Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 17

Դու թանկ ես Եհովայի համար

Դու թանկ ես Եհովայի համար

«Եհովան հավանում է իր ժողովրդին» (ՍԱՂ. 149։4

ԵՐԳ 108 Աստծու նվիրված սերը

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

Մեր երկնային Հայրը «հավանում է» յուրաքանչյուրիս (տես պարբերություն 1)

1. Եհովան ի՞նչ է տեսնում մեր մեջ։

ԵՀՈՎԱ ԱՍՏՎԱԾ «հավանում է իր ժողովրդին» (Սաղ. 149։4)։ Որքա՜ն ուրախ ենք, որ նա տեսնում է մեր լավ հատկությունները, նկատում է մեր պոտենցիալը և ձգում է մեզ դեպի իրեն։ Եթե հավատարիմ մնանք Եհովային, նա ընդմիշտ մեր ընկերը կլինի (Հովհ. 6։44

2. Ինչո՞ւ են ոմանք դժվարանում հավատալ, որ Եհովան սիրում է իրենց։

2 Ոմանք գուցե ասեն. «Գիտեմ, որ Եհովան սիրում է իր ժողովրդին որպես խումբ, բայց մի՞թե նա սիրում է ինձ անհատապես»։ Ինչո՞ւ են մարդիկ նման կասկածներ ունենում։ Օկսանան, * ով ծանր մանկություն է ունեցել, ասում է. «Երբ նոր էի մկրտվել և ռահվիրա էի ծառայում, շատ ուրախ էի։ Բայց 15 տարի անց դառը հիշողությունները գլուխ բարձրացրին։ Սկսեցի մտածել, որ կորցրել եմ Եհովայի հավանությունը և արժանի չեմ նրա սիրուն»։ Իսկ Յուա անունով մի ռահվիրա քույր, ով նույնպես ծանր մանկություն է ունեցել, ասում է. «Ես նվիրվեցի Եհովային, քանի որ ուզում էի ուրախացնել նրան, բայց համոզված էի, որ նա երբեք չի սիրի ինձ»։

3. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

3 Այս հավատարիմ քույրերի նման անկասկած դու էլ Եհովային շատ ես սիրում, բայց գուցե կասկածում ես, որ նա էլ քեզ է սիրում։ Ինչո՞ւ է կարևոր համոզված լինել, որ Աստված հոգ է տանում մեր մասին, և ի՞նչը կօգնի մեզ հաղթահարել բացասական մտքերը։ Հոդվածից կիմանանք այս հարցերի պատասխանները։

ԿԱՍԿԱԾՆԵՐԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆ

4. Ինչո՞ւ է կարևոր համոզված լինել, որ Եհովան սիրում է մեզ։

4 Սերը մեծ ուժ ունի։ Եթե համոզված լինենք, որ Եհովան սիրում է մեզ, անկախ դժվարություններից՝ կմղվենք ամբողջ սրտով ծառայելու նրան։ Բայց եթե կասկածներ ունենանք, մեր «ուժը խղճուկ կլինի» (Առակ. 24։10)։ Իսկ վհատված վիճակում չենք կարողանա դիմադրել Սատանայի հարձակումներին (Եփես. 6։16

5. Ի՞նչ հետևանքներ են եղել, երբ ոմանք սկսել են կասկածել, որ Աստված սիրում է իրենց։

5 Որոշ հավատարիմ քրիստոնյաներ կասկածների պատճառով ժամանակի ընթացքում հոգևորապես թուլացել են։ Ջեյմս անունով մի երեց ասում է. «Ես Բեթելում էի ծառայում և համագործակցում էի օտարախոս ժողովի հետ։ Բայց համոզված չէի, որ Եհովան ընդունում է իմ կատարած ծառայությունը։ Նույնիսկ սկսեցի կասկածել, որ նա լսում է իմ աղոթքները»։ Էվան, ով նույնպես լիաժամ ծառայության մեջ է, ասում է. «Հասկացա, որ Եհովայի սիրո մեջ կասկածելը շատ վտանգավոր է։ Նման մտածելակերպը քեզ անդունդն է գլորում։ Այն ազդում է հոգևոր ախորժակիդ վրա, և դու այլևս ուրախություն չես ստանում Եհովային ծառայելուց»։ Իսկ Մայքլ անունով մի երեց, ով ռահվիրա է ծառայում, ասում է. «Եթե չհավատաս, որ Աստված հոգ է տանում քո մասին, ի վերջո կհեռանաս նրանից»։

6. Ի՞նչ պետք է անենք, երբ մեր մտքում կասկածներ են առաջանում։

6 Վերոնշյալ օրինակները ցույց են տալիս, որ բացասական մտածելակերպը կարող է հոգևորապես վնասել մեզ։ Ուրեմն ի՞նչ պետք է անենք, երբ սկսում ենք կասկածել Աստծու սիրո մեջ։ Պետք է անմիջապես ձերբազատվենք նման կասկածներից։ Խնդրիր Եհովային, որ օգնի քեզ՝ «անհանգստացնող մտքերը» փոխարինես «Աստծու խաղաղությամբ», որը կպահպանի քո սիրտն ու միտքը (Սաղ. 139։23; Փիլիպ. 4։6, 7)։ Հիշիր, որ քո հավատարիմ եղբայրներն ու քույրերը նույնպես պայքարում են բացասական զգացումների դեմ։ Անգամ անցյալում ապրած Եհովայի հավատարիմ ծառաներն են նման զգացումներ ունեցել։ Տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել նրանցից մեկի՝ Պողոս առաքյալի օրինակից։

Ի՞ՆՉ ԵՆՔ ՍՈՎՈՐՈՒՄ ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԻՑ

7. Ի՞նչ դժվարություններ ուներ Պողոսը։

7 Ծանրաբեռնվա՞ծ ես պատասխանատվություններով, որոնք չես հասցնում ինչպես հարկն է անել։ Եթե այո, ապա մտածիր Պողոս առաքյալի օրինակի շուրջ։ Նրան մտահոգում էր ոչ թե մի, այլ «բոլոր ժողովների» հոգսը (2 Կորնթ. 11։23–28)։ Կամ էլ գուցե քրոնիկ հիվանդություն ունես, որի պատճառով երբեմն կորցնում ես ուրախությունդ։ Պողոս առաքյալը «փշի նման ծակող մի ցավ» ուներ։ Դա հավանաբար ֆիզիկական տկարություն էր, և նա շատ էր ուզում ազատվել դրանից (2 Կորնթ. 12։7–10)։ Իսկ լինո՞ւմ է այնպես, որ վհատվես քո իսկ անկատարության պատճառով։ Պողոսի հետ երբեմն նման բան լինում էր։ Նա նույնիսկ ինքն իրեն անվանեց «թշվառ մարդ», քանի որ անդադար պայքար էր մղում ճիշտն անելու համար (Հռոմ. 7։21–24

8. Ի՞նչն օգնեց Պողոսին դիմանալ դժվարություններին։

8 Չնայած դժվարություններին, այդ թվում՝ անկատարության պատճառով առաջ եկած խնդիրներին՝ Պողոսը շարունակում էր ծառայել Աստծուն։ Ի՞նչն էր նրան ուժ տալիս։ Փրկանքի հանդեպ անսասան հավատը։ Պողոսը գիտեր այն խոստման մասին, որ «ամեն ոք, ով հավատ է դրսևորում [Հիսուսի] հանդեպ.... հավիտենական կյանք կունենա» (Հովհ. 3։16; Հռոմ. 6։23)։ Պողոսը, անկասկած, հավատ էր դրսևորում Քրիստոսի զոհի հանդեպ։ Նա համոզված էր, որ Եհովան պատրաստ է ներել նույնիսկ լուրջ մեղք գործած անհատներին, եթե նրանք զղջում են (Սաղ. 86։5

9. Ի՞նչ ենք սովորում Գաղատացիներ 2։20-ից։

9 Պողոսը նաև համոզված էր, որ Աստված սիրում է իրեն. չէ՞ որ նա Հիսուսին էր զոհել իր համար։ Ուշադրություն դարձնենք, թե ինչ ասաց առաքյալը. «Աստծու Որդին.... սիրեց ինձ և իր անձը տվեց ինձ համար» (կարդա Գաղատացիներ 2։20)։ Պողոսը իր մտքում չէր սահմանափակում Աստծու սերը՝ ասելով. «Եղբայրներս արժանի են Աստծու սիրուն, բայց դժվար թե նա սիրի ինձ նման մեկին»։ Պողոսը հռոմեացիներին հիշեցրեց. «Քրիստոսը մահացավ մեզ համար, երբ մենք դեռ մեղավորներ էինք» (Հռոմ. 5։8)։ Հստակ է, որ Աստված սիրում է իր բոլոր ծառաներին՝ առանց բացառության։

10. Ի՞նչ ենք սովորում Հռոմեացիներ 8։38, 39 համարներից։

10 Կարդա Հռոմեացիներ 8։38, 39։ Պողոսը գիտեր, որ Աստծու սերը մեծ զորություն ունի։ Նա գրեց, որ ոչինչ «չի կարող բաժանել մեզ Աստծու սիրուց»։ Առաքյալը գիտեր, թե Եհովան որքան համբերատար էր եղել Իսրայել ազգի հանդեպ։ Նաև հիշում էր, որ Եհովան իր հանդեպ ողորմածություն էր դրսևորել։ Կարող ենք ասել՝ Պողոսը հետևյալ կերպ էր մտածում. «Եհովան զոհել է իր Որդուն ինձ համար, ուստի ես չպետք է կասկածեմ, որ Նա սիրում է ինձ» (Հռոմ. 8։32

Աստծու համար կարևոր է, թե ինչ ես անում հիմա և ինչ ես անելու ապագայում։ Նրա համար կարևոր չէ, թե ինչ սխալներ ես արել անցյալում (տես պարբերություն 11) *

11. Թեև Պողոսը այնպիսի մեղքեր էր գործել, ինչպիսիք նշված են 1 Տիմոթեոս 1։12–15-ում, ինչո՞ւ էր նա համոզված, որ Աստված սիրում է իրեն։

11 Կարդա 1 Տիմոթեոս 1։12–15։ Ամենայն հավանականությամբ, Պողոսը երբեմն տանջվում էր անցյալում գործած սխալների պատճառով։ Ուստի զարմանալի չէ, թե ինչու նա ասաց, որ ինքը մեղավորների մեջ «առաջինն» է։ Նախքան ճշմարտությունն ընդունելը քաղաքից քաղաք գնալով՝ նա հալածում էր քրիստոնյաներին, բանտարկում էր նրանց և իր համաձայնությունն էր տալիս նրանց սպանությանը (Գործ. 26։10, 11)։ Պատկերացրու, թե ինչ կզգար Պողոսը, եթե հանդիպեր մի երիտասարդ քրիստոնյայի, ում ծնողներին սպանել էին իր հավանությամբ։ Նա ափսոսում էր իր արածների համար, բայց չէր կարող փոխել անցյալը։ Պողոսն ընդունում էր, որ Քրիստոսը մահացել էր իր համար, ուստի գրեց. «Աստծու անզուգական բարությամբ ես այն եմ, ինչ որ կամ» (1 Կորնթ. 15։3, 10)։ Ի՞նչ ենք սովորում։ Ընդունիր, որ Հիսուսը մահացել է քեզ համար՝ հնարավորություն տալով, որ Եհովայի հետ ջերմ փոխհարաբերություններ ունենաս (Գործ. 3։19)։ Աստծու համար կարևոր է, թե ինչ ես անում հիմա և ինչ ես անելու ապագայում։ Նրա համար կարևոր չէ, թե ինչ սխալներ ես արել անցյալում՝ անկախ նրանից՝ ճշմարտության մեջ ես եղել, թե ոչ (Ես. 1։18

12. 1 Հովհաննես 3։19, 20 համարները ինչպե՞ս կարող են օգնել, երբ մեզ անարժեք ու չսիրված ենք զգում։

12 Մտածելով այն մասին, որ Հիսուսը մահացել է քո մեղքերի համար՝ գուցե ասես. «Ես արժանի չեմ նման պատվի»։ Ի՞նչը կարող է պատճառ լինել, որ նման զգացումներ ունենաս։ Մեր անկատար սիրտը կարող է խաբել մեզ ու դրդել մտածելու, որ անարժեք ենք ու չսիրված (կարդա 1 Հովհաննես 3։19, 20)։ Նման դեպքերում լավ կլինի՝ ինքներս մեզ հիշեցնենք, որ «Աստված մեր սրտերից ավելի մեծ է»։ Մեր երկնային Հոր սերն ու ներողամտությունը շատ ավելի զորեղ են, քան ցանկացած բացասական զգացում, որ գուցե բույն դնի մեր սրտում։ Մենք պետք է Եհովայի աչքերով նայենք մեզ։ Դրա համար հարկավոր է կանոնավորաբար ուսումնասիրել նրա Խոսքը, հաճախակի աղոթել և ընկերակցել հոգևորապես հասուն մարդկանց հետ։ Տեսնենք, թե ինչու է այս բաներն անելը կարևոր։

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ, ԱՂՈԹՔ ԵՎ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ

13. Ինչպե՞ս կարող է Աստծու Խոսքն ուսումնասիրելը օգնել մեզ (տես նաև « Ինչպե՞ս է Աստծու Խոսքն օգնում նրանց» շրջանակը)։

13 Աստծու Խոսքն ամեն օր ուսումնասիրելով՝ ավելի հստակ կտեսնես, թե ինչ գեղեցիկ հատկություններ ունի Եհովան։ Նաև կտեսնես, որ նա ջերմորեն սիրում է անձամբ քեզ։ Եթե ամեն օր Աստծու Խոսքից մի հատված կարդաս ու խորհրդածես, այն «կուղղի» մտածելակերպդ և կօգնի ազատվել բացասական զգացումներից (2 Տիմոթ. 3։16)։ Քևին անունով մի երեց, ով պայքարում է թերարժեքության դեմ, ասում է. «103-րդ սաղմոսի շուրջ խորհրդածելը օգնել է ինձ, որ շտկեմ մտածելակերպս և հասկանամ, թե իրականում Եհովան ինչ կարծիք ունի իմ մասին»։ Էվան, ում մասին հիշատակել ենք ավելի վաղ, ասում է. «Ես իմ օրը ավարտում եմ՝ խորհրդածելով այն մասին, թե ինչն է արժեքավոր Եհովայի համար։ Արդյունքում ներքին խաղաղություն եմ ձեռք բերում և հավատս ամրանում է»։

14. Ինչպե՞ս կարող է աղոթքը օգնել մեզ։

14 Հաճախակի աղոթիր (1 Թեսաղ. 5։17)։ Ամուր ընկերությունը հիմնված է հաճախակի և անկեղծ հաղորդակցության վրա։ Նույնն է պարագան Աստծու հետ ընկերության դեպքում։ Երբ Եհովային պատմում ենք մեր անհանգստությունների, մտքերի և զգացմունքների մասին, ցույց ենք տալիս, որ վստահում ենք նրան և համոզված ենք, որ նա սիրում է մեզ (Սաղ. 94։17–19; 1 Հովհ. 5։14, 15)։ Յուան, ում մասին նշեցինք ավելի վաղ, ասում է. «Աղոթելիս Եհովային պատմում եմ ոչ միայն օրվա իրադարձությունների, այլև իմ զգացմունքների մասին՝ սիրտս բացելով նրա առաջ։ Ժամանակի ընթացքում հասկացել եմ, որ Եհովան ինձ համար ոչ թե խիստ գործատեր է, այլ հոգատար և սիրառատ Հայր» (տես նաև « Կարդացե՞լ ես» շրջանակը)։

15. Ինչպե՞ս է Եհովան ցույց տալիս, որ հոգ է տանում մեր մասին։

15 Հավատարիմ ընկերները պարգև են Եհովայից (Հակ. 1։17)։ Մեր երկնային Հայրը իր հոգատարությունը դրսևորել է նրանով, որ մեզ տվել է հոգևոր ընտանիք, որի անդամները «սիրում են ամեն ժամանակ» (Առակ. 17։17)։ Կողոսացիներին ուղղած իր նամակում Պողոսը հիշատակում է որոշ քրիստոնյաների, ովքեր աջակցել էին իրեն և զորավիգ էին եղել (Կող. 4։10, 11)։ Նույնիսկ Քրիստոս Հիսուսը ընկերների կարիք ուներ։ Նա շատ թանկ էր գնահատում իր ընկերների աջակցությունը՝ թե՛ մարդկանց, թե՛ հրեշտակների (Ղուկ. 22։28, 43

16. Հոգևորապես հասուն ընկերները ինչպե՞ս կարող են օգնել մեզ մտերմանալ Եհովայի հետ։

16 Լիարժեքորեն օգտվո՞ւմ ես Եհովայի տված պարգևից։ Ընդունո՞ւմ ես ընկերներիդ օգնությունը։ Մեր մտահոգությունների մասին հոգևորապես հասուն ընկերոջը պատմելը թուլության նշան չէ։ Դա կարող է պաշտպանություն լինել մեզ համար։ Նկատի առնենք, թե ինչ է ասում Ջեյմսը, ում մասին արդեն խոսել ենք. «Հասուն քրիստոնյաների հետ շփումը ինձ շատ է օգնում։ Երբ բացասական մտքերը գլուխ են բարձրացնում, ընկերներս համբերությամբ լսում են ինձ և հավաստիացնում իրենց սիրո մեջ։ Նրանց միջոցով ես զգում եմ Եհովայի սերն ու հոգատարությունը»։ Տեսնում ենք, թե որքան կարևոր է մտերիմ փոխհարաբերություններ զարգացնել մեր հոգևոր քույրերի ու եղբայրների հետ և պահպանել դրանք։

ՄՆԱ ԵՀՈՎԱՅԻ ՍԻՐՈ ՄԵՋ

17–18. Ո՞ւմ պետք է լսենք և ինչո՞ւ։

17 Սատանան ուզում է, որ ճիշտն անելու պայքարում հանձնվենք։ Նա ուզում է այնպես անել, որ մտածենք, թե Եհովան մեզ չի սիրում, և մենք արժանի չենք փրկության։ Բայց ինչպես արդեն տեսանք, դա բացարձակ սուտ է։

18 Եհովան սիրում է քեզ։ Դու շատ թանկ ես նրա համար։ Եթե հնազանդվես Եհովային, Հիսուսի պես հավիտյան «կմնաս նրա սիրո մեջ» (Հովհ. 15։10)։ Ուստի մի՛ լսիր Սատանային ու քո սրտին, որը դատապարտում է քեզ։ Փոխարենը՝ լսիր Եհովային, ով յուրաքանչյուրիս մեջ լավն է տեսնում, և համոզված եղիր, որ նա «հավանում է իր ժողովրդին», այդ թվում՝ քեզ։

ԵՐԳ 141 Կյանքը հրաշք է

^ պարբ. 5 Մեր հավատակիցներից ոմանք դժվարանում են հավատալ, որ Եհովան սիրում է իրենց։ Հոդվածից կիմանանք, թե ինչու կարող ենք համոզված լինել, որ Եհովան սիրում է մեզանից յուրաքանչյուրին։ Նաև կտեսնենք, թե ինչպես կարող ենք փարատել մեր կասկածները։

^ պարբ. 2 Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։

^ պարբ. 67 ՆԿԱՐ։ Անցյալում Պողոսը շատ քրիստոնյաների էր հալածել ու բանտարկել։ Բայց երբ հասկացավ, թե ինչ է Հիսուսն արել իր համար, սկսեց փոփոխություններ անել կյանքում և քաջալերել իր եղբայրներին։ Թերևս այդ հավատակիցների թվում էին նրանք, ում հարազատներին նա մի ժամանակ հալածել էր։