ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 16
Պաշտպանիր մահվան մասին աստվածաշնչյան ճշմարտությունը
«Ահա այսպես ենք ճանաչում ճշմարտության խոսքերը և խաբեության խոսքերը» (1 ՀՈՎՀ. 4։6)։
ԵՐԳ 73 Համարձակություն տուր մեզ
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *
1–2. ա) Սատանան ինչպե՞ս է մոլորեցնում մարդկանց։ բ) Ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում։
ՍԱՏԱՆԱՆ՝ «ստության հայրը», մարդկանց պատմության հենց սկզբից մոլորեցնում է նրանց (Հովհ. 8։44)։ Նրա հորինած ստերից են մահվան ու հանդերձյալ կյանքի մասին մոլորեցուցիչ ուսմունքները։ Դրանցից ծնունդ են առել լայն տարածում ունեցող բազմաթիվ սովորույթներ ու սնահավատություններ, որոնց պատճառով մեր եղբայրներից ու քույրերից ոմանք ստիպված են «համառորեն պայքարել» իրենց հավատի համար, երբ իրենց հարազատներից կամ համայնքի անդամներից մեկը մահանում է (Հուդա 3)։
2 Եթե դու էլ այդպիսի փորձությունների բախվես, ի՞նչը կօգնի քեզ հավատարիմ մնալ Եհովային ու պաշտպանել մահվանը վերաբերող սուրբգրային ուսմունքները (Եփես. 6։11)։ Իսկ ինչպե՞ս կարող ես մխիթարել ու զորացնել հավատակցիդ, ում ստիպում են հետևել Աստծուն տհաճ ավանդույթների։ Այս հոդվածից կիմանանք, թե Եհովան ինչպես է այս հարցերում օգնում և առաջնորդում մեզ։ Նախ եկեք քննենք, թե Աստվածաշնչում ինչ է ասվում մահվան մասին։
ԻՐԱԿԱՆՈՒՄ Ի՞ՆՉ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԸ
3. Առաջին սուտը ի՞նչ հետևանքների հանգեցրեց։
3 Աստված երբեք նպատակ չի ունեցել, որ մարդիկ մահանան։ Սակայն հավիտյան ապրելու համար առաջին մարդկային զույգը՝ Ադամն ու Եվան, պետք է հնազանդվեին իրենց Արարչին՝ Եհովային, որը մի պարզ պատվեր էր տվել. «Ինչ վերաբերում է բարին ու չարը գիտենալու ծառին, դրանից չուտես, քանի որ այն օրը, երբ դրանից ուտես, անշուշտ, պիտի մեռնես» Ծննդ. 2։16, 17)։ Ինչևէ, օրերից մի օր ասպարեզ եկավ Սատանան։ Խոսելով օձի միջոցով՝ նա ասաց Եվային. «Դուք, անշուշտ, չեք մեռնի»։ Ցավոք, կինը հավատաց այս ստին ու կերավ պտղից, իսկ հետո նաև ամուսինը կերավ (Ծննդ. 3։4, 6)։ Այսպես մեղքն ու մահը մուտք գործեցին մարդկային ընտանիք (Հռոմ. 5։12)։
(4–5. Սատանան ինչպե՞ս շարունակեց մոլորեցնել մարդկանց։
4 Ինչպես և Աստված ասել էր, Ադամն ու Եվան մահացան։ Սակայն Սատանան չդադարեց ստեր տարածել մահվան մասին։ Որոշ ժամանակ անց նա նոր առասպելներ մոգոնեց։ Դրանցից մեկը այն ուսմունքն է, որ երբ ֆիզիկական մարմինը մահանում է, անձի ինչ-որ մաս շարունակում է ապրել ոգիների աշխարհում։ Այդ սուտ ուսմունքը իր բազմազան տարբերակներով մինչ օրս մոլորության մեջ է պահում միլիարդավոր մարդկանց (1 Տիմոթ. 4։1)։
5 Իսկ այն ինչո՞ւ է այդքան ազդեցիկ։ Բանսարկուն գիտի, թե մահը ինչ զգացումներ է առաջացնում մեր մեջ, և օգտվում է դրանից։ Քանի որ մենք ստեղծվել ենք հավիտյան ապրելու համար, ոչ մեկս չի ուզում մեռնել (Ժող. 3։11)։ Ուստի մահը թշնամի է մեզ համար (1 Կորնթ. 15։26)։
6–7. ա) Արդյո՞ք Սատանային հաջողվել է ծածուկ պահել մահվան մասին ճշմարտությունը։ Բացատրիր։ բ) Աստվածաշնչյան ճշմարտությունը ինչպե՞ս է ազատում վախից։
6 Չնայած Սատանայի ջանքերին՝ մահվան մասին ճշմարտությունը ծածուկ չմնաց։ Այսօր աննախադեպ թվով մարդիկ գիտեն և ուրիշներին էլ պատմում են, թե իրականում ինչ վիճակում են մահացածները, և ինչ ապագա է նրանց սպասում (Ժող. 9։5, 10; Գործ. 24։15)։ Այս ճշմարտությունները մխիթարում են մեզ՝ ազատելով վախի ու անորոշության զգացումից։ Մենք մահացածներից չենք վախենում, ոչ էլ նրանց համար ենք վախենում։ Մենք գիտենք, որ նրանք կենդանի չեն և անկարող են ինչ-որ մեկին վնասել։ Նրանք ասես խոր քուն մտած լինեն (Հովհ. 11։11–14)։ Բացի այդ, մահացածները չեն գիտակցում, թե ինչպես է անցնում ժամանակը։ Ուստի հարություն առնելիս նույնիսկ նրանք, ովքեր հարյուրամյակներ են մահացած մնացել, կկարծեն, թե մի ակնթարթ է անցել։
7 Համաձայն չե՞ս, որ մահացածների վիճակի մասին ճշմարտությունը շատ պարզ է, հասկանալի ու տրամաբանական։ Որքա՜ն է այն տարբերվում Սատանայի շփոթեցնող ստերից։ Բավական չէ, որ դրանք մոլորեցնում են մարդկանց, դեռ մի բան էլ արատավորում են մեր Արարչի անունը։ Որպեսզի ավելի լավ հասկանանք, թե ինչ վնաս է պատճառել Բանսարկուն, եկեք երեք հարց քննարկենք. Սատանան ինչպե՞ս է իր ստերով զրպարտում Եհովային, ինչպե՞ս է արժեզրկում Հիսուսի քավիչ զոհը, և ինչպե՞ս են այդ ստերը ավելի սաստկացնում մարդկանց ցավն ու վիշտը։
ՍԱՏԱՆԱՅԻ ՍՏԵՐԸ ԱՀՌԵԼԻ ՎՆԱՍ ԵՆ ԲԵՐՈՒՄ
8. Սատանան ինչպե՞ս է մահացածների մասին ստերով զրպարտում Եհովային, և ի՞նչ է ցույց տալիս Երեմիա 19։5-ը։
8 Մահացածների մասին ստերով Սատանան զրպարտում է Եհովային։ Այդ կեղծիքներից է կրակե դժոխքի մասին սուտ ուսմունքը։ Նման ուսմունքները արատավորում են Աստծու անունը։ Ինչպե՞ս։ Դրանք սիրո Աստծուն ներկայացնում են իբրև մի ծայրահեղ դաժան անձնավորություն, ինչպիսին որ հենց ինքը՝ Սատանան է (1 Հովհ. 4։8)։ Այս սուտը լսելով՝ ի՞նչ ես զգում։ Իսկ որ ամենակարևորն է, ի՞նչ է զգում Եհովան, եթե հաշվի առնենք, որ նա ատում է դաժանությունը՝ իր բոլոր դրսևորումներով (կարդա Երեմիա 19։5)։
9. Սատանայի ստերը ինչպե՞ս են արժեզրկում Քրիստոսի քավիչ զոհը, որի մասին կարդում ենք Հովհաննես 3։16 և 15։13 համարներում։
9 Մահվան մասին ստերը արժեզրկում են Քրիստոսի քավիչ զոհը (Մատթ. 20։28)։ Սատանայի մյուս սուտն այն է, թե մարդն անմահ հոգի ունի։ Եթե այդպես լիներ, դա կնշանակեր, որ բոլոր մարդիկ հավիտենական կյանք ունեն։ Այդ դեպքում կարիք չէր լինի, որ Հիսուսը իր կյանքը զոհաբերեր մեզ փրկագնելու և հավիտենական կյանք շնորհելու համար։ Սակայն չպետք է մոռանալ, որ Քրիստոսի զոհագործությունը սիրո մեծագույն դրսևորումն է մարդկային ընտանիքի նկատմամբ (կարդա Հովհաննես 3։16; 15։13)։ Ուստի պատկերացրու, թե ինչ են զգում Եհովան և իր Որդին, երբ նման սուտ ուսմունքները արժեզրկում են իրենց տված թանկարժեք նվերը։
10. Սատանայի ստերը ինչպե՞ս են սաստկացնում մարդկանց ցավը։
10 Սատանայի ստերը ծանրացնում են մարդկանց վիշտը և ավելացնում նրանց ցավը։ Ոմանք երեխա կորցրած ծնողներին ասում են, թե Աստված է տարել իրենց զավակին և նրան հրեշտակ դարձրել երկնքում։ Քո կարծիքով՝ այս դիվային սուտը թեթևացնո՞ւմ է ծնողների ցավը, թե՞ ավելի է սաստկացնում այն։ Հիմա անդրադառնանք կրակե դժոխքի մասին սուտ ուսմունքին։ Դրա վրա հիմնվելով՝ ոմանք արդարացրել են իրենց արարքները, երբ խոշտանգել են կամ խարույկի վրա այրել են նրանց, ովքեր հակառակվել են եկեղեցու ուսմունքներին։ Ինչպես նշված է իսպանական ինկվիզիցիայի մասին պատմող մի գրքում, նման դաժանություններ գործած մարդկանցից ոմանք կարծել են, թե հերետիկոսներին խոշտանգելով՝ նրանց զգալ են տալիս «դժոխքի անշեջ կրակի» այրոցը և այդպես նրանց մղում են մեռնելուց առաջ զղջալ ու փրկվել դժոխքի կրակներից։ Մի շարք երկրներում մարդիկ իրենց պարտավորված են զգում երկրպագել ու պատվել մահացած նախնիներին կամ նրանցից օրհնություն խնդրել։ Ոմանք էլ ցանկանում են սիրաշահել նախնիներին, որ իրենց չպատժեն։ Այսպիսով՝ տեսնում ենք, որ Սատանայի ստերի վրա հիմնված ուսմունքները ոչ թե մխիթարություն են բերում մարդկանց, այլ անտեղի անհանգստություն են պատճառում և նույնիսկ վախ են առաջացնում։
ՊԱՇՏՊԱՆԻՐ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
11. Մեր ազգականներն ու ընկերները գուցե ինչպե՞ս փորձեն ստիպել մեզ դեմ գնալ Աստծու Խոսքին։
11 Եթե մեր ազգականներն ու ընկերները, թեպետև լավ մղումներով, փորձեն ստիպել մեզ մասնակցել մահացածների հետ կապված հակասուրբգրային արարողությունների, սերը Աստծու և նրա Խոսքի հանդեպ մեզ ուժ կտա, որ նրա՛ն հնազանդվենք։ Հնարավոր է՝ մեր մտերիմները փորձեն ամաչեցնել մեզ՝ ասելով, թե չենք սիրում ու հարգում ննջեցյալին։ Կամ գուցե ասեն, թե մեր պահվածքի պատճառով մահացածը կսկսի վնասել ողջերին։ Նման դեպքերում ինչպե՞ս պետք է պաշտպանենք աստվածաշնչյան ճշմարտությունը։ Եկեք ուշադրություն դարձնենք ստորև բերված սուրբգրային սկզբունքներին և մտածենք, թե ինչպես կարող ենք դրանք կիրառել։
12. Ի՞նչ սովորույթներ կան, որոնք անվիճելիորեն հակասում են Աստվածաշնչին։
12 Վճռականորեն մերժիր Աստվածաշնչին հակասող հավատալիքներն ու սովորույթները (2 Կորնթ. 6։17)։ Կարիբյան ավազանի երկրներից մեկում շատերը հավատում են, թե մարդու մահից հետո նրա «ուրվականը» թափառում է տվյալ վայրում և պատժում նրանց, ովքեր իրեն վատ են վերաբերվել։ Մի աշխատության համաձայն՝ տեղաբնիկները կարծում են, թե այդ «ուրվականը» նույնիսկ կարող է «վնաս պատճառել ողջ համայնքին»։ Իսկ Աֆրիկայում տարածված է մի սովորույթ, որին հետևելով՝ տեղացիները ծածկում են հանգուցյալի տան հայելիները և շրջում են պատից կախված նրա նկարները։ Նրանք դա անում են, որ մահացածը իրեն չտեսնի։ Որպես Եհովայի ծառաներ՝ մենք չենք հավատում այն առասպելներին և չենք մասնակցում այն արարողություններին, որոնք թիկունք են կանգնում Սատանայի ստերին (1 Կորնթ. 10։21, 22)։
13. Եթե վստահ չես, թե կոնկրետ իրավիճակում ինչպես վարվես, ապա ըստ Հակոբոս 1։5-ի՝ ի՞նչ պետք է անես։
13 Եթե վստահ չես, թե կոնկրետ իրավիճակում ինչպես վարվես, աղոթիր Եհովային ու հավատով խնդրիր, որ քեզ իմաստություն տա (կարդա Հակոբոս 1։5)։ Այնուհետև փնտրտուքներ արա մեր հրատարակություններում։ Անհրաժեշտության դեպքում խորհրդակցիր քո ժողովի երեցների հետ։ Իհարկե, նրանք քո փոխարեն չեն որոշի, թե ինչ անես, այլ ուշադրությունդ կհրավիրեն համապատասխան սուրբգրային սկզբունքների վրա, ինչպիսիք, օրինակ, բերված են այս հոդվածում։ Նշված քայլերն անելով՝ կմարզես ըմբռնողականությունդ, ինչն էլ կօգնի «ճիշտն ու սխալը զանազանել» (Եբր. 5։14)։
14. Ո՞ր խորհուրդները կօգնեն, որ գայթակղության պատճառ չդառնանք։
14 «Ամեն բան Աստծու փառքի համար արեք։ Գայթակղության պատճառ մի՛ եղեք» (1 Կորնթ. 10։31, 32)։ Երբ որոշում ենք՝ պահել որևէ ավանդույթ, թե ոչ, պետք է նաև մտածենք, թե մեր որոշումն ինչպես կազդի ուրիշների, հատկապես մեր հավատակիցների խղճի վրա։ Մենք չենք ուզում գայթակղության պատճառ դառնալ որևէ մեկի համար (Մարկ. 9։42)։ Մյուս կողմից՝ չենք ցանկանում անհարկի վիրավորել այլադավան մարդկանց։ Ուստի սիրուց մղված՝ նրանց հետ հարգալից ձևով կխոսենք՝ այնպես, ինչպես վայել է Եհովայի ծառաներին։ Մենք չենք վիճի ուրիշների հետ ու նրանց սովորույթները ծաղրի առարկա չենք դարձնի։ Չմոռանանք, որ սերը զորեղ է։ Եթե նրբանկատություն ու հարգանք դրսևորելով՝ ցույց տանք մեր սերը, ապա հնարավոր է՝ մեզ նույնիսկ հաջողվի փափկացնել մեր համոզմունքներին ընդդիմացող մարդկանց սիրտը։
15–16. ա) Ինչո՞ւ է իմաստուն շրջապատի մարդկանց պատմել մեր հավատալիքների մասին։ Բեր օրինակ։ բ) Ինչպե՞ս կարող ենք հետևել Հռոմեացիներ 1։16-ում գրված խոսքերին։
15 Շրջապատիդ մարդկանց հայտնիր, որ Եհովայի վկա ես (Ես. 43։10)։ Եթե ազգականներդ ու հարևաններդ նախապես իմանան, որ Եհովա Աստծուն ես երկրպագում, ապա հարազատի մահվան դեպքում իրավիճակը թերևս շատ չլարվի, երբ սուրբգրային սկզբունքների համաձայն վարվես։ Ֆրանսիշկուն, որն ապրում է Մոզամբիկում, գրում է. «Երբ ես ու կինս՝ Կարոլինան, իմացանք ճշմարտությունը, մեր հարազատներին ասացինք, որ այլևս չենք երկրպագելու մահացածներին։ Սակայն երբ Կարոլինայի քույրը մահացավ, մեր վճռականությունը փորձության ենթարկվեց։ Տեղի ավանդույթի համաձայն՝ հանգուցյալի մարմինը պետք է ջրով ծիսականորեն լվացվի։ Իսկ հետո ամենամոտ ազգականը պետք է երեք գիշեր քնի այնտեղ, որտեղ թափվել է այդ ջուրը։ Մարդիկ կարծում են, թե այս ձևով խաղաղեցնում են մահացածի հոգին։ Ուստի Կարոլինայի հարազատները պնդում էին, որ նա կատարի այդ ծեսը»։
16 Ինչպե՞ս վարվեցին Ֆրանսիշկուն և իր կինը։ Եղբայրը շարունակում է. «Մենք սիրում ենք Եհովային և ուզում ենք հաճեցնել նրան, ուստի հրաժարվեցինք մասնակցել այդ ծիսակատարությանը։ Կարոլինայի հարազատները շատ բարկացան։ Նրանք ասացին, թե չենք հարգում մահացածին, և ավելացրին, որ այլևս չեն գա մեր տուն ու մեզ ոչնչով չեն օգնի։ Բայց քանի որ մեր հավատալիքները նախօրոք բացատրել էինք ազգականներին, նրանց բարկության պահին մանրամասնորեն չքննարկեցինք այդ հարցը։ Հարազատներից մի քանիսն էլ պաշտպանեցին մեզ՝ ասելով, որ մենք նախապես խոսել էինք մեր դիրքորոշման մասին։ Ժամանակի ընթացքում Կարոլինայի բարեկամները հանդարտվեցին, ու մենք կարողացանք վերականգնել մեր խաղաղ փոխհարաբերությունները։ Ոմանք էլ նույնիսկ եկան մեր տուն և աստվածաշնչային գրականություն խնդրեցին»։ Թող որ երբեք չամաչենք պաշտպանել մահվան մասին ճշմարտությունը (կարդա Հռոմեացիներ 1։16)։
ՄԽԻԹԱՐԻՐ ՈՒ ԱՋԱԿՑԻՐ ՍԳԱՎՈՐԻՆ
17. Ի՞նչը կօգնի իսկական ընկեր լինել վշտահար հավատակցի համար։
17 Երբ մեր հավատակիցը հարազատ է կորցնում, պետք է ամեն կերպ ջանանք լինել «իսկական ընկեր.... եղբայր.... նեղ օրվա համար ծնված» (Առակ. 17։17)։ Ինչպե՞ս կարող ենք իսկական ընկեր լինել, հատկապես երբ հարազատ կորցրած եղբորը կամ քրոջը ստիպում են հակասուրբգրային ծիսակատարությունների մասնակցել։ Քննենք աստվածաշնչյան երկու սկզբունք, որոնք կօգնեն մխիթարել սգավորին։
18. Հիսուսն ինչո՞ւ արտասվեց, և ի՞նչ ենք սովորում նրանից։
18 «Լաց լինողների հետ լաց եղեք» (Հռոմ. 12։15)։ Հնարավոր է՝ մեզ համար դժվար լինի բառեր գտնել վշտահար մարդուն սփոփելու համար։ Սակայն պետք է հիշել, որ երբեմն մեր արցունքները բառերից ավելի խոսուն են։ Երբ Հիսուսի ընկեր Ղազարոսը մահացավ, վերջինիս քույրերը՝ Մարիամն ու Մարթան, ինչպես նաև ընկերները լաց էին լինում։ Երբ չորս օր հետո Հիսուսը եկավ նրանց մոտ, նրա «աչքերից արցունքներ հոսեցին», թեպետ նա գիտեր, որ շուտով հարություն է տալու Ղազարոսին (Հովհ. 11։17, 33–35)։ Հիսուսի արցունքներն արտահայտում էին այն, ինչ զգում էր նաև նրա Հայրը՝ Եհովան։ Բացի այդ, դրանք փաստում էին, որ Հիսուսը սիրում է այդ ընտանիքին։ Սա, ինչ խոսք, դարման եղավ Մարիամի ու Մարթայի սգահար սրտին։ Նմանապես, եթե մեր հավատակիցները զգան մեր սերն ու կարեկցանքը, կհասկանան, որ ամենևին էլ մենակ չեն, այլ շրջապատված են թևութիկունք դարձող հոգատար ընկերներով։
19. Հավատակցին մխիթարելիս ինչպե՞ս կարող ենք կիրառել Ժողովող 3։7-ում ամփոփված սկզբունքը։
19 «[Կա] լռելու ժամանակ և խոսելու ժամանակ» (Ժող. 3։7)։ Եթե սգացող հավատակցին ուշադիր լսենք, դա նույնպես կարող է մխիթարել նրան։ Եղբորդ կամ քրոջդ թույլ տուր դատարկել իր սիրտը և մի՛ նեղվիր, եթե նա անհեթեթ բաներ ասի (Հոբ 6։2, 3)։ Հնարավոր է՝ նրա այլադավան ազգականները ճնշում են բանեցնում նրա վրա, և դա սաստկացնում է նրա լարվածությունը։ Աղոթիր հավատակցիդ հետ։ «Աղոթքներ Լսողին» խնդրիր ուժ և ողջամտություն տալ նրան (Սաղ. 65։2)։ Եթե հանգամանքները թույլ են տալիս, միասին Աստվածաշունչ ընթերցեք կամ մեր հրատարակություններից համապատասխան հոդված կարդացեք, օրինակ՝ որևէ քաջալերական կենսագրություն։
20. Ի՞նչ ենք քննարկելու հաջորդ հոդվածում։
20 Մենք երախտապարտ ենք Աստծուն, որ գիտենք մահվան մասին ճշմարտությունը և տեղյակ ենք, թե ինչ հրաշալի ապագա է սպասում ննջեցյալներին (Հովհ. 5։28, 29)։ Ուստի եկեք խոսքով ու գործով պաշտպանենք աստվածաշնչյան ճշմարտությունը և ամեն հարմար առիթի դեպքում այն պատմենք ուրիշներին։ Հաջորդ հոդվածից կիմանանք, թե Սատանան է՛լ ինչ է օգտագործում մարդկանց հոգևոր խավարում պահելու համար։ Կխոսենք նրա ստեղծած ծուղակներից մեկի՝ ոգեհարցության մասին և կքննարկենք, թե ինչու պետք է հեռու մնանք դրա հետ կապված ամեն բանից։
ԵՐԳ 24 Բարձրացեք Եհովայի լեռը
^ պարբ. 5 Սատանան ու դևերը մոլորեցնում են միլիարդավոր մարդկանց՝ ստեր տարածելով մահվան մասին։ Այդ ստերը հակասուրբգրային բազմաթիվ սովորույթներ են ծնել։ Այս հոդվածը կօգնի քեզ հավատարիմ մնալ Եհովային, երբ ուրիշները, ճնշում բանեցնելով, փորձեն այդպիսի ծիսակատարությունների մեջ ներքաշել քեզ։
^ պարբ. 55 ՆԿԱՐ։ Մի կին սգում է հարազատի մահը, իսկ նրա ընտանիքի անդամները, որոնք Եհովայի վկաներ են, մխիթարում են նրան։
^ պարբ. 57 ՆԿԱՐ։ Եղբայրը փնտրտուքներ է անում և թաղման արարողություններին վերաբերող նյութեր է ուսումնասիրում, ապա իր հավատալիքները նրբանկատորեն բացատրում է ազգականներին։
^ պարբ. 59 ՆԿԱՐ։ Ժողովի երեցները մխիթարում և աջակցում են հարազատ կորցրած հավատակցին։