Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ընթերցողների հարցերը

Ընթերցողների հարցերը

«Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության»՝ 2013 թ.-ին վերանայված անգլերեն հրատարակության մեջ Սաղմոս 144։12–15 համարները վերաբերում են Աստծու ժողովրդին։ Նախկին հրատարակության մեջ դրանք վերաբերում էին 11-րդ համարում հիշատակված օտարներին՝ չար մարդկանց։ Ինչո՞ւ է արվել այս փոփոխությունը։

Հաշվի առնելով, թե ինչպես է տվյալ հատվածը ձևակերպված եբրայերենում՝ այն կարելի է երկու ձևով էլ թարգմանել։ Վերանայված թարգմանության համար հիմք են ծառայել հետևյալ գործոնները։

  1. Վերանայված թարգմանության համար կա բառագիտական և քերականական հիմք։ Այն, թե Սաղմոս 144։12–15 համարները ինչպես կկապենք նախորդ համարների հետ, կախված է 12-րդ համարի առաջին բառի իմաստից։ Խոսքը եբրայերեն «աշեր» բառի մասին է, որը կարող է տարբեր ձևերով թարգմանվել։ Օրինակ՝ այն կարելի է ընկալել որպես հարաբերական դերանուն և թարգմանել «ով», «ովքեր», «որոնք» կամ «ում» բառերով։ Նախկին հրատարակության մեջ հաշվի է առնվել այս իմաստը։ Այդ պատճառով 12–14-րդ համարներում նշված լավ բաները վերաբերում էին նախորդ համարներում հիշատակված չար մարդկանց։ Սակայն «աշեր» բառը կարող է մատնանշել նաև արդյունք կամ հետևանք և թարգմանվել այնպիսի բառերով, ինչպիսիք են՝ «որ», «որպեսզի» կամ «այդ դեպքում»։ 2013 թ.-ին վերանայված անգլերեն հրատարակության մեջ և Աստվածաշնչի այլ թարգմանություններում օգտագործված է «այդ դեպքում» արտահայտությունը։

  2. Վերանայված թարգմանությունը համահունչ է այս սաղմոսի մյուս համարներին։ 12-րդ համարում օգտագործելով «այդ դեպքում» արտահայտությունը՝ ցույց ենք տալիս, որ 12–14-րդ համարներում թվարկված օրհնությունները վերաբերում են արդարներին, ովքեր խնդրում են Աստծուն, որ իրենց «ազատի ու փրկի» չարերից (համար 11)։ Այս փոփոխությունը անդրադառնում է նաև 15-րդ համարի վրա, որտեղ երկու անգամ զուգահեռաբար գործածվում է «երջանիկ» բառը։ Այժմ երկու դեպքում էլ այդ բառը դրական իմաստով է օգտագործվում, և երկու նախադասությունները լրացնում են իրար։ Ուստի երկու դեպքում էլ երջանկությունը վերագրվում է նույն ժողովրդին, «որի Աստվածը Եհովան է»։ Պետք է նաև հիշել, որ եբրայերեն բնագրում չկային կետադրական նշաններ, օրինակ՝ չակերտներ։ Հետևաբար ճիշտ իմաստն ըմբռնելու համար թարգմանիչները պետք է հաշվի առնեն եբրայերենում օգտագործված բանաստեղծական ոճը, համատեքստը և տվյալ հատվածի հետ կապված աստվածաշնչյան համարները։

  3. Վերանայված թարգմանությունը ներդաշնակ է Աստվածաշնչի մյուս հատվածներին, որոնցում Աստված խոստանում է օրհնել իր հավատարիմ ժողովրդին։ Քանի որ «աշեր» բառը այլ ձևով է թարգմանվել, այժմ այս սաղմոսն արտացոլում է Դավթի ունեցած հաստատուն հույսը, որ երբ Աստված Իսրայել ազգին ազատի թշնամիներից, կօրհնի նրան՝ տալով երջանիկ և բարեկեցիկ կյանք (Ղևտ. 26։9, 10; 2 Օրենք 7։13; Սաղ. 128։1–6)։ Օրինակ՝ 2 Օրենք 28։4-ում ասվում է. «Օրհնյալ կլինի որովայնիդ պտուղը, հողիդ պտուղը, ընտանի կենդանուդ պտուղը, խոշոր անասունիդ ձագը և մանր անասունիդ սերունդը»։ Եվ իրոք, երբ Դավթից հետո Իսրայելում թագավորում էր նրա որդի Սողոմոնը, ժողովուրդը աննախադեպ խաղաղություն ու բարեկեցություն էր վայելում։ Ավելին՝ Սողոմոնի իշխանության ձեռքբերումները ցույց են տալիս, թե ինչպիսին է լինելու Մեսիայի իշխանությունը (1 Թագ. 4։20, 21; Սաղ. 72։1–20

Այսպիսով՝ 144-րդ սաղմոսի վերանայված թարգմանությունը չի փոխում աստվածաշնչյան ուսմունքների մեր ընկալումը։ Սակայն դրա շնորհիվ ողջ սաղմոսն ավելի հստակ է արտացոլում Եհովայի ծառաների՝ դարեր շարունակ փայփայած այն հույսը, որ Աստված կկործանի չարերին, իսկ արդարներին կշնորհի անվերջանալի խաղաղ ու բարեկեցիկ կյանք (Սաղ. 37։10, 11