Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 20

Բարելավենք մեր աղոթքների որակը

Բարելավենք մեր աղոթքների որակը

«Նրա առաջ դատարկեք ձեր սիրտը» (ՍԱՂ. 62։8

ԵՐԳ 45 Սրտիս խորհրդածությունը

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a

Մենք կարող ենք կանոնավորաբար աղոթել Եհովային և կյանքի բոլոր բնագավառների վերաբերյալ առաջնորդություն խնդրել նրանից (տես պարբերություն 1)

1. Ի՞նչ է Եհովան հորդորում մեզ անել (տես նաև նկարը)։

 Ո՞ՒՄ ԿԱՐՈՂ ենք դիմել, երբ մխիթարության և առաջնորդության կարիք ենք ունենում։ Իհարկե Եհովա Աստծուն։ Դա կարող ենք անել աղոթքի միջոցով։ Եհովան ինքն է հրավիրում մեզ աղոթել իրեն։ Աստվածաշունչը հորդորում է «անդադար աղոթել», ինչից երևում է, որ Եհովան ուզում է՝ հաճախակի աղոթենք (1 Թեսաղ. 5։17)։ Մենք կարող ենք անկաշկանդ դիմել Եհովային և խնդրել նրա առաջնորդությունը մեր կյանքի բոլոր բնագավառներում (Առակ. 3։5, 6)։ Նա առատաձեռն Աստված է, ուստի սահմանափակումներ չի դնում այն հարցում, թե քանի անգամ կարող ենք աղոթել։

2. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

2 Մենք շատ թանկ ենք գնահատում աղոթելու պարգևը, բայց մեր զբաղված առօրյայում գուցե դժվարանանք աղոթելու համար ժամանակ գտնել։ Հնարավոր է նաև զգանք, որ կարիք ունենք բարելավելու մեր աղոթքների որակը։ Սակայն չպետք է թևաթափ լինենք, քանի որ Աստվածաշնչում այս հարցի հետ կապված բազմաթիվ խորհուրդներ կան։ Հոդվածում կքննենք Հիսուսի օրինակը և կտեսնենք, թե նրան ընդօրինակելով՝ ինչպես կարող ենք ժամանակ տրամադրել աղոթքին։ Կտեսնենք նաև, թե ինչպես կարող ենք բարելավել մեր աղոթքների որակը՝ դրանցում ներառելով հինգ կարևոր բան։

ՀԻՍՈՒՍԸ ԺԱՄԱՆԱԿ ԷՐ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԱՂՈԹՔԻՆ

3. Ի՞նչ գիտեր Հիսուսը։

3 Հիսուսը գիտեր, որ Եհովան թանկ է համարում աղոթքները։ Նախքան երկիր գալը նա տեսել էր, թե ինչպես է իր Հայրը պատասխանում հավատարիմ տղամարդկանց ու կանանց աղոթքներին։ Օրինակ՝ Հիսուսը Եհովայի կողքին էր, երբ նա պատասխանում էր Աննայի, Դավթի, Եղիայի և շատ այլ հավատարիմների անկեղծ աղոթքներին (1 Սամ. 1։10, 11, 20; 1 Թագ. 19։4-6; Սաղ. 32։5)։ Ուստի զարմանալի չէ, որ նա հորդորում էր իր աշակերտներին աղոթել հաճախակի և դա անել հավատով (Մատթ. 7։7-11

4. Ի՞նչ ենք սովորում Հիսուսից։

4 Աղոթելու հարցում Հիսուսը լավ օրինակ է թողել իր աշակերտներին։ Իր ծառայության ընթացքում նա հաճախակի էր աղոթում։ Հիսուսը զբաղված գրաֆիկ ուներ և հաճախ շրջապատված էր լինում շատ մարդկանցով, ուստի աղոթելու համար նա պետք է հատուկ ժամանակ հատկացներ (Մարկ. 6։31, 45, 46)։ Օրինակ՝ նա արթնանում էր վաղ առավոտյան, որպեսզի կարողանար առանձնանալ և աղոթել (Մարկ. 1։35)։ Առնվազն մեկ անգամ Հիսուսն ամբողջ գիշեր աղոթեց կարևոր որոշում կայացնելուց առաջ (Ղուկ. 6։12, 13)։ Իսկ իր մահվանը նախորդող գիշերը նա անընդհատ աղոթում էր, որպեսզի կարողանար կատարել իր երկրային ծառայության ամենաբարդ հանձնարարությունը (Մատթ. 26։39, 42, 44

5. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին, երբ աղոթում ենք։

5 Հիսուսի օրինակից սովորում ենք, որ չնայած զբաղվածությանը՝ մենք պետք է ժամանակ հատկացնենք աղոթքին։ Դրա համար գուցե կարիք լինի առավոտյան շուտ արթնանալ կամ երեկոյան մի փոքր ուշ քնել։ Եթե այդպես վարվենք, ցույց կտանք, որ թանկ ենք համարում աղոթելու առանձնահատուկ պարգևը։ Լին անունով մի քույր հիշում է, թե որքան էր տպավորվել՝ իմանալով, որ պատիվ ունի աղոթելու Աստծուն։ Նա ասում է. «Երբ իմացա, որ կարող եմ ցանկացած պահի խոսել Եհովայի հետ, դա օգնեց, որ նրան իմ մտերիմ Ընկերը համարեմ և բարելավեմ աղոթքներիս որակը»։ Անկասկած, շատերիս են ծանոթ քրոջ զգացումները։ Այժմ տեսնենք, թե որ հինգ կարևոր թեմաների մասին լավ կլինի՝ աղոթենք։

ԱՂՈԹԵԼՈՒ ՀԻՆԳ ԿԱՐԵՎՈՐ ԹԵՄԱ

6. Հայտնություն 4։10 և 11 համարների համաձայն՝ ինչի՞ է արժանի Եհովան։

6 Փառաբանենք Եհովային։ Ակնածանք ներշնչող մի տեսիլքում Հովհաննես առաքյալը տեսավ 24 երեցների, որոնք երկնքում Եհովային երկրպագություն էին մատուցում։ Նրանք փառաբանում էին Աստծուն՝ ասելով, որ նա արժանի է առնելու «փառքը, պատիվը և զորությունը» (կարդա Հայտնություն 4։10, 11)։ Հավատարիմ հրեշտակները նույնպես բազմաթիվ պատճառներ ունեն փառաբանելու և գովաբանելու Եհովային։ Նրանք Աստծու հետ երկնքում են և լավ են ճանաչում նրան, ինչպես նաև տեսնում են, որ Եհովայի հատկությունները արտացոլված են նրա բոլոր գործերում։ Եհովայի գործելակերպը տեսնելով՝ նրանք մղվում են փառաբանելու նրան (Հոբ 38։4-7

7. Ինչի՞ համար կարող ենք փառաբանել Եհովային։

7 Մենք նույնպես ուզում ենք փառաբանական աղոթքներ մատուցել Եհովային՝ արտահայտելով մեր սերն ու երախտագիտությունը նրա հանդեպ։ Երբ կարդում և ուսումնասիրում ես Աստվածաշունչը, ուշադրություն դարձրու Եհովայի հատկություններին, հատկապես այն հատկություններին, որոնցով հիանում ես (Հոբ 37։23; Հռոմ. 11։33)։ Այնուհետև ասա նրան, թե ինչ ես զգում՝ տեսնելով դրանք։ Մենք կարող ենք գովաբանել Եհովային նաև այն բանի համար, որ նա օգնում է մեզ և մեր ողջ եղբայրությանը։ Նա միշտ հոգ է տանում մեր մասին և պաշտպանում է մեզ (1 Սամ. 1։27; 2։1, 2

8. Նշիր մի քանի պատճառ, որոնց համար կարող ենք շնորհակալ լինել Եհովային (1 Թեսաղոնիկեցիներ 5։18

8 Շնորհակալություն հայտնենք։ Մենք Եհովային շնորհակալություն հայտնելու բազմաթիվ պատճառներ ունենք (կարդա 1 Թեսաղոնիկեցիներ 5։18)։ Կարող ենք շնորհակալություն հայտնել ցանկացած լավ բանի համար, որ ունենք։ Չէ՞ որ ամեն «բարի պարգև» նրանից է գալիս (Հակ. 1։17)։ Օրինակ՝ մեր երախտագիտությունը կարող ենք հայտնել նրա տված գեղեցիկ մոլորակի և այլ զարմանահրաշ ստեղծագործությունների համար։ Տեղին է նաև շնորհակալություն հայտնել մեր կյանքի, ընտանիքի, ընկերների և հույսի համար, ինչպես նաև այն թանկ մտերմության, որ կարող ենք վայելել նրա հետ։

9. Ինչո՞ւ գուցե մեզանից հատուկ ջանքեր պահանջվեն Եհովային երախտապարտ լինելու համար։

9 Ինչ խոսք, Եհովային երախտապարտ լինելու բազում պատճառներ ունենք։ Բայց գուցե մեզանից հատուկ ջանքեր պահանջվեն դրանք տեսնելու համար։ Պատճառն այն է, որ մենք ապրում ենք անշնորհակալ աշխարհում։ Արդեն իսկ ունեցածի համար երախտագետ լինելու փոխարեն՝ մարդիկ հաճախ կենտրոնանում են այն բանի վրա, թե ինչ կուզեին ձեռք բերել։ Եթե որդեգրենք այդ տրամադրվածությունը, մեր աղոթքները կվերածվեն խնդրանքների շարանի։ Դրանից խուսափելու համար մենք պետք է շարունակ գնահատանք զարգացնենք այն ամենի հանդեպ, ինչ Եհովան անում է մեզ համար, և արտահայտենք մեր գնահատանքը (Ղուկ. 6։45

Երախտագետ լինելը կօգնի դիմանալ դժվարություններին (տես պարբերություն 10)

10. Երախտագետ լինելը ինչպե՞ս օգնեց մի քրոջ (տես նաև նկարը)։

10 Երախտագետ լինելը կարող է օգնել մեզ դիմանալ դժվարություններին։ Քննենք Կյունգ Սյուկի օրինակը, որի մասին գրված է «Դիտարանի» 2015 թ. հունվարի 15-ի համարում։ Նրա մոտ հայտնաբերվեց ուշացած փուլում գտնվող թոքերի քաղցկեղ։ Նա պատմում է. «Դա մեծ հարված էր ինձ համար. ինձ թվում էր՝ ամեն ինչ վերջացած է։ Ես շատ էի վախեցել»։ Ի՞նչն օգնեց նրան դիմանալ։ Ամեն օր քնելուց առաջ նա բարձրանում էր տանիք և բարձրաձայն շնորհակալություն հայտնում Եհովային այդ օրը տեղի ունեցած առնվազն հինգ լավ բանի համար։ Այդպես քույրը իրեն թեթևացած էր զգում և մղվում էր արտահայտելու իր սերը Եհովայի հանդեպ։ Կյունգ Սյուկը իր փորձով է համոզվել, որ Եհովան փորձությունների ժամանակ աջակցում է իր հավատարիմ ծառաներին, և որ կյանքում օրհնություններն ավելի շատ են, քան դժվարությունները։ Կյունգ Սյուկի նման մենք նույնպես շատ պատճառներ ունենք երախտագետ լինելու Եհովային, նույնիսկ եթե ծանր փորձության միջով ենք անցնում։ Աղոթքի միջոցով Եհովային շնորհակալություն հայտնելը կարող է օգնել մեզ, որ դիմանանք և չկորցնենք էմոցիոնալ հավասարակշռությունը։

11. Հիսուսի աշակերտները ինչո՞ւ քաջության կարիք ունեին։

11 Խնդրենք Եհովային, որ օգնի ծառայության ժամանակ քաջ լինել։ Երկինք համբարձվելուց անմիջապես առաջ Հիսուսը հիշեցրեց իր աշակերտներին, որ նրանք պետք է իր մասին վկայություն տան «Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում, Սամարիայում և մինչև աշխարհի ծայրերը» (Գործ. 1։8; Ղուկ. 24։46-48)։ Կարճ ժամանակ անց հրեա առաջնորդները ձերբակալեցին Պետրոս և Հովհաննես առաքյալներին և կանգնեցրին Սինեդրիոնի առաջ՝ պահանջելով, որ այլևս չքարոզեն։ Նրանք նույնիսկ սպառնացին նրանց (Գործ. 4։18, 21)։ Իսկ ինչպե՞ս վարվեցին Պետրոսն ու Հովհաննեսը։

12. Համաձայն Գործեր 4։29, 31 համարների՝ ի՞նչ արեցին աշակերտները։

12 Ի պատասխան հրեա կրոնական առաջնորդների սպառնալիքներին՝ Պետրոսն ու Հովհաննեսն ասացին. «Ինքներդ դատեք, թե Աստծու աչքին ո՛րն է արդար. ձե՞զ լսել, թե՞ Աստծուն։ Իսկ ինչ վերաբերում է մեզ, մենք չենք կարող չխոսել այն ամենի մասին, ինչ տեսել ենք ու լսել» (Գործ. 4։19, 20)։ Երբ Պետրոսն ու Հովհաննեսը ազատ արձակվեցին, աշակերտները բարձրաձայն աղոթեցին Եհովային, որ կարողանան կատարել նրա կամքը։ Նրանք ասացին. «Այնպես արա, որ ծառաներդ համարձակությամբ քարոզեն քո խոսքը»։ Եհովան պատասխանեց այդ անկեղծ աղոթքին (կարդա Գործեր 4։29, 31

13. Ի՞նչ կարող ենք սովորել Ջին Հյուկի օրինակից։

13 Ընդօրինակելով աշակերտներին՝ մենք կարող ենք շարունակել քարոզել, նույնիսկ երբ իշխանությունները արգելում են դա անել։ Տեսնենք, թե ինչպես վարվեց Ջին Հյուկ անունով մի եղբայր, ով ազատազրկվել էր իր չեզոքությունը պահելու համար։ Բանտում նրան հանձնարարել էին մեկուսարանում գտնվող բանտարկյալներին ուտելիք և այլ անհրաժեշտ իրեր բաժանել։ Բայց նա չպետք է խոսեր իր հանձնարարությունից բացի որևէ այլ բանի, այդ թվում՝ Աստվածաշնչի մասին։ Եղբայրը Եհովայից քաջություն և նրբանկատություն խնդրեց, որպեսզի օգտագործի քարոզելու ցանկացած հնարավորություն (Գործ. 5։29)։ Ջին Հյուկն ասում է. «Եհովան պատասխանեց իմ աղոթքներին՝ տալով ինձ քաջություն և իմաստություն։ Ես Աստվածաշնչի բազմաթիվ ուսումնասիրություններ սկսեցի։ Նրանցից յուրաքանչյուրի մենախցի դռան առաջ հինգ րոպե ուսուցում էի անցկացնում, իսկ երեկոյան նամակներ էի գրում, որպեսզի հաջորդ օրը փոխանցեի բանտակիցներիս»։ Մենք նույնպես կարող ենք Աստծուց քաջություն և իմաստություն խնդրել։ Նա մեզ էլ կօգնի կատարել մեր ծառայությունը։

14. Ի՞նչը կօգնի մեզ, երբ բախվում ենք դժվարությունների (1 Պետրոս 5։6, 7

14 Խնդրենք Եհովային, որ օգնի՝ դիմանանք դժվարություններին։ Մեզանից շատերը բախվում են տարբեր դժվարությունների՝ հիվանդություն, էմոցիոնալ խնդիրներ, հարազատի կորուստ, ընտանեկան խնդիրներ, հալածանք և այլն։ Իսկ համավարակն ու պատերազմները այս դժվարությունների դեմ պայքարն ավելի են բարդացնում։ Եթե դու էլ ես նման բաների միջով անցնում, դատարկիր սիրտդ Եհովայի առաջ։ Պատմիր նրան քո իրավիճակի մասին, ինչպես կպատմեիր մտերիմ ընկերոջդ։ Համոզված եղիր, որ Եհովան «հոգ է տանում [քո] մասին» (կարդա 1 Պետրոս 5։6, 7

15. Աղոթքն ինչպե՞ս կարող է օգնել մեզ, որ դիմանանք դժվարություններին։ Բեր օրինակ։

15 Աղոթքում հարատևելը կօգնի, որ «նեղությունների մեջ տոկանք» (Հռոմ. 12։12)։ Եհովան գիտի, թե իր ծառաները ինչերի միջով են անցնում։ Նա «լսում է նրանց օգնության կանչը» (Սաղ. 145։18, 19)։ Քրիստի անունով 29-ամյա մի ռահվիրա քույր իր փորձով է համոզվել դրանում։ Նրա մոտ անսպասելի առողջական լուրջ խնդիրներ ի հայտ եկան, ինչի հետևանքով նա խոր դեպրեսիայի մեջ ընկավ։ Ավելի ուշ Քրիստին իմացավ, որ իր մայրը մահացու հիվանդ է։ Քույրն ասում է. «Ես ամեն օր ջերմեռանդորեն աղոթում էի Եհովային, որ ինձ դիմանալու ուժ տա։ Փորձում էի հոգևոր լավ սովորություններ պահպանել։ Կանոնավոր հաճախում էի ժողովի հանդիպումներին և անձնական ուսումնասիրություն անում»։ Քրիստին ավելացնում է. «Դժվար պահերին աղոթքը ինձ շատ էր օգնում։ Գիտեի, որ Եհովան միշտ իմ կողքին է, և այդ միտքը մխիթարության մեծ աղբյուր էր ինձ համար։ Թեև իմ առողջական խնդիրներն անմիջապես չվերացան, բայց Եհովան պատասխանեց իմ աղոթքներին՝ տալով ինձ ներքին խաղաղություն և հանդարտ սիրտ»։ Եկեք երբեք չմոռանանք, որ «Եհովան գիտի, թե ինչպես աստվածանվեր մարդկանց ազատի փորձությունից» (2 Պետ. 2։9

Սխալ անելու գայթակղությանը չտրվելու համար՝ 1) դիմիր Եհովայի օգնությանը, 2) վարվիր աղոթքներիդ համաձայն և 3) ամրացրու Եհովայի հետ ունեցած փոխհարաբերություններդ (տես պարբերություն 16-17)

16. Սխալ անելու գայթակղության դեմ պայքարում ինչո՞ւ Եհովայի օգնության կարիքն ունենք։

16 Խնդրենք Եհովային, որ օգնի մեզ չտրվել սխալ անելու գայթակղությանը։ Լինելով անկատար՝ մենք շարունակ պայքարի մեջ ենք։ Սատանան ամեն կերպ ջանում է այդ պայքարը անտանելի դարձնել մեզ համար։ Օրինակ՝ նա փորձում է ապականել մեր միտքը զվարճության անբարո ձևերի միջոցով։ Դրանք կարող են մեր մեջ անմաքուր մտքեր ծնել, որոնք իրենց հերթին կարատավորեն մեր ներքին անձնավորությունը և մեզ լուրջ մեղքի կդրդեն (Մարկ. 7։21-23; Հակ. 1։14, 15

17. Ինչպե՞ս կարող ենք վարվել մեր աղոթքների համաձայն (տես նաև նկարը)։

17 Ինչպես տեսանք, սխալ անելու գայթակղությանը չտրվելու համար մենք Եհովայի օգնության կարիքն ունենք։ Այս բանի կարևորությունն ընդգծելու նպատակով Հիսուսը տիպար աղոթքում հետևյալն ասաց. «Մի՛ տար մեզ փորձության, այլ ազատիր Չարից» (Մատթ. 6։13)։ Եհովան պատրաստ է աջակցել մեզ, բայց մենք պետք է դիմենք նրա օգնությանը։ Բացի այդ՝ պետք է վարվենք մեր աղոթքների համաձայն։ Դա կարող ենք անել, եթե ամեն ջանք թափենք, որ Սատանայի աշխարհում տարածված սխալ գաղափարներն ու մտածելակերպը չապականեն մեր միտքը (Սաղ. 97։10)։ Ավելին՝ կարող ենք մեր միտքը սնել առողջ բաներով՝ կարդալով և ուսումնասիրելով Աստվածաշունչը։ Ժողովի հանդիպումներին հաճախելով և ծառայությանը մասնակցելով՝ նույնպես կարող ենք պաշտպանել մեր միտքը։ Բացի այդ՝ Եհովան խոստանում է, որ թույլ չի տա՝ մեր կարողությունից վեր փորձվենք (1 Կորնթ. 10։12, 13

18. Ի՞նչ պետք է անի մեզանից յուրաքանչյուրը։

18 Այս դժվարին վերջին օրերում Եհովային հավատարիմ մնալու համար յուրաքանչյուրս պետք է մեծ կարևորություն տա աղոթքին։ Ամեն օր ժամանակ հատկացրու, որ սրտանց աղոթես Աստծուն։ Նա ուզում է, որ «իր առաջ դատարկենք [մեր] սիրտը» (Սաղ. 62։8)։ Փառաբանիր Եհովային և շնորհակալություն հայտնիր նրան իր արածների համար։ Խնդրիր, որ ծառայության ժամանակ քաջ լինես։ Ջերմեռանդորեն աղոթիր նրան, որ օգնի քեզ դիմանալ ցանկացած դժվարության և չտրվել սխալ անելու գայթակղությանը։ Թույլ մի՛ տուր, որ որևէ մեկը կամ որևէ բան քեզ հետ պահի Եհովային կանոնավորաբար աղոթելուց։ Իսկ ինչպե՞ս է Եհովան պատասխանում մեր աղոթքներին։ Այս կարևոր հարցի պատասխանը կիմանանք հաջորդ հոդվածից։

ԵՐԳ 42 Աստծու ծառայի աղոթքը

a Մենք ուզում ենք, որ մեր աղոթքները նման լինեն մտերիմ ընկերոջն ուղղված ջերմ նամակի։ Բայց երբեմն դժվար է ժամանակ գտնել աղոթելու համար։ Հնարավոր է՝ նաև չիմանանք՝ ինչի մասին աղոթել։ Հոդվածից կտեսնենք, թե ինչպես կարելի է հաղթահարել այս խոչընդոտները։