Ընթերցողների հարցերը
Ի՞նչ են խորհրդանշում «վարձատրության երաշխիքը» և «կնիքը», որ յուրաքանչյուր օծյալ քրիստոնյա ստանում է Աստծուց (2 Կորնթ. 1։21, 22)։
Վարձատրության երաշխիք։ Ըստ մի աշխատության՝ 2 Կորնթացիներ 1։22-ում «վարձատրության երաշխիք» թարգմանված հունարեն բառը օգտագործվել է «իրավաբանական և առևտրական ոլորտներում»։ Այն բառացի նշանակում է «մասնավճար, դեպոզիտ, կանխավճար, գրավ, որը իրավական հիմք է ծառայում տվյալ իրի ձեռքբերման համար»։ Երբ քրիստոնյան օծվում է սուրբ ոգով, նա ստանում է վարձատրության երաշխիքը։ Իսկ ամբողջ վարձատրության մասին, որի մեջ մտնում են անմահության պարգևն ու անապականելի երկնային մարմին ստանալը, նկարագրվում է 1 Կորնթացիներ 15։48–54-ում և 2 Կորնթացիներ 5։1–5-ում։
Ժամանակակից հունարենում «երաշխիք» բառը կարող է նաև նշանակել նշանադրության մատանի։ Սա շատ տեղին է, որովհետև այն օծյալները, որոնք ստացել են «երաշխիքը», դառնալու են Քրիստոսի փոխաբերական կինը (2 Կորնթ. 11։2; Հայտն. 21։2, 9)։
Կնիք։ Անցյալում կնիքը օգտագործվել է որպես ստորագրություն, որով հաստատվում էր փաստաթղթի կամ համաձայնագրի վավերականությունը և սեփականությանը իրավունքը։ Օծյալները սուրբ ոգու «կնիքը», կամ՝ դրոշմը ստանում են որպես Աստծու սեփականություն (Եփես. 1։13, 14)։ Հավատարիմ մնալու դեպքում նրանց կնիքը վերջնականապես հաստատվում է մահից կամ մեծ նեղությունից անմիջապես առաջ (Եփես. 4։30; Հայտն. 7։2–4)։