Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 16

Լսիր, լավ ճանաչիր և կարեկցիր

Լսիր, լավ ճանաչիր և կարեկցիր

«Արտաքինով մի՛ դատեք, այլ արդարությամբ դատեք» (ՀՈՎՀ. 7։24

ԵՐԳ 101 Միաբանությամբ համագործակցենք

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Աստվածաշունչը ի՞նչ է հայտնում Եհովայի մասին, և ինչո՞ւ է դա մխիթարական։

ԿՑԱՆԿԱՆԱՅԻ՞Ր, որ մարդիկ քո մասին կարծիք կազմեին մաշկիդ գույնի, դիմագծերիդ կամ կազմվածքիդ հիման վրա։ Դժվար թե։ Որքա՜ն մխիթարական է իմանալ, որ Եհովան մեզ արտաքինով չի դատում։ Օրինակ՝ Հեսսեի որդիներին նայելիս Սամուելը չտեսավ այն, ինչ Աստված էր տեսնում։ Եհովան նրան ասել էր, որ Հեսսեի որդիներից մեկը Իսրայելի թագավոր է դառնալու, բայց չէր ասել, թե ով։ Երբ Սամուելը տեսավ Հեսսեի ավագ որդուն՝ Եղիաբին, ասաց. «Հիրավի, Եհովայի օծյալն իր առջևում է»։ Եղիաբը արքային վայել տեսք ուներ։ Բայց Եհովան ասաց Սամուելին. «Նրա տեսքին մի՛ նայիր և ոչ էլ նրա հասակի բարձրությանը, որովհետև ես մերժել եմ նրան»։ Ի՞նչ ենք սովորում։ Եհովան Սամուելին բացատրեց. «Մարդը տեսնում է իր աչքի տեսածը, իսկ Եհովան սիրտն է տեսնում» (1 Սամ. 16։1, 6, 7

2. Ինչո՞ւ չպետք է մարդուն արտաքինով դատենք, ինչպես գրված է Հովհաննես 7։24-ում։ Բեր օրինակ։

2 Անկատարության հետևանքով մենք հակված ենք արտաքինով դատելու մարդկանց (կարդա Հովհաննես 7։24)։ Բայց իրականում մենք շատ քիչ բան կարող ենք իմանալ մարդու մասին, եթե հիմնվենք միայն մեր աչքի տեսածի վրա։ Նույնիսկ ամենափորձառու և բանիմաց բժիշկը չի կարող շատ բան իմանալ հիվանդի մասին՝ պարզապես նրա արտաքինին նայելով։ Նա պետք է ուշադիր լսի, որ իմանա, թե հիվանդը ինչ առողջական խնդիրներ է ունեցել, ինչպիսի էմոցիոնալ վիճակում է և ինչ գանգատներ ունի։ Բժիշկը գուցե նույնիսկ որոշի հիվանդին ուղարկել ռենտգենաբանական հետազոտության, որ տեսնի, թե ինչ է կատարվում նրա օրգանիզմում։ Հակառակ դեպքում նա, հնարավոր է, ոչ ճիշտ եզրակացություն անի հիվանդի առողջական վիճակի մասին ու սխալ բուժում նշանակի։ Մենք ևս չենք կարող լիարժեք պատկերացում կազմել մեր եղբայրների ու քույրերի մասին՝ ելնելով միայն նրանց արտաքինից։ Պետք է փորձենք տեսնել այն, ինչը չի երևում՝ մարդու ներքին էությունը։ Մենք օժտված չենք սրտեր կարդալու ունակությամբ, ուստի երբեք չենք կարողանա մարդկանց հասկանալ այնպես, ինչպես Եհովան։ Այնուամենայնիվ, պետք է ձգտենք ընդօրինակել նրան այս հարցում։ Տեսնենք՝ ինչպես։

3. Եհովայի օրինակը ինչո՞ւմ կօգնի մեզ։

3 Եհովան ինչպե՞ս է վարվում իր ծառաների հետ։ Նա լսում է նրանց, հաշվի է առնում նրանց անցյալը, հանգամանքները և այն ամենը, ինչը ձևավորել է նրանց անհատականությունը։ Եհովան նաև կարեկցում է իր ծառաներին։ Այժմ կքննենք, թե նա ինչպես վարվեց Հովնանի, Եղիայի, Հագարի ու Ղովտի հետ, և կտեսնենք, թե ընդօրինակելով նրան՝ ինչպես կարող ենք վարվել մեր եղբայրների ու քույրերի հետ։

ՈՒՇԱԴԻՐ ԼՍԻՐ

4. Ինչո՞ւ գուցե բացասական կարծիք կազմենք Հովնանի մասին։

4 Մենք ամենայն մանրամասնությամբ չգիտենք Հովնանի իրավիճակը, ուստի թերևս մտածենք, թե նա անվստահելի ու անհավատարիմ մարդ էր։ Եհովան նրան հստակ պատվիրել էր դատաստանական լուր քարոզել Նինվեի բնակիչներին։ Այդ պատվերին հնազանդվելու փոխարեն՝ նա «Եհովայի առաջից փախավ» և, նավ նստելով, հակառակ ուղղությամբ գնաց (Հովն. 1։1–3)։ Այս ամենից հետո Հովնանին ևս մեկ հնարավորություն կտայի՞ր այդ հանձնարարությունը կատարելու համար։ Հավանաբար ո՛չ։ Բայց Եհովան որոշեց, որ արժե այդպես վարվել, և դրա համար հիմքեր ուներ (Հովն. 3։1, 2

5. Հովնան 2։1, 2 և 9 համարներից ի՞նչ ենք սովորում Հովնանի մասին։

5 Երբ Հովնանը ձկան փորում էր, աղոթեց Եհովային։ Անկասկած, նա շատ անգամներ էր աղոթել, բայց այս աղոթքը ցույց տվեց, թե ինքը իրականում ինչպիսի անձնավորություն էր (կարդա Հովնան 2։1, 2, 9)։ Հովնանը պարզապես մի վախկոտ մարդ չէր, ով փախչում էր իր հանձնարարությունից։ Նրա խոսքերից երևում է, որ նա խոնարհ ու երախտագետ մարդ էր՝ պատրաստ հնազանդվելու Աստծուն։ Ուստի զարմանալի չէ, որ Եհովան չկենտրոնացավ Հովնանի սխալի վրա, փոխարենը պատասխանեց նրա աղոթքին և թույլ տվեց այդուհետ էլ իր մարգարեն լինել։

Եթե ծանոթ լինենք բոլոր փաստերին, կկարողանանք մարդու դրության մեջ մտնել (տես պարբերություն 6) *

6. Ինչո՞ւ արժե ուշադիր լսել դիմացինին։

6 Դիմացինին ուշադիր լսելու համար պետք է խոնարհ ու համբերատար լինենք։ Այդպես վարվելու առնվազն երեք պատճառ կա։ Առաջին՝ դա կօգնի, որ չշտապենք մարդկանց մասին բացասական կարծիք կազմել։ Երկրորդ՝ կիմանանք, թե դիմացինը ինչ է զգում ու ինչ մղումներ ունի, և ավելի կարեկից կլինենք նրա հանդեպ։ Եվ երրորդ՝ թերևս այդպես օգնենք մարդուն ճանաչել ինքն իրեն։ Չէ՞ որ երբեմն ինքներս էլ չենք հասկանում՝ ինչ ենք զգում, մինչև որ բառերով չենք արտահայտում դա (Առակ. 20։5)։ Ասիայում ապրող մի երեց ասում է. «Մի անգամ շտապեցի և առանց բոլոր փաստերին ծանոթ լինելու՝ խորհուրդ տվեցի մի քրոջ։ Նրան ասացի, որ լավ կլինի՝ բարելավի իր մեկնաբանությունները։ Հետո իմացա, որ նա դժվարությամբ է կարդում և մեծ ջանքեր է թափում մեկնաբանություն տալու համար»։ Որքա՜ն կարևոր է, որ յուրաքանչյուր երեց, «բանը չլսած», խորհուրդ չտա (Առակ. 18։13

7. Եղիայի հանդեպ Եհովայի վերաբերմունքից ի՞նչ ես սովորում։

7 Անցյալի, մշակույթի կամ բնավորության պատճառով ոմանք դժվարանում են խոսել իրենց զգացմունքների մասին։ Ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց, որ իրենց սիրտը բացեն մեր առաջ։ Հիշենք, թե Եհովան ինչպես վարվեց Եղիայի հետ, երբ վերջինս փախչում էր Հեզաբել թագուհուց։ Շատ օրեր պահանջվեցին, մինչև որ Եղիան անկեղծորեն խոսեց իր երկնային Հոր հետ։ Նախ Եհովան ուշադիր լսեց նրան, հետո քաջալերեց և մի կարևոր հանձնարարություն տվեց (1 Թագ. 19։1–18)։ Գուցե մեր քույրերից ու եղբայրներից էլ որոշ ժամանակ պահանջվի, մինչև որ կարողանան ազատորեն խոսել մեզ հետ։ Միայն այդ դեպքում կհասկանանք, թե նրանք իրականում ինչ են զգում։ Եթե փորձենք Եհովայի պես համբերատար լինել, կարժանանանք նրանց վստահությանը։ Եվ երբ նրանք պատրաստ լինեն խոսելու իրենց զգացմունքների մասին, պետք է ամենայն ուշադրությամբ լսենք։

ԱՎԵԼԻ ԼԱՎ ՃԱՆԱՉԻՐ ՀԱՎԱՏԱԿԻՑՆԵՐԻԴ

8. Ծննդոց 16։7–13 համարների համաձայն՝ Եհովան ինչպե՞ս օգնեց Հագարին։

8 Սառայի աղախին Հագարը հիմարաբար վարվեց, երբ իր տիրուհին նրան որպես կին տվեց Աբրահամին։ Հագարը, իմանալով, որ հղի է, սկսեց արհամարհանքով վերաբերվել իր տիրուհուն, ով չէր կարողանում երեխա ունենալ։ Սառան սկսեց ճնշել նրան, և նրանց հարաբերություններն այնքան լարվեցին, որ վերջինս փախավ (Ծննդ. 16։4–6)։ Անկատար մարդու տեսանկյունից Հագարը չարակամ ու նենգ կին էր և ստացավ այն, ինչին արժանի էր։ Բայց Եհովան այդպես չէր մտածում։ Նա հրեշտակ ուղարկեց Հագարի մոտ։ Հրեշտակը օգնեց այդ կնոջը փոխել իր վերաբերմունքը և օրհնեց նրան։ Հագարը հասկացավ, որ Եհովան տեսել է իր դժվարությունները և լիովին տեղյակ է իրավիճակից։ Նա այնքան տպավորվեց, որ Եհովային կոչեց «ամեն ինչ տեսնող Աստված» (կարդա Ծննդոց 16։7–13

9. Հագարի դեպքում ի՞նչ հաշվի առավ Եհովան։

9 Հագարի պարագայում ինչի՞ վրա ուշադրություն դարձրեց Եհովան։ Նա գիտեր այդ կնոջ անցյալը և տեղյակ էր, թե նա ինչերի միջով էր անցել (Առակ. 15։3)։ Հագարը եգիպտացի էր, բայց ապրում էր եբրայական ընտանիքում։ Թերևս նա երբեմն իրեն օտար էր զգում։ Հնարավոր է՝ կարոտում էր իր ընտանիքը, իր հայրենի երկիրը։ Բացի այդ՝ նա Աբրահամի միակ կինը չէր։ Այդ ժամանակներում Աստծու հավատարիմ ծառաներից ոմանք մեկից ավելի կանայք էին ունենում։ Բայց դա Եհովայի սկզբնական նպատակի մեջ չէր մտնում (Մատթ. 19։4–6)։ Ուստի զարմանալի չէ, որ բազմակնությունը նախանձի և ատելության պատճառ էր դառնում։ Ճիշտ է, Եհովան չարդարացրեց Հագարի անհարգալից վերաբերմունքը Սառայի հանդեպ, բայց մտավ նրա դրության մեջ ու բարությամբ վարվեց նրա հետ։

Ավելի լավ ճանաչիր եղբայրներիդ ու քույրերիդ (տես պարբերություն 10–12) *

10. Ինչպե՞ս կարող ենք ավելի լավ ճանաչել մեր եղբայրներին ու քույրերին։

10 Եհովային ընդօրինակելով՝ մենք կձգտենք հասկանալ մեր հավատակիցներին։ Դրա համար անհրաժեշտ է, որ փորձենք ավելի լավ ճանաչել նրանց։ Ժողովի հանդիպումից առաջ ու հետո խոսիր նրանց հետ, ծառայիր և, եթե կարող ես, ճաշի հրավիրիր։ Այդպես գուցե տեսնես, որ այն քույրը, ով թվում է՝ շփվող չէ, պարզապես ամաչկոտ է, կամ այն եղբայրը, ում մասին մտածում էիր՝ նյութապաշտ է, որովհետև շատ փող ունի, իրականում առատաձեռն ու հյուրասեր մարդ է։ Իսկ այն քույրը, ով իր երեխաների հետ հաճախ ուշացած է գալիս ժողովի հանդիպումներին, ընտանիքում հակառակության է բախվում (Հռոմ. 14։4)։ Իհարկե, մենք չպետք է «ուրիշների գործերին խառնվենք» (1 Տիմոթ. 5։13)։ Բայց լավ կլինի՝ ճանաչենք մեր քույրերին ու եղբայրներին և իմանանք, թե ո՛ր հանգամանքներն են ազդել նրանց անհատականության վրա։

11. Ինչո՞ւ է կարևոր, որ երեցները լավ ճանաչեն իրենց ժողովի քույրերին ու եղբայրներին։

11 Հատկապես երեցները պետք է լավ ճանաչեն ժողովի եղբայրներին ու քույրերին։ Քննենք մեր եղբոր՝ Արթուրի օրինակը, ով շրջանային վերակացու էր ծառայում։ Նա և մեկ այլ երեց այցելել էին մի քրոջ, ով ամաչկոտ ու չշփվող էր թվում։ Արթուրը պատմում է. «Նրա հետ զրուցելիս իմացանք, որ ամուսնությունից մի քանի տարի հետո իր ամուսինը մահացել էր։ Ու մեր քույրը, չնայած դժվարություններին, երկու հոգևորապես ամուր աղջիկներ էր մեծացրել։ Այժմ քրոջ տեսողությունը գնալով վատանում է, և նա տառապում է դեպրեսիայով։ Չնայած այս ամենին՝ նա չի կորցնում Եհովայի հանդեպ սերն ու հավատը։ Հասկացանք, որ շատ բան ունենք սովորելու նրանից» (Փիլիպ. 2։3)։ Այս եղբայրը ընդօրինակեց Եհովային, ով ճանաչում է իր հոտի անդամներին և գիտի նրանց ցավը (Ելք 3։7)։ Այն երեցները, որոնք լավ են ճանաչում իրենց ժողովի քույրերին ու եղբայրներին, ավելի լավ կարող են օգնել նրանց։

12. Ի՞նչ սովորեց Յիպ Յին, երբ ավելի լավ ճանաչեց իր ժողովի քույրերից մեկին։

12 Երբ ավելի լավ ես ճանաչում այն քրոջը կամ եղբորը, ով նյարդայնացնում է քեզ, ավելի հեշտ է լինում մտնել նրա դրության մեջ։ Յիպ Յի անունով մի քույր, ով ապրում է ասիական երկրներից մեկում, պատմում է. «Ժողովի քույրերից մեկը շատ բարձր էր խոսում։ Սկզբում ինձ թվում էր, թե նա քաղաքավարի չէ։ Բայց երբ նրա հետ ծառայեցի, իմացա, որ մի ժամանակ նա իր ծնողների հետ շուկայում ձուկ է վաճառել։ Նա պետք է բարձր խոսեր, որ գրավեր գնորդների ուշադրությունը»։ Յիպ Յին շարունակում է. «Սովորեցի, որ եղբայրներիս ու քույրերիս հասկանալու համար պետք է նրանց ավելի լավ ճանաչեմ»։ Ճիշտ է, դրա համար ջանքեր են պետք, բայց երբ հետևում ենք աստվածաշնչյան հորդորին և լայն բացում ենք մեր սրտի դռները, ընդօրինակում ենք Եհովային, ով սիրում է «ամեն տեսակ մարդկանց» (1 Տիմոթ. 2։3, 4; 2 Կորնթ. 6։11–13

ԿԱՐԵԿԻՑ ԵՂԻՐ

13. Ծննդոց 19։15, 16 համարների համաձայն՝ հրեշտակները, տեսնելով, որ Ղովտը դանդաղում է, ի՞նչ արեցին և ինչո՞ւ։

13 Ղովտի կյանքում վճռորոշ պահ էր, բայց նա հապաղում էր հետևել Եհովայի տված հրահանգներին։ Երկու հրեշտակ եկել էին նրա մոտ ու ասել, որ իր ընտանիքի հետ դուրս գա Սոդոմ քաղաքից։ Ինչո՞ւ։ «Մենք կործանելու ենք այս վայրը»,— ասել էին հրեշտակները (Ծննդ. 19։12, 13)։ Բայց հաջորդ օրը առավոտյան Ղովտը և իր ընտանիքը դեռ տանն էին։ Հրեշտակները նորից զգուշացրին նրան, բայց նա շարունակում էր դանդաղել։ Գուցե մտածենք, թե Ղովտը անտարբեր էր Եհովայի ասածների հանդեպ և նույնիսկ անհնազանդ։ Սակայն Եհովան չթողեց նրան, այլ կարեկցեց։ Ուստի հրեշտակները բռնեցին Ղովտի, նրա կնոջ ու երկու աղջիկների ձեռքից և հանեցին քաղաքից (կարդա Ծննդոց 19։15, 16

14. Եհովան ինչո՞ւ էր կարեկցում Ղովտին։

14 Ղովտին կարեկցելու համար Եհովան մի շարք պատճառներ ուներ։ Ղովտը հապաղում էր հեռանալ տնից, քանի որ գուցե վախենում էր քաղաքից դուրս ապրող մարդկանցից։ Բայց ուրիշ վտանգներ էլ կային։ Ամենայն հավանականությամբ, Ղովտը գիտեր այն երկու թագավորների մասին, որոնք մերձակա հովտում ընկել էին ասֆալտի հորերի մեջ (Ծննդ. 14։8–12)։ Լինելով ամուսին ու հայր՝ նա, անկասկած, անհանգստանում էր իր ընտանիքի համար։ Բացի այդ՝ Ղովտը հարուստ մարդ էր ու թերևս շքեղ տուն ուներ Սոդոմում (Ծննդ. 13։5, 6)։ Ինչ խոսք, նշված պատճառներից ոչ մեկը չէր արդարացնում այն, որ Ղովտը հապաղում էր հնազանդվել Աստծուն։ Այնուամենայնիվ, Եհովան չկենտրոնացավ նրա սխալի վրա, դեռ ավելին՝ նրան «արդար մարդ» համարեց (2 Պետ. 2։7, 8

Լսելով դիմացինին՝ կիմանանք, թե ինչպես կարեկցանք դրսևորենք նրա հանդեպ (տես պարբերություն 15–16) *

15. Մարդուն քննադատելու փոխարեն՝ ի՞նչ պետք է անենք։

15 Մարդուն քննադատելու փոխարեն՝ ձգտիր հասկանալ, թե նա ինչ է զգում։ Վերոնիկա անունով մի քույր, ով ապրում է Եվրոպայում, փորձեց այդպես վարվել։ Նա պատմում է. «Մի քույր միշտ վատ տրամադրություն ուներ։ Շարունակ մեկուսանում էր։ Երբեմն նույնիսկ վախենում էի մոտենալ ու խոսել հետը։ Բայց մի օր մտածեցի, որ եթե նրա տեղը լինեի, հաստատ ընկերոջ կարիք կունենայի։ Ուստի որոշեցի խոսել նրա հետ ու իմանալ, թե ինչ է զգում։ Նա սկսեց պատմել իր սրտում եղածը։ Հիմա այդ քրոջը ավելի լավ եմ հասկանում»։

16. Ինչո՞ւ պետք է խնդրենք Եհովային, որ օգնի մեզ լինել կարեկից։

16 Միայն Եհովան կարող է մեզ լիովին հասկանալ (Առակ. 15։11)։ Ուստի խնդրիր նրան, որ օգնի քեզ մարդկանց մեջ տեսնել այն, ինչ ինքն է տեսնում, և հասկանալ, թե ինչպես կարող ես մտնել նրանց դրության մեջ։ Աղոթքն օգնեց Անժելա անունով մի քրոջ ավելի կարեկից դառնալ։ Նա ասում է, որ ժողովից մի քրոջ հետ դժվար էր լեզու գտնել։ Անժելան խոստովանում է. «Շատ հեշտ էր ընկնել նրան քննադատելու ծուղակը և «ձեռքերս լվանալ» նրանից։ Բայց ես աղոթեցի Եհովային, որ օգնի՝ հասկանամ քրոջս»։ Եհովան պատասխանե՞ց այդ աղոթքին։ Անժելան շարունակում է. «Միասին ծառայության գնացինք, որից հետո ժամերով զրուցեցինք։ Ես ճիշտ մղումներով լսեցի նրան։ Հիմա միայն սեր ու կարեկցանք եմ զգում քրոջ նկատմամբ և վճռական եմ տրամադրված նրան օգնելու»։

17. Ի՞նչ պետք է ջանանք անել։

17 Մենք չենք կարող ընտրել, թե ո՛ր քրոջ կամ եղբոր հանդեպ արժե խոր կարեկցանք դրսևորել։ Բոլորն էլ Հովնանի, Եղիայի, Հագարի ու Ղովտի պես խնդիրների են բախվում, որոշ դեպքերում՝ իրենց իսկ մեղքով։ Իրականում բոլորս էլ երբեմն մեր որոշումների պատճառով խնդիրներ ենք ունենում։ Ուստի տեղին է, որ Եհովան մեզնից ակնկալում է ցավակից լինել իրար (1 Պետ. 3։8)։ Երբ հնազանդվում ենք Աստծուն, նպաստում ենք մեր համաշխարհային ընտանիքի միասնությանը։ Ուստի եկեք ջանանք լսել, լավ ճանաչել և կարեկցել միմյանց։

ԵՐԳ 87 Ե՛կ, թարմություն ստացիր

^ պարբ. 5 Անկատարության հետևանքով մենք հակված ենք արագ եզրակացություններ անելու մարդու մասին և վատ մղումներ վերագրելու նրան։ Ի տարբերություն մեզ՝ Եհովան մարդու «սիրտն է տեսնում» (1 Սամ. 16։7)։ Այս հոդվածից կիմանանք, թե նա ինչպես վարվեց Հովնանի, Եղիայի, Հագարի ու Ղովտի հետ, և նրանից կսովորենք, թե մե՛նք ինչպես պետք է վարվենք մեր քույրերի ու եղբայրների հետ։

^ պարբ. 52 ՆԿԱՐ։ Տարիքով եղբայրը նյարդայնանում է, երբ երիտասարդ եղբայրը ուշացած է գալիս ժողովի հանդիպման։ Բայց հետո իմանում է, որ եղբայրը ավտովթարի է ենթարկվել։

^ պարբ. 54 ՆԿԱՐ։ Քարոզչական խմբի վերակացուն սկզբում կարծում է, թե քույրը շփվող չէ և հակված է մեկուսանալու։ Բայց հետո իմանում է, որ նա ամաչկոտ է և կաշկանդվում է այն մարդկանց շրջապատում, ում լավ չի ճանաչում։

^ պարբ. 56 ՆԿԱՐ։ Երբ քույրը Թագավորության սրահում առաջին անգամ հանդիպում է մի քրոջ, կարծում է, թե վերջինս մռայլ ու անտարբեր մարդ է։ Բայց երբ սկսում է մոտիկից շփվել նրա հետ, հասկանում է, որ դա այդպես չէ։