Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 15

Ի՞նչ վերաբերմունք ունես այն մարդկանց հանդեպ, ում քարոզում ես

Ի՞նչ վերաբերմունք ունես այն մարդկանց հանդեպ, ում քարոզում ես

«Բարձրացրեք ձեր աչքերը և նայեք արտերին. դրանք սպիտակել են հնձի համար» (ՀՈՎՀ. 4։35

ԵՐԳ 64 Ուրախությամբ մասնակցենք հնձին

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1–2. Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը՝ ասելով Հովհաննես 4։35, 36 համարներում գրված խոսքերը։

ՀԻՍՈՒՍԸ անցնում էր դաշտերի միջով։ Հավանաբար, դրանք գարու կանաչ արտեր էին (Հովհ. 4։3–6)։ Մինչև հունձը մոտ չորս ամիս դեռ կար, բայց նա ասաց. «Բարձրացրեք ձեր աչքերը և նայեք արտերին. դրանք սպիտակել են հնձի համար» (կարդա Հովհաննես 4։35, 36)։ Ուստի Հիսուսի ասածը գուցե տարօրինակ թվար աշակերտներին։ Ի՞նչ նկատի ուներ նա։

2 Ակնհայտ է, որ Հիսուսի խոսքերը փոխաբերական իմաստ ունեին և վերաբերում էին ոչ թե հացահատիկի բերքահավաքին, այլ մարդկանց։ Տեսնենք, թե ինչ էր տեղի ունեցել դրանից առաջ։ Չնայած որ հրեաները խուսափում էին սամարացիներից, Հիսուսը քիչ առաջ քարոզել էր սամարացի մի կնոջ, և վերջինս լսել էր նրան։ Մինչ Հիսուսը խոսում էր հնձի համար սպիտակած արտերի մասին, մի խումբ սամարացիներ ճանապարհ էին ընկել, որ գային իր մոտ։ Նրանք այդ կնոջից լսել էին Հիսուսի մասին և ուզում էին ավելին իմանալ (Հովհ. 4։9, 39–42)։ Մի աստվածաշնչագետ այս համարների վերաբերյալ ասում է. «Այդ մարդկանց արագ արձագանքը.... ցույց էր տալիս, որ նրանք նման էին հնձի համար պատրաստ հացահատիկի»։

Ի՞նչ պետք է անենք՝ տեսնելով, որ արտերը «սպիտակել են հնձի համար» (տես պարբերություն 3)

3. Եթե մարդկանց հանդեպ այնպիսի վերաբերմունք ունենաս, ինչպիսին Հիսուսն ուներ, դա ինչո՞ւմ կօգնի քեզ։

3 Իսկ դու ի՞նչ վերաբերմունք ունես այն մարդկանց հանդեպ, ում հայտնում ես բարի լուրը։ Դու է՞լ ես նրանց համարում հնձի պատրաստ հացահատիկ։ Եթե այո, ապա դա կօգնի, որ նախ՝ հրատապության ավելի մեծ զգացումով քարոզես։ Հնձի ժամանակը կարճ է, ուստի չպետք է այն վատնենք։ Բացի այդ՝ ուրախություն կստանաս՝ տեսնելով հնձի գործին մասնակցելու արդյունքները։ Չէ՞ որ Աստվածաշունչն էլ ասում է, որ մարդիկ «ուրախանում են հնձի ժամանակ» (Ես. 9։3)։ Եվ երրորդ՝ յուրաքանչյուր մարդու կվերաբերվես որպես Հիսուսի ապագա աշակերտի, ուստի քարոզելիս հաշվի կառնես նրա հետաքրքրությունները։

4. Այս հոդվածում ի՞նչ կսովորենք Պողոս առաքյալից։

4 Հիսուսի աշակերտներից ոմանք գուցե մտածեին, թե սամարացիները երբեք չեն դառնա Քրիստոսի հետևորդ։ Բայց ի տարբերություն նրանց՝ Հիսուսը այդ մարդկանց վերաբերվում էր որպես իր ապագա հետևորդների։ Մենք էլ պետք է մեր տարածքի մարդկանց հանդեպ նույն վերաբերմունքն ունենանք։ Այդ հարցում հիանալի օրինակ է Պողոս առաքյալը։ Տեսնենք՝ ինչ կարող ենք սովորել այն բանից, թե Պողոսն ինչպես էր իմանում մարդկանց ունեցած հավատալիքների մասին, նկատում նրանց հետաքրքրությունները և այդ մարդկանց դիտում որպես Քրիստոսի ապագա աշակերտների։

Ի՞ՆՉ ՀԱՎԱՏԱԼԻՔՆԵՐ ՈՒՆԵՆ

5. Ինչի՞ շնորհիվ էր Պողոսը կարողանում հասկանալ հրեաներին։

5 Պողոսը հաճախ քարոզում էր հրեական ժողովարաններում։ Այնտեղ քարոզելիս նա, ըստ ամենայնի, իրեն վստահ էր զգում։ Օրինակ, երբ նա գնաց Թեսաղոնիկե, ժողովարանում «երեք շաբաթ օր Սուրբ Գրքի օգնությամբ տրամաբանում էր [հրեաների] հետ» (Գործ. 17։1, 2)։ Պողոսն ինքն էլ հրեա էր (Գործ. 26։4, 5)։ Դրա համար էլ հասկանում էր հրեաների մտածելակերպը և կարողանում էր համոզվածությամբ քարոզել նրանց (Փիլիպ. 3։4, 5

6. Ժողովարանի մարդիկ որքանո՞վ էին տարբերվում Աթենքի հրապարակում Պողոսին հանդիպած մարդկանցից։

6 Հալածանքի պատճառով Պողոսը Թեսաղոնիկեից փախավ Բերիա, իսկ հետո՝ Աթենք։ Այստեղ էլ նա «սկսեց ժողովարանում տրամաբանել հրեաների և Աստծուն երկրպագող ուրիշ մարդկանց հետ» (Գործ. 17։17)։ Բայց երբ Պողոսը սկսեց քարոզել Աթենքի հրապարակում, այստեղ նրա լսարանը բոլորովին այլ էր։ Նրա ունկնդիրները փիլիսոփաներ ու հեթանոսներ էին, ում համար Պողոսի հայտնած լուրը «նոր ուսմունք» էր։ Նրանք ասում էին. «Այնպիսի բաների մասին ես խոսում, որոնք օտար են մեր ականջներին» (Գործ. 17։18–20

7. Գործեր 17։22, 23 համարների համաձայն՝ Պողոսն ինչպե՞ս էր բարի լուրը մատուցելու ձևը հարմարեցնում իրեն հանդիպած մարդկանց։

7 Կարդա Գործեր 17։22, 23։ Աթենքի հրապարակում հանդիպած մարդկանց քարոզելիս Պողոսը բոլորովին այլ մոտեցում կիրառեց։ Ամենայն հավանականությամբ, նա մտածեց այն հարցի շուրջ, թե ինչին են հավատում աթենացիները, ուստի ուշադիր զննելով շրջակայքը՝ հասկացավ, թե նրանք կրոնական ինչ ավանդույթներ ունեն։ Հետո փորձեց ընդհանուր բան գտնել նրանց պաշտամունքի և սուրբգրային ճշմարտության միջև։ Ըստ մի աստվածաշնչագետի՝ Պողոսը, լինելով հրեա քրիստոնյա, հասկանում էր, որ հույները չեն երկրպագում հրեաների ու քրիստոնյաների ճշմարիտ Աստծուն, բայց նա փորձեց ցույց տալ, որ այն Աստվածը, ում մասին ինքը քարոզում էր, իրականում անծանոթ չէր աթենացիներին։ Այո՛, Պողոսը պատրաստ էր փոխել իր մոտեցումը։ Նա աթենացիներին ասաց, որ իր հայտնած լուրը այն «Անծանոթ Աստծուց» է, ում վերջիններս երկրպագություն էին մատուցում։ Ճիշտ է, այդ մարդիկ ծանոթ չէին Սուրբ Գրքերին, բայց Պողոսը չմտածեց, թե նրանք երբեք քրիստոնյա չեն դառնա։ Նա տեսնում էր մի արտ, որը սպիտակել էր հնձի համար։ Ուստի փոխեց բարի լուրը մատուցելու ձևը և այն հարմարեցրեց այդ տարածքի մարդկանց։

Ընդօրինակելով Պողոս առաքյալին՝ եղիր դիտունակ, մատուցման ձևդ հարմարեցրու մարդկանց հավատալիքներին և նրանց դիտիր որպես Հիսուսի ապագա աշակերտների (տես պարբերություն 8, 12, 18) *

8. ա) Ինչպե՞ս կարող ես իմանալ, թե քո տարածքի մարդիկ ինչ հավատալիքներ ունեն։ բ) Ի՞նչ կարող ես պատասխանել, երբ ինչ-որ մեկն ասում է, որ իր կրոնն ունի։

8 Պողոսի պես եղիր դիտունակ։ Փորձիր նկատել բաներ, որոնք կօգնեն քեզ հասկանալ, թե ինչ հավատալիքներ ունեն քո տարածքում ապրող մարդիկ։ Օրինակ՝ մարդու տան արտաքին զարդարանքը շատ բան կարող է ասել նրա հավատալիքների մասին։ Նրա անունը, հագուստը, հարդարանքը և նույնիսկ բառապաշարը կարող են հուշել քեզ, թե նա ինչ կրոնի է պատկանում։ Գուցե մարդն անմիջապես ասի, որ իր կրոնն ունի։ Նման դեպքերում մի հատուկ ռահվիրա այսպես է պատասխանում. «Ես չեմ եկել, որ ստիպեմ ձեզ ընդունել իմ հավատալիքները։ Պարզապես ուզում եմ խոսել այն մասին, թե...»։

9. Ի՞նչ ընդհանուր եզրեր կարող ես գտնել, երբ զրուցում ես կրոնասեր մարդու հետ։

9 Ի՞նչ թեմաներով կարող ենք զրուցել կրոնասեր մարդու հետ։ Փորձիր ընդհանուր եզրեր գտնել։ Հնարավոր է՝ նա հավատում է, որ միայն մեկ ճշմարիտ Աստված կա, կամ որ Հիսուսն է մարդկության Փրկիչը։ Գուցե հավատում է, որ ապրում ենք չար ժամանակներում, և որ շուտով չարությանը վերջ է դրվելու։ Իմանալով, թե ո՛ր հարցերում եք համակարծիք՝ աստվածաշնչյան բարի լուրը այնպես ներկայացրու, որ այն հետաքրքրի անհատին։

10. Ի՞նչ պետք է փորձենք պարզել և ինչո՞ւ։

10 Միշտ չէ, որ մարդիկ հավատում են այն ամենին, ինչ իրենց կրոնը սովորեցնում է։ Ուստի նույնիսկ եթե գիտես, թե անհատը ինչ կրոն է դավանում, փորձիր պարզել, թե նա անձամբ ինչին է հավատում։ Ավստրալիայում ապրող մի հատուկ ռահվիրա, որի անունը Դեյվիդ է, ասում է. «Շատերն այսօր փիլիսոփայությունը խառնում են իրենց հավատալիքներին»։ Իսկ Ալբանիայից մի քույր՝ Դոնալտան, նշում է. «Ոմանք ասում են, որ պատկանում են ինչ-որ կրոնի, բայց հետո խոստովանում են, որ իրականում չեն հավատում Աստծուն»։ Արգենտինայից մի միսիոներ էլ նկատել է, որ թեև որոշ մարդիկ պնդում են, թե հավատում են Երրորդությանը, բայց իրականում չեն ընդունում այն ուսմունքը, թե Հայրը, Որդին և սուրբ ոգին մեկ Աստված են։ Նա ավելացնում է. «Սա հիշելը կօգնի, որ ավելի հեշտ լինի ընդհանուր եզրեր գտնել անհատի հետ»։ Ուստի փորձիր պարզել, թե իրականում ինչին է մարդը հավատում։ Այդ դեպքում դու էլ Պողոսի պես կկարողանաս «ամեն տեսակ մարդկանց համար ամեն ինչ լինել» (1 Կորնթ. 9։19–23

Ի՞ՆՉ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆ

11. Գործեր 14։14–17 համարների համաձայն՝ Պողոսն ինչպե՞ս կարողացավ բարի լուրը գրավիչ ձևով ներկայացնել Լյուստրայի բնակիչներին։

11 Կարդա Գործեր 14։14–17։ Պողոսը փորձում էր տեսնել, թե իր ունկնդիրները ինչ հետաքրքրություններ ունեն և համապատասխան ձևով էր մատուցում Աստծու Խոսքը։ Օրինակ՝ Լյուստրայում ապրող մարդիկ շատ քիչ գիտելիքներ ունեին Սուրբ Գրքերից կամ ընդհանրապես ոչինչ չգիտեին։ Ուստի Պողոսը նրանց հետ այնպիսի բաներից խոսեց, որ կարողանային հասկանալ։ Նա խոսեց առատ բերք ստանալու և կյանքը վայելելու մասին։ Նաև այնպիսի բառեր ու օրինակներ օգտագործեց, որ իրեն լսողները հեշտությամբ ընկալեին բարի լուրը։

12. Ինչպե՞ս կարող ես իմանալ մարդու հետաքրքրությունները և համապատասխան ձևով մատուցել բարի լուրը։

12 Խորաթափանց եղիր ու փորձիր տեսնել, թե քո տարածքում ապրող մարդիկ ինչ հետաքրքրություններ ունեն, և բարի լուրի մատուցման ձևը համապատասխանեցրու դրան։ Իսկ ինչպե՞ս կարող ես նախքան զրույց սկսելը կամ տան դուռը թակելը իմանալ, թե մարդն ինչ հետաքրքրություններ ունի։ Այս հարցում նույնպես պետք է դիտունակ լինես։ Գուցե նա այգում աշխատում է, գիրք է կարդում, վերանորոգում է մեքենան կամ էլ մեկ ուրիշ գործով է զբաղված։ Եթե տեղին է, սկսիր խոսել հենց այն մասին, ինչ նա այդ պահին անում է (Հովհ. 4։7)։ Մարդու հագուստից անգամ կարելի է շատ բան իմանալ նրա մասին, օրինակ՝ ազգությունը, աշխատանքը կամ սիրած սպորտային թիմը։ Գուստավոն պատմում է, թե ինչպես է զրույց սկսել 19-ամյա մի երիտասարդի հետ, ով հայտնի երգիչներից մեկի նկարով շապիկ էր հագել. «Հենց դրա մասին էլ սկսեցի խոսել, և նա պատմեց, թե ինչու է սիրում այդ երգչին։ Արդյունքում Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսվեց, և այժմ նա մեր եղբայրն է»։

13. Ինչպե՞ս կարող ես Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկելիս շարժել մարդու հետաքրքրությունը։

13 Երբ ինչ-որ մեկին Աստվածաշնչի ուսումնասիրություն ես առաջարկում, փորձիր շարժել նրա հետաքրքրությունը. ցույց տուր, թե այն ինչով օգտակար կլինի իր համար (Հովհ. 4։13–15Օրինակ՝ Էսթեր անունով մի քույր ծառայության ժամանակ հանդիպեց մի կնոջ, ով հետաքրքրվեց ճշմարտությամբ։ Երբ կինը նրան ներս հրավիրեց, մեր քույրը նկատեց պատին փակցված մի վկայական, որից իմացավ, որ այդ կինը կրթության ոլորտի մասնագետ է։ Քույրը ասաց, որ մենք էլ ենք զբաղվում կրթական գործունեությամբ և դա անում ենք Աստվածաշնչի դասընթացներ անցկացնելով ու մեր ժողովներում սուրբգրային կրթություն տրամադրելով։ Կինն ընդունեց Աստվածաշունչ ուսումնասիրելու առաջարկը և հաջորդ օրը ներկա եղավ ժողովի հանդիպմանը, իսկ կարճ ժամանակ անց՝ նաև շրջանային համաժողովի։ Մեկ տարի հետո նա մկրտվեց։ Մտածիր հետևյալ հարցերի շուրջ. «Ի՞նչ հետաքրքրություններ ունեն այն մարդիկ, ում այցելում եմ։ Կարո՞ղ եմ Աստվածաշնչի ուսումնասիրությունն այնպես առաջարկել, որ այն շարժի մարդու հետաքրքրությունը»։

14. Ինչպե՞ս կարող ես ուսումնասիրությունը հարմարեցնել անհատի կարիքներին։

14 Ամեն ուսումնասիրությունից առաջ լավ պատրաստվիր՝ հաշվի առնելով, թե Աստվածաշունչ ուսումնասիրողը ինչպիսի ընտանիքից է, ինչ կրթություն, կյանքի փորձ ու հետաքրքրություններ ունի։ Որոշիր, թե աստվածաշնչյան ինչ համարներ ես կարդալու, ինչ տեսանյութեր ես ցույց տալու և ինչ օրինակներ ես բերելու սուրբգրային ճշմարտությունները բացատրելու համար։ Նաև մտածիր, թե հատկապես ինչը կհետաքրքրի նրան և կօգնի քեզ հասնել նրա սրտին (Առակ. 16։23)։ Ալբանիայում ապրող մի կին, ով Ֆլորա անունով մի ռահվիրայի օգնությամբ Աստվածաշունչ էր ուսումնասիրում, ասաց. «Ես երբեք չեմ կարողանա ընդունել հարության մասին ուսմունքը»։ Ֆլորան չստիպեց նրան անմիջապես ընդունել հարության գաղափարը։ Քույրը պատմում է. «Մտածեցի, որ նախ նա պետք է ճանաչի այն Աստծուն, ով խոստանում է հարություն տալ մահացածներին»։ Դրանից հետո ամեն պարապմունքի ժամանակ Ֆլորան ընդգծում էր Եհովայի սերը, իմաստությունն ու զորությունը։ Ժամանակի ընթացքում այդ կինը սկսեց հավատալ հարությանը։ Այժմ նա Եհովայի եռանդուն ծառա է։

ԴԻՏԵՆՔ ՆՐԱՆՑ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՊԱԳԱ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ

15. Ըստ Գործեր 17։16–18 համարների՝ ի՞նչը կարող էր Պողոսին հետ պահել աթենացիներին քարոզելուց, բայց ինչո՞ւ նա չհանձնվեց։

15 Կարդա Գործեր 17։16–18։ Աթենքը լի էր կռապաշտությամբ, անբարոյականությամբ և հեթանոսական փիլիսոփայությամբ։ Սակայն դա պատճառ չեղավ, որ Պողոսը չքարոզեր այդ քաղաքի բնակիչներին։ Նա թույլ չտվեց, որ նրանց վիրավորական խոսքերը վհատեցնեին իրեն ու հետ պահեին բարի լուրը հայտնելուց։ Թեև Պողոսն ինքն էլ «հայհոյող, հալածող ու անպատկառ» մարդ էր եղել, բայց դարձել էր քրիստոնյա (1 Տիմոթ. 1։13)։ Ինչպես որ Հիսուսն էր տեսել, որ Պողոսը կարող էր դառնալ իր հետևորդը, այնպես էլ Պողոսն էր տեսնում, որ աթենացիները կարող են փոխվել ու դառնալ Քրիստոսի աշակերտ։ Եվ նա հուսախաբ չեղավ (Գործ. 9։13–15; 17։34

16–17. Ի՞նչն է ցույց տալիս, որ տարբեր անցյալ ունեցող մարդիկ կարող են դառնալ Քրիստոսի աշակերտ։ Բեր օրինակ։

16 Առաջին դարում տարբեր անցյալ ունեցող մարդիկ դարձան Հիսուսի աշակերտ։ Երբ Պողոսը գրեց Կորնթոս քաղաքում ապրող քրիստոնյաներին, նշեց, որ այդ ժողովից ոմանք մի ժամանակ հանցագործներ էին ու խայտառակ անբարո կյանք էին վարում։ Հետո ավելացրեց. «Ձեզանից ոմանք հենց այդպիսին էին, բայց դուք լվացվեցիք» (1 Կորնթ. 6։9–11)։ Իսկ դու կհավատայի՞ր, որ նրանք մի օր կփոխվեն ու կդառնան Քրիստոսի հետևորդ։

17 Այսօր շատերը իրենց կյանքում պատրաստակամորեն փոփոխություններ են անում, որ դառնան Հիսուսի աշակերտ։ Օրինակ՝ Յուկինան, ով Ավստրալիայում հատուկ ռահվիրա է ծառայում, իր փորձով համոզվեց, որ ամեն տեսակ մարդիկ կարող են ընդունել բարի լուրը։ Մի անգամ անշարժ գույքի գրասենյակներից մեկում նա տեսավ դաջվածքներ ունեցող մի երիտասարդ կնոջ, որը պարկանման հագուստով էր։ Յուկինան պատմում է. «Մի պահ վարանեցի խոսել, բայց հետո սկսեցի զրուցել նրա հետ։ Պարզվեց, որ նա այնքան էր հետաքրքրված Աստվածաշնչով, որ իր դաջվածքներից մի քանիսը «Սաղմոսներ» գրքից էին»։ Այդ կինը սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել և հաճախել ժողովի հանդիպումներին։ *

18. Ինչո՞ւ չպետք է կանխակալ կարծիք ունենանք մարդկանց մասին։

18 Երբ Հիսուսն ասաց, որ արտերը սպիտակել են հնձի համար, արդյո՞ք նկատի ուներ, որ մարդկանց մեծ մասը դառնալու է իր հետևորդը։ Ամենևի՛ն։ Սուրբ Գրքերում կանխագուշակվել էր, որ համեմատաբար քիչ թվով մարդիկ էին հավատալու իրեն (Հովհ. 12։37, 38)։ Բացի այդ՝ Հիսուսը կարողանում էր մարդկանց սրտերը կարդալ, ուստի գիտեր, որ շատերը չէին ընդունելու իր ասածները (Մատթ. 9։4)։ Չնայած դրան՝ նա շարունակում էր եռանդով քարոզել բոլորին։ Ուրեմն առավել ևս մենք, որ չենք կարողանում սրտեր կարդալ, չպետք է կանխակալ կարծիք ունենանք ինչ-որ տարածքի ժողովրդի կամ որևէ անհատի մասին ու չպետք է մտածենք, թե նրանք չեն ընդունի բարի լուրը։ Փոխարենը՝ այդ մարդկանց պետք է դիտենք որպես Քրիստոսի ապագա աշակերտների։ Մարկը, որը միսիոներ է Բուրկինա Ֆասոյում, հետևյալն է ասում. «Հաճախ այն մարդիկ, ում մասին մտածում եմ, թե կառաջադիմեն, դադարեցնում են ուսումնասիրությունը։ Իսկ նրանք, ովքեր, իմ կարծիքով, այնքան էլ չեն առաջադիմի, հոգևորապես աճում են։ Հասկացել եմ, որ ավելի լավ է՝ թույլ տանք՝ Եհովայի ոգին առաջնորդի մեզ»։

19. Ինչպե՞ս պետք է վերաբերվենք մեր տարածքում ապրող մարդկանց։

19 Առաջին հայացքից գուցե թվա, թե մեր տարածքում այնքան էլ շատ մարդիկ չկան, որ նման են հնձի պատրաստ հասկերի։ Բայց հիշիր, թե Հիսուսն ինչ ասաց իր աշակերտներին։ Արտերը սպիտակել են, այսինքն՝ պատրաստ են հնձի համար։ Մարդիկ կարող են փոխվել ու դառնալ Քրիստոսի աշակերտ։ Եհովան նրանց «ցանկալի գանձեր» է համարում (Անգե 2։7)։ Եթե մենք էլ մարդկանց վերաբերվենք, ինչպես Եհովան ու Հիսուսը, հաշվի կառնենք նրանց ծագումը, կրթությունը, ապրած կյանքն ու հետաքրքրությունները։ Մենք նրանց կվերաբերվենք ոչ թե որպես օտարների, այլ որպես մեր ապագա քույրերի ու եղբայրների։

ԵՐԳ 57 Քարոզում ենք ամեն տեսակ մարդկանց

^ պարբ. 5 Մարդկանց հանդեպ մեր վերաբերմունքը ի՞նչ ազդեցություն է թողնում այն բանի վրա, թե ինչպես ենք քարոզում և ուսուցանում Աստծու Խոսքը։ Հոդվածում խոսվում է այն մասին, թե Հիսուսն ու Պողոսը ինչ վերաբերմունք ունեին այն մարդկանց հանդեպ, ում քարոզում էին։ Նաև կիմանանք, թե ինչպես կարող ենք Հիսուսի և Պողոսի նման հաշվի առնել մարդկանց հավատալիքներն ու հետաքրքրությունները և նրանց դիտել որպես Հիսուսի ապագա աշակերտների։

^ պարբ. 17 Ավելի շատ օրինակներ այն մասին, որ մարդիկ կարող են փոխվել, կգտնես «Աստվածաշունչը փոխում է կյանքերը» հոդվածաշարում։ Մինչև 2017 թ. այս հոդվածները լույս էին տեսնում «Դիտարան» ամսագրում։ Այժմ դրանք շարունակում են թողարկվել jw.org® կայքում (ՄԵՐ ՄԱՍԻՆ > ԴԵՊՔԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ)։

^ պարբ. 57 ՆԿԱՐ։ Ամուսնական զույգը ծառայելիս նկատում է՝ 1) ծաղիկներով զարդարված կոկիկ տուն, 2) տուն, որտեղ երիտասարդ ընտանիք է ապրում, 3) տուն, որը ներսից ու դրսից անփույթ տեսք ունի, և 4) տուն, որտեղ կրոնասեր մարդիկ են ապրում։ Քո կարծիքով՝ ո՞ր տան մեջ կգտնես այնպիսի մարդկանց, ում սիրտը լավ է տրամադրված ճշմարտության հանդեպ։