Ընթերցողների հարցերը
Աստվածաշնչում որպես «այսինչ մարդ» ներկայացված անհատն ինչո՞ւ ասաց, որ Հռութի հետ ամուսնանալով՝ «կավերի» իր ժառանգությունը (Հռութ 4։1, 6)
Քննենք, թե աստվածաշնչյան ժամանակներում ինչպես էին վարվում այն դեպքում, երբ ամուսնացած տղամարդը մահանում էր՝ առանց զավակներ ունենալու։ Դրա հետ կապված գուցե որոշ հարցեր առաջանային՝ «Ո՞վ էր ժառանգելու նրա ունեցվածքը։ Նրա տոհմի անունը վերանալո՞ւ էր»։ Այս հարցերի պատասխանները տրվում էին Մովսիսական օրենքում։
Ի՞նչ էր սահմանում Օրենքը այն հողատարածքի հետ կապված, որի տերը մահանում էր կամ աղքատանալով վաճառում իր ունեցվածքը։ Այդ մարդու եղբայրը կամ մտերիմ ազգականներից մեկ ուրիշը կարող էր փրկագնել, կամ՝ հետ գնել այն։ Դրա շնորհիվ տոհմը չէր կորցնում այդ հողատարածքը (Ղևտ. 25։23-28; Թվեր 27։8-11)։
Իսկ ինչպե՞ս էր պահպանվելու մահացածի տոհմի անունը։ Տեգրամուսնության շնորհիվ։ Այդպես եղավ Հռութի պարագայում։ Աստվածաշնչյան ժամանակներում տղամարդը ամուսնանում էր իր մահացած եղբոր կնոջ հետ, որպեսզի մահացածի համար սերունդ առաջ բերեր, ով կկրեր մահացածի տոհմի անունը և կժառանգեր նրա ունեցվածքը։ Դա նաև հոգատարության դրսևորում էր այրիացած կնոջ հանդեպ (2 Օրենք 25։5-7; Մատթ. 22։23-28)։
Քննենք Նոեմիի օրինակը։ Նա ամուսնացած էր Ելիմելեք անունով մի մարդու հետ։ Երբ Ելիմելեքն ու նրա երկու որդիները մահացան, Նոեմին մնաց առանց ապրուստ վաստակողի (Հռութ 1։1-5)։ Վերադառնալով Հուդա՝ նա պատվիրեց իր հարս Հռութին խնդրել Բոոս անունով մի մարդու, ով փրկագնելու իրավունք ուներ, գնել իրենց արտը։ Բոոսը Ելիմելեքի մոտ ազգականն էր (Հռութ 2։1, 19, 20; 3։1-4)։ Բայց նա գիտեր, որ ավելի մոտ ազգական էլ կա։ Այդ մարդու անունը Աստվածաշնչում չի հիշատակվում։ Նա ներկայացվում է որպես «այսինչ մարդ»։ Առաջին հերթին փրկագնելու իրավունքը նրանն էր (Հռութ 3։9, 12, 13)։
Սկզբում «այսինչ մարդը» պատրաստ էր օգնել (Հռութ 4։1-4)։ Թեև դա նշանակում էր, որ նա պետք է որոշակի ծախս աներ, բայց դա կարող էր լավ ներդրում լինել։ Նա գիտակցում էր, որ Նոեմին չէր կարող երեխա ունենալ, որը կժառանգեր Ելիմելեքի արտը, ուստի այն կդառնար իր ունեցվածքի մի մասը։
Սակայն «այսինչ մարդը» փոխեց իր միտքը, երբ իմացավ, որ պետք է ամուսնանա Հռութի հետ։ Նա ասաց. «Ես չեմ կարող փրկագնել, որ չլինի թե իմ ժառանգությունը ավիրեմ» (Հռութ 4։5, 6)։ Ինչո՞ւ նա փոխեց իր միտքը։
Եթե «այսինչ մարդը» կամ մեկ ուրիշը ամուսնանար Հռութի հետ, և նրանք մի որդի ունենային, այդ երեխան կլիներ Ելիմելեքի արտի ժառանգորդը։ Այդ գործարքը ի՞նչ առումով «կավերեր» «այսինչ մարդու» ժառանգությունը։ Աստվածաշունչը չի պատասխանում այս հարցին։ Բայց ահա մի քանի հավանական տարբերակ։
Առաջին՝ Ելիմելեքի արտը գնելու համար ծախսած գումարը նա գուցե վատնում համարեր, քանի որ արտը ի վերջո պատկանելու էր ոչ թե իրեն, այլ Հռութից ծնված որդուն։
Երկրորդ՝ այդպիսով նա ստանձնում էր Նոեմիին և Հռութին հոգ տանելու պատասխանատվությունը։
Երրորդ՝ եթե Հռութը «այսինչ մարդուց» այլ երեխաներ էլ ունենար, այդ երեխաները կլինեին «այսինչ մարդու» ունեցվածքի ժառանգորդները, ճիշտ ինչպես նրա մյուս երեխաները։
Չորրորդ՝ եթե «այսինչ մարդը» այլ երեխաներ չունենար, ապա Հռութից ծնված որդին կլիներ թե՛ Ելիմելեքի, թե՛ իր ունեցվածքի միակ ժառանգորդը։ Այդպիսով նրա ունեցվածքը կանցներ նրան, ով Ելիմելեքի տոհմի անունն էր կրելու, ոչ թե իր։ «Այսինչ մարդը» Նոեմիին օգնելու համար չէր ուզում վտանգել իր ժառանգությունը։ Նա նախընտրեց թույլ տալ, որ փրկագնելու իրավունք ունեցող հաջորդ անձնավորությունը՝ Բոոսը, կատարի այդ պարտականությունը։ Բոոսն արեց դա, քանի որ ցանկանում էր «մահացածի անունը վերականգնել նրա ժառանգության վրա» (Հռութ 4։10)։
«Այսինչ մարդը» ավելի շատ հետաքրքրված էր իր տոհմի անունն ու ժառանգությունը պահպանելով։ Նա եսասեր անձնավորություն էր։ Բայց որքան էլ այդ մարդն ուզում էր պահպանել իր անունը, այն ջնջվեց պատմության էջերից։ Բացի այդ՝ նա զրկվեց այն մեծ պատվից, որին Բոոսն արժանացավ։ Բոոսի անունը նշվեց Մեսիայի՝ Հիսուս Քրիստոսի տոհմաբանության մեջ։ Տեսնում ենք, թե ինչ վատ հետևանքներ կրեց «այսինչ մարդը»՝ եսասիրաբար հրաժարվելով օգնել կարիքի մեջ եղողին (Մատթ. 1։5; Ղուկ. 3։23, 32)։