Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 10

Ինչո՞ւ է հարկավոր մկրտվել

Ինչո՞ւ է հարկավոր մկրտվել

«Ձեզանից ամեն մեկը թող մկրտվի» (ԳՈՐԾԵՐ 2։38

ԵՐԳ 34 Անարատությամբ քայլենք

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a

1-2. Սովորաբար ի՞նչ մթնոլորտ է տիրում մկրտության ժամանակ, և ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

 ԱՌԻԹ ունեցե՞լ ես համաժողովի ժամանակ տեսնելու մկրտության թեկնածուներին։ Հավանաբար նկատել ես, թե ինչ համոզվածությամբ են նրանք պատասխանում այն երկու հարցերին, որ նրանց տրվում են մկրտությունից առաջ։ Նաև տեսել ես, թե ինչպես են ցնծում նրանց ընտանիքի անդամներն ու ընկերները։ Երբ թեկնածուները ջրից դուրս են գալիս, ծափահարություններ են հնչում, և նրանց դեմքը շողում է ուրախությունից։ Միջին հաշվով ամեն շաբաթ հազարավոր մարդիկ նվիրվում են Եհովա Աստծուն և մկրտվելով դառնում նրա Վկաները։

2 Իսկ ի՞նչ կարելի է ասել քո մասին։ Եթե մկրտվելու նպատակ ունես, ապա այս չար աշխարհում ապրող այն հազվագյուտ մարդկանցից ես, ովքեր «Եհովային են փնտրում» (Սաղ. 14։1, 2)։ Այս հոդվածը ուղղված է բոլոր նրանց, ովքեր մկրտվելու նպատակ ունեն։ Հոդվածը կօգնի նաև նրանց, ովքեր արդեն մկրտված են և ցանկանում են ամրացնել իրենց վճռականությունը Եհովային ծառայելու հարցում։ Եկեք քննենք երեք պատճառ, թե ինչու ենք ուզում ծառայել Եհովային։

ՍԻՐՈՒՄ ԵՍ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ

Սատանան հազարամյակներ շարունակ վարկաբեկել է Եհովայի բարի անունը և շարունակում է այդպես վարվել (տես պարբերություն 3-4)

3. Ինչո՞ւ են Եհովայի ծառաները ճշմարտություն ու արդարություն սիրում (Սաղմոս 119։128, 163

3 Եհովան իր ժողովրդին պատվիրել է «ճշմարտություն.... սիրել» (Զաք. 8։19)։ Իսկ Հիսուսն իր հետևորդներին հորդորել է արդարության հետամուտ լինել (Մատթ. 5։6)։ Սա նշանակում է մեծ ցանկություն ունենալ անելու այն, ինչը ճիշտ է, բարի և մաքուր Եհովայի տեսանկյունից։ Իսկ դու արդարություն և ճշմարտություն սիրո՞ւմ ես։ Վստահ ենք, որ սիրում ես։ Բացի այդ՝ գիտենք, որ ատում ես անարդարությունն ու ստությունը (կարդա Սաղմոս 119։128, 163)։ Նա, ով ստում է, ընդօրինակում է այս աշխարհի Իշխանին՝ Սատանային (Հովհ. 8։44; 12։31)։ Սատանայի նպատակներից մեկը Եհովա Աստծու սուրբ անունը վարկաբեկելն է։ Եդեմում տեղի ունեցած ապստամբությունից սկսած՝ Սատանան մեր Աստծու մասին ստեր է տարածում։ Նա Եհովային ներկայացնում է որպես եսասեր և խարդախ ղեկավարի, ով մարդկանց զրկում է լավ բաներից (Ծննդ. 3։1, 4, 5)։ Սատանան մարդկանց սրտում և մտքում շարունակ Եհովայի մասին ստեր է սերմանում։ Եվ երբ մարդիկ որոշում են չսիրել ճշմարտությունը, նա մղում է նրանց ամեն տեսակ անարդար և չար գործեր անելու (Հռոմ. 1։25-31

4. Ինչպե՞ս է Եհովան ցույց տվել, որ «ճշմարտության Աստված» է (տես նաև նկարը)։

4 Եհովան «ճշմարտության Աստված» է, և նա ճշմարտությունը սովորեցնում է բոլոր նրանց, ովքեր սիրում են իրեն (Սաղ. 31։5)։ Այդպես վարվելով՝ նա ազատում է մարդկանց Սատանայի տարածած ստերի ճիրաններից։ Եհովան նաև իր ծառաներին սովորեցնում է լինել ազնիվ և արդար։ Այդ հատկությունների շնորհիվ մեծանում է նրանց ինքնահարգանքը, և նրանք ներքին խաղաղություն են ձեռք բերում (Առակ. 13։5, 6)։ Մի՞թե Եհովան նույն բանը չի արել քեզ համար, երբ Աստվածաշունչ էիր ուսումնասիրում։ Դու համոզվել ես, որ Եհովայի չափանիշները լավագույնն են ողջ մարդկության և անձամբ քեզ համար (Սաղ. 77։13)։ Ուստի վճռել ես Աստծու արդար չափանիշներով ապրել (Մատթ. 6։33)։ Դու նաև ցանկանում ես ճշմարտությունը պատմել ուրիշներին և ապացուցել, որ այն ամենը, ինչ Սատանան ասում է մեր Աստված Եհովայի մասին, սուտ է։ Իսկ ինչպե՞ս կարող ես դա անել։

5. Ինչպե՞ս կարող ես ճշմարտության և արդարության կողմը բռնել։

5 Դու կարող ես այնպիսի կյանքով ապրել, որը ցույց կտա, որ մերժում ես Սատանայի ստերը և ճշմարտության կողմն ես բռնում։ Կարող ես ցույց տալ նաև, որ Եհովային ես ընդունում որպես Գերիշխանի և ուզում ես անել այն, ինչը ճիշտ է նրա տեսանկյունից։ Դու կսկսես այդ ուղիով ընթանալ, եթե աղոթքով նվիրվես Եհովային և մկրտվես՝ հանրորեն ցույց տալով քո նվիրումը։ Իրոք որ, արդարության և ճշմարտության հանդեպ սերը հզոր մղիչ ուժ է մկրտվելու համար։

ՍԻՐՈՒՄ ԵՍ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ

6. Հիսուս Քրիստոսին սիրելու ի՞նչ պատճառներ են նշվում Սաղմոս 45։4-ում։

6 Ինչո՞ւ ես սիրում Հիսուս Քրիստոսին։ Եկեք ուշադրություն դարձնենք, թե ինչ հիմնավոր պատճառներ են բերվում Սաղմոս 45։4-ում (կարդա)։ Հիսուսը ճշմարտություն, արդարություն և խոնարհություն է սիրում։ Եթե դու էլ ես սիրում այդ հատկությունները, ուրեմն սիրում ես նաև Հիսուս Քրիստոսին։ Մենք գիտենք, որ նա քաջաբար պաշտպանել է ճշմարտությունն ու արդարությունը (Հովհ. 18։37)։ Իսկ ինչի՞ց է երևում, որ Հիսուսը խոնարհ էր։

7. Հիսուսի խոնարհությունը ինչո՞ւ է տպավորիչ քեզ համար։

7 Հիսուսի խոնարհությունը երևում էր նրա ապրելակերպից։ Օրինակ՝ նա խոնարհաբար ողջ փառքը իր Հորն էր ուղղում (Մարկ. 10։17, 18; Հովհ. 5։19)։ Ի՞նչ զգացումներով ես լցվում Հիսուսի հանդեպ՝ իմանալով, որ նա այդպիսի խոնարհություն է դրսևորում։ Վստահաբար մղվում ես սիրելու Աստծու Որդուն և հետևելու նրա օրինակին։ Իսկ ի՞նչն է մղում Հիսուսին խոնարհ լինելու։ Այն, որ նա սիրում և ընդօրինակում է իր Հորը, ով նույնպես խոնարհ է (Սաղ. 18։35; Եբր. 1։3)։ Մի՞թե չես մղվում մոտենալու Հիսուսին, ով կատարելապես արտացոլում է Եհովայի հատկությունները։

8. Ինչո՞ւ ենք ուրախ, որ Հիսուսը մեր Թագավորն է։

8 Մենք ուրախ ենք, որ Հիսուսը մեր Թագավորն է, քանի որ նա իդեալական Ղեկավար է։ Չէ՞ որ Եհովան անձամբ է կրթել իր Որդուն և նշանակել որպես Ղեկավար (Ես. 50։4, 5)։ Նաև մտածիր, թե ինչ անձնազոհ սեր է դրսևորել Հիսուսը (Հովհ. 13։1)։ Որպես քո Թագավոր՝ նա, ինչ խոսք, արժանի է քո սիրուն։ Հիսուսը բացատրել է, որ իրեն իսկապես սիրողները՝ նրանք, ում ինքը ընկերներ կոչեց, իրենց սերը կփաստեն՝ հնազանդվելով իր պատվիրաններին (Հովհ. 14։15; 15։14, 15)։ Անկասկած, մեզ համար մեծ պատիվ է լինել Եհովայի Որդու ընկերը։

9. Ինչո՞վ է քրիստոնյաների մկրտությունը նման Քրիստոսի մկրտությանը։

9 Հիսուսը իր հետևորդներին պատվիրել է մկրտվել (Մատթ. 28։19, 20)։ Նա անձամբ է օրինակ ծառայել այդ հարցում։ Իհարկե, Հիսուսի մկրտությունը որոշ առումներով տարբերվում է նրա հետևորդների մկրտությունից (տես « Ինչո՞վ են իրարից տարբերվում Հիսուսի մկրտությունը և նրա հետևորդների մկրտությունը» շրջանակը)։ Բայց կան նաև որոշ նմանություններ։ Մկրտվելով Հիսուսը ցույց տվեց, որ պատրաստ է կատարելու իր Հոր կամքը (Եբր. 10։7)։ Քրիստոսի հետևորդները մկրտվելով հանրորեն ցույց են տալիս, որ նվիրվել են Եհովա Աստծուն։ Բացի այդ՝ նրանք ցույց են տալիս, որ այդուհետ Հիսուսի նման իրենց կյանքում ամենակարևորը Եհովայի կամքը կատարելն է։ Այդպիսով նրանք հետևում են իրենց Տիրոջ օրինակին։

10. Հիսուսի հանդեպ սերը ինչո՞ւ պետք է մղի քեզ, որ մկրտվես։

10 Դու ընդունել ես Հիսուսին որպես Եհովայի միածին Որդու և Աստծու նշանակած Թագավորի։ Ճանաչելով Հիսուսին՝ հասկացել ես, որ նա խոնարհ է և կատարելապես ընդօրինակում է իր Հորը։ Նաև իմացել ես, որ նա կերակրել է սովածներին, մխիթարել վհատվածներին և նույնիսկ բուժել հիվանդներին (Մատթ. 14։14-21)։ Իսկ այսօր տեսնում ես, թե ինչպես է նա առաջնորդում քրիստոնեական ժողովը (Մատթ. 23։10)։ Բացի այդ՝ գիտես, որ որպես Աստծու Թագավորության Թագավոր՝ նա ապագայում ավելին կանի։ Դու կարող ես ցույց տալ, որ սիրում ես Հիսուսին, եթե հետևես նրա օրինակին (Հովհ. 14։21)։ Դա անելու համար նախ պետք է Եհովային նվիրվես ու մկրտվես։

ՍԻՐՈՒՄ ԵՍ ԵՀՈՎԱ ԱՍՏԾՈՒՆ

11. Ո՞րն է մկրտվելու գլխավոր պատճառը. ինչո՞ւ ենք այդպես ասում։

11 Ո՞րն է մկրտվելու գլխավոր պատճառը։ Հիսուսը հայտնեց, թե որն է Աստծու պատվիրաններից մեծագույնը՝ ասելով. «Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով և քո ամբողջ ուժով» (Մարկ. 12։30)։ Դու է՞լ ես այսպես սիրում Աստծուն։

Եհովայից է ամեն բարի բան, որ երբևէ վայելել ես կամ կվայելես (տես պարբերություն 12-13)

12. Ինչո՞ւ ես սիրում Եհովային (տես նաև նկարը)։

12 Եհովային սիրելու շատ պատճառներ կան։ Հավանաբար, Աստվածաշունչն ուսումնասիրելով՝ հասկացել ես, որ նա է «կյանքի Աղբյուրը»։ Աստված «ամեն բարի պարգև և ամեն կատարյալ նվեր» Տվողն է (Սաղ. 36։9; Հակ. 1։17)։ Ցանկացած լավ բան, որ ունես, մեր առատաձեռն և սիրառատ Աստված է տվել։

13. Ինչո՞ւ է փրկանքը հրաշալի նվեր։

13 Փրկանքը Եհովայի կողմից տրված հրաշալի նվեր է։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Պատկերացրու, թե որքան մտերիմ են Եհովան և իր Որդին։ Հիսուսն ասել է՝ «Հայրը սիրում է ինձ», և «ես սիրում եմ Հորը» (Հովհ. 10։17; 14։31)։ Միլիարդավոր տարիների ընթացքում նրանց փոխհարաբերությունները ավելի են ամրացել (Առակ. 8։22, 23, 30)։ Այժմ խորհիր, թե ինչ մեծ ցավ է զգացել Աստված՝ թույլ տալով, որ իր Որդին մահանա։ Աստված բոլոր մարդկանց, այդ թվում՝ քեզ, այնքան շատ է սիրում, որ իր սիրելի Որդուն զոհել է, որպեսզի դու և մյուսները հավիտյան ապրելու հնարավորություն ունենաք (Հովհ. 3։16; Գաղ. 2։20)։ Մի՞թե Աստծուն սիրելու ավելի կարևոր պատճառ կարող է լինել։

14. Ո՞րն է լավագույն նպատակը, որին կարող ես ձգտել։

14 Եհովայի մասին գիտելիքներ ստանալուն զուգահեռ նրա հանդեպ քո սերը աճել է։ Անկասկած, ուզում ես ողջ հավիտենության ընթացքում նրա հետ ավելի մտերմանալ, և դա հնարավոր է։ Նա հորդորում է քեզ ուրախացնել իր սիրտը (Առակ. 23։15, 16)։ Դա կարող ես անել ոչ միայն խոսքերով, այլ նաև գործերով։ Քո ապրելակերպով փաստիր, որ իսկապես սիրում ես Եհովային (1 Հովհ. 5։3)։ Դա լավագույն նպատակն է, որին կարող ես ձգտել։

15. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ սիրում ենք Եհովային։

15 Ինչպե՞ս կարող ես արտահայտել քո սերը Եհովայի հանդեպ։ Նախ՝ հատուկ աղոթքի միջոցով կարող ես անձդ նվիրել միակ ճշմարիտ Աստծուն (Սաղ. 40։8)։ Հետո՝ նվիրումդ հայտնի դարձնես բոլորին՝ հանրորեն մկրտվելով։ Ինչպես իմացանք, դա շատ ուրախալի ու շրջադարձային պահ է։ Այդուհետ նոր կյանք կսկսես և կապրես ոչ թե քեզ համար, այլ Եհովայի (Հռոմ. 14։8; 1 Պետ. 4։1, 2)։ Իհարկե, դա լուրջ որոշում է, բայց այն լավագույն կյանքով ապրելու հնարավորություն է տալիս։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։

16. Սաղմոս 41։12-ի համաձայն՝ Եհովան ինչպե՞ս կվարձատրի նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրել են իրեն ծառայելուն։

16 Եհովան ամենաառատաձեռն Անձնավորությունն է։ Ինչ էլ տաս նրան, նա շատ ավելին կվերադարձնի քեզ (Մարկ. 10։29, 30)։ Անգամ այս մեռնող աշխարհում Եհովան քեզ կապահովի հետաքրքիր, բավականություն պատճառող և ուրախ կյանքով։ Եվ դա միայն սկիզբն է։ Քո մկրտությամբ սկսվող ճամփորդությունը երբեք վերջ չի ունենալու։ Դու կարող ես ծառայել քո սիրելի Հորը հավիտյան։ Քո երկնային Հոր ու քո միջև սերը կշարունակի աճել, և դու նրա պես՝ կապրես հավիտյան (կարդա Սաղմոս 41։12

17. Ի՞նչ կարող ես տալ Եհովային, որ նա չունի։

17 Նվիրվելով և մկրտվելով՝ դու պատիվ ես ունենում քո երկնային Հորը տալու մի շատ արժեքավոր բան։ Եհովան է պարգևել քո կյանքի բոլոր հաճելի պահերն ու լավ բաները։ Ի պատասխան այդ ամենի՝ երկնքի ու երկրի Գերիշխանին կարող ես տալ մի բան, ինչը նա չունի՝ քո բոլորանվեր ծառայությունը (Հոբ 1։8; 41։11; Առակ. 27։11)։ Անկասկած, սա կյանքի լավագույն ուղին է, որ կարող ես ընտրել։ Անշուշտ, Եհովայի հանդեպ քո սերը մկրտվելու լավագույն դրդապատճառն է։

ԻՆՉՈ՞Ւ ՀԵՏԱՁԳԵԼ

18. Ի՞նչ հարցեր կարող ես տալ ինքդ քեզ։

18 Այսպիսով՝ ի՞նչ կպատասխանես այս հարցին. «Կմկրտվե՞ս արդյոք»։ Ինչ խոսք, որոշումը քոնն է, բայց օգտակար կլինի՝ մտածես. «Ի՞նչն է ինձ խանգարում, որ մկրտվեմ» (Գործ. 8։36)։ Հիշիր այն երեք պատճառները, որ քննեցինք այս հոդվածում։ Առաջին՝ դու սիրում ես ճշմարտությունն ու արդարությունը։ Ինքդ քեզ հարցրու. «Ուզո՞ւմ եմ տեսնել այն օրը, երբ բոլորը ճշմարտությունը կխոսեն և արդարությամբ կվարվեն»։ Երկրորդ՝ դու սիրում ես Հիսուս Քրիստոսին։ Հարցրու ինքդ քեզ. «Ուզո՞ւմ եմ, որ Աստծու Որդին լինի իմ Թագավորը և նրա օրինակին հետևեմ»։ Եվ երրորդ՝ ամեն բանից առավել դու սիրում ես Եհովային։ Ինքդ քեզ հարցրու. «Ուզո՞ւմ եմ ուրախացնել Եհովայի սիրտը՝ ծառայելով նրան»։ Եթե այս հարցերին դրական պատասխան ես տալիս, ապա ինչո՞ւ ես վարանում մկրտվել։ Ինչո՞ւ հետաձգել (Գործ. 16։33

19. Ինչո՞ւ չպետք է կասկածես՝ մկրտվել, թե ոչ։ Բացատրիր օրինակով (Հովհաննես 4։34

19 Եթե կասկածում ես՝ մկրտվել, թե ոչ, մտածիր Հիսուսի բերած օրինակի շուրջ (կարդա Հովհաննես 4։34)։ Նա իր Հոր կամքը կատարելը համեմատեց կերակուրի հետ։ Ինչո՞ւ։ Սնունդն օգտակար է մեզ համար։ Հիսուսը գիտեր, որ այն, ինչ Եհովան պահանջում է մեզանից, մեր օգտին է ծառայում։ Եհովան չի ցանկանում, որ մենք անենք այնպիսի բան, ինչը մեզ վնաս կպատճառի։ Քանի որ նրա կամքն է, որ դու մկրտվես, կարող ես համոզված լինել, որ այդպես վարվելը քեզ համար օգտակար կլինի (Գործ. 2։38)։ Ինչպես որ չես վարանի ուտել քո ամենասիրելի ուտելիքը, այնպես էլ առանց կասկածելու կայացրու մկրտվելու որոշումը։

20. Ի՞նչ ենք քննելու հաջորդ հոդվածում։

20 Ուրեմն ինչո՞ւ հապաղել։ Շատերը գուցե այս հարցին հետևյալ կերպ պատասխանեն. «Ես դեռ պատրաստ չեմ»։ Իրականում Եհովային նվիրվելը և մկրտվելը ամենակարևոր որոշումն է քո կյանքում։ Ուստի որոշում կայացնելուց առաջ պետք է լավ մտածես։ Ժամանակ և ջանքեր են անհրաժեշտ մկրտության չափանիշներին համապատասխանելու համար։ Բայց եթե անկեղծորեն ցանկանում ես կատարել այդ քայլը, ի՞նչը կօգնի քեզ պատրաստվել դրան։ Այս հարցի պատասխանը կիմանանք հաջորդ հոդվածից։

ԵՐԳ 28 Լինենք Եհովայի ընկերը

a Մկրտությունը շատ կարևոր քայլ է յուրաքանչյուր Աստվածաշունչ ուսումնասիրողի համար։ Իսկ ի՞նչը կարող է մղել անհատին մկրտվելու։ Մեկ բառով ասած՝ սերը։ Բայց սերը ո՞ւմ և ինչի՞ հանդեպ։ Հոդվածում կգտնենք այս հարցերի պատասխանները, ինչպես նաև կտեսնենք, թե ինչպիսին կարող է լինել մեր կյանքը մկրտությունից հետո։