Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հավատարմությունը բերում է Աստծու հավանությունը

Հավատարմությունը բերում է Աստծու հավանությունը

«Ընդօրինակեք նրանց, ովքեր հավատով ու համբերությամբ ժառանգում են խոստումները» (ԵԲՐ. 6։12

ԵՐԳ 86, 54

1, 2. Ի՞նչ դժվար իրավիճակում հայտնվեցին Հեփթայեն և իր աղջիկը։

ՎԵՐՋԱՊԵՍ եկավ սպասված պահը։ Հայրը պատերազմից ողջ-առողջ, հաղթանակած վերադարձավ տուն։ Աղջիկը երգով ու պարով դուրս եկավ հորը դիմավորելու։ Սակայն ուրախանալու փոխարեն՝ հայրը պատռեց իր հանդերձները և բացականչեց. «Վա՜յ ինձ, աղջի՛կս։ Դու.... դարձար մեկը, որին ես վտարման դատապարտեցի»։ Այնուհետև պատմեց իր երդման մասին, որը ամբողջությամբ փոխելու էր իր զավակի կյանքը՝ խափանելով նրա երիտասարդական երազանքներն ու հույսերը։ Սակայն աղջիկը, առանց տատանվելու, սրտապնդեց հորը պահել Եհովային տված խոստումը։ Աղջկա խոսքերից երևաց, թե ինչ մեծ հավատ ուներ։ Նա համոզված էր, որ Եհովան միայն իր բարին է ուզում (Դատ. 11։34–37)։ Հոր սիրտը հպարտությամբ լցվեց, երբ տեսավ իր որոշմանը թիկունք կանգնելու հարցում աղջկա պատրաստակամությունը, ինչն էլ բերեց Եհովայի հավանությունը։

2 Հեփթայեն ու նրա աստվածավախ աղջիկը ամբողջությամբ վստահեցին Եհովային և նրա գործելակերպին, նույնիսկ երբ այդպես վարվելը դժվար էր։ Նրանք համոզված էին, որ Աստծու հավանությունը ունենալու համար արժե ցանկացած զոհողություն անել։

3. Հեփթայեի ու նրա աղջկա օրինակը ինչո՞ւ կարող է օգնել մեզ։

3 Եհովային հավատարիմ մնալը միշտ չէ, որ հեշտ է։ Իրականում պետք է «համառորեն պայքարել հավատի համար» (Հուդա 3)։ Այս հարցում մեզ կօգնի Հեփթայեի ու նրա աղջկա օրինակը։ Տեսնենք, թե ինչպես նրանք կարողացան հավատարիմ մնալ Եհովային դժվար իրավիճակներում։

ՄՆԱԼ ՀԱՎԱՏԱՐԻՄ՝ ՉՆԱՅԱԾ ԱՇԽԱՐՀԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆԸ

4, 5. ա) Ի՞նչ պատվիրեց Եհովան իսրայելացիներին, երբ պետք է մտնեին Ավետյաց երկիր։ բ) Ըստ 106-րդ սաղմոսի՝ ի՞նչ եղավ Իսրայել ազգին իրենց ըմբոստության պատճառով։

4 Ամեն օր Հեփթայեն ու նրա աղջիկը տեսնում էին Իսրայել ազգի անհավատարմության հետևանքները։ Մոտ 300 տարի առաջ Եհովան նրանց նախահայրերին պատվիրել էր ոչնչացնել Ավետյաց երկրի բոլոր հեթանոս բնակիչներին (2 Օրենք 7։1–4)։ Բայց իսրայելացիները չհնազանդվեցին և ի վերջո բռնեցին քանանացիների մեղավոր ընթացքը՝ ընկնելով նրանց կեղծ աստվածների երկրպագության և այլասերված, անբարո սովորությունների ծուղակը (կարդա Սաղմոս 106։34–39

5 Ըմբոստության պատճառով նրանք կորցրին Եհովայի հաճությունը. Եհովան այլևս չէր պաշտպանելու նրանց (Դատ. 2։1–3, 11–15; Սաղ. 106։40–43)։ Այդ տարիների ընթացքում որքա՜ն դժվար է եղել աստվածավախ ընտանիքներին մնալ հավատարիմ։ Բայցևայնպես, Աստվածաշնչից իմանում ենք, որ եղել են հավատարիմ մարդիկ, ինչպես օրինակ՝ Հեփթայեն ու իր աղջիկը, Եղկանան, Աննան ու Սամուելը, որոնք վճռել էին ունենալ Աստծու հավանությունը (1 Սամ. 1։20–28; 2։26

6. Ինչպիսի՞ ազդեցություն է բանեցնում աշխարհը, և ի՞նչ պետք է անենք մենք։

6 Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ մարդիկ ունեն նույն մտածելակերպն ու ապրելակերպը, ինչ քանանացիները. նրանց ուշքն ու միտքը սեքսն է, բռնությունը և հարստությունը։ Այսպիսի ազդեցությունից մեզ պաշտպանելու համար Եհովան տալիս է հստակ նախազգուշացումներ, ինչպես որ անում էր իսրայելացիների դեպքում։ Ուստի իսրայելացիների օրինակից կարող ենք դասեր քաղել (1 Կորնթ. 10։6–11)։ Մեր միջից պետք է հեռացնենք այս աշխարհի մտածելակերպի ամենափոքր նշույլն անգամ (Հռոմ. 12։2)։ Այս հարցում հավատարիմ կլինե՞նք։

ՄՆԱԼ ՀԱՎԱՏԱՐԻՄ՝ ՉՆԱՅԱԾ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

7. ա) Հեփթայեն ինչպիսի՞ վերաբերմունքի արժանացավ իր ազգակիցների կողմից։ բ) Ինչպե՞ս նա արձագանքեց։

7 Հեփթայեի օրերում անհնազանդության հետևանքով իսրայելացիները ընկան փղշտացիների ու ամմոնացիների իշխանության տակ (Դատ. 10։7, 8)։ Սակայն Հեփթայեն շատ դժվարություններ կրեց ոչ միայն թշնամի ազգերի կողմից, այլ նաև իր ազգի առաջնորդների և եղբայրների։ Նախանձից ու ատելությունից դրդված՝ խորթ եղբայրները անօրեն կերպով վռնդեցին նրան՝ զրկելով առաջնեկի ժառանգությունից (Դատ. 11։1–3)։ Հեփթայեն թույլ չտվեց, որ նրանց դաժան վերաբերմունքը ազդի իր տրամադրվածության վրա։ Նա ոխ չպահեց, և երբ երեցները դիմեցին օգնության համար, նրանց չմերժեց (Դատ. 11։4–11)։ Ի՞նչը մղեց նրան վարվել որպես հոգևոր մարդ։

8, 9. ա) Մովսիսական օրենքից ո՞ր սկզբունքներն են օգնել Հեփթայեին։ բ) Ի՞նչն էր Հեփթայեի համար ամենակարևորը։

8 Հեփթայեն պարզապես հզոր ռազմիկ չէր։ Նա լավատեղյակ էր, թե ինչպես է Աստված վարվել իր ժողովրդի հետ անցյալում։ Իսրայելի պատմությունից նա պարզ տեսնում էր, թե ինչն է Եհովայի համար ճիշտ, և ինչը՝ սխալ (Դատ. 11։12–27)։ Մովսիսական օրենքի հիմքում ընկած սկզբունքները ձևավորել էին Հեփթայեի մտածելակերպն ու անձնավորությունը։ Նա գիտեր, որ Եհովան չի հանդուրժում ոխակալություն, այլ պահանջում է, որ իր ծառաները սիրեն միմյանց։ Օրենքը սովորեցնում էր, որ մարդը չպետք է անտեսի ուրիշի կարիքը, նույնիսկ իրեն «ատողի» (կարդա Ելք 23։5; Ղևտական 19։17, 18

9 Հավանաբար, Հեփթայեին օգնել էր նաև Աստծու հավատարիմ ծառաներից Հովսեփի օրինակը, որը ողորմություն էր դրսևորել իր եղբայրների հանդեպ, չնայած որ նրանք ատում էին իրեն (Ծննդ. 37։4; 45։4, 5)։ Նման օրինակի շուրջ խորհրդածելը օգնեց Հեփթայեին այնպիսի որոշում կայացնել, որը հաճելի էր Եհովային։ Իր եղբայրների վերաբերմունքը, անկասկած, ցավ պատճառեց իրեն, բայց նա հետ չկանգնեց Եհովային ու նրա ժողովրդին ծառայելուց (Դատ. 11։9)։ Աստծու անունը պաշտպանելը Հեփթայեի համար ավելի կարևոր էր, քան որևէ անձնական խնդիր։ Նա վճռել էր հավատարիմ մնալ Եհովային, ինչը օգուտ բերեց և՛ իրեն, և՛ ուրիշներին (Եբր. 11։32, 33

10. Ինչպե՞ս կարող են Աստվածաշնչի սկզբունքները օգնել մեզ վարվելու որպես քրիստոնյա։

10 Դասեր կքաղե՞նք Հեփթայեի օրինակից։ Գուցե որոշ հավատակիցներ հիասթափեցրել են մեզ կամ վատ են վերաբերվել մեզ հետ։ Չպետք է թույլ տանք, որ նման դժվարությունները հետ պահեն մեզ Եհովային ծառայելուց, ժողովի հանդիպումներին այցելելուց և լիովին հոգևոր գործունեությամբ զբաղվելուց։ Եթե ընդօրինակենք Հեփթայեին, Աստծու հաստատած սկզբունքները կօգնեն, որ հաղթահարենք դժվար իրավիճակները և լինենք լավ օրինակ ուրիշների համար (Հռոմ. 12։20, 21; Կող. 3։13

ԶՈՀՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՆ ՀԱՎԱՏԻ ՉԱՓԸ

11, 12. Ի՞նչ երդում տվեց Հեփթայեն, և ի՞նչ էր դա նշանակում։

11 Հեփթայեն հասկացավ, որ միայն Եհովայի օգնությամբ կարող է ազատել իսրայելացիներին ամմոնացիների ձեռքից։ Նա խոստացավ Եհովային, որ եթե հաղթանակ պարգևի, որպես «ողջակեզ» կտա նրան, ով առաջինը տնից դուրս գա իրեն դիմավորելու (Դատ. 11։30, 31)։ Ի՞նչ էր նշանակում այս խոստումը։

12 Հեփթայեն նկատի չուներ ինչ-որ մեկին բառացի ողջակիզելը, քանի որ մարդուն զոհաբերելը գարշելի է Եհովային (2 Օրենք 18։9, 10)։ Մովսիսական օրենքի համաձայն՝ ողջակեզի դեպքում զոհը ամբողջությամբ էր տրվում Եհովային։ Ուրեմն Հեփթայեն նկատի ուներ, որ իրեն դիմավորողին ամբողջովին կնվիրի Եհովայի ծառայության համար։ Սա նշանակում էր, որ այդ անձնավորությունը մինչև կյանքի վերջ ծառայելու էր խորանում։ Եհովան ընդունեց Հեփթայեի երդումը և օրհնեց նրան հաղթանակով՝ հարվածելով ու հպատակեցնելով թշնամուն (Դատ. 11։32, 33)։ Բայց ո՞վ էր լինելու այն անձնավորությունը, որին Հեփթայեն կտար Աստծուն որպես «ողջակեզ»։

13, 14. Դատավորներ 11։35-ում արձանագրված Հեփթայեի խոսքերը ի՞նչ են բացահայտում նրա հավատի մասին։

13 Հիշենք հոդվածի սկզբում նկարագրված տեսարանը։ Երբ Հեփթայեն վերադարձավ պատերազմից, ո՞վ դուրս եկավ իրեն դիմավորելու։ Նրա սիրելի աղջիկը՝ միակ զավակը։ Ինչպիսի՜ դժվար իրավիճակ։ Կպահե՞ր Հեփթայեն իր խոստումը, կնվիրե՞ր դստերը, որ կյանքի տարիները անցկացներ խորանում ծառայելով։

14 Աստվածաշնչի սկզբունքները դարձյալ օգնեցին Հեփթայեին ճիշտ որոշում կայացնել։ Թերևս նա հիշեց Ելք 23։19-ում գրվածը, որը Աստծու ժողովրդին հորդորում է իրենց լավագույնը տալ Եհովային։ Նույն օրենքում նշվում էր նաև, որ եթե անհատը երդում է տալիս, պետք է անպայման կատարի այն։ Այնտեղ ասվում է. «Եթե մի մարդ երդում անի Եհովային.... չպետք է խախտի իր խոսքը։ Նա պետք է կատարի այն ամենը, ինչ դուրս է եկել իր բերանից» (Թվեր 30։2)։ Ինչպես Աստծու հավատարիմ ծառաներից Աննան, Հեփթայեն նույնպես պետք է կատարեր իր երդումը՝ հասկանալով, թե դա ինչ էր նշանակելու իր և իր աղջկա համար։ Հեփթայեն ուրիշ զավակ չուներ. իր աղջիկը միակ հույսն էր հետնորդ ունենալու, իր անունը և ժառանգությունը Իսրայելում պահելու համար (Դատ. 11։34)։ Այս ամենը հասկանալով հանդերձ՝ Դատավորներ 11։35-ում նա ասում է. «Բերանս բաց եմ արել Եհովայի առաջ և հիմա չեմ կարող հետ կանգնել»։ Թեև հավատարմությունը թանկ արժեցավ նրա համար, սակայն բերեց Եհովայի հավանությունն ու օրհնությունը։ Իսկ դու կպահեի՞ր խոստումդ Հեփթայեի պես։

15. Ի՞նչ խոստում ենք տվել, և ինչպե՞ս կարող ենք այդ խոստմանը մնալ հավատարիմ։

15 Երբ մեր կյանքը նվիրեցինք Եհովային, խոստացանք կատարել նրա կամքը անվերապահորեն։ Այն ժամանակ մենք արդեն իսկ գիտակցում էինք, որ այդ խոստման համաձայն ապրելը պահանջում է անձնազոհություն։ Սակայն մեր պատրաստակամությունը փորձի է ենթարկվում, երբ մեզանից պահանջվում է անել մի բան, ինչը մեր սրտով չէ։ Նման իրավիճակում կփաստենք մեր հավատարմությունը, եթե զոհողություններ անենք և ծառայենք Աստծուն նրա ուզած ձևով, ոչ թե ինչպես մեզ է հարմար։ Որքան էլ որ դժվար լինի զոհողությունների գնալը, հիշենք, որ արդյունքում ստացած օրհնությունները միշտ գերակշռում են դրանց (Մաղ. 3։10)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել Հեփթայեի աղջկա մասին։

Ինչպե՞ս կարող ենք Հեփթայեի ու նրա աղջկա նման հավատ դրսևորել (տես պարբերություն 16, 17)

16. Հեփթայեի աղջիկը ինչպե՞ս արձագանքեց իր հոր խոստմանը (տես 5-րդ էջի նկարը)։

16 Հեփթայեի աղջկա համար կարող էր հեշտ չլինել կատարել հոր երդումը։ Այս երդումը տարբերվում էր Աննայի երդումից, որով նա նվիրել էր իր որդուն՝ Սամուելին, խորանում ծառայելու որպես ուխտավոր (1 Սամ. 1։11)։ Ուխտավորները կարող էին ամուսնանալ և ընտանիք կազմել։ Բայց Հեփթայեի աղջիկը չէր կարող ունենալ այս ուրախալի հեռանկարը, քանի որ նա որպես «ողջակեզ» էր տրվել (Դատ. 11։37–40)։ Որպես Իսրայելի առաջնորդի և հաղթանակ տարած զորագլխի աղջիկ՝ նա կարող էր ամուսնանալ երկրի լավագույն տղամարդկանցից որևէ մեկի հետ։ Բայց այժմ նա պետք է խոնարհաբար ծառայեր խորանում։ Ինչպե՞ս արձագանքեց աղջիկը հոր խոստմանը։ Նրա խոսքերից երևում է, որ Եհովային ծառայելը առաջնային տեղում էր իր կյանքում. «Հա՛յր իմ, եթե քո բերանը բաց ես արել Եհովայի առաջ, ապա ինձ հետ արա այն, ինչ դուրս է եկել քո բերանից» (Դատ. 11։36)։ Ճշմարիտ երկրպագությանը նպաստելու համար նա զոհեց ամուսնանալու և երեխաներ ունենալու բնական ցանկությունը։ Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրա դրսևորած անձնազոհ ոգին։

17. ա) Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հեփթայեի ու նրա աղջկա հավատը։ բ)  Եբրայեցիներ 6։10–12-ի խոսքերը ինչպե՞ս են օգնում քեզ անձնազոհ լինել։

17 Հազարավոր երիտասարդ քրիստոնյա տղամարդիկ ու կանայք թերևս մի որոշ ժամանակով հրաժարվում են ամուսնանալուց կամ երեխաներ ունենալուց, որպեսզի ավելի շատ ծառայեն Եհովային։ Տարեց քրիստոնյաներն էլ զոհում են իրենց ժամանակը, որը կարող էին անցկացնել իրենց զավակների ու թոռնիկների հետ, որպեսզի ծառայեն այնտեղ, որտեղ ավելի մեծ կարիք կա, մասնակցեն շինարարության կամ էլ հաճախեն Թագավորության քարոզիչների դպրոց։ Ուրիշներն էլ իրենց անձնական գործերից են ժամանակ հատկացնում, որպեսզի մասնակցեն Հիշատակի երեկոյի քարոզարշավին։ Նման սրտաբուխ ծառայությունը խորապես ուրախացնում է Եհովային, ով երբեք չի մոռանա այն աշխատանքն ու սերը, որ արվում է իր համար (կարդա Եբրայեցիներ 6։10–12)։ Իսկ դու կարո՞ղ ես ավելի շատ զոհողություններ անել Եհովային լիարժեքորեն ծառայելու համար։

ԻՆՉ ԵՆՔ ՍՈՎՈՐՈՒՄ

18, 19. Ի՞նչ սովորեցինք Հեփթայեի ու նրա աղջկա մասին և ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրանց։

18 Թեև Հեփթայեի կյանքը լի էր դժվարություններով, նա որոշումներ կայացնելիս առաջնորդվեց Եհովայի չափանիշներով։ Նա մերժեց իրեն շրջապատող աշխարհի ազդեցությունը։ Ուրիշների պատճառած դառը հիասթափությունները չթուլացրին իր վճռականությունը հավատարիմ մնալու հարցում։ Իր և իր աղջկա հոժարակամ զոհողությունները բերեցին շատ օրհնություններ, և Եհովան թույլ տվեց, որ նրանք մեծ գործ անեն ճշմարիտ երկրպագության համար։ Նրանք կառչած էին մնում Աստծու հաստատած չափանիշներին, նույնիսկ երբ ուրիշները խախտում էին դրանք։

19 Աստվածաշունչը հորդորում է մեզ «ընդօրինակել նրանց, ովքեր հավատով ու համբերությամբ ժառանգում են խոստումները» (Եբր. 6։12)։ Թող որ Հեփթայեի ու նրա աղջկա նման՝ ապրենք հետևյալ ճշմարտության համաձայն. հավատարմությունը բերում է Աստծու հավանությունը։