Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 24

Դու կարո՛ղ ես հասնել հոգևոր նպատակներիդ

Դու կարո՛ղ ես հասնել հոգևոր նպատակներիդ

«Ուրեմն չհոգնենք բարին անելուց, որովհետև եթե չթուլանանք, ճիշտ ժամանակին կհնձենք» (ԳԱՂ. 6։9

ԵՐԳ 84 Օգնության շտապենք

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a

1. Ի՞նչ դժվարությունների են ոմանք բախվում։

 ԵՐԲԵՎԷ եղե՞լ է, որ հոգևոր նպատակ դնես, բայց դժվարանաս հասնել դրան։ b Շատերի հետ է եղել։ Օրինակ՝ Ֆիլիպ անունով մի եղբայր ցանկանում էր ավելի հաճախ աղոթել և բարելավել իր աղոթքների որակը։ Բայց նա դժվարանում էր աղոթելու համար ժամանակ գտնել։ Իսկ Էրիկան ուզում էր ժամանակին հասնել քարոզչական ծառայության հանդիպումներին, բայց գրեթե ամեն անգամ ուշանում էր։ Թոմաշն էլ մի քանի անգամ փորձել էր ամբողջությամբ կարդալ Աստվածաշունչը, բայց չէր կարողացել։ Նա ասում է. «Ես հաճույք չէի ստանում Աստծու Խոսքի ընթերցանությունից։ Այն կարդալու երեք փորձ եմ արել, բայց ամեն անգամ կարդացել եմ մինչև «Ղևտական» գիրքը»։

2. Ինչո՞ւ չպետք է վհատվենք, եթե դեռ չենք հասել մեր հոգևոր նպատակին։

2 Եթե դժվարանում ես հասնել նպատակիդ, մի՛ վհատվիր։ Հաճախ նույնիսկ փոքր նպատակի հասնելը ժամանակ և ջանքեր է պահանջում։ Այն, որ շարունակում ես այդ ուղղությամբ աշխատել, ցույց է տալիս, որ թանկ ես համարում Եհովայի հետ ունեցած փոխհարաբերություններդ և ցանկանում ես լավագույնդ տալ նրան։ Եհովան գնահատում է քո ջանքերը և, անկասկած, չի պահանջում ավելին, քան կարող ես անել (Սաղ. 103։14; Միք. 6։8)։ Ուստի ողջամիտ նպատակ դիր, որը կհամապատասխանի քո հանգամանքներին։ Իսկ ինչպե՞ս կարող ես հասնել դրան։ Քննենք մի քանի առաջարկ։

ՄՂԻՉ ՈՒԺ ՈՒՆԵՆԱԼԸ ԿԱՐԵՎՈՐ Է

Աղոթիր, որ մղիչ ուժ ունենաս (տես պարբերություն 3-4)

3. Մղիչ ուժ ունենալը ինչո՞ւ է կարևոր։

3 Հոգևոր նպատակների հասնելու հարցում մղիչ ուժ ունենալը անչափ կարևոր է։ Մղիչ ուժ ունենալ նշանակում է որևէ նպատակի հասնելու մեծ ցանկություն կամ ձգտում ունենալ։ Այն նման է քամու, որը տանում է առագաստանավը դեպի նպատակակետը։ Առագաստանավը տեղ է հասնում, երբ ճամփորդության ողջ ընթացքում քամի է լինում։ Իսկ ուժեղ քամու դեպքում այն կարող է ավելի շուտ հասնել։ Նմանապես որքան մեծ լինի մեր մղիչ ուժը, այնքան մեծ կլինի հավանականությունը, որ կհասնենք մեր նպատակներին։ Սալվադորում ապրող Դեյվիդ անունով մի եղբայր ասում է. «Երբ մղիչ ուժ ես ունենում, ավելի շատ ջանքեր ես թափում և թույլ չես տալիս, որ որևէ բան խանգարի քեզ հասնել քո նպատակին»։ Այդ դեպքում ի՞նչ կարող ենք անել, որ մեր մղիչ ուժը ավելի մեծ լինի։

4. Ինչի՞ մասին կարող ենք աղոթել (Փիլիպպեցիներ 2։13; տես նաև նկարը)։

4 Աղոթիր։ Իր ոգու միջոցով Եհովան կարող է օգնել քեզ, որ քո նպատակին հասնելու համար մղիչ ուժ ունենաս (կարդա Փիլիպպեցիներ 2։13)։ Երբեմն մենք նպատակ ենք դնում, քանի որ գիտենք՝ այդպես վարվելը ճիշտ է։ Եվ դա վատ չէ։ Բայց գուցե ցանկություն չունենանք հասնելու դրան։ Այդպես էր Ուգանդայում ապրող Նորինա անունով մի քրոջ պարագայում։ Նա նպատակ էր դրել, որ ինչ-որ մեկի Աստվածաշունչ ուսուցանի։ Բայց այդպես վարվելու համար բավականաչափ մղիչ ուժ չուներ, քանի որ իրեն որակյալ ուսուցիչ չէր համարում։ Ի՞նչն օգնեց Նորինային։ Նա պատմում է. «Ամեն օր խնդրում էի Եհովային, որ օգնի՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելու ցանկությունս ավելանա։ Միևնույն ժամանակ սկսեցի աղոթքներիս ներդաշնակ վարվել և բարելավել ուսուցողական հմտություններս։ Ամիսներ անց նկատեցի, որ ուսումնասիրություններ անցկացնելու ցանկությունս մեծանում է։ Այդ տարի երկու հոգու սկսեցի Աստվածաշունչ ուսուցանել»։

5. Ինչի՞ մասին պետք է խորհենք, որպեսզի մեր նպատակներին հասնելու մղիչ ուժ ունենանք։

5 Խորհիր այն ամենի մասին, ինչ Եհովան արել է քեզ համար (Սաղ. 143։5)։ Պողոսը խորհում էր այն անզուգական բարության շուրջ, որ Եհովան դրսևորել էր իր հանդեպ, և դա մղում էր նրան ջանասեր լինել Եհովայի գործում (1 Կորնթ. 15։9, 10; 1 Տիմոթ. 1։12-14)։ Եթե դու էլ խորհրդածես այն ամենի շուրջ, ինչ Եհովան արել է քեզ համար, ավելի շատ կձգտես հասնելու նպատակիդ (Սաղ. 116։12)։ Տեսնենք, թե Հոնդուրասում ապրող մի քույր ինչպես կարողացավ հասնել ռահվիրա ծառայելու իր նպատակին։ Նա ասում է. «Մտածում էի այն մասին, թե Եհովան որքան շատ է սիրում ինձ։ Նա օգնել է, որ իր ժողովրդի մի մասը դառնամ։ Եհովան հոգում է իմ մասին և պաշտպանում է ինձ։ Նման խորհրդածությունն օգնել է, որ ավելի շատ սիրեմ նրան և մղվեմ հասնելու ռահվիրայություն սկսելու նպատակիս»։

6. Ուրիշ ի՞նչը կօգնի, որ ավելի շատ մղիչ ուժ ունենանք։

6 Կենտրոնացիր օգուտների վրա։ Տեսնենք, թե ինչն օգնեց Էրիկային, որի մասին խոսեցինք հոդվածի սկզբում, հասնել ճշտապահ լինելու իր նպատակին։ Նա ասում է. «Հասկացա, որ քարոզչական հանդիպումներից ուշանալով՝ շատ բան եմ կորցնում։ Մտածեցի, որ եթե շուտ գամ, հնարավորություն կունենամ ողջունելու եղբայրներիս ու քույրերիս և շփվելու նրանց հետ։ Բացի այդ՝ օգտակար առաջարկներ կլսեմ, որոնք կօգնեն ինձ բարելավել քարոզչական հմտություններս և ուրախություն ստանալ իմ ծառայությունից»։ Կենտրոնանալով ճշտապահ լինելու օգուտների վրա՝ Էրիկան հասավ իր նպատակին։ Իսկ դո՞ւ ինչ օգուտների վրա կարող ես կենտրոնանալ։ Օրինակ՝ եթե նպատակ ես դրել բարելավել Աստվածաշնչի ընթերցանությունդ կամ աղոթքներիդ որակը, մտածիր, թե դրա շնորհիվ որքան կմտերմանաս Եհովայի հետ (Սաղ. 145։18, 19)։ Իսկ եթե ուզում ես որևէ հատկություն զարգացնել, մտածիր, թե դա ինչ դրական ազդեցություն կունենա ուրիշների հետ ունեցած քո փոխհարաբերությունների վրա (Կող. 3։14)։ Մի տեղ գրիր այն օգուտները, որ կունենաս, եթե հասնես քո նպատակներին, և ժամանակ առ ժամանակ աչքի անցկացրու դրանք։ Թոմաշը, ում մասին արդեն խոսեցինք, ասում է. «Որքան նպատակիս հասնելու պատճառները շատ են լինում, այնքան ավելի շատ ջանք եմ թափում դրան հասնելու համար»։

7. Ի՞նչն օգնեց Խուլիոյին և նրա կնոջը հասնել իրենց նպատակին։

7 Ընկերակցիր նրանց հետ, ովքեր կմղեն քեզ հասնելու նպատակներիդ (Առակ. 13։20)։ Ուշադրություն դարձնենք, թե ինչն օգնեց Խուլիոյին և նրա կնոջը հասնել ծառայությունն ընդլայնելու իրենց նպատակին։ Խուլիոն ասում է. «Մենք այնպիսի ընկերներ էինք ընտրում, ովքեր օգնում էին մեզ հասնել մեր նպատակին, և ում հետ կարող էինք խոսել դրա մասին։ Նրանցից շատերը արդեն հասել էին նմանատիպ նպատակների և կարող էին օգտակար խորհուրդներ տալ։ Մեր ընկերները նաև հետաքրքրվում էին, թե ինչ հաջողություններ ունենք մեր նպատակին հասնելու հարցում, և քաջալերում էին մեզ, երբ թևաթափ էինք լինում»։

ԵՐԲ ՄՂԻՉ ՈՒԺ ՉՈՒՆԵՆՔ

Նպատակիդ հասնելու համար ջանքեր թափիր (տես պարբերություն 8)

8. Ի՞նչ կլինի, եթե մեր նպատակին հասնելու ուղղությամբ ջանքեր թափենք միայն այն ժամանակ, երբ մղիչ ուժ ունենք (տես նաև նկարը)։

8 Բոլորիս մոտ էլ լինում են օրեր, երբ մեր նպատակին հասնելու մղիչ ուժ չենք ունենում։ Բայց դա չի նշանակում, որ այլևս չպետք է ջանքեր թափենք։ Պարզաբանենք օրինակով։ Քամին հզոր ուժ է, որը կարող է առագաստանավին տանել դեպի նպատակակետը։ Սակայն քամու ուժգնությունը միշտ նույնը չէ։ Որոշ օրեր էլ ընդհանրապես քամի չի լինում։ Արդյո՞ք դա նշանակում է, որ նավը չի կարող առաջ գնալ։ Պարտադիր չէ։ Օրինակ՝ որոշ առագաստանավեր շարժիչ ունեն, որոշներն էլ՝ թիեր։ Ուստի առաջ շարժվելու համար նավաստին կարող է այդ միջոցներից օգտվել։ Մեր մղիչ ուժը քամու պես կարող է տարբեր ուժգնության լինել։ Իսկ որոշ օրեր գուցե ընդհանրապես չցանկանանք որևէ բան անել։ Ուստի եթե ջանքեր թափենք միայն այն ժամանակ, երբ մղիչ ուժ ունենք, գուցե այդպես էլ չհասնենք մեր նպատակին։ Բայց ինչպես նավաստին է իր նպատակակետին հասնելու համար այլ տարբերակներ փնտրում, այնպես էլ մենք պետք է ձգտենք մեր նպատակին անգամ այն ժամանակ, երբ ոչինչ անելու ցանկություն չունենք։ Ինչ խոսք, դրա համար ինքնակարգապահություն է պետք, բայց արժե ջանքեր թափել։ Այժմ եկեք քննենք, թե արդյոք պետք է շարունակենք ջանքեր թափել նմանատիպ իրավիճակներում։ Եվ եթե այո, ապա ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկենք այդ առնչությամբ։

9. Արդյո՞ք սխալ է ձգտել հասնել մեր նպատակին, անգամ երբ այդպես վարվելու ցանկություն չունենք։ Բացատրիր։

9 Եհովան ուզում է, որ ուրախությամբ և հոժարակամորեն ծառայենք իրեն (Սաղ. 100։2; 2 Կորնթ. 9։7)։ Ուստի հարց է առաջանում,  թե արդյոք պետք է շարունակենք ձգտել մեր նպատակին, երբ այդպես վարվելու ցանկություն չունենք։ Նկատի առնենք Պողոս առաքյալի օրինակը։ Նա ասում է. «Ես իմ մարմնին եմ հարվածում և ծառայեցնում եմ այն» (1 Կորնթ. 9։25-27)։ Պողոսը ինքն իրեն ստիպում էր անել ճիշտը, անգամ երբ հակված էր հակառակն անելու։ Արդյո՞ք Եհովան ընդունեց Պողոսի ծառայությունը։ Այո՛։ Նա վարձատրեց նրա ջանքերը (2 Տիմոթ. 4։7, 8

10. Ի՞նչ օգուտներ կստանանք, եթե շարունակենք հետամուտ լինել մեր նպատակին, նույնիսկ երբ մղված չենք այդպես վարվելու։

10 Եհովան ուրախանում է, երբ տեսնում է, որ շարունակում ենք ջանքեր թափել, անգամ երբ այդպես վարվելու ցանկություն չունենք։ Նա գիտի, որ երբեմն մենք որևէ բան անում ենք ոչ թե տվյալ բանի հանդեպ սիրուց մղված, այլ քանի որ սիրում ենք իրեն։ Եհովան ինչպես Պողոսի ջանքերը օրհնեց, այնպես էլ մեր ջանքերը կօրհնի (Սաղ. 126։5)։ Երբ տեսնենք նրա օրհնությունը, գուցե մեր մեջ մղիչ ուժ առաջանա։ Լուցինա անունով մի քույր, ով ապրում է Լեհաստանում, ասում է. «Երբեմն ես չեմ ուզում գնալ քարոզչական ծառայության, հատկապես այն ժամանակ, երբ հոգնած եմ։ Բայց երբ գնում եմ, մեծ ուրախություն եմ ստանում»։ Այժմ տեսնենք, թե ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել, երբ մղիչ ուժ չենք ունենում։

11. Եհովան ինչպե՞ս կարող է օգնել մեզ, որ ինքնատիրապետում զարգացնենք։

11 Ինքնատիրապետում խնդրիր Եհովայից։ Ինքնատիրապետումն օգնում է վերահսկել մեր զգացմունքներն ու գործերը։ Այս բառը հաճախ փոխանցում է որևէ վատ բանից խուսափելու իմաստ։ Սակայն լավ բան անելու համար նույնպես ինքնատիրապետում է պետք, հատկապես, երբ մեր անելիքը բարդ է, կամ տվյալ բանն անելու ցանկություն չունենք։ Հիշենք նաև, որ ինքնատիրապետումը սուրբ ոգու պտղի հատկություններից է։ Ուստի Եհովայից խնդրիր իր ոգին, որպեսզի կարողանաս զարգացնել այդ կարևոր հատկությունը (Ղուկ. 11։13; Գաղ. 5։22, 23)։ Դեյվիդը, ում մասին արդեն խոսեցինք, բացատրում է, թե աղոթքը ինչպես է օգնել իրեն։ Նա նպատակ էր դրել կանոնավորաբար անձնական ուսումնասիրություն անելու։ Դեյվիդն ասում է. «Ես խնդրում էի Եհովային, որ օգնի ինձ ինքնատիրապետում զարգացնել։ Նրա օգնությամբ սկսեցի անձնական ուսումնասիրություն անել և այժմ հետևողական եմ այդ հարցում»։

12. Հոգևոր նպատակների հասնելու առնչությամբ ի՞նչ սկզբունք է գրված Ժողովող 11։4-ում։

12 Մի՛ սպասիր կատարյալ հանգամանքների։ Այս աշխարհում մենք երբեք իդեալական հանգամանքներ չենք ունենա։ Եթե այդպիսի հանգամանքների սպասենք, երբեք չենք հասնի մեր նպատակին (կարդա Ժողովող 11։4)։ Դեյնիել անունով մի եղբայր ասում է. «Կատարյալ հանգամանքներ չեն լինում։ Բայց երբ գործի ենք անցնում, մեր նպատակին հասնելու համար ամենալավ հանգամանքներն ենք ստեղծում»։ Ուգանդայում ապրող մի եղբայր, ում անունը Փոլ է, ևս մի պատճառ է նշում, թե ինչու չպետք է հետաձգենք մեր անելիքը. «Երբ, չնայած դժվար հանգամանքներին, գործի ենք անցնում, թույլ ենք տալիս, որ Եհովան օրհնի մեզ» (Մաղ. 3։10

13. Ինչո՞ւ արժե քչից սկսել։

13 Սկսիր քչից։ Հնարավոր է՝ մղիչ ուժ չունենք, քանի որ կարծում ենք, թե մեր նպատակին հասնելը շատ բարդ է։ Եթե քո պարագայում էլ է այդպես, միջանկյալ նպատակներ դիր։ Օրինակ՝ եթե ձգտում ես որևէ հատկություն զարգացնել, փորձիր դրսևորել այն փոքր հարցերում։ Իսկ եթե ցանկանում ես ամբողջությամբ կարդալ Աստվածաշունչը, փորձիր քչից սկսել։ Թոմաշը, ում մասին խոսեցինք ավելի վաղ, դժվարանում էր կարդալ Աստվածաշունչը մեկ տարում։ Նա ասում է. «Հասկացա, որ իմ ընտրած տեմպը շատ արագ է, ուստի որոշեցի նորից սկսել, բայց այս անգամ օրական ընթերցում էի մի փոքր հատված և խորհում դրա շուրջ։ Արդյունքում Աստվածաշնչի ընթերցանությունը ինձ համար հաճելի դարձավ»։ Թոմաշը մղվեց ավելի շատ ժամանակ տրամադրել Աստծու Խոսքը կարդալուն։ Վերջապես նրան հաջողվեց ամբողջությամբ ընթերցել Աստվածաշունչը։ c

ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ ԲԱԽՎԵԼԻՍ ՄԻ՛ ՎՀԱՏՎԻՐ

14. Ի՞նչ խոչընդոտների գուցե բախվենք։

14 Ցավոք, մեր նպատակներին հասնելու ճանապարհին մենք խոչընդոտների կբախվենք, նույնիսկ եթե կազմակերպված ենք և մեծ ցանկություն ունենք հասնելու դրանց։ Օրինակ՝ հնարավոր է՝ անսպասելի բաներ լինեն, որոնք կխլեն այն ժամանակը, որ կարող էինք տրամադրել մեր նպատակներին հասնելուն (Ժող. 9։11)։ Կամ էլ գուցե այնպիսի դժվարության բախվենք, որը մեզ կվհատեցնի և ուժասպառ կանի (Առակ. 24։10)։ Բացի այդ՝ անկատարության պատճառով գուցե այնպիսի սխալներ անենք, որոնք կհեռացնեն մեզ մեր նպատակներից (Հռոմ. 7։23)։ Խոչընդոտներից մեկն էլ կարող է լինել հոգնածությունը (Մատթ. 26։43)։ Տեսնենք, թե ինչ կարող ենք անել, երբ խոչընդոտի բախվենք։

15. Արդյո՞ք խոչընդոտների բախվելը նշանակում է, որ ձախողվել ենք։ Բացատրիր (Սաղմոս 145։14

15 Խոչընդոտի բախվել դեռ չի նշանակում ձախողվել։ Աստվածաշնչում ասվում է, որ մենք պարբերաբար խնդիրներ և դժվարություններ ենք ունենալու։ Բայց այնտեղ նաև նշվում է, որ մենք կարող ենք հաղթահարել դրանք, հատկապես Եհովայի օգնությամբ (կարդա Սաղմոս 145։14)։ Ֆիլիպը, ում մասին արդեն խոսեցինք, ասում է. «Ես ոչ թե կենտրոնանում եմ այն բանի վրա, թե քանի անգամ եմ ձախողվել, այլ այն բանի, թե քանի անգամ եմ նորից սկսել աշխատել նպատակիս ուղղությամբ»։ Իսկ Դեյվիդն ասում է. «Ինձ հանդիպող խոչընդոտները դիտում եմ ոչ թե որպես փակուղի, այլ Եհովային իմ սերը փաստելու հնարավորություն»։ Այո՛, երբ, չնայած խոչընդոտների, առաջ ենք շարժվում, փաստում ենք, որ ուզում ենք հաճեցնել Եհովային։ Անկասկած, նա շատ է ուրախանում, երբ տեսնում է, որ շարունակ ջանքեր ենք թափում մեր նպատակին հասնելու համար։

16. Խոչընդոտների մասին մտածելով՝ գուցե ի՞նչ եզրակացության գանք։

16 Խոչընդոտը սովորելու առիթ համարիր։ Մտածիր տեղի ունեցածի մասին և ինքդ քեզ հարցրու. «Կարո՞ղ եմ հաջորդ անգամ խուսափել նման խոչընդոտից» (Առակ. 27։12)։ Երբեմն խոչընդոտները բացահայտում են, որ մեր դրած նպատակը իրատեսական չէ։ Եթե քո պարագայում էլ է այդպես, ևս մեկ անգամ վերանայիր քո նպատակը, որ տեսնես, թե արդյոք այն հասանելի է քեզ համար։ d Եհովան քեզ ձախողակ չի համարի, եթե չես հասել մի նպատակի, որը պարզապես վեր է քո ուժերից (2 Կորնթ. 8։12

17. Ինչո՞ւ լավ կլինի՝ հիշես, թե ինչ նպատակների ես արդեն հասել։

17 Մտածիր այն նպատակների մասին, որոնց արդեն հասել ես։ Աստվածաշունչն ասում է. «Աստված անարդար չէ, որ մոռանա ձեր աշխատանքը» (Եբր. 6։10)։ Ուստի դու էլ մի՛ մոռացիր քո ձեռքբերումների մասին։ Մտածիր, թե ինչ նպատակների ես արդեն հասել։ Օրինակ՝ Եհովայի հետ մտերմանալը, նրա մասին ուրիշներին պատմելը կամ մկրտվելը։ Ինչպես անցյալում ես կարողացել հոգևորապես առաջադիմել և որոշ նպատակների հասնել, այնպես էլ շարունակիր ձգտել ներկայիս նպատակներիդ (Փիլիպ. 3։16

Վայելիր ճամփորդությունը (տես պարբերություն 18)

18. Մեր հոգևոր նպատակին հասնելու ճանապարհին ինչի՞ մասին չպետք է մոռանանք (տես նաև նկարը)։

18 Եհովայի օգնությամբ դու կարո՛ղ ես հասնել քո նպատակին, ինչպես նավաստին է հասնում իր նպատակակետին։ Հիշիր, որ շատ նավաստիներ վայելում են ոչ միայն նպատակակետին հասնելու պահը, այլ նաև ամբողջ ճամփորդությունը։ Ուստի շարունակիր ձգտել քո հոգևոր նպատակին և մի՛ մոռացիր տեսնել, թե ինչպես է Եհովան օգնում և օրհնում քեզ դրան հասնելու ճանապարհին (2 Կորնթ. 4։7)։ Եթե չհանձնվես, առատ օրհնություններ կքաղես (Գաղ. 6։9

ԵՐԳ 126 Արթուն մնացեք, հաստատ կանգնեք, զորացեք

a Մեզ հաճախ հորդոր է տրվում, որ հոգևոր նպատակներ դնենք։ Իսկ ի՞նչ կարելի է անել, եթե արդեն նպատակ ունենք, բայց դժվարանում ենք հասնել դրան։ Հոդվածում կքննենք տարբեր առաջարկներ, թե ինչպես կարող ենք հասնել մեր նպատակներին։

b ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ Հոգևոր նպատակ ասելով՝ հասկանում ենք ցանկացած բան, որ ջանում ենք անել որևէ հարցում բարելավվելու կամ ինչ-որ բանի հասնելու համար, որպեսզի լիարժեքորեն ծառայենք Եհովային և ուրախացնենք նրան։ Գուցե նպատակ դնենք զարգացնելու որևէ հատկություն կամ բարելավելու Աստծուն մատուցվող մեր երկրպագությունը, օրինակ՝ Աստվածաշնչի ընթերցանությունը, անձնական ուսումնասիրությունը կամ քարոզչական ծառայությունը։

c Տես «Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից» գիրքը (էջ 10-11, պրբ. 4)։

d Ավելի շատ տեղեկության համար տես «Խոհեմ ակնկալիքներ, ուրախ սիրտ» հոդվածը «Դիտարանի» 2008 թ. հուլիսի 15-ի համարում։