Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 22

Շարունակիր քայլել «Սրբության ճանապարհով»

Շարունակիր քայլել «Սրբության ճանապարհով»

«Այնտեղ մի մեծ ճանապարհ կլինի.... Սրբության ճանապարհ» (ԵՍ. 35։8

ԵՐԳ 31 Քայլիր Աստծու հետ

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a

1-2. Ի՞նչ կարևոր որոշման առաջ էին կանգնած Բաբելոնում ապրող հրեաները (Եզրաս 1։2-4

 ՀՐԱՄԱՆԱԳԻՐ արձակվեց։ 70 տարի Բաբելոնում գերեվարված հրեաներին հնարավորություն տրվեց վերադառնալ իրենց հայրենիք՝ Իսրայել (կարդա Եզրաս 1։2-4)։ Միայն Եհովան կարող էր դա իրականացնել։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Քանի որ սովորաբար Բաբելոնը իր գերիներին ազատ չէր արձակում (Ես. 14։4, 17)։ Բայց այն կործանվեց, և իշխանության եկած նոր ղեկավարը հրեաներին թույլ տվեց դուրս գալ երկրից։ Այդպիսով յուրաքանչյուր հրեա, հատկապես ընտանիքի գլուխները պետք է կարևոր որոշում կայացնեին. դուրս գալ Բաբելոնից, թե մնալ այնտեղ։ Դա անելը գուցե դժվար լիներ։ Տեսնենք, թե ինչու։

2 Տարիքի պատճառով շատերի համար կարող էր դժվար լինել այդ ճամփորդությունը։ Հրեաներից շատերն էլ, ովքեր Բաբելոնում էին ծնվել, գուցե դժվարանային դուրս գալ այնտեղից, քանի որ Բաբելոնը իրենց հարազատ տունն էր դարձել։ Իսկ Իսրայելը նրանց նախնիների երկիրն էր։ Ոմանք էլ Բաբելոնում մեծ հարստություն էին կուտակել։ Ուստի նրանց համար հեշտ չէր լինի թողնել իրենց հարմարավետ տներն ու աշխատանքը և տեղափոխվել անծանոթ երկիր։

3. Ի՞նչ օրհնություն էր սպասում Իսրայել վերադարձող հավատարիմ հրեաներին։

3 Հավատարիմ հրեաները գիտեին, որ Իսրայել վերադառնալու օգուտները շատ ավելին էին, քան ցանկացած զոհողություն, որ գուցե անեին։ Մեծագույն օրհնությունը առնչվում էր նրանց երկրպագությանը։ Բաբելոնում Եհովային նվիրված տաճար չկար, մինչդեռ ավելի քան 50 հեթանոսական տաճար կար։ Չկար նաև զոհասեղան, որի վրա իսրայելացիները կարող էին մատուցել Մովսիսական օրենքով պահանջվող զոհերը, ոչ էլ քահանաների կազմակերպված խումբ կար, որը կաներ դա։ Բացի այդ՝ Աստծու ժողովուրդը թվով շատ ավելի քիչ էր, քան հեթանոսները, ովքեր ոչ մի հարգանք չունեին Եհովայի և նրա չափանիշների հանդեպ։ Ուստի տասնյակ հազարավոր աստվածավախ հրեաներ փափագում էին վերադառնալ իրենց հայրենիք և վերականգնել մաքուր երկրպագությունը։

4. Ի՞նչ խոստացավ Եհովան Իսրայել վերադարձող հրեաներին։

4 Բաբելոնից Իսրայել ճամփորդելը հեշտ չէր։ Դա կարող էր մոտ չորս ամիս տևել։ Բայց Եհովան խոստացել էր վերացնել ցանկացած խոչընդոտ, որը գուցե դժվարացներ նրանց վերադարձը։ Եսայիան գրել էր. «Հարթե՛ք ճանապարհը Եհովայի համար։ Անապատային հարթավայրի միջով անցնող մեծ ճանապարհը ուղի՛ղ դարձրեք մեր Աստծու համար.... Թմբերը հարթավայրի պիտի վերածվեն, և խորդուբորդ տեղերը՝ դաշտահովտի» (Ես. 40։3, 4)։ Պատկերացնենք հետևյալ տեսարանը. անապատով ձգվում է հարթ ճանապարհ։ Ճամփորդողի համար դա պետք է որ իսկական օրհնություն լիներ։ Ուղիղ ճանապարհով անցնելը ավելի հեշտ և անհամեմատ ավելի արագ կլիներ, քան սարերով ու ձորերով քայլելը։

5. Ի՞նչ անուն ուներ Բաբելոնից Իսրայել ձգվող այլաբանական ճանապարհը։

5 Այսօր ճանապարհներին հիմնականում անուններ են տալիս կամ համարակալում են դրանք։ Եսայիայի հիշատակած այլաբանական ճանապարհը նույնպես անուն ունի։ Կարդում ենք. «Այնտեղ մի մեծ ճանապարհ կլինի, մի ճանապարհ կբացվի, որը Սրբության ճանապարհ կկոչվի։ Անմաքուրը չի անցնի դրանով» (Ես. 35։8)։ Ի՞նչ էր այս խոստումը նշանակում իսրայելացիների համար, և ի՞նչ նշանակություն ունի այն մեզ համար։

«ՍՐԲՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ» ԱՆՑՅԱԼՈՒՄ ԵՎ ՀԻՄԱ

6. Ինչո՞ւ էր Իսրայել տանող ճանապարհը կոչվում սուրբ։

6 «Սրբության ճանապարհ». ի՜նչ յուրահատուկ անուն։ Ինչո՞ւ էր այդ ճանապարհը կոչվում սուրբ։ Քանի որ վերականգնված Իսրայել ազգում տեղ չէր լինելու «անմաքուրի», այսինքն՝ այն հրեայի համար, ով անբարո ապրելակերպ ուներ, կռապաշտ էր կամ ուրիշ լուրջ մեղքեր էր գործում։ Իսրայել վերադարձած հրեաները պետք է «սուրբ ժողովուրդ» դառնային իրենց Աստծու համար (2 Օրենք 7։6)։ Իհարկե, դա չէր նշանակում, որ Բաբելոնից դուրս եկած մարդիկ Եհովային հաճեցնելու համար փոփոխություններ անելու կարիք չունեին։

7. Որոշ հրեաներ ի՞նչ փոփոխություններ անելու կարիք ունեին։ Բեր օրինակ։

7 Ինչպես արդեն նշեցինք, հրեաների մեծ մասը Բաբելոնում էր ծնվել, և շատերը որդեգրել էին բաբելոնացիների մտածելակերպն ու արժեքները։ Իսրայել վերադառնալուց անգամ տասնամյակներ անց որոշ հրեաներ շարունակում էին ապրել այդ չափանիշներով։ Օրինակ՝ Եզրասն արձանագրել է, որ ոմանք հեթանոս կանանց հետ էին ամուսնանում (Ելք 34։15, 16; Եզր. 9։1, 2)։ Այդ սովորությունը մնացել էր անգամ Կառավարիչ Նեեմիայի օրերում։ Նրան ապշեցրել էր այն, որ Իսրայելում ծնված երեխաները չէին կարողանում խոսել հրեաների լեզվով (2 Օրենք 6։6, 7; Նեեմ. 13։23, 24)։ Ինչպե՞ս կարող էին այդ երեխաները սովորել սիրել Եհովային և պաշտել նրան, եթե չգիտեին եբրայերեն, այն հիմնական լեզուն, որով գրվել էր Աստծու Խոսքը (Եզր. 10։3, 44)։ Հստակ է, որ Բաբելոնից դուրս եկած հրեաները պետք է մեծ փոփոխություններ անեին։ Նրանց համար ավելի հեշտ կլիներ անել այդ փոփոխությունները, քանի որ արդեն ապրում էին Իսրայելում, որտեղ մաքուր երկրպագությունը աստիճանաբար վերականգնվում էր (Նեեմ. 8։8, 9

1919 թ.-ից ի վեր միլիոնավոր տղամարդիկ, կանայք ու երեխաներ դուրս են եկել Մեծ Բաբելոնից և սկսել են քայլել «Սրբության ճանապարհով» (տես պարբերություն 8)

8. Անցյալում հրեաների հետ տեղի ունեցած իրադարձությունները ինչո՞ւ պետք է հետաքրքրեն մեզ (տես ամսագրի շապիկի նկարը)։

8 Ոմանք գուցե ասեն. «Այս ամենը, իհարկե, շատ հետաքրքիր է, բայց դա ի՞նչ կապ ունի մեզ հետ»։ Իրականում ուղիղ կապ ունի։ Չէ՞ որ ինչ-որ առումով մենք էլ ենք ճամփորդում «Սրբության ճանապարհով»։ Անկախ նրանից՝ օծյալների խմբին ենք պատկանում, թե «ուրիշ ոչխարների»՝ մենք պետք է մնանք «Սրբության ճանապարհին», քանի որ հոգևոր դրախտի միջով այն առաջնորդում է մեզ դեպի Թագավորության ապագա օրհնություններ (Հովհ. 10։16 b 1919 թ.-ից միլիոնավոր տղամարդիկ, կանայք ու երեխաներ դուրս են եկել Մեծ Բաբելոնից՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրությունից, և սկսել են քայլել այդ այլաբանական ճանապարհով։ Թեև դրա բացումը ավելի քան հարյուր տարի առաջ է եղել, բայց նախապատրաստական աշխատանքները սկսվել են դարեր առաջ։

ՃԱՆԱՊԱՐՀԸ ՀԱՐԹԵՑՎՈՒՄ Է

9. Եսայիա 57։14 համարի համաձայն՝ ի՞նչ իմաստով են «Սրբության ճանապարհին» նախապատրաստական աշխատանքներ կատարվել։

9 Եհովան հոգ տարավ, որ Բաբելոնից դուրս եկող հրեաների ճանապարհին եղող խոչընդոտները հեռացվեն (կարդա Եսայիա 57։14)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մերօրյա «Սրբության ճանապարհի» մասին։ Նախքան 1919 թ. Եհովան աստվածավախ մարդկանց միջոցով դարեր շարունակ հարթել է Մեծ Բաբելոնից դուրս գալու ճանապարհը (համեմատիր Եսայիա 40։3)։ Նրանք կատարել են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները՝ հոգևոր ճանապարհաշինությունը, որպեսզի հետագայում ազնվասիրտ մարդիկ կարողանան դուրս գալ Մեծ Բաբելոնից և մտնեն հոգևոր դրախտ, որտեղ մաքուր երկրպագությունը վերականգնված կլիներ։ Իսկ ի՞նչ էր ներառում այդ ճանապարհաշինությունը։ Քննենք նախապատրաստական աշխատանքներից մի քանիսը։

Դարեր շարունակ աստվածավախ մարդիկ մասնակցել են Մեծ Բաբելոնից դուրս գալու ճանապարհի հարթեցման աշխատանքներին (տես պարբերություն 10-11)

10-11. Աստծու Խոսքի տպագրությունն ու թարգմանությունը ինչպե՞ս են նպաստել աստվածաշնչյան գիտելիքների տարածմանը (տես նաև նկարը)։

10 Տպագրություն։ Նախքան 15-րդ դարի կեսերը Աստվածաշունչը ձեռքով արտագրում էին։ Դա ժամանակատար աշխատանք էր։ Ուստի Աստվածաշնչի քիչ օրինակներ կային, և դրանք շատ թանկ արժեին։ Բայց երբ ստեղծվեց շարժական տառերով տպագրությունը, Աստվածաշունչը հրատարակելու և տարածելու գործը հեշտացավ։

11 Թարգմանություն։ Դարեր շարունակ Աստվածաշունչը առկա էր հիմնականում լատիներենով, որը միայն կրթված մարդիկ կարող էին հասկանալ։ Երբ տպագրությունը լայն տարածում ստացավ, աստվածավախ մարդիկ սկսեցին ակտիվորեն Աստվածաշունչը թարգմանել հասարակ մարդկանց հասանելի լեզուներով։ Այդուհետ մարդիկ կարող էին կարդալ Աստվածաշունչը և հասկանալ, թե ինչ է այն իրականում սովորեցնում, և իրենց իմացածը համեմատել հոգևորականների սովորեցրածի հետ։

Աստվածավախ մարդիկ մասնակցել են Մեծ Բաբելոնից դուրս գալու ճանապարհի հարթեցման աշխատանքներին (տես պարբերություն 12-14) c

12-13. Բեր օրինակ, թե 19-րդ դարում Աստվածաշունչը ուսումնասիրող անկեղծ մարդիկ ինչպես են քողազերծել կեղծ կրոնական ուսմունքները։

12 Աստվածաշնչի ուսումնասիրության ձեռնարկներ։ Աստվածաշնչի ջանասեր ուսումնասիրողները մեծ օգուտներ էին քաղում Աստծու Խոսքի ընթերցանությունից։ Նրանք իրենց սովորածի մասին պատմում էին ուրիշներին, ինչը զայրացնում էր հոգևորականներին։ Օրինակ՝ 19-րդ դարում մի խումբ անկեղծ մարդիկ սկսեցին հրատարակել թերթիկներ, որոնք մերկացնում էին եկեղեցու կեղծ ուսմունքները։

13 Մոտ 1835 թ.-ին Հենրի Գրու անունով մի աստվածավախ մարդ մահացածների վիճակի մասին մի թերթիկ հրատարակեց։ Այդ թերթիկում նա Աստվածաշնչից փաստեր էր բերում այն մասին, որ Աստված է անմահություն շնորհում, ոչ թե մարդիկ անմահ հոգով են ծնվում, ինչպես եկեղեցիների մեծ մասն էր սովորեցնում։ Իսկ 1837 թ.-ին Ջորջ Սթորզ անունով մի կրոնական ծառայող գնացքով ճամփորդելիս այդ թերթիկի մի օրինակ գտավ։ Նա կարդաց այն ու հասկացավ, որ դրանում շատ կարևոր ճշմարտություն է գրված։ Ջորջ Սթորզը որոշեց իր իմացածի մասին պատմել ուրիշներին։ 1842 թ.-ին նա հետաքրքիր դասախոսությունների մի շարք ներկայացրեց, որը կոչվում էր՝ «Հարց՝ արդյո՞ք չարերը անմահ են»։ Ջորջ Սթորզի գրածները մեծ ազդեցություն ունեցան Չարլզ Թեյզ Ռասել անունով մի երիտասարդի վրա։

14. Անցյալում կատարված հոգևոր ճանապարհաշինությունը ինչպե՞ս է օգնել եղբայր Ռասելին և նրա ընկերակիցներին (տես նաև նկարը)։

14 Ինչպե՞ս են եղբայր Ռասելն ու նրա ընկերակիցները օգուտներ քաղել այն հոգևոր ճանապարհաշինությունից, որ կատարվել էր անցյալում։ Ուսումնասիրություններ անելիս նրանք կարող էին օգտվել աստվածաշնչյան բառարաններից, համաբարբառներից և Աստվածաշնչի տարբեր թարգմանություններից, որոնք հրատարակվել էին իրենց ժամանակներից առաջ։ Բացի այդ՝ նրանք օգտվում էին Աստվածաշնչի վերաբերյալ մի շարք հետազոտություններից, որոնք կատարել էին Հենրի Գրուն, Ջորջ Սթորզը և այլք։ Եղբայր Ռասելն ու նրա ընկերակիցները նույնպես նպաստեցին հոգևոր ճանապարհաշինությանը՝ հրատարակելով մեծ թվով գրքեր և թերթիկներ, որոնցում շոշափվում էին աստվածաշնչյան թեմաներ։

15. Ի՞նչ կարևոր իրադարձություններ եղան 1919 թ.-ին։

15 1919 թ.-ին Աստծու ժողովուրդը ազատվեց Մեծ Բաբելոնի տիրապետությունից։ Նույն տարվա ընթացքում նշանակվեց «հավատարիմ և իմաստուն ծառան», ինչի շնորհիվ ազնվասիրտ մարդիկ կարողացան ոտք դնել նոր բացված «Սրբության ճանապարհի» վրա (Մատթ. 24։45-47)։ Այդ ճանապարհ մուտք գործող անհատները կարող էին խորացնել իրենց գիտելիքները Եհովայի նպատակների մասին մասամբ շնորհիվ այն հավատարիմ «աշխատողների», որոնք անցյալում մասնակցել էին ճանապարհի շինարարությանը (Առակ. 4։18)։ Նրանք կարող էին նաև իրենց կյանքը համապատասխանեցնել Եհովայի չափանիշներին։ Եհովան երբեք չի ակնկալել, որ իր ժողովուրդը միանգամից կատարի բոլոր անհրաժեշտ փոփոխությունները։ Փոխարենը՝ ժամանակի ընթացքում աստիճանաբար զտել է նրանց (տես « Եհովան աստիճանաբար զտում է իր ժողովրդին» շրջանակը)։ Որքա՜ն ուրախալի կլինի այն օրը, երբ մեր բոլոր գործերով կկարողանանք հաճեցնել Աստծուն (Կող. 1։10

«ՍՐԲՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ» ՄՈՒՏՔԸ ԴԵՌ ԲԱՑ Է

16. 1919 թ.-ից ի վեր բարեկարգման ի՞նչ աշխատանքներ են տարվում «Սրբության ճանապարհի» վրա (Եսայիա 48։17; 60։17

16 Ցանկացած ճանապարհ կանոնավոր բարեկարգման կարիք ունի։ 1919 թ.-ից ի վեր «Սրբության ճանապարհի» շինարարությունը շարունակվում է, որպեսզի ավելի շատ մարդիկ կարողանան դուրս գալ Մեծ Բաբելոնից։ Հավատարիմ և իմաստուն ծառան նշանակվելուց հետո գործի անցավ և 1921 թ.-ին հրատարակեց Աստվածաշնչի ուսումնասիրության մի ձեռնարկ, որը նախատեսված էր սկսնակներին ճշմարտությունը սովորեցնելու համար։ Այդ հրատարակության՝ «Աստծու քնարը» գրքի գրեթե վեց միլիոն օրինակ տպագրվեց 36 լեզուներով։ Դրա միջոցով շատերը իմացան ճշմարտությունը։ Վերջերս հրատարակվել է ուսումնասիրության մի նոր ձեռնարկ, որի վերնագիրն է՝ «Վայելիր կյանքը հավիտյան»։ Այս վերջին օրերում Եհովան իր կազմակերպության միջոցով մեզ առատ հոգևոր կերակուր է տալիս, որպեսզի օգնի՝ մնանք «Սրբության ճանապարհին» (կարդա Եսայիա 48։17; 60։17

17-18. Ո՞ւր է տանում «Սրբության ճանապարհը»։

17 Կարող ենք ասել, որ Աստվածաշնչի ուսումնասիրության հրավերն ընդունելով՝ անհատը հնարավորություն է ստանում ոտք դնել «Սրբության ճանապարհի» վրա։ Ոմանք կարճ տարածություն անցնելուց հետո դուրս են գալիս այդ ճանապարհից, մյուսները վճռական են շարունակելու ճանապարհը մինչև հասնեն նպատակակետին։ Իսկ ո՞րն է այն։

18 Երկնային հույս ունեցողներին «Սրբության ճանապարհը» տանում է «Աստծու դրախտ», որը երկնքում է (Հայտն. 2։7)։ Իսկ երկրային հույս ունեցողների նպատակակետը Քրիստոսի Հազարամյա Իշխանության վերջում կատարելության հասնելն է։ Եթե քայլում ես այդ ճանապարհով, հետ մի՛ նայիր։ Շարունակիր ընթացքդ, մինչև որ հասնես քո նպատակակետին։ Քեզ «բարի ճանապարհ» ենք մաղթում։

ԵՐԳ 24 Բարձրացեք Եհովայի լեռը

a Բաբելոնից Իսրայել տանող փոխաբերական ճանապարհը Եհովան կոչեց «Սրբության ճանապարհ»։ Եհովան նմանատիպ ճանապարհ է հարթել նաև մեր օրերում։ 1919 թ.-ից սկսած՝ միլիոնավոր մարդիկ դուրս են եկել Մեծ Բաբելոնից և սկսել են քայլել «Սրբության ճանապարհով»։ Բոլորս պետք է մնանք այդ ճանապարհի վրա, մինչև հասնենք մեր վերջնական նպատակակետին։

b Տես «Եսայիայի մարգարեությունը. լույս ողջ մարդկության համար» գրքի 2-րդ հատորը, էջ 56-57 (անգլ., ռուս.

c ՆԿԱՐ։ Եղբայր Ռասելը և նրա ընկերակիցները օգտվում են Աստվածաշունչն ուսումնասիրելու ձեռնարկներից, որոնք հրատարակվել էին իրենց ժամանակներից առաջ։