լավ համբավ կունենաս։ Այժմ տեսնենք, թե ինչ պետք է անես, որպեսզի ընտանիքի լավ գլուխ լինես։

ԼԱՎ ՕՐԻՆԱԿ ԵՂԻՐ ՈՐՊԵՍ ԸՆՏԱՆԻՔԻ ԳԼՈՒԽ

10. Ինչպե՞ս կարող ես «ընտանիքդ լավ ղեկավարել»։

10 Եթե ամուսնացած ես և ուզում ես համապատասխանել երեց լինելու պահանջներին, քո ընտանիքը նույնպես պետք է լավ համբավ ունենա։ Ուստի պետք է կարողանաս քո «ընտանիքը լավ ղեկավարել»։ Մարդիկ պետք է տեսնեն, որ դու սիրով հոգ ես տանում ընտանիքիդ անդամների մասին և լավ որոշումներ ես կայացնում։ Սա նշանակում է, որ դու նաև նախաձեռնություն ես վերցնում երկրպագությանն առնչվող բոլոր հարցերում։ Ինչո՞ւ է դա կարևոր։ Պողոս առաքյալը բացատրում է. «Եթե մեկը չգիտի՝ ինչպես ղեկավարի իր սեփական ընտանիքը, էլ ինչպե՞ս հոգ կտանի Աստծու ժողովին» (1 Տիմոթ. 3։5

11-12. Ինչո՞ւ է կարևոր, որ ընտանիքիդ անդամները լավ վարք ունենան, եթե ցանկանում ես երեց դառնալ (տես նաև նկարը)։

11 Եթե երեխաներ ունես, նրանք պետք է «հնազանդ և դաստիարակված» լինեն։ Դու պետք է սիրով ուսուցանես ու կրթես նրանց։ Ինչ խոսք, բոլոր երեխաների պես նրանք կուրախանան ու կխաղան։ Բայց ձգտիր այնպես դաստիարակել նրանց, որ լինեն հնազանդ, հարգալից և լավ վարք ունենան։ Նաև քո ձեռքից եկածն արա, որ երեխաներդ մտերմություն զարգացնեն Եհովայի հետ, ապրեն աստվածաշնչյան սկզբունքներով և ի վերջո մկրտվեն։

12 «Երեխաները նույնպես հավատի մեջ են ու չեն մեղադրվում սանձարձակ վարք ունենալու և ըմբոստության մեջ»։ Եթե մկրտված կամ մկրտության ձգտող երեխան լուրջ մեղք գործի, ի՞նչ ազդեցություն դա կունենա նրա հոր վրա։ Եթե հայրը անտեսել է նրան կրթելու և խրատելու իր պատասխանատվությունը, ամենայն հավանականությամբ, նա չի կարող ծառայել որպես երեց (տես «Դիտարանի» 1996 թ. հոկտեմբերի 15-ի համարը, էջ 21, պրբ. 6-7, անգլ., ռուս.

Ընտանիքի գլուխները կրթում են իրենց երեխաներին՝ նրանց ներգրավելով սուրբ ծառայության տարբեր ձևերի մեջ (տես պարբերություն 11)


ԾԱՌԱՅԻՐ ՀԱՎԱՏԱԿԻՑՆԵՐԻԴ

13. Ինչի՞ց կերևա, որ «խոհեմ» ես և «ինքնասածի» չես։

13 Լավ հատկություններ դրսևորող եղբայրները մեծ օգուտ են տալիս ժողովին։ «Խոհեմ» եղբայրը նպաստում է խաղաղությանը։ Եթե ուզում ես հայտնի լինել քո խոհեմությամբ, լսիր ուրիշներին ու պատրաստ եղիր հասկանալու և ընդունելու նրանց տեսակետը։ Պատկերացրու՝ երեց ես։ Երեցների խորհրդի հանդիպմանը թիկունք կկանգնե՞ս մեծամասնության որոշմանը, եթե իհարկե աստվածաշնչյան օրենք կամ սկզբունք չի խախտվում։ Եթե «ինքնասածի» չես, ուրեմն չես պնդի, որ ինչ-որ բան քո ուզած ձևով արվի։ Դու կգիտակցես շատ խորհրդատուների կարևորությունը (Ծննդ. 13։8, 9; Առակ. 15։22)։ Եթե «կռվարար» և«բարկացկոտ» չես, կոպիտ լինելու և վիճաբանելու փոխարեն մեղմորեն ու նրբանկատորեն կվարվես։ Լինելով խաղաղարար՝ նույնիսկ լարված իրավիճակներում այնպես կանես, որ խաղաղություն լինի (Հակ. 3։17, 18)։ Բարի խոսքերով դու կմեղմես ուրիշների, այդ թվում՝ հակառակվողների բարկությունը (Դատ. 8։1-3; Առակ. 20։3; 25։15; Մատթ. 5։23, 24

14. Ի՞նչ է նշանակում, որ եղբայրը «չպետք է լինի նորահավատ» և պետք է լինի «նվիրված»։

14 Երեց լինելու պահանջներին համապատասխանող եղբայրը «չպետք է լինի նորահավատ»։ Թեև կարիք չկա, որ դու երկար տարիների մկրտված քրիստոնյա լինես, այնուամենայնիվ, ժամանակ է պետք, որ հոգևորապես հասունանաս։ Նախքան երեց նշանակվելը դու պետք է փաստես, որ Հիսուսի նման խոնարհ ես և պատրաստ ես սպասելու, որ Եհովան քեզ ավելի շատ հանձնարարություններ վստահի (Մատթ. 20։23; Փիլիպ. 2։5-8)։ Դու կփաստես, որ «նվիրված» ես, եթե կառչած մնաս Եհովային ու նրա արդար չափանիշներին, ինչպես նաև հնազանդվես նրա կազմակերպությունից եկող առաջնորդությանը (1 Տիմոթ. 4։15

15. Արդյո՞ք երեցից պահանջվում է հիանալի հռետոր լինել։ Բացատրիր։

15 Աստվածաշնչում հստակ նշվում է, որ վերակացուն պետք է «ուսուցանելու ունակ» լինի։ Բայց արդյո՞ք սա նշանակում է, որ դու պիտի հիանալի հռետոր լինես։ Ո՛չ։ Բոլոր երեցները չէ, որ փայլուն ելույթներ են ներկայացնում, բայց քարոզելիս և հովվական այցեր անելիս նրանք պետք է հմտորեն օգտվեն Աստվածաշնչից՝ ուսուցանելու և հավատակիցներին քաջալերելու համար (համեմատիր 1 Կորնթացիներ 12։28, 29 և Եփեսացիներ 4։11 համարների հետ)։ Այնուամենայնիվ, դու պետք է շարունակ բարելավես ուսուցանելու հմտություններդ։ Ինչպե՞ս։

16. Ինչպե՞ս կարող ես հմուտ ուսուցիչ դառնալ (տես նաև նկարը)։

16 «Կառչած լինել Աստծու վստահարժան խոսքերին»։ Հմուտ ուսուցիչ լինելու համար ուսուցանելիս և խորհուրդ տալիս հիմնվիր Աստվածաշնչի վրա։ Ջանասիրաբար ուսումնասիրիր Աստծու Խոսքն ու մեր հրատարակությունները (Առակ. 15։28; 16։23)։ Ուշադրություն դարձրու, թե մեր հրատարակություններն ինչպես են բացատրում սուրբգրային համարները, որպեսզի ճիշտ կիրառես դրանք։ Ուսուցանելիս ձգտիր օգնել մարդկանց, որ սիրեն Եհովային և մղվեն կիրառելու իրենց իմացածը։ Սովորեցնելու հմտությունդ բարելավելու համար խորհուրդ հարցրու փորձառու երեցներից և կիրառիր նրանց առաջարկները (1 Տիմոթ. 5։17)։ Երեցները պետք է «կարողանան քաջալերել» իրենց եղբայրներին ու քույրերին, երբեմն էլ՝ խորհուրդ տալ կամ նույնիսկ «ուղղել»։ Բոլոր դեպքերում էլ նրանք պետք է բարությամբ վարվեն։ Եթե նրբանկատ ու ջերմ լինես, ինչպես նաև սովորեցրածդ հիմնես Աստվածաշնչի վրա, լավ արդյունքների կհասնես, քանի որ այդպիսով ընդօրինակած կլինես Մեծ Ուսուցչին՝ Հիսուսին (Մատթ. 11։28-30; 2 Տիմոթ. 2։24

Ծառայող օգնականը փորձառու երեցից սովորում է՝ ինչպես ուսուցանել Աստվածաշնչի օգնությամբ։ Նա նաև հայելու առաջ իր ելույթն է փորձում (տես պարբերություն 16)


ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ՁԳՏԵԼ ՆՊԱՏԱԿԻԴ

17. ա) Ի՞նչը կօգնի ծառայող օգնականին, որ ձգտի հասնել իր նպատակին։ բ) Ի՞նչ պետք է երեցները ի մտի ունենան, երբ որոշում են, թե արդյոք արժե եղբորը երաշխավորել երեց ծառայելու համար (տես « Համեստ և ողջամիտ եղիր, երբ քննում ես եղբորը երաշխավորելու հարցը» շրջանակը)։

17 Երեց դառնալու պահանջներին ծանոթանալուց հետո որոշ ծառայող օգնականներ գուցե մտածեն, որ երբեք չեն համապատասխանի այդ չափանիշներին։ Սակայն հիշիր, որ ո՛չ Եհովան, ո՛չ էլ նրա կազմակերպությունը չեն ակնկալում, որ կատարելապես կդրսևորես այս հատկությունները (1 Պետ. 2։21)։ Բացի այդ՝ Եհովայի հզոր ոգին է օգնում մշակել այդ հատկությունները (Փիլիպ. 2։13)։ Կոնկրետ ո՞ր հարցում կցանկանայիր բարելավվել։ Աղոթիր այդ մասին Եհովային, փնտրտուքներ արա և երեցներից մեկին խնդրիր, որ օգնի քեզ։

18. Ի՞նչ հորդոր է տրվում ծառայող օգնականներին։

18 Լավ կլինի, որ բոլորս, այդ թվում՝ երեցները, շարունակենք զարգացնել այս հոդվածում նշված հատկությունները (Փիլիպ. 3։16)։ Ծառայող օգնակա՞ն ես։ Շարունակիր ձգտել երեց ծառայելու նպատակիդ։ Խնդրիր Եհովային, որ կրթի ու հղկի քեզ, որպեսզի նրա և ժողովի համար ավելին անես (Ես. 64։8)։ Թող որ Եհովան առատորեն օրհնի քո ջանքերը, որ գործադրում ես նպատակիդ հասնելու համար։

ԵՐԳ 101 Միաբանությամբ համագործակցենք