Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 23

Վառ պահիր «Յահի բոցը»

Վառ պահիր «Յահի բոցը»

«[Սիրո] կայծերը կրակի կայծեր են, այն Յահի բոցն է» (ԵՐԳ 8։6

ԵՐԳ 131 «Ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ»

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a

1. Աստվածաշունչն ինչպե՞ս է նկարագրում իսկական սերը։

 ՍԻՐՈ «կայծերը կրակի կայծեր են, այն Յահի բոցն է։ Առատ ջրերը չեն կարող հանգցնել սերը, ոչ էլ գետերը կարող են սրբել-տանել այն» (Երգ 8։6, 7 b Իսկական սիրո ի՜նչ գեղեցիկ նկարագրություն։ Այս խոսքերը ամուսնական զույգերին հավաստիացնում են, որ միմյանց հանդեպ ունեցած նրանց սերը կարող է անմար լինել։

2. Ամուսիններն ի՞նչ պետք է անեն, որպեսզի իրենց սերը չմարի։

2 Ամուսինն ու կինը պետք է ջանքեր թափեն, որպեսզի ամբողջ կյանքի ընթացքում անմար սեր ունենան միմյանց հանդեպ։ Պատկերացնենք օրինակով։ Խարույկը միշտ վառ կմնա, եթե շարունակ փայտ գցենք դրա մեջ։ Հակառակ դեպքում, այն ի վերջո կմարի։ Նմանապես ամուսնու և կնոջ միջև սերը կարող է հավետ վառ մնալ, եթե նրանք շարունակ ամրացնեն իրենց փոխհարաբերությունները։ Ամուսինն ու կինը գուցե զգան, որ իրենց սերը մարում է, հատկապես եթե ֆինանսական կամ առողջական խնդիրներ են ծագում, կամ երեխաներին մեծացնելու հետ կապված դժվարություններ են առաջանում։ Ինչպե՞ս կարող են կողակիցները վառ պահել Յահի բոցը։ Հոդվածում կքննենք երեք կերպ, թե նրանք ինչպես կարող են ամրացնել իրենց փոխհարաբերությունները և երջանիկ ամուսնություն ունենալ։ c

ՇԱՐՈՒՆԱԿԵՔ ՄՏԵՐՄԱՆԱԼ ԵՀՈՎԱՅԻ ՀԵՏ

Հովսեփի ու Մարիամի նման՝ ամուսինն ու կինը պետք է ամուր փոխհարաբերություններ ունենան Եհովայի հետ (տես պարբերություն 3)

3. Եհովայի հետ ունեցած ամուր փոխհարաբերությունները ինչպե՞ս են օգնում ամուսիններին իրենց սերը վառ պահել (Ժողովող 4։12; տես նաև նկարը)։

3 «Յահի բոցը» վառ պահելու համար թե՛ ամուսինը, թե՛ կինը պետք է ջանքեր թափեն, որպեսզի Եհովայի հետ ամուր փոխհարաբերություններ ունենան։ Իսկ դա ինչպե՞ս կարող է ամրացնել նրանց ամուսնությունը։ Իրենց երկնային Հոր հետ փոխհարաբերությունները թանկ համարող կողակիցները պատրաստակամորեն կիրառում են նրա խորհուրդները։ Արդյունքում նրանք հաղթահարում են այն խնդիրները, որոնց պատճառով իրենց սերը կարող է սառչել, կամ էլ խուսափում են դրանցից (կարդա Ժողովող 4։12)։ Բացի այդ՝ հոգևոր մարդիկ ձգտում են ընդօրինակել Եհովային և զարգացնել նրան բնորոշ հատկություններ, ինչպիսիք են բարությունը, համբերատարությունը և ներողամտությունը (Եփես. 4։32-5։1)։ Երբ կողակիցները նման հատկություններ են դրսևորում, նրանց սերը գնալով աճում է։ Լենա անունով մի քույր, ով ավելի քան 25 տարի է, ինչ ամուսնացած է, ասում է. «Հոգևոր անձնավորությանը ավելի հեշտ է սիրել ու հարգել»։

4. Ինչո՞ւ Եհովան Հովսեփին ու Մարիամին ընտրեց որպես Մեսիայի ծնողներ։

4 Քննենք աստվածաշնչյան մի օրինակ։ Դավթից սերող բազմաթիվ մարդկանցից Եհովան Հովսեփին ու Մարիամին ընտրեց որպես ապագա Մեսիայի ծնողներ։ Ինչո՞ւ հենց նրանց։ Քանի որ երկուսն էլ անձնական փոխհարաբերություններ ունեին Եհովայի հետ, և նա գիտեր, որ նրանց ամուսնության հիմքում ընկած կլինի իր հանդեպ սերը։ Սիրելի՛ ամուսնական զույգեր, ի՞նչ կարող եք սովորել Հովսեփից ու Մարիամից։

5. Ամուսինները ի՞նչ կարող են սովորել Հովսեփից։

5 Հովսեփը պատրաստակամորեն հետևում էր Եհովայի տված առաջնորդությանը։ Դա նպաստում էր, որ նա ավելի լավ ամուսին լիներ։ Եհովան առնվազն երեք անգամ ընտանիքին առնչվող հարցերում հրահանգներ է տվել Հովսեփին։ Յուրաքանչյուր դեպքում էլ Հովսեփն անմիջապես հնազանդվել է, նույնիսկ երբ այդպես վարվելը դժվար է եղել (Մատթ. 1։20, 24; 2։13-15, 19-21)։ Աստծու առաջնորդությանը հետևելով՝ Հովսեփը պաշտպանել է Մարիամին, աջակցել է նրան և հոգ տարել նրա մասին։ Միայն պատկերացրու, թե այդ ամենը տեսնելով՝ Մարիամը որքան շատ էր սիրում ու հարգում Հովսեփին։ Սիրելի՛ ամուսիններ, դուք Հովսեփին ընդօրինակած կլինեք, եթե հետևեք ընտանիքին հոգ տանելու վերաբերյալ Աստվածաշնչում տեղ գտած խորհուրդներին։ d Երբ կիրառեք այդ խորհուրդները, անգամ եթե այդպես վարվելը դժվար լինի, սեր դրսևորած կլինեք ձեր կնոջ հանդեպ և կամրացնեք ձեր ամուսնությունը։ Վանուատուում ապրող մի քույր, ով ավելի քան 20 տարի է, ինչ ամուսնացած է, ասում է. «Երբ ամուսինս փնտրում է Եհովայի առաջնորդությունը և հետևում դրան, ես նրան ավելի շատ եմ հարգում։ Ես ինձ ապահով եմ զգում և վստահում եմ նրա կայացրած որոշումներին»։

6. Կանայք ի՞նչ կարող են սովորել Մարիամից։

6 Մարիամը անձնական փոխհարաբերություններ ուներ Եհովայի հետ։ Նրա հավատը կախված չէր Հովսեփի հավատից։ Նա շատ լավ գիտեր Սուրբ Գրքերը։ Բացի այդ՝ Մարիամը ժամանակ էր հատկացնում, որ խորհրդածեր (Ղուկ. 2։19, 51)։ Անկասկած, Եհովայի հետ մտերմության շնորհիվ նա հիանալի կին էր իր ամուսնու համար։ Այսօր շատ կանայք ձգտում են ընդօրինակել Մարիամին։ Օրինակ՝ Էմիկո անունով մի քույր ասում է. «Երբ ամուրի էի, հոգևոր գործերի իմ անձնական գրաֆիկն ունեի, բայց ամուսնանալուց հետո նկատեցի, որ իմ հավատը սկսել է կախված լինել ամուսնուցս, քանի որ միասին էինք աղոթում, և երկրպագության հետ կապված հարցերում նա էր առաջնորդություն վերցնում։ Հասկացա, որ Եհովայի հետ փոխհարաբերություններս ամրացնելու համար պետք է անձամբ քայլեր ձեռնարկեմ։ Ուստի ժամանակ հատկացրի, որ մենակ մնամ իմ Աստծու հետ. աղոթում էի, կարդում Աստվածաշունչը և խորհրդածում դրա շուրջ» (Գաղ. 6։5)։ Սիրելի՛ կանայք, եթե շարունակեք ամրացնել ձեր ընկերությունը Եհովայի հետ, ձեր ամուսինները ձեզ ավելի շատ կսիրեն և ձեզ գովելու ավելի շատ պատճառներ կունենան (Առակ. 31։30

7. Եհովային միասին պաշտելու վերաբերյալ ի՞նչ կարող են ամուսնական զույգերը սովորել Հովսեփից ու Մարիամից։

7 Եհովայի հետ ամուր փոխհարաբերություններ պահպանելու համար Հովսեփն ու Մարիամը նաև միասնական ջանքեր էին գործադրում և գիտակցում էին ընտանիքով Եհովային երկրպագելու կարևորությունը (Ղուկ. 2։22-24, 41; 4։16)։ Նրանք հաջողության հասան այդ հարցում, թեև այդպես վարվելը միշտ չէր, որ հեշտ էր, հատկապես երբ նրանց ընտանիքը մեծացավ։ Հովսեփն ու Մարիամը հրաշալի օրինակ են ամուսնական զույգերի համար։ Եթե դուք էլ երեխաներ ունեք, ձեզ համար գուցե դժվար լինի հաճախել ժողովի հանդիպումներին կամ ժամանակ տրամադրել ընտանեկան երկրպագությանը։ Հնարավոր է՝ նույնիսկ դժվարանաք ժամանակ գտնել ամուսիններով աղոթելու և Աստվածաշունչն ուսումնասիրելու համար։ Բայց հիշեք, որ Եհովային միասին պաշտելով՝ մտերմանում եք թե՛ նրա, թե՛ միմյանց հետ։ Ուստի ձեր կյանքում Աստծուն պաշտելը առաջնային համարեք։

8. Լարված փոխհարաբերություններ ունեցող ամուսինները ի՞նչ կարող են անել, որ արդյունավետ ընտանեկան երկրպագություն անցկացնեն։

8 Հնարավոր է՝ ձեր փոխհարաբերությունները լարված են, և ընտանեկան երկրպագություն անելու միտքը հաճելի չէ ձեզ։ Այդ դեպքում ընտրեք մի կարճ և հետաքրքիր նյութ, որը երկուսդ էլ կուզեք քննարկել։ Դա կարող է ամրացնել ձեր փոխհարաբերությունները և օգնել, որ միասին հոգևոր գործերով զբաղվելու ցանկություն ունենաք։

ՄԻԱՍԻՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՑԿԱՑՐԵՔ

9. Ինչո՞ւ պետք է կողակիցները միասին ժամանակ անցկացնեն։

9 Ամուսնական զույգերը իրենց սերը կարող են վառ պահել նաև, եթե միասին ժամանակ անցկացնեն։ Այդպիսով նրանք տեղյակ կլինեն, թե ինչ է մտածում և զգում իրենց կողակիցը (Ծննդ. 2։24)։ Նկատի առնենք, թե ամուսնությունից կարճ ժամանակ հետո ինչ հասկացան Լիլիան և Ռուսլանը, ովքեր ավելի քան 15 տարի է, ինչ ամուսնացած են։ Լիլիան ասում է. «Կարծում էինք, թե շատ ժամանակ կանցկացնենք միասին, բայց այդպես չեղավ։ Մենք պետք է աշխատեինք, տնային գործերով զբաղվեինք, իսկ հետագայում նաև մեր երեխաներին մեծացնեինք։ Հասկացանք, որ եթե ժամանակ չտրամադրենք միմյանց, կօտարանանք իրարից»։

10. Ամուսնական զույգերը ինչպե՞ս կարող են կիրառել Եփեսացիներ 5։15, 16 համարներում գրված սկզբունքը։

10 Կողակիցները ի՞նչ քայլեր կարող են ձեռնարկել միասին ժամանակ անցկացնելու համար։ Օրինակ՝ գուցե նախօրոք ծրագրեն, թե երբ են դա անելու (կարդա Եփեսացիներ 5։15, 16)։ Ուզոնդու անունով մի եղբայր, ով ապրում է Նիգերիայում, ասում է. «Իմ գրաֆիկը կազմելիս ես միշտ նշում եմ, թե երբ ենք կնոջս հետ ժամանակ անցկացնելու, և դրան առաջնահերթություն եմ տալիս» (Փիլիպ. 1։10)։ Տեսնենք, թե Անաստասիան, ով Մոլդովայում ծառայող մի շրջանային վերակացուի կին է, ինչպես է իր ժամանակը լավագույն կերպով օգտագործում։ Նա ասում է. «Անձնական գործերս այն ժամանակ եմ անում, երբ ամուսինս զբաղված է աստվածապետական հանձնարարություններով։ Դա օգնում է, որ միասին լինելու ժամանակ ունենանք»։ Իսկ ի՞նչ կարելի է անել, եթե կողակիցներն այնքան զբաղված են, որ չեն կարողանում ժամանակ տրամադրել իրար։

Ի՞նչ գործեր կարող եք անել միասին (տես պարբերություն 11-12)

11. Ակյուղասն ու Պրիսկիղան ի՞նչ գործեր էին անում միասին։

11 Ամուսնական զույգերը շատ բան կարող են սովորել Ակյուղասի և Պրիսկիղայի օրինակից։ Առաջին դարի քրիստոնյաները հարգում և սիրում էին այս զույգին (Հռոմ. 16։3, 4)։ Թեև Աստվածաշունչը նրանց ամուսնության մասին շատ մանրամասներ չի նշում, բայց հայտնում է, որ նրանք միասին աշխատել են, քարոզել և օգնել ուրիշներին (Գործ. 18։2, 3, 24-26)։ Հետաքրքիր է, որ Աստվածաշունչը Ակյուղասին և Պրիսկիղային միշտ միասին է հիշատակում։

12. Ի՞նչ կարող են անել ամուսինն ու կինը, որ իրար հետ ավելի շատ ժամանակ անցկացնեն (տես նաև նկարը)։

12 Ամուսնական զույգե՛ր, ինչպե՞ս կարող եք ընդօրինակել Ակյուղասին և Պրիսկիղային։ Մտածեք, թե յուրաքանչյուրդ ամեն օր ինչ գործեր ունեք անելու։ Կարո՞ղ եք դրանցից մի քանիսը միասին անել։ Օրինակ՝ Ակյուղասն ու Պրիսկիղան իրար հետ քարոզում էին։ Դո՞ւք էլ եք կանոնավորաբար միասին ծառայում։ Բացի այդ՝ Ակյուղասն ու Պրիսկիղան իրար հետ էին աշխատում։ Թերևս դու և կողակիցդ միասին չեք աշխատում, բայց կարող եք տնային գործերը իրար հետ անել (Ժող. 4։9)։ Երբ միասին ինչ-որ բան եք անում, գործում եք որպես մեկ թիմ և զրուցելու առիթ եք ունենում։ Նկատի առնենք Ռոբերտի և Լինդայի օրինակը, ովքեր ավելի քան 50 տարի է, ինչ ամուսնացած են։ Ռոբերտն ասում է. «Անկեղծ ասած՝ ես ու կինս միասին հանգստանալու համար շատ ժամանակ չենք ունենում, բայց երբ ես ամաններն եմ լվանում, իսկ նա չորացնում է, կամ երբ այգում գործ եմ անում, իսկ նա գալիս և օգնում է, ես ինձ շատ երջանիկ եմ զգում։ Երկուսով ինչ-որ բան անելը մեզ միասնական է դարձնում, և մեր սերը շարունակ աճում է»։

13. Իսկապես մտերիմ լինելու համար ի՞նչ պետք է անեն ամուսինն ու կինը։

13 Հիշեք, սակայն, որ պարզապես միասին լինելը բավական չէ միմյանց հետ մտերմանալու համար։ Բրազիլիայում ապրող մի ամուսնացած կին ասում է. «Մեր օրերում այնքան շատ շեղող հանգամանքներ կան, որ հեշտ է որդեգրել այն սխալ մտածելակերպը, թե մի հարկի տակ ապրելով՝ արդեն իսկ իրար հետ ժամանակ ենք անցկացնում։ Իրականում միասին լինելը միայն գործի կեսն է։ Ես հասկացա, որ ամուսնուս հետ մտերիմ լինելու համար պետք է նաև նրան տրամադրեմ այն ուշադրությունը, որի կարիքը նա ունի»։ Տեսնենք, թե այս առնչությամբ ինչ են անում Բրունոն և նրա կինը՝ Թեյսը։ Բրունոն ասում է. «Երբ միասին ենք, մենք մի կողմ ենք դնում մեր հեռախոսները և վայելում ենք միմյանց ընկերակցությունը»։

14. Եթե ամուսինները չեն սիրում միմյանց հետ ժամանակ անցկացնել, ի՞նչ կարող են անել։

14 Իսկ ի՞նչ կարող եք անել, եթե չեք սիրում միասին ժամանակ անցկացնել։ Թերևս պատճառն այն է, որ դուք տարբեր հետաքրքրություններ ունեք կամ էլ նյարդայնացնում եք իրար։ Հիշենք խարույկի օրինակը։ Այն միանգամից չի բոցավառվում։ Սկզբում հարկավոր է փոքր փայտեր գցել դրա մեջ, հետո՝ աստիճանաբար ավելի մեծ կտորներ ավելացնել։ Նմանապես ձեր սերը բոցավառելու համար ամեն օր մի փոքր ժամանակ անցկացրեք միասին։ Այնպիսի զբաղմունք ընտրեք, որ երկուսդ էլ սիրում եք, և խուսափեք կոնֆլիկտ առաջացնող բաներից (Հակ. 3։18)։ Այդպես վարվելով՝ կտեսնեք, թե ինչպես է ձեր սերը ժամանակի ընթացքում բոցավառվում։

ՀԱՐԳԱՆՔՈՎ ՎԵՐԱԲԵՐՎԵՔ ՄԻՄՅԱՆՑ

15. Կողակիցների սերը վառ պահելու համար ինչո՞ւ է հարգանքը կենսական։

15 Ամուսնության մեջ հարգանքը նույնքան կենսական է, որքան թթվածինը խարույկի համար։ Առանց թթվածնի կրակը արագ հանգչում է։ Նմանապես, եթե ամուսինների միջև հարգանք չլինի, նրանց սերը կարող է արագ սառչել։ Իսկ երբ ամուսինն ու կինը ձգտում են հարգանք դրսևորել միմյանց հանդեպ, իրենց սերը վառ են պահում։ Բայց հիշեք, որ հարցն այն չէ՝ դուք ձեզ հարգալից համարում եք, թե ոչ, այլ այն, թե ձեր կողակիցը իրեն հարգված զգում է, թե ոչ։ Նկատի առնենք Փենիի և Արետի օրինակը, ովքեր ավելի քան 25 տարի է, ինչ ամուսնացած են։ Փենին ասում է. «Մեր միջև եղած փոխադարձ հարգանքը ջերմ մթնոլորտ է ստեղծում տանը։ Մենք չենք կաշկանդվում արտահայտվել, քանի որ գիտենք, որ յուրաքանչյուրիս համար թանկ է դիմացինի կարծիքը»։ Ուստի ի՞նչ կարող ես անել, որպեսզի կողակիցդ իրեն իսկապես հարգված զգա։ Քննենք Աբրահամի ու Սառայի օրինակը։

Քրիստոնյա ամուսինը պետք է հարգանք դրսևորի իր կնոջ հանդեպ՝ հաշվի առնելով նրա զգացմունքները և ուշադիր լսելով նրան (տես պարբերություն 16)

16. Ամուսինները ի՞նչ կարող են սովորել Աբրահամի օրինակից (1 Պետրոս 3։7; տես նաև նկարը)։

16 Աբրահամը հարգանքով էր վերաբերվում Սառային։ Նա հաշվի էր առնում նրա կարծիքն ու զգացմունքները։ Մի անգամ, երբ Սառան շատ նեղված էր, իր վրդովմունքն արտահայտեց և նույնիսկ մեղադրեց Աբրահամին։ Իսկ ինչպե՞ս վարվեց Աբրահամը։ Արդյո՞ք նա հունից դուրս եկավ։ Ո՛չ։ Նա գիտեր, որ Սառան հնազանդ կին է և միշտ աջակցում է իրեն։ Աբրահամը լսեց իր կնոջը և փորձեց խնդրին լուծում տալ (Ծննդ. 16։5, 6)։ Ի՞նչ ենք սովորում։ Ամուսիննե՛ր, դուք ձեր ընտանիքի համար որոշումներ կայացնելու իշխանություն ունեք (1 Կորնթ. 11։3)։ Սակայն հիշեք, որ սիրո դրսևորում կլինի, եթե նախքան որոշում կայացնելը լսեք ձեր կնոջ կարծիքը, հատկապես եթե այդ որոշումը անդրադառնալու է նաև նրա վրա (1 Կորնթ. 13։4, 5)։ Երբեմն հնարավոր է՝ կինդ սթրեսի մեջ լինի և կարիք ունենա արտահայտելու իր զգացմունքները։ Հարգանք կդրսևորե՞ս կնոջդ հանդեպ՝ ուշադիր լսելով նրան (կարդա 1 Պետրոս 3։7)։ Տեսնենք, թե ինչ օրինակ են այս հարցում Անժելան ու Դմիտրին, ովքեր մոտ 30 տարի է, ինչ ամուսնացած են։ Անժելան պատմում է, թե իր ամուսինն ինչ է անում, որ ինքը հարգված զգա իրեն. «Դմիտրին միշտ պատրաստ է լսելու ինձ, երբ նեղված եմ լինում, կամ երբ պարզապես ուզում եմ խոսել։ Նա համբերատար է իմ հանդեպ, նույնիսկ երբ շատ էմոցիոնալ կերպով եմ արտահայտվում»։

17. Կանայք ի՞նչ կարող են սովորել Սառայի օրինակից (1 Պետրոս 3։5, 6

17 Սառան հարգանք էր դրսևորում Աբրահամի հանդեպ՝ թիկունք կանգնելով նրա որոշումներին (Ծննդ. 12։5)։ Մի անգամ Աբրահամը որոշեց հյուրասիրություն ցուցաբերել անսպասելի հյուրերի հանդեպ։ Նա Սառային խնդրեց թողնել այն, ինչ անում էր, և մեծ քանակությամբ հաց պատրաստել (Ծննդ. 18։6)։ Սառան առանց հապաղելու կատարեց Աբրահամի խնդրանքը։ Սիրելի՛ կանայք, դուք կարող եք ընդօրինակել Սառային՝ թիկունք կանգնելով ձեր ամուսինների կայացրած որոշումներին։ Եթե այդպես վարվեք, կամրացնեք ձեր ամուսնությունը (կարդա 1 Պետրոս 3։5, 6)։ Դմիտրին, ում մասին արդեն նշեցինք, պատմում է, թե իր կինն ինչ է անում, որ ինքը հարգված զգա իրեն. «Շատ եմ գնահատում այն, որ Անժելան ամեն կերպ փորձում է թիկունք կանգնել իմ որոշումներին, նույնիսկ եթե համաձայն չէ դրանց։ Եվ եթե իմ կայացրած որոշումները լավ արդյունք չեն բերում, նա չի քննադատում ինձ»։ Անշուշտ, հեշտ է սիրել մեկին, ով հարգում է քեզ։

18. Ի՞նչ օգուտներ են ստանում այն ամուսնական զույգերը, ովքեր ձգտում են իրենց սերը վառ պահել։

18 Սատանան ուզում է այնպես անել, որ քրիստոնյա զույգերի միջև տիրող սերը մարի։ Նա գիտի, որ եթե նրանք դադարեն սիրել իրար, գուցե սկսեն հեռանալ Եհովայից։ Բայց իսկական սերը հնարավոր չէ հանգցնել։ Ուստի թող ձեր սերը լինի այնպիսին, ինչպիսին նկարագրված է «Երգերի երգը» գրքում։ Վճռեք ամուր փոխհարաբերություններ պահպանել Եհովայի հետ։ Ժամանակ հատկացրեք միմյանց և հարգանք դրսևորեք իրար հանդեպ՝ հաշվի առնելով միմյանց զգացմունքներն ու կարիքները։ Այդ դեպքում ձեր ամուսնությունը փառք կբերի իսկական սիրո Աղբյուրին՝ Եհովային, և ձեր սիրո կրակը բոցավառվող խարույկի պես անմար կլինի։

ԵՐԳ 132 Հիմա մեկ մարմին ենք

a Ամուսնությունը հրաշալի պարգև է Եհովայից։ Այդ պարգևի շնորհիվ ամուսինն ու կինը կարող են ուժգին սեր դրսևորել միմյանց հանդեպ։ Ժամանակի ընթացքում, սակայն, այդ սերը կարող է սառչել։ Եթե ամուսնացած ես, այս հոդվածը կօգնի վառ պահել քո սերը կողակցիդ հանդեպ և երջանիկ լինել։

b Իսկական սերը անփոփոխ է ու հարատև։ Այն կոչվում է «Յահի բոցը», քանի որ Եհովան է այդ սիրո Աղբյուրը։

c Նույնիսկ եթե կողակիցդ չի կիսում քո հավատը, հոդվածում նշված առաջարկները կարող են օգնել քեզ ամրացնել ձեր փոխհարաբերությունները (1 Կորնթ. 7։12-14; 1 Պետ. 3։1, 2

d Գործնական խորհուրդներ կարող ես գտնել «Աջակցություն ընտանիքին» հոդվածաշարում, որը առկա է jw.org կայքում և JW Library® հավելվածում։