Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 44

ԵՐԳ 33 Քո բեռը Եհովայի վրա գցիր

Ինչպե՞ս դիմանալ անարդարությանը

Ինչպե՞ս դիմանալ անարդարությանը

«Թույլ մի՛ տուր, որ չարը հաղթի քեզ, այլ միշտ բարիով հաղթիր չարին» (ՀՌՈՄ. 12։21

ՀՈԴՎԱԾԻՑ ԿԻՄԱՆԱՆՔ

Ինչպե՞ս արձագանքել անարդարությանը՝ առանց իրավիճակը վատթարացնելու։

1-2. Ո՞ւմ կողմից գուցե անարդարության բախվենք։

 ՀԻՍՈՒՍԸ մի առակ պատմեց այրի կնոջ մասին, ով շարունակ խնդրում էր դատավորին, որ արդար վճիռ կայացնի իր համար։ Անկասկած, Հիսուսի աշակերտները լավ հասկանում էին այրի կնոջ զգացումները, որովհետև այդ ժամանակներում մարդիկ հաճախ անարդարության զոհ էին դառնում (Ղուկ. 18։1-5)։ Մեզ համար այդ կնոջ զգացումները նույնպես հոգեհարազատ են, քանի որ բոլորս էլ բախվել ենք անարդարության։

2 Մեր օրերում նախապաշարումը, անհավասարությունն ու մարդկանց վրա ճնշում գործադրելը սովորական բան են դարձել, ուստի չենք զարմանում, երբ անարդարության ենք բախվում (Ժող. 5։8)։ Մեր հավատակցից, սակայն, անարդար վերաբերմունք չենք ակնկալում։ Այնուամենայնիվ, նման բան կարող է պատահել։ Ինչ խոսք, մեր եղբայրներն ու քույրերը գիտակցաբար ցավ չեն պատճառում մեզ։ Նրանք պարզապես անկատար են։ Մենք շատ դասեր կարող ենք քաղել՝ քննելով այն, թե Հիսուսն ինչպես էր արձագանքում, երբ չար մարդիկ անարդարացիորեն էին վարվում իր հետ։ Եթե կարողանում ենք համբերել հակառակորդների անարդար վերաբերմունքին, ուրեմն որքան ավելի համբերատար պետք է լինենք մեր հավատակիցների նկատմամբ։ Ի՞նչ է Եհովան զգում, երբ անարդարության ենք բախվում հավատակիցների կամ այլ մարդկանց կողմից։ Նրան հետաքրքրո՞ւմ է այն, ինչ կատարվում է մեզ հետ։

3. Ինչո՞ւ ենք ասում, որ Եհովան անտարբեր չէ այն բանի հանդեպ, թե մարդիկ մեզ ինչպես են վերաբերվում։

3 Եհովային խորապես հետաքրքրում է այն, թե մեզ ինչպես են վերաբերվում։ Աստվածաշունչն ասում է. «Արդարություն է սիրում Եհովան» (Սաղ. 37։28)։ Բացի այդ՝ Հիսուսի խոսքերը վստահեցնում են մեզ, որ Եհովան ճիշտ ժամանակին «այնպես կանի, որ շատ արագ արդարություն հաստատվի» (Ղուկ. 18։7, 8)։ Շուտով Աստված վերջ կդնի մեր տառապանքին ու այլևս թույլ չի տա, որ անարդարության բախվենք (Սաղ. 72։1, 2

4. Եհովան ինչպե՞ս է օգնում մեզ դիմանալ անարդարությանը։

4 Մինչ սպասում ենք այն ժամանակվան, երբ արդարությունը հաղթանակ կտանի, Եհովան օգնում է մեզ դիմանալ անարդարությանը (2 Պետ. 3։13)։ Նա սովորեցնում է, թե անարդարության բախվելիս ինչպես կարող ենք խուսափել անխոհեմ վարվելուց։ Եհովան իր Որդու կատարյալ օրինակով ցույց է տալիս, թե ինչպես է հարկավոր արձագանքել նման իրավիճակներում։ Բացի այդ՝ նա մեզ բազմաթիվ խորհուրդներ է տալիս այդ առնչությամբ։

ՈՒՇԱԴԻՐ ԵՂԻՐ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՍ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆԸ

5. Ինչո՞ւ պետք է ուշադիր լինենք, թե ինչպես ենք արձագանքում անարդար վերաբերմունքին։

5 Անարդարությունը կարող է խորապես ցավեցնել և վհատեցնել մեզ (Ժող. 7։7)։ Եհովայի հավատարիմ ծառաները, որոնցից էին Հոբն ու Ամբակումը, նույն զգացումներն ունեին (Հոբ 6։2, 3; Ամբ. 1։1-3)։ Բնական է նման զգացումներ ունենալը, բայց պետք է ուշադիր լինենք, որ հանկարծ անմիտ ձևով չարձագանքենք անարդար վերաբերմունքին։

6. Ի՞նչ նախազգուշական դաս ենք սովորում Աբիսողոմի օրինակից (տես նաև նկարը)։

6 Անարդարության բախվելիս գուցե անտեղի փորձենք իրավիճակը մեր ձեռքը վերցնել։ Մինչդեռ այդպես արձագանքելով՝ կարող ենք կրակի վրա յուղ լցնել։ Նկատի առնենք Դավիթ թագավորի որդի Աբիսողոմի օրինակը։ Երբ նա իմացավ, որ իր եղբայր Ամնոնը բռնաբարել է իր քրոջը՝ Թամարին, հունից դուրս եկավ։ Ըստ Մովսիսական օրենքի՝ Ամնոնը իր արարքի համար մահվան էր արժանի, և Աբիսողոմի բարկությունն, ինչ խոսք, արդարացի էր, բայց միևնույն է, վերջինս իրավասու չէր իրավիճակն իր ձեռքն առնելու (Ղևտ. 20։17; 2 Սամ. 13։20-23, 28, 29

Իմանալով, թե որքան անարդար են վարվել իր քույր Թամարի հետ՝ Աբիսողոմը տեղի տվեց բարկությանը (տես պարբերություն 6)


7. Անարդարությունն ի՞նչ ազդեցություն ունեցավ սաղմոսերգուի վրա։

7 Երբ թվում է, թե անարդարություն գործողներն անպատիժ են մնում, թերևս մտածում ենք. «Մի՞թե արժե ճիշտ վարվել»։ Ուշադրություն դարձնենք սաղմոսերգուի օրինակին, ում թվում էր, թե անօրենները, արդարներին ճնշելով, բարգավաճում են։ «Ահա այսպիսին են անօրենները, միշտ էլ հեշտ է նրանց կյանքը»,– ասաց նա (Սաղ. 73։12)։ Նա այնքան վհատված էր իր տեսած անարդարության պատճառով, որ գրեթե կորցրեց վստահությունն այն բանի հանդեպ, որ արժե ծառայել Եհովային։ Սաղմոսերգուն ասաց. «Ես փորձում էի հասկանալ այդ ամենը և դրա պատճառով կորցրել էի մտքիս անդորրը» (Սաղ. 73։14, 16)։ Նա խոստովանեց. «Ես ճիշտ ուղուց գրեթե շեղվել էի, քիչ էր մնում՝ ոտքերս սայթաքեին» (Սաղ. 73։2)։ Նմանատիպ բան պատահեց մեր եղբայրներից մեկին, ում կկոչենք Ալբերտո։

8. Անարդարության բախվելը ի՞նչ ազդեցություն ունեցավ մի եղբոր վրա։

8 Ալբերտոյին սխալմամբ մեղադրեցին ժողովին պատկանող որոշ դրամական միջոցներ գողանալու համար։ Նա զրկվեց իր պատասխանատու դիրքից, և ժողովում շատերը, ովքեր իմացան դրա պատճառը, կորցրին նրա հանդեպ իրենց հարգանքը։ Նա պատմում է. «Ես դառնացած էի, բարկացած և հիասթափված»։ Ալբերտոն թույլ էր տվել, որ իր սրտի ցավը ազդի Եհովայի հետ ունեցած իր հարաբերությունների վրա։ Դրա հետևանքով նա նույնիսկ ոչ ակտիվ քարոզիչ դարձավ, ինչը տևեց հինգ տարի։ Այս պատմությունից տեսնում ենք, թե ինչ կարող է պատահել, եթե անարդարության բախվելիս դառնությամբ լցվենք։

ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆԸ ԱՐՁԱԳԱՆՔԻՐ ՀԻՍՈՒՍԻ ՊԵՍ

9. Հիսուսն ի՞նչ անարդար վերաբերմունքի բախվեց (տես նաև նկարը)։

9 Հիսուսը կատարյալ օրինակ է մեզ համար այն հարցում, թե ինչպես դիմանանք անարդարությանը։ Տեսնենք, թե նա ինչ անարդար վերաբերմունքի արժանացավ իր ընտանիքի և այլ մարդկանց կողմից։ Նրա հարազատները ասում էին, թե նա ցնորվել է, կրոնական առաջնորդները մեղադրում էին՝ ասելով, թե դևերի հետ է համագործակցում, իսկ հռոմեացի զինվորները ծաղրում էին։ Նրանք տանջեցին Հիսուսին և ի վերջո սպանեցին (Մարկ. 3։21, 22; 14։55; 15։16-20, 35-37)։ Չնայած այդ ամենին՝ Հիսուսը դիմացավ անարդարությանը։ Ավելին՝ նա հաշվեհարդար չտեսավ։ Ի՞նչ ենք սովորում նրա օրինակից։

Հիսուսը կատարյալ օրինակ է մեզ համար անարդարությանը դիմանալու հարցում (տես պարբերություններ 9-10)


10. Հիսուսն ինչպե՞ս էր արձագանքում անարդարությանը (1 Պետրոս 2։21-23

10 Կարդա 1 Պետրոս 2։21-23։ a Հիսուսը կատարյալ օրինակ է այն հարցում, թե ինչպես է հարկավոր արձագանքել անարդարությանը։ Նա գիտեր՝ երբ լռել ու երբ խոսել (Մատթ. 26։62-64)։ Նա իր մասին ասված ամեն մի սուտ խոսքի պատասխան չէր տալիս (Մատթ. 11։19)։ Իսկ երբ խոսում էր, իրեն հալածողներին չէր վիրավորում կամ սպառնում։ Նա ինքնատիրապետում էր դրսևորում, քանի որ «իրեն հանձնում էր Նրա ձեռքը, ով արդարությամբ է դատում»։ Հիսուսը գիտեր. ամենակարևորն այն է, որ Եհովան տեսնում է ամեն բան։ Նա վստահ էր, որ իր Հայրը ճիշտ ժամանակին վերջ կդնի անարդարությանը։

11. Ինչպե՞ս կարող ենք վերահսկել մեր խոսքը (տես նաև նկարները)։

11 Երբ անարդարության բախվենք, Հիսուսին ընդօրինակած կլինենք, եթե վերահսկենք մեր խոսքը։ Անարդարության որոշ դրսևորումներ լուրջ չեն, և պարզապես կարող ենք անտեսել դրանք։ Սակայն լինում են դեպքեր, երբ որոշում ենք լռել, որպեսզի իրավիճակն ավելի չբարդացնենք (Ժող. 3։7; Հակ. 1։19, 20)։ Երբեմն էլ թերևս հարկավոր է խոսել, օրինակ՝ երբ տեսնում ենք, որ ինչ-որ մեկի հանդեպ անարդարություն է դրսևորվում կամ ճշմարտությունը պաշտպանելու կարիք կա (Գործ. 6։1, 2)։ Նման դեպքերում պետք է ձգտենք խոսել հանդարտությամբ ու հարգանքով (1 Պետ. 3։15 b

Անարդարության բախվելիս ընդօրինակած կլինենք Հիսուսին, եթե մտածենք, թե երբ և ինչպես խոսենք (տես պարբերություններ 11-12)


12. Ինչպե՞ս կարող ենք հանձնել մեզ «Նրա ձեռքը, ով արդարությամբ է դատում»։

12 Մենք կարող ենք Հիսուսին ընդօրինակել նաև՝ հանձնելով մեզ «Նրա ձեռքը, ով արդարությամբ է դատում»։ Երբ ուրիշները մեզ հետ անարդար են վարվում, մենք վստահ ենք, որ Եհովան գիտի ճշմարտությունը։ Այդ վստահությունը օգնում է մեզ դիմանալու անարդար վերաբերմունքին, որովհետև գիտենք, որ Եհովան ի վերջո ամեն բան շտկելու է։ Ամեն ինչ Եհովայի ձեռքը հանձնելով՝ կխուսափենք բարկանալուց և թույլ չենք տա, որ ատելությունը բույն դնի մեր սրտում, քանի որ այդ զգացումները կարող են դրդել մեզ չափազանց բուռն արձագանքել, կարող են խլել մեր ուրախությունը և վնասել Եհովայի հետ ունեցած մեր հարաբերությունները (Սաղ. 37։8

13. Ի՞նչը կօգնի, որ շարունակ դիմանանք անարդարությանը։

13 Ինչ խոսք, մենք չենք կարող կատարելապես հետևել Հիսուսի օրինակին։ Երբեմն թերևս ասենք կամ անենք բաներ, որոնց համար հետո զղջանք (Հակ. 3։2)։ Անարդարությունը գուցե զգացական կամ ֆիզիկական այնպիսի վերքեր հասցնի մեզ, որոնց սպիերը մինչև նոր աշխարհ այդպես էլ չանհետանան։ Եթե դու էլ ես անարդարության զոհ դարձել, համոզված եղիր, որ Եհովան գիտի, թե ինչի միջով ես անցնում։ Հիսուսը, ով նույնպես անարդարության պատճառով տառապել է, կարող է ապրումակցել քեզ (Եբր. 4։15, 16)։ Բացի Հիսուսի կատարյալ օրինակից՝ Եհովան մեզ նաև խորհուրդներ է տալիս, որոնք օգնում են չկոտրվել անարդարության ճնշման տակ։ Այժմ «Հռոմեացիներ» գրքից քննենք երկու համար, որոնք շատ օգտակար կլինեն։

«ԹՈՂԵՔ, ՈՐ ՁԵՐ ՓՈԽԱՐԵՆ ԱՍՏՎԱԾ ԱՐՏԱՀԱՅՏԻ ԻՐ ՑԱՍՈՒՄԸ»

14. Ի՞նչ է նշանակում «թողնել, որ [մեր] փոխարեն Աստված արտահայտի իր ցասումը» (Հռոմեացիներ 12։19

14 Կարդա Հռոմեացիներ 12։19։ Պողոս առաքյալը քրիստոնյաներին հորդորեց «թողնել, որ [իրենց] փոխարեն Աստված արտահայտի իր ցասումը»։ Մենք կհետևենք այդ հորդորին, եթե թողնենք, որ նա՛ որոշի՝ երբ և ինչպես արդարություն հաստատել։ Ջոն անունով մի եղբայր, ով անարդար վերաբերմունքի է բախվել, ասում է. «Ես պայքարում էի, որ հանկարծ իմ ձևով չլուծեի խնդիրը։ Հռոմեացիներ 12։19-ը օգնեց ինձ սպասել Եհովային»։

15. Ինչո՞ւ է Եհովային սպասելը լավագույն որոշումը։

15 Մենք միայն շահում ենք, երբ սպասում ենք Եհովային՝ թողնելով, որ նա՛ լուծում տա հարցին։ Այդպես վարվելով՝ ազատվում ենք խնդիրն ինքնուրույն լուծելու ծանր բեռից ու մեծ հոգսից։ Եհովան օգնության ձեռք է մեկնում մեզ։ Ըստ էության՝ նա ասում է. «Դա թող ինձ, ես ամեն բան կշտկեմ»։ Եթե վստահենք Եհովայի այս խոստմանը՝ «Ե՛ս կհատուցեմ», խնդիրը կհանձնենք նրան՝ համոզված լինելով, որ նա լավագույնս կլուծի այն։ Հենց այս միտքն է օգնել Ջոնին։ Նա ասում է. «Եթե միայն սպասեմ Եհովային, նա շա՜տ ավելի լավ կլուծի հարցը, քան ես»։

«ՄԻՇՏ ԲԱՐԻՈՎ ՀԱՂԹԻՐ ՉԱՐԻՆ»

16-17. Աղոթքն ինչպե՞ս կարող է օգնել մեզ «միշտ բարիով հաղթել չարին» (Հռոմեացիներ 12։21

16 Կարդա Հռոմեացիներ 12։21։ Պողոսը քրիստոնյաներին հորդորեց նաև «միշտ բարիով հաղթել չարին»։ Իսկ Հիսուսը Լեռան քարոզում ասաց. «Սիրեք ձեր թշնամիներին և աղոթեք ձեզ հալածողների համար» (Մատթ. 5։44)։ Եվ նա հենց այդպես էլ անում էր։ Թերևս մտածել ենք, թե Հիսուսը ինչ տառապանքների դիմացավ, երբ հռոմեացի զինվորները նրան գամեցին սյանը։ Մենք միայն կարող ենք պատկերացնել, թե նա ինչ անասելի ցավ ապրեց, ինչպիսի անպատվություն կրեց և ինչ անարդար վերաբերմունքի արժանացավ։

17 Չնայած որ Հիսուսը տառապանքներ կրեց անարդար վերաբերմունքի պատճառով, սակայն աննկուն մնաց։ Հռոմեացի զինվորներին անիծելու փոխարեն նա աղոթեց. «Հա՛յր, ներիր նրանց. նրանք չգիտեն՝ ինչ են անում» (Ղուկ. 23։34)։ Երբ աղոթում ենք նրանց համար, ովքեր վատ են վերաբերվում մեզ, բարկության ու վրդովմունքի զգացումը մեղմվում է մեր մեջ, անգամ հնարավոր է՝ սկսենք ուրիշ աչքով նայել մեզ վիրավորած մարդուն։

18. Աղոթքն ինչպե՞ս օգնեց Ալբերտոյին և Ջոնին դիմանալ անարդարությանը։

18 Աղոթքը վերոնշյալ երկու եղբայրներին օգնեց դիմանալ անարդարությանը։ Ալբերտոն ասում է. «Ես աղոթում էի այն եղբայրների համար, ովքեր անարդար էին վարվել ինձ հետ։ Եհովային մի քանի անգամ խնդրեցի, որ օգնի ինձ՝ սրտիցս հանեմ այդ դառը զգացումները»։ Այժմ Ալբերտոն նորից ակտիվորեն ծառայում է Եհովային։ Իսկ Ջոնն ասում է. «Բազմիցս աղոթել եմ ինձ ցավ պատճառած եղբոր համար։ Այդ աղոթքների շնորհիվ սկսեցի անկողմնակալ աչքերով նայել նրան և չդատել։ Աղոթքները նաև խաղաղեցրին միտքս»։

19. Ի՞նչ պետք է անենք, մինչ կգա այս աշխարհի վերջը (1 Պետրոս 3։8, 9

19 Մինչ կգա այս աշխարհի վերջը, չենք կարող ասել, թե անարդարության ինչ դրսևորումների կբախվենք։ Ինչ էլ լինի, թող որ երբեք չդադարենք Եհովայից աղոթքով օգնություն խնդրելուց։ Բացի այդ՝ անարդարության բախվելիս եկեք Հիսուսի պես արձագանքենք և շարունակենք կիրառել աստվածաշնչյան սկզբունքները։ Այդ դեպքում կարող ենք կասկած անգամ չունենալ, որ Եհովայից լիուլի կօրհնվենք (կարդա 1 Պետրոս 3։8, 9

ԵՐԳ 38 Նա կզորացնի քեզ

a Պետրոս առաքյալը իր առաջին նամակի 2-րդ և 3-րդ գլուխներում խոսում է այնպիսի իրավիճակների մասին, որոնց պատճառով առաջին դարի մի շարք քրիստոնյաներ անարդար վերաբերմունքի էին արժանանում դաժան տերերի կամ ոչ քրիստոնյա ամուսինների կողմից (1 Պետ. 2։18-20; 3։1-6, 8, 9

b jw.org կայքում տես «Ինչպես է սերը իրական խաղաղություն բերում» տեսանյութը։