Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 14

Ամբողջովի՞ն ես կատարում ծառայությունդ

Ամբողջովի՞ն ես կատարում ծառայությունդ

«Ավետարանչի գործն արա և ամբողջովին կատարիր քո ծառայությունը» (2 ՏԻՄՈԹ. 4։5

ԵՐԳ 57 Քարոզում ենք ամեն տեսակ մարդկանց

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

Հարություն առնելուց հետո Հիսուսը հանդիպում է իր հետևորդներին ու պատվիրում է «գնալ և բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստել» (տես պարբերություն 1)

1. Աստծու բոլոր ծառաները ի՞նչ են ուզում անել և ինչո՞ւ (տես ամսագրի շապիկի նկարը)։

ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ իր հետևորդներին պատվիրել է. «Գնացեք և բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստեք» (Մատթ. 28։19)։ Աստծու բոլոր հավատարիմ ծառաները ցանկանում են սովորել «ամբողջովին կատարել» իրենց վստահված ծառայությունը (2 Տիմոթ. 4։5)։ Չէ՞ որ կյանքում ուրիշ ոչ մի բան չի կարող իր կարևորությամբ, արժեքավորությամբ և հրատապությամբ համեմատվել այս գործի հետ։ Սակայն ծառայությանը մեր ուզած չափով ժամանակ տրամադրելը կարող է դժվար լինել։

2. Մեր ծառայությունը ամբողջությամբ կատարելու ճանապարհին ի՞նչ խոչընդոտներ գուցե լինեն։

2 Մենք այլ կարևոր պարտականություններ էլ ունենք, որոնք կատարելու համար պետք է շատ ժամանակ և էներգիա ծախսենք։ Օրինակ՝ մեր ու մեր ընտանիքի կարիքները հոգալու համար գուցե ստիպված ենք օրվա մեջ երկար ժամեր աշխատել։ Ընտանեկան մյուս պարտականությունները կատարելը ևս հեշտ չէ։ Բացի այդ, հնարավոր է՝ ինչ-որ հիվանդություն ունենք, տառապում ենք դեպրեսիայով, կամ էլ ծերությունն է իրեն զգացնել տալիս։ Նման հանգամանքներում ինչպե՞ս կարող ենք ամբողջությամբ կատարել մեր ծառայությունը։

3. Հիսուսի՝ Մատթեոս 13։23-ում գրված խոսքերից ի՞նչ կարող ենք եզրակացնել։

3 Եթե մեր հանգամանքների պատճառով չենք կարողանում ծառայությանը շատ ժամանակ տրամադրել, վհատվելու կարիք չկա։ Հիսուսը գիտեր, որ իր հետևորդները ի վիճակի չէին լինելու միևնույն քանակությամբ պտուղ բերել (կարդա Մատթեոս 13։23)։ Երբ ծառայության մեջ անում ենք մեր ձեռքից եկած ամեն բան, Եհովան շատ է գնահատում մեր ջանքերը (Եբր. 6։10–12)։ Սակայն գուցե նկատենք, որ մեր հանգամանքները թույլ են տալիս ավելին անել։ Այս հոդվածում կքննենք, թե մեր կյանքում ինչպես կարող ենք ծառայությանը առաջնային կարևորություն տալ, պարզ կյանքով ապրել ու կատարելագործել քարոզելու և ուսուցանելու մեր հմտությունները։ Բայց նախ տեսնենք, թե ինչ է նշանակում ամբողջովին կատարել մեր ծառայությունը։

4. Ի՞նչ է նշանակում ամբողջովին կատարել մեր ծառայությունը։

4 Մեր ծառայությունն ամբողջովին կատարելու համար պետք է մեր ուժերի առավելագույն չափով մասնակցենք քարոզելու և ուսուցանելու գործին։ Սակայն խոսքը միայն ժամերի մասին չէ։ Եհովայի համար մեր մղումներն են կարևոր։ Քանի որ սիրում ենք Եհովային ու մեր մերձավորին, ամբողջ հոգով ենք կատարում մեր քրիստոնեական ծառայությունը * (Մարկ. 12։30, 31; Կող. 3։23)։ Աստծուն ամբողջ հոգով ծառայել նշանակում է մեր հնարավորությունների սահմաններում ամեն ջանք ներդնել ծառայության մեջ։ Երբ գիտակցում ենք, թե Եհովայի անունից խոսելը ինչ մեծ պատիվ է, ձգտում ենք հնարավորինս շատ մարդկանց հայտնել բարի լուրը։

5–6. Սահմանափակ ժամանակ ունեցող մարդը ինչպե՞ս կարող է ծառայությանը առաջնային տեղ տալ։ Բացատրիր օրինակով։

5 Պատկերացրու՝ մի երիտասարդ շատ է սիրում կիթառ նվագել և ամեն առիթի դեպքում հաճույքով նվագում է։ Սակայն իր ապրուստը հոգալու համար սկսում է լրիվ դրույքով աշխատել մթերային խանութում որպես գանձապահ։ Թեև նա իր ժամանակի մեծ մասն անցկացնում է աշխատավայրում, նրա սիրտը երաժշտության մեջ է։ Նա ձգտում է ավելի հմտորեն տիրապետել իր գործիքին և դառնալ արհեստավարժ երաժիշտ։ Դրա համար էլ, երբ ազատ ժամանակ է լինում, թեկուզ և կարճ, նա պարապում է։

6 Հնարավոր է՝ դու էլ սահմանափակ ժամանակ կարող ես տրամադրել քո սիրած գործին՝ քարոզչությանը։ Չնայած դրան՝ դու, անկասկած, ձգտում ես բարի լուրի ավելի հմուտ քարոզիչ դառնալ և հասնել մարդկանց սրտին։ Բայց քանի որ բազում այլ պարտականություններ ունես, գուցե մտածում ես, թե ինչպես կարող ես քարոզչական գործին առաջնային տեղ տալ քո կյանքում։

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՍ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՏԵՂ ՏԱԼ

7–8. Ինչպե՞ս կարող ենք ծառայության մեջ ընդօրինակել Հիսուսին։

7 Հիսուսը ծառայության հանդեպ իր վերաբերմունքով բացառիկ օրինակ է թողել։ Նրա կյանքում ամենակարևոր բանը Աստծու Թագավորության մասին հռչակելն էր (Հովհ. 4։34, 35)։ Նա ոտքով հարյուրավոր կիլոմետրեր էր կտրում-անցնում, որպեսզի կարողանար հնարավորինս շատ մարդկանց քարոզել, և դա անում էր ամեն առիթի դեպքում ու ամեն տեղ՝ թե՛ հրապարակային վայրերում, թե՛ տներում։ Հիսուսի ողջ կյանքը պտտվում էր ծառայության շուրջ։

8 Ընդօրինակելով մեր Տիրոջը՝ մենք ամեն տեղ և ամեն ժամանակ առիթներ ենք ստեղծում մարդկանց հայտնելու բարի լուրը։ Քարոզչական գործին մասնակցելու համար մենք պատրաստ ենք նույնիսկ անհարմարություններ կրել (Մարկ. 6։31–34; 1 Պետ. 2։21)։ Ժողովի որոշ անդամների հանգամանքները թույլ են տալիս ծառայել որպես ենթառահվիրա, ռահվիրա կամ հատուկ ռահվիրա։ Կան մարդիկ էլ, որոնք բարի լուրը տարածելու համար օտար լեզու են սովորել կամ այնպիսի տարածք են տեղափոխվել, որտեղ քարոզիչների ավելի մեծ կարիք կա։ Սակայն հարկ է նշել, որ քարոզչական գործի մեծ մասը կատարում են այն քարոզիչները, որոնք լիաժամ ծառայողներ չեն, բայց իրենց հնարավորությունների սահմաններում ամեն ջանք թափում են այդ գործում։ Ամեն դեպքում եկեք միշտ հիշենք, որ Եհովան մեզանից ավելին չի ակնկալում, քան կարող ենք անել։ Նա ցանկանում է, որ հաճույք ստանանք սուրբ ծառայությունից. չէ՞ որ մենք «երջանիկ Աստծու փառավոր բարի լուրն» ենք հռչակում (1 Տիմոթ. 1։11; 2 Օրենք 30։11

9. ա) Պողոսն ինչպե՞ս էր քարոզչական գործին առաջնահերթություն տալիս, նույնիսկ երբ ստիպված էր շատ աշխատել։ բ) Գործեր 28։16, 30, 31 համարների համաձայն՝ Պողոսն ինչպե՞ս էր վերաբերվում իր ծառայությանը։

9 Պողոս առաքյալը լավ օրինակ է թողել այն հարցում, թե ինչպես կարելի է ծառայությունը կյանքի ամենակարևոր գործը դարձնել։ Երբ իր երկրորդ միսիոներական ճանապարհորդության ժամանակ նա այցելեց Կորնթոս, շատ քիչ դրամական միջոցներ ուներ, ուստի ստիպված էր որոշ ժամանակ վրանագործությամբ զբաղվել։ Սակայն առաքյալը վրանագործությունը իր կյանքի գլխավոր գործը չէր համարում։ Նա դրանով զբաղվում էր, որպեսզի կարողանար իր կարիքները հոգալ և բարի լուրը «ձրի հռչակել» կորնթացիներին (2 Կորնթ. 11։7)։ Թեև Պողոսը ստիպված էր աշխատել, նա շարունակում էր առաջնահերթություն տալ ծառայությանը, ուստի շաբաթ օրերը տրամադրում էր քարոզչությանը։ Երբ նրա հանգամանքները փոխվեցին, և հնարավոր եղավ լիովին կենտրոնանալ քարոզչական գործի վրա, նա «իր անձը ամբողջությամբ տրամադրեց խոսքին՝ հրեաներին վկայություն տալով, որպեսզի ապացուցի, որ Հիսուսն է Քրիստոսը» (Գործ. 18։3–5; 2 Կորնթ. 11։9)։ Հետագայում էլ, երբ նա Հռոմում երկու տարի տնային կալանքի տակ էր, վկայություն էր տալիս իր այցելուներին և նամակներ էր գրում հավատակիցներին (կարդա Գործեր 28։16, 30, 31)։ Պողոսը թույլ չէր տալիս, որ ինչ-որ բան իրեն շեղի ծառայությունից։ Ահա թե ինչ է նա գրել. «Քանի որ.... այս ծառայությունն ունենք, չենք հանձնվում» (2 Կորնթ. 4։1)։ Նույնիսկ եթե Պողոսի պես ստիպված ենք շատ աշխատել, այնուամենայնիվ կարող ենք Թագավորության գործին առաջնային տեղ տալ մեր կյանքում։

Մեր ծառայությունն ամբողջովին կատարելու շատ ձևեր կան (տես պարբերություն 10–11)

10–11. Ինչպե՞ս կարող ենք ամբողջովին կատարել մեր ծառայությունը, եթե առողջական լուրջ խնդիրներ ունենք։

10 Եթե առողջական խնդիրների կամ ծերության բերած սահմանափակումների պատճառով չենք կարողանում մեր ուզած չափով մասնակցել տնետուն քարոզելու գործին, կարող ենք ծառայության այլ ձևերի մասնակցել։ Առաջին դարի քրիստոնյաները ամենուր էին վկայություն տալիս։ Նրանք ամեն հնարավոր առիթ օգտագործում էին, որ ճշմարտության մասին խոսեին «նրանց հետ, ում հանդիպում էին», լիներ դա տներում, հասարակական վայրերում, թե այլուր (Գործեր 17։17; 20։20)։ Եթե ի վիճակի չենք շատ քայլելու, գուցե նստենք հասարակական ինչ-որ վայրում և խոսենք անցնող-դարձողների հետ։ Կամ գուցե ոչ պաշտոնական վկայություն տանք, նամակներ գրենք կամ էլ հեռախոսով քարոզենք։ Առողջական լուրջ խնդիրներ ունեցող շատ քարոզիչներ, ծառայության այս տեսակներին մասնակցելով, մեծ ուրախությամբ և բավարարվածության զգացումով են լցվում։

11 Չնայած առողջական խնդիրներիդ՝ դու կարող ես ամբողջովին կատարել քո ծառայությունը։ Նորից անդրադառնանք Պողոս առաքյալի օրինակին։ Նա ասել է. «Ամեն բան անելու ի զորու եմ շնորհիվ նրա, ով զորացնում է ինձ» (Փիլիպ. 4։13)։ Պողոսը այդ զորության կարիքը շատ ուներ, երբ իր միսիոներական ճանապարհորդություններից մեկի ժամանակ հիվանդացավ։ Նա գաղատացիներին գրեց. «Իմ հիվանդությունը առիթ եղավ, որ առաջին անգամ քարոզեմ ձեզ բարի լուրը» (Գաղ. 4։13)։ Նմանապես՝ քո առողջական խնդիրները կարող են քեզ հնարավորություն տալ բարի լուրը հայտնելու բժիշկներին, բուժքույրերին և նրանց, ովքեր խնամում են քեզ։ Այս մարդկանցից շատերը աշխատանքի են լինում, երբ քարոզիչները տնետուն ծառայելիս թակում են նրանց տան դուռը։

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՐԶ ԿՅԱՆՔՈՎ ԱՊՐԵԼ

12. Ի՞նչ է նշանակում «աչքը պարզ» պահել։

12 Հիսուսն ասել է. «Մարմնի ճրագը աչքն է։ Ուստի եթե աչքդ պարզ է, ամբողջ մարմինդ լուսավոր կլինի» (Մատթ. 6։22)։ Ի՞նչ նկատի ուներ նա։ Հիսուսն ուզում էր ասել, որ մենք պետք է պարզ կյանքով ապրենք, այսինքն՝ մեր աչքերը պետք է կենտրոնացած լինեն մեկ նպատակի վրա, որից չպետք է շեղվենք։ Մեր Տերը այս հարցում նույնպես լավ օրինակ է թողել. նրա կյանքը կենտրոնացած էր ծառայության վրա։ Նա իր աշակերտներին սովորեցնում էր նույնն անել։ Մենք ընդօրինակում ենք Հիսուսին, երբ «նախ թագավորությունը և Աստծու արդարությունն» ենք փնտրում, այսինքն՝ երբ այնպես ենք ապրում, որ մեր կյանքը պտտվի սուրբ ծառայության շուրջ (Մատթ. 6։33

13. Ի՞նչ գործնական քայլեր կարող ենք ձեռնարկել, որ կենտրոնանանք սուրբ ծառայության վրա։

13 Որպեսզի կարողանանք կենտրոնանալ ծառայության վրա, պետք է պարզեցնենք մեր կյանքը։ Այդպես ավելի շատ ժամանակ կունենանք մարդկանց օգնելու, որ ճանաչեն ու սիրեն Եհովային։ * Օրինակ՝ կարո՞ղ ենք մեր աշխատանքային ժամերը այնպես դասավորել, որ շաբաթվա ընթացքում ավելի շատ ժամանակ հատկացնենք քարոզչական ծառայությանը։ Կամ կարո՞ղ ենք ավելի քիչ ժամանակ հատկացնել զվարճություններին։

14. Ծառայությանն ավելի շատ ժամանակ տրամադրելու համար մի ամուսնական զույգ ի՞նչ փոփոխություններ արեց։

14 Ահա թե իրենց կյանքում ինչ փոփոխություններ արեցին մի երեց և իր կինը, որոնք նպատակ ունեին ծառայելու որպես ռահվիրա։ Եղբայրը պատմում է. «Այդ ժամանակ չէինք կարող անմիջապես ռահվիրա դառնալ, բայց ինչ-որ տեղից պետք է սկսեինք։ Ուստի մեր ծառայությունն ընդլայնելու համար փոքր քայլերից սկսեցինք։ Օրինակ՝ կրճատեցինք մեր ծախսերը, նաև հասկացանք, որ չափից շատ ժամանակ ենք տրամադրում զվարճություններին, ուստի կրճատեցինք նաև այդ ժամանակը։ Բացի այդ, երկուսս էլ մեր գործատերերին խնդրեցինք, որ ավելի ճկուն գրաֆիկով աշխատենք։ Այդ ամենի արդյունքը եղավ այն, որ սկսեցինք քարոզել նաև երեկոյան ժամերին, ավելի շատ մարդկանց Աստվածաշունչ ուսուցանել և նույնիսկ ամիսը երկու անգամ աշխատանքային օրերին մասնակցել քարոզչական ծառայությանը։ Դա մեծ ուրախություն էր մեզ համար»։

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՍ ԱՎԵԼԻ ՀՄՈՒՏ ՔԱՐՈԶԻՉ ԵՎ ՈՒՍՈՒՑԻՉ ԴԱՌՆԱԼ

«Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ժամանակ ստացած գիտելիքները կիրառելով՝ շարունակ կհմտանանք մեր գործում (տես պարբերություն 15–16) *

15–16. 1 Տիմոթեոս 4։13, 15 համարների համաձայն՝ ինչպե՞ս կարող ենք ավելի հմուտ քարոզիչներ դառնալ (տես նաև « Նպատակներ, որ կօգնեն ինձ ամբողջովին կատարել իմ ծառայությունը» շրջանակը)։

15 Մեր ծառայությունն ամբողջովին կատարելու համար պետք է նաև ջանանք ավելի հմուտ քարոզիչներ դառնալ։ Կան մասնագիտություններ, որոնց տիրապետող մարդկանցից պահանջվում է շարունակ վերապատրաստվել ու կրթվել, որպեսզի բարելավեն իրենց հմտությունները և թարմացնեն իրենց գիտելիքները։ Նույնը պահանջվում է նաև Թագավորության քարոզիչներից։ Մենք պետք է միշտ պատրաստ լինենք սովորելու և ավելի հմտանալու մեր գործում (Առակ. 1։5; կարդա 1 Տիմոթեոս 4։13, 15

16 Ինչպե՞ս կարող ենք շարունակ հմտանալ ծառայության մեջ։ Օրինակ՝ ուշադրություն դարձնելով այն ցուցումներին, որ ստանում ենք «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ժամանակ։ Այս հանդիպումը օգնում է բարելավել մեր քարոզչական և ուսուցչական հմտությունները։ Երբ հանդիպման նախագահողը խորհուրդներ է տալիս նրանց, ովքեր ուսումնական առաջադրանքներով են հանդես եկել, նրա նշած մտքերից մենք էլ կարող ենք շատ բան սովորել և հաջորդ անգամ քարոզելիս կիրառել այդ խորհուրդները։ Նաև կարող ենք օգնություն խնդրել մեր քարոզչական խմբի վերակացուից, նրա հետ ծառայության գնալ կամ համագործակցել մեկ այլ փորձառու քարոզչի հետ, ասենք՝ ռահվիրայի կամ շրջանային վերակացուի։ Բացի այդ, որքան ավելի հմտորեն օգտվենք «Ուսուցանելու գործիքների արկղից», այնքան ավելի մեծ հաճույք կստանանք մեր ծառայությունից։

17. Ծառայությունդ ամբողջովին կատարելով՝ ի՞նչ կզգաս։

17 Ի՜նչ մեծ պատիվ է, որ Եհովան մեզ թույլ է տվել դառնալ իր համագործակիցները (1 Կորնթ. 3։9)։ Երբ «հավաստիանանք, թե ինչն է ավելի կարևոր», և կենտրոնանանք մեր սուրբ ծառայության վրա, ուրախությամբ կծառայենք Եհովային (Փիլիպ. 1։10; Սաղ. 100։2)։ Համոզված եղիր, որ նա քեզ անհրաժեշտ ուժը կտա, որ կարողանաս կատարել քո ծառայությունը, ինչ դժվարություններ էլ ունենաս (2 Կորնթ. 4։1, 7; 6։4)։ Անկախ այն բանից՝ շատ ես կարողանում մասնակցել քարոզչական գործին, թե քիչ, եթե դա ամբողջ հոգով ես անում, ապա «ուրախանալու պատճառ կունենաս» (Գաղ. 6։4)։ Ծառայությունդ ամբողջովին կատարելով՝ կփաստես, որ սիրում ես Եհովային ու մերձավորիդ։ Այդպես «կփրկես և՛ քեզ, և՛ քեզ լսողներին» (1 Տիմոթ. 4։16

ԵՐԳ 58 Փնտրում ենք խաղաղասեր մարդկանց

^ պարբ. 5 Հիսուսը մեզ պատվիրել է քարոզել Թագավորության բարի լուրը և աշակերտներ պատրաստել։ Այս հոդվածում կքննենք, թե ինչպես կարող ենք ամբողջովին կատարել մեր ծառայությունը, անգամ եթե շատ խնդիրներ ունենք։ Նաև կիմանանք, թե ինչպես կարող ենք ավելի հմուտ քարոզիչներ դառնալ ու ավելի շատ ուրախություն ստանալ քարոզչական գործից։

^ պարբ. 4 ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ Քրիստոնեական ծառայությունը ներառում է ինչպես քարոզելու և ուսուցանելու գործը, այնպես էլ աստվածապետական շինությունների կառուցումն ու տեխսպասարկումը և աղետից տուժածներին օգնություն տրամադրելը (2 Կորնթ. 5։18, 19; 8։4

^ պարբ. 13 Տես «Դիտարանի» 2016 թ. հուլիսի թողարկման 10-րդ էջում բերված «Ինչպես պարզեցնել կյանքը» շրջանակը։

^ պարբ. 62 ՆԿԱՐ։ Միջշաբաթյա հանդիպման ժամանակ քույրը հանդես է գալիս ուսումնական առաջադրանքով, որի ժամանակ ցույց է տալիս, թե ինչպես է վերայցելություն կատարում։ Այնուհետև նախագահողը խորհուրդ է տալիս նրան։ Քույրը նշումներ է անում «Հմտացիր» գրքույկի իր օրինակում։ Շաբաթ-կիրակի օրերին՝ ծառայության ժամանակ, նա կիրառում է իրեն տրված խորհուրդները։