Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 15

Ընդօրինակիր Հիսուսին և պահպանիր ներքին խաղաղությունդ

Ընդօրինակիր Հիսուսին և պահպանիր ներքին խաղաղությունդ

«Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը» (ՓԻԼԻՊ. 4։7

ԵՐԳ 113 Խաղաղությունը մեր ժառանգությունն է

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1–2. Հիսուսը մտահոգվելու ի՞նչ պատճառներ ուներ։

ԻՐ ՄԱՐԴԿԱՅԻՆ կյանքի վերջին օրը Հիսուսը մտահոգվելու շատ պատճառներ ուներ։ Շուտով նա անօրեն մարդկանց ձեռքով դաժանորեն սպանվելու էր։ Բայց միայն մոտալուտ մահը չէր, որ մտահոգում էր Հիսուսին։ Նա խորապես սիրում էր իր Հորը և ցանկանում էր հաճեցնել նրան։ Մեր Տերը գիտեր, որ եթե հավատարիմ մնար սպասվող տառապանքների ներքո, դրանով կսրբացներ Աստծու անունը։ Հիսուսը նաև մարդկանց էր սիրում և գիտեր, որ նրանց հավիտենական ապագան կախված է այն բանից, թե արդյոք նա մինչև մահ հավատարիմ կմնա Եհովային։

2 Սակայն այդ օրհասական պահերին Հիսուսի սիրտը խաղաղ էր։ Ուստի նա իր առաքյալներին ասաց. «Իմ խաղաղությունն եմ ձեզ տալիս» (Հովհ. 14։27)։ Նա «Աստծու խաղաղությունն» ուներ, խաղաղություն, որ բխում է Եհովայի հետ ունեցած ջերմ փոխհարաբերություններից։ Այն պահպանեց Հիսուսի սիրտն ու միտքը և օգնեց խուճապի չմատնվել (Փիլիպ. 4։6, 7

3. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

3 Մեզանից ոչ ոք երբեք չի ենթարկվի այնպիսի մեծ ճնշման, որին Հիսուսը ենթարկվեց, բայց նրա բոլոր հետևորդներն էլ բախվում են և դեռ բախվելու են փորձությունների (Մատթ. 16։24, 25; Հովհ. 15։20)։ Ուստի Հիսուսի պես մենք էլ երբեմն գուցե մտահոգվենք։ Իսկ ի՞նչ կարող ենք անել, որ մտահոգությունները չկլանեն մեզ և չխլեն մեր մտքի խաղաղությունը։ Եկեք քննենք, թե Հիսուսին իր երկրային ծառայության ընթացքում ինչ երեք բան է օգնել, և ինչպես կարող ենք փորձությունների բախվելիս ընդօրինակել նրան։

ՀԻՍՈՒՍԸ ՀԱՃԱԽ ԷՐ ԱՂՈԹՈՒՄ

Աղոթքն օգնում է ներքին խաղաղություն ձեռք բերել ու պահպանել (տես պարբերություն 4–7)

4. Ո՞ր օրինակներն են ցույց տալիս, որ իր երկրային կյանքի վերջին օրը Հիսուսը հաճախ է աղոթել, և հետագայում 1 Թեսաղոնիկեցիներ 5։17 համարում ի՞նչ խորհուրդ տրվեց քրիստոնյաներին։

4 Կարդա 1 Թեսաղոնիկեցիներ 5։17։ Իր մարդկային կյանքի վերջին օրվա ընթացքում Հիսուսը հաճախ էր աղոթում։ Երբ նա իր առաքյալներին ցույց տվեց, թե ինչպես պետք է նշեն իր մահվան հիշատակի երեկոն, թե՛ հացը և թե՛ գինին փոխանցելուց առաջ աղոթեց (1 Կորնթ. 11։23–25)։ Եվ նախքան նրանք կլքեին այն վայրը, որտեղ կերել էին Պասեքի ընթրիքը, Հիսուսը կրկին աղոթեց (Հովհ. 17։1–26)։ Իսկ հետո, երբ նա իր աշակերտների հետ Գեթսեմանի պարտեզում էր, մի քանի անգամ աղոթք արեց (Մատթ. 26։36–39, 42, 44)։ Մահվանից առաջ նրա արտաբերած վերջին խոսքերն անգամ աղոթք էին առ Աստված (Ղուկ. 23։46)։ Այո՛, Հիսուսը աղոթքի միջոցով այդ ողջ ուղին անցավ իր Հոր ձեռքը բռնած։

5. Առաքյալների քաջությունը ինչո՞ւ տեղի տվեց։

5 Պատճառներից մեկը, թե Հիսուսն ինչու կարողացավ դիմակայել իր փորձություններին, այն էր, որ նա ապավինում էր իր Հորը՝ հաճախակի աղոթելով և նրանից օգնություն խնդրելով։ Իսկ առաքյալները, այդ գիշեր արթուն մնալու և աղոթելու փոխարեն, քնով անցան։ Դրա համար էլ, երբ փորձության ժամը հասավ, նրանց քաջությունը տեղի տվեց (Մատթ. 26։40, 41, 43, 45, 56)։ Փորձությունների բախվելիս մենք հավատարիմ կմնանք միայն այն դեպքում, եթե հետևենք Հիսուսի օրինակին և «շարունակ աղոթք անենք»։ Իսկ ինչի՞ մասին կարող ենք աղոթել։

6. Հավատը ինչպե՞ս կօգնի ներքին խաղաղություն պահպանել։

6 Մենք կարող ենք Եհովային խնդրել, որ «ավելացնի մեր հավատը» (Ղուկ. 17։5; Հովհ. 14։1)։ Այն մեզ շատ է անհրաժեշտ, քանի որ Սատանան փորձության է ենթարկում Հիսուսի բոլոր հետևորդներին (Ղուկ. 22։31)։ Հավատը ինչպե՞ս է օգնում ներքին խաղաղություն պահպանել, երբ խնդիրները ձեռք ձեռքի տված հետապնդում են մեզ։ Եթե մեր կարողությունների սահմաններում ամեն բան արել ենք, որ լուծենք մեր խնդիրը, Եհովայի հանդեպ ունեցած հավատը կօգնի, որ այլևս չանհանգստանանք դրա մասին, քանի որ գիտենք, որ նա ճիշտ ժամանակին լավագույն ձևով կլուծի այն։ Ու քանի որ համոզված ենք, որ Աստված մեզանից լավ գիտի ինչ անել, մեր միտքն ու սիրտը խաղաղությամբ են լցվում (1 Պետ. 5։6, 7

7. Մի հավատարիմ եղբայր ի՞նչ է ասել մտահոգվելու մասին, և ի՞նչ ես սովորում նրա խոսքերից։

7 Աղոթքն օգնում է ներքին խաղաղություն պահպանել՝ անկախ այն բանից, թե ինչ փորձությունների ենք բախվում։ Նկատի առնենք Ռոբերտի օրինակը։ Նա ութսունն անց հավատարիմ երեց է։ Եղբայրը պատմում է. «Կյանքիս դժվար պահերին ինձ շատ է օգնել Փիլիպպեցիներ 4։6, 7 համարներում նշված խորհուրդը։ Ես բազմաթիվ փորձությունների միջով եմ անցել. ունեցել եմ ֆինանսական խնդիրներ, նաև եղել է ժամանակ, երբ զրկվել եմ իմ առանձնաշնորհումներից»։ Իսկ ինչպե՞ս է Ռոբերտը կիրառում այս խորհուրդը։ «Հենց որ մտահոգություններս գլուխ են բարձրացնում, սկսում եմ աղոթել,— ասում է նա։— Ինչքան հաճախ ու թախանձագին եմ աղոթում, այնքան ավելի մեծ խաղաղություն եմ զգում»։

ՀԻՍՈՒՍԸ ԵՌԱՆԴՈՎ ՔԱՐՈԶՈՒՄ ԷՐ

Քարոզչական գործն օգնում է, որ ներքին խաղաղություն պահպանենք (տես պարբերություն 8–10)

8. Ինչպես նշված է Հովհաննես 8։29-ում, ո՞րն է մյուս պատճառը, որ Հիսուսը ներքին խաղաղություն ուներ։

8 Կարդա Հովհաննես 8։29։ Նույնիսկ հալածվելիս Հիսուսը ներքին խաղաղությունը չէր կորցնում, որովհետև գիտեր, որ հավատարիմ մնալով ուրախացնում է Եհովայի սիրտը։ Նա հնազանդ մնաց Աստծուն, անգամ երբ իր համար դժվար էր դա անել։ Ավելին՝ Հիսուսը այնքան էր սիրում իր Հորը, որ իր ողջ կյանքը նվիրել էր նրան ծառայելուն։ Օրինակ՝ մինչև երկիր գալը նա Աստծու մոտ «հմուտ վարպետ էր» (Առակ. 8։30)։ Իսկ երկրի վրա եղած ժամանակ նա խանդավառությամբ մարդկանց սովորեցնում էր իր Հոր մասին (Մատթ. 6։9; Հովհ. 5։17)։ Այդ գործը Հիսուսին մեծ ուրախություն էր պատճառում (Հովհ. 4։34–36

9. Քարոզչական գործով «միշտ զբաղված լինելը» ինչպե՞ս է օգնում մեզ ներքին խաղաղություն պահպանել։

9 Մենք ընդօրինակում ենք Հիսուսին, երբ հնազանդվում ենք Եհովային և «միշտ զբաղվում ենք» Տիրոջ գործով (1 Կորնթ. 15։58)։ Երբ մեր «անձը ամբողջությամբ տրամադրում ենք» քարոզչական գործին, կարողանում ենք դրական տրամադրվածություն պահպանել՝ չնայած մեր խնդիրներին (Գործ. 18։5)։ Ծառայության ժամանակ հանդիպում ենք մարդկանց, որոնք ավելի ծանր խնդիրներ ունեն, քան մենք։ Սակայն երբ նրանք սովորում են սիրել Եհովային և կիրառել նրա խորհուրդները, նրանց կյանքը բարելավվում է, և նրանք ավելի երջանիկ են դառնում։ Ամեն անգամ, երբ նրանց կյանքում տեսնում ենք Եհովայի ձեռքը, ավելի մեծ վստահությամբ ենք լցվում, որ նա մեր մասին էլ հոգ կտանի։ Իսկ այդ համոզվածությունը օգնում է մեզ ներքին խաղաղություն պահպանել։ Մի քույր, որն իր ողջ կյանքում տառապել է թերարժեքության զգացումից և դեպրեսիայից, համոզվել է, որ Տիրոջ գործով զբաղված լինելը օգնում է ներքին խաղաղություն պահպանել։ Նա ասում է. «Երբ ակտիվորեն ծառայում եմ, ավելի լավ եմ կարողանում վերահսկել զգացմունքներս և ինձ ավելի երջանիկ եմ զգում։ Կարծում եմ՝ դա նրանից է, որ ծառայության ժամանակ ես ինձ ավելի մոտ եմ զգում Եհովային»։

10. Ի՞նչ ես սովորում Բրենդա անունով քրոջ խոսքերից։

10 Քննենք նաև Բրենդայի՝ մեր քրոջ օրինակը։ Նա և իր դուստրը տառապում են ցրված կարծրախտով։ Բրենդան գամված է անվասայլակին և ֆիզիկապես շատ թույլ է։ Երբ նա ի վիճակի է լինում, քարոզում է տնետուն, սակայն հիմնականում նամակներ գրելով է վկայություն տալիս։ Բրենդան ասում է. «Հենց որ հասկացա և ընդունեցի, որ այս աշխարհում իմ հիվանդությունը անբուժելի է, կենտրոնացա ծառայությանս վրա։ Երբ քարոզում եմ, միտքս շեղվում է իմ խնդիրներից։ Ծառայությունը ստիպում է ինձ ավելի շատ մտածել այն մասին, թե ինչպես օգնեմ նրանց, ում հանդիպում եմ մեր տարածքում կամ ում նամակ եմ գրում։ Բացի այդ, քարոզելը օգնում է մտքումս վառ պահել չքնաղ ապագայի իմ հույսը»։

ՀԻՍՈՒՍՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԷՐ ԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Լավ ընկերների հետ շփումն օգնում է, որ ներքին խաղաղություն պահպանենք (տես պարբերություն 11–15)

11–13. ա) Հիսուսի առաքյալները և նրա մյուս հավատարիմ հետևորդները ինչպե՞ս փաստեցին, որ իսկական ընկեր են նրա համար։ բ) Հիսուսի ընկերները ի՞նչ բարերար ազդեցություն էին թողնում նրա վրա։

11 Հիսուսի երկրային ծառայության ողջ ընթացքում նրա հավատարիմ առաքյալները փաստեցին, որ իսկական ընկեր են նրա համար։ Այդպիսի ընկերների մասին «Առակներ» գրքում ասվում է. «Կա ընկեր, որ եղբորից ավելի մտերիմ է» (Առակ. 18։24)։ Այդ ընկերները շատ թանկ էին Հիսուսի սրտին։ Երեք ու կես տարի տևած նրա այդ ծառայության ընթացքում հարազատ եղբայրներից ոչ մեկը չհավատաց նրան (Հովհ. 7։3–5)։ Նույնիսկ եղավ ժամանակ, երբ նրա ազգականները կարծում էին, թե նա խելագարվել է (Մարկ. 3։21)։ Իսկ հավատարիմ առաքյալների մասին Հիսուսը իր մահվանը նախորդող գիշերը ասաց. «Իմ փորձությունների մեջ դուք միշտ ինձ հետ մնացիք» (Ղուկ. 22։28

12 Ճիշտ է, առաքյալները ժամանակ առ ժամանակ հիասթափեցնում էին Հիսուսին, բայց նա կենտրոնանում էր ոչ թե նրանց թերությունների վրա, այլ այն բանի, որ նրանք հավատում են իրեն (Մատթ. 26։40; Մարկ. 10։13, 14; Հովհ. 6։66–69)։ Իր մահապատժին նախորդող գիշերը Հիսուսը հավատարիմ առաքյալներին ասաց. «Ես ձեզ ընկերներ կոչեցի, որովհետև այն ամենը, ինչ իմ Հորից լսեցի, հայտնեցի ձեզ» (Հովհ. 15։15)։ Կասկած չկա, որ Հիսուսի ընկերները մեծ քաջալերանքի աղբյուր էին նրա համար։ Ծառայության մեջ նրանց ցուցաբերած օգնությունը Հիսուսի սիրտը ցնծությամբ էր լցնում (Ղուկ. 10։17, 21

13 Բայց Հիսուսի ընկերների ցուցակը միայն առաքյալներով չէր սահմանափակվում։ Կային բազմաթիվ այլ հավատարիմ տղամարդիկ ու կանայք, որոնք աջակցում էին նրան ինչպես քարոզչական գործում, այնպես էլ կյանքի մյուս ոլորտներում։ Ոմանք իրենց տանը հյուրընկալում էին Հիսուսին և սեղան էին գցում նրա համար (Ղուկ. 10։38–42; Հովհ. 12։1, 2)։ Ուրիշները ճանապարհորդում էին նրա հետ և իրենց ունեցածից բաժին էին հանում նրան (Ղուկ. 8։3)։ Հիսուսը լավ ընկերներ ուներ, որովհետև ինքն էլ էր լավ ընկեր։ Նա լավ բաներ էր անում նրանց համար և ողջամիտ էր իր ակնկալիքների մեջ։ Թեև Հիսուսը կատարյալ էր, բայց գնահատում էր իր անկատար ընկերների օգնությունը։ Եվ նրանք, ինչ խոսք, քիչ բան չեն արել, որ նա ներքին խաղաղություն պահպանի։

14–15. Ինչպե՞ս կարող ենք լավ ընկերներ ձեռք բերել, և նրանք ինչպե՞ս կարող են օգնել մեզ։

14 Լավ ընկերները կօգնեն, որ նվիրված մնանք Եհովային։ Իսկ այդպիսի ընկերներ ունենալու համար նախ ինքներս պետք է լավ ընկեր լինենք (Մատթ. 7։12)։ Աստվածաշունչը հորդորում է, որ ջանքեր թափենք և օգնենք ուրիշներին, հատկապես նրանց, ովքեր կարիքի մեջ են (Եփես. 4։28)։ Ձեր ժողովում կա՞ որևէ մեկը, ով քո օգնության կարիքն ունի։ Օրինակ՝ կարո՞ղ ես գնումներ անել այն հավատակցիդ համար, որը չի կարողանում տնից դուրս գալ։ Կամ կարո՞ղ ես ուտելիք տանել մի ընտանիքի, որը ֆինանսապես ծանր վիճակում է։ Եթե գիտես ինչպես օգտվել jw.org® կայքից և JW Library® (JW գրադարան) հավելվածից, կարո՞ղ ես ժողովիդ անդամներին սովորեցնել դրանց միջոցով հոգևոր գանձեր գտնել։ Երբ մենք կենտրոնանում ենք ուրիշներին օգնելու վրա, ավելի երջանիկ ենք դառնում (Գործ. 20։35

15 Մեր ընկերները աջակցում են մեզ դժվար պահերին և այդպես օգնում են, որ չկորցնենք մեր ներքին խաղաղությունը։ Ճիշտ ինչպես Եղիուսն էր ուշադրությամբ լսում Հոբին, երբ նա խոսում էր իր փորձությունների մասին, այնպես էլ մեր ընկերներն են համբերությամբ լսում մեզ, երբ խոսում ենք մեր մտահոգությունների մասին, ինչով և շատ օգնում են մեզ (Հոբ 32։4)։ Իհարկե, ճիշտ չի լինի մեր ընկերներից ակնկալել, որ նրանք մեր փոխարեն որոշումներ կկայացնեն, սակայն իմաստուն կվարվենք, եթե լսենք Աստվածաշնչի հիման վրա նրանց տված խորհուրդը (Առակ. 15։22)։ Իսկ երբ կարիքի մեջ ենք լինում, ու մեր ընկերները օգնության ձեռք են մեկնում, չպետք է չափազանց հպարտ լինենք ու մերժենք այդ օգնությունը, այլ լավ կլինի, որ Դավիթ թագավորի պես խոնարհաբար ընդունենք այն (2 Սամ. 17։27–29)։ Իրականում այդպիսի լավ ընկերները պարգևներ են Եհովայից (Հակ. 1։17

ԻՆՉՊԵ՞Ս ՆԵՐՔԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՊԱՀՊԱՆԵԼ

16. Փիլիպպեցիներ 4։6, 7 համարների համաձայն՝ միայն ո՞ւմ շնորհիվ կարող ենք խաղաղություն ձեռք բերել։ Բացատրիր։

16 Կարդա Փիլիպպեցիներ 4։6, 7։ Ինչո՞ւ է Եհովան ասում, որ մենք կարող ենք «Քրիստոս Հիսուսի միջոցով» խաղաղություն ստանալ։ Բանն այն է, որ մարդ չի կարող մտքի ու սրտի խաղաղություն պահպանել, եթե չհասկանա Եհովայի նպատակների մեջ Հիսուսի ունեցած դերը և հավատ չդրսևորի նրա հանդեպ։ Օրինակ՝ Հիսուսի քավիչ զոհաբերության միջոցով մենք կարող ենք ներում ստանալ մեր բոլոր մեղքերի համար (1 Հովհ. 2։12)։ Որքա՜ն է այս միտքը մխիթարում մեզ։ Բացի այդ, Հիսուսը՝ որպես Աստծու Թագավորության Թագավոր, կվերացնի ցանկացած վնաս, որ Սատանան և նրա իշխանության տակ գտնվող աշխարհը կարող են պատճառել մեզ (Ես. 65։17; 1 Հովհ. 3։8; Հայտն. 21։3, 4)։ Սա բոլորիս հիանալի ապագա ունենալու հույսով է լցնում։ Ու թեև Հիսուսից դժվարին հանձնարարություն ենք ստացել, նա մեզ մենակ չի թողել և այս վերջին օրերում էլ շարունակում է աջակցել յուրաքանչյուրիս (Մատթ. 28։19, 20)։ Սա մեր սիրտը քաջությամբ է լցնում։ Մխիթարությունը, հույսն ու քաջությունը այն ամուր հիմնաքարերն են, որոնց վրա կառուցվում է մեր ներքին խաղաղությունը։

17. ա) Քրիստոնյան ինչպե՞ս կարող է ներքին խաղաղություն պահպանել։ բ) Հովհաննես 16։33-ում նշված խոստման համաձայն՝ Հիսուսի պես ի՞նչ կկարողանանք անել։

17 Ուրեմն ինչպե՞ս կկարողանաս ներքին խաղաղություն պահպանել, երբ փորձությունների հուժկու քամիները փորձեն տապալել քեզ։ Դա քեզ կհաջողվի, եթե ընդօրինակելով Հիսուսին՝ 1) անդադար աղոթես, 2) հնազանդվես Եհովային ու չնայած դժվարություններին՝ եռանդով քարոզես և 3) նեղության պահին թույլ տաս, որ ընկերներդ օգնեն քեզ։ Այդ դեպքում Աստծու խաղաղությունը կպահպանի քո սիրտն ու միտքը։ Եվ Հիսուսի պես դու էլ հաղթանակած դուրս կգաս ցանկացած ծանր իրավիճակից (կարդա Հովհաննես 16։33

ԵՐԳ 41 Խնդրում եմ, աղոթքս լսիր

^ պարբ. 5 Բոլորս էլ այնպիսի խնդիրներ ունենք, որոնք կարող են խլել մեր խաղաղությունը։ Հիսուսը ի՞նչ երեք բան է արել, որոնք իրեն օգնել են ներքին խաղաղություն պահպանել։ Այս հոդվածում կքննենք, թե որոնք են այդ բաները, և կտեսնենք, թե դրանք ինչպես կարող են մեզ էլ օգնել, որ անգամ ամենածանր փորձությունների ժամանակ չկորցնենք մեր խաղաղությունը։