Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ընթերցողների հարցերը

Ընթերցողների հարցերը

Մահանալիս Հիսուսն ինչո՞ւ մեջբերեց Սաղմոս 22։1-ում գրված Դավթի խոսքերը։

Մահանալիս Հիսուսն ասաց Մատթեոս 27։46-ում գրված խոսքերը. «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ ինձ թողեցիր»։ Այդպիսով նա կատարեց Սաղմոս 22։1-ում գրված մարգարեությունը (Մարկ. 15։34)։ Սխալ կլինի եզրակացնել, որ Հիսուսը մեջբերեց այս խոսքերը, քանի որ հիասթափվել էր, կամ նրա հավատը մի պահ թուլացել էր։ Նա լիովին հասկանում էր, թե ինչու պետք է մահանար, և պատրաստ էր դրան (Մատթ. 16։21; 20։28)։ Հիսուսը նաև գիտեր, որ մահվան պահին Եհովան չի պաշտպանելու իրեն (Հոբ 1։10)։ Այդպիսով Եհովան հնարավորություն տվեց իր Որդուն փաստելու, որ հավատարիմ կմնա իրեն՝ անկախ նրանից, թե ինչ հանգամանքներում կմահանա (Մարկ. 14։35, 36

Ուրեմն ինչո՞ւ Հիսուսն ասաց այս խոսքերը։ Եկեք քննենք որոշ հավանական պատճառներ։ *

Այս խոսքերն ասելով՝ Հիսուսը, հնարավոր է, ուզում էր ընդգծել այն փաստը, որ Եհովան մահից չի պաշտպանելու իրեն։ Հիսուսը պետք է փրկանքը վճարեր՝ առանց Եհովայի օգնության։ Նա պետք է մահանար, որպեսզի «մահ ճաշակեր ամեն մարդու համար» (Եբր. 2։9

22-րդ սաղմոսից մի հատված մեջբերելով՝ Հիսուսը, հնարավոր է, ուզում էր մարդկանց հիշեցնել ամբողջ սաղմոսը։ Այդ ժամանակներում հրեաների մոտ ընդունված էր անգիր անել շատ սաղմոսներ։ Ուստի մարդիկ, մի միտք լսելով, ինքնաբերաբար կհիշեին ամբողջ սաղմոսը։ Եթե դա այդպես է, ապա հավանաբար Հիսուսը հրեա աշակերտներին հիշեցրեց իր մահվան մասին այն մարգարեությունները, որոնք գրված էին այդ սաղմոսում (Սաղ. 22։7, 8, 15, 16, 18, 24)։ Նրանք նաև կարող էին հիշել 22-րդ սաղմոսի վերջին հատվածը, որտեղ նկարագրվում է Եհովայի Թագավորության փառահեղ հաղթանակը և այն, որ Նա իշխելու է ողջ երկրի վրա (Սաղ. 22։27–31

Դավթի խոսքերը մեջբերելով՝ Հիսուսը հավանաբար ուզում էր ընդգծել իր անմեղ լինելը։ Մահվան մատնելուց առաջ Հիսուսին անարդար դատավարության արդյունքում մեղավոր էին ճանաչել Աստծուն հայհոյելու մեջ (Մատթ. 26։65, 66)։ Սինեդրիոնը հապշտապ հավաքվել էր և ուշ գիշերով անօրինական դատավարություն անցկացրել (Մատթ. 26։59; Մարկ. 14։56–59)։ Այս հռետորական հարցը տալով՝ Հիսուսը գուցե ուզում էր ուշադրություն հրավիրել այն բանի վրա, որ ինքը մահվան արժանի ոչինչ չէր արել։

Այս խոսքերն ասելով՝ Հիսուսը գուցե նաև ուզում էր հիշեցնել, որ թեև Եհովան թույլ էր տվել, որ Դավիթը տառապի, բայց դա չէր նշանակում, որ վերջինս կորցրել էր Եհովայի հավանությունը։ Դավթի տված հարցը չէր վկայում այն մասին, որ նրա հավատը թուլացել էր, քանի որ դրանից հետո նա արտահայտեց իր համոզվածությունն այն բանում, որ Եհովան փրկարար զորություն ունի։ Իսկ Եհովան շարունակեց օրհնել Դավթին (Սաղ. 22։23, 24, 27)։ Նմանապես այն, որ Հիսուսը՝ «Դավթի Որդին», տանջանքի ցցի վրա տառապում էր, չէր նշանակում, որ նա կորցրել էր Եհովայի հավանությունը (Մատթ. 21։9

Հնարավոր է՝ Հիսուսը իր սրտի խոր ցավն էր արտահայտում այն բանի համար, որ Եհովան ստիպված էր վերցնել իր պաշտպանությունը՝ հնարավորություն տալով նրան մինչև վերջ փորձվել և փաստել անարատությունը։ Եհովայի սկզբնական նպատակի մեջ չէր մտնում իր Որդու տառապանքն ու մահը։ Դրա անհրաժեշտությունն առաջացավ այն բանից հետո, երբ Ադամն ու Եվան ըմբոստացան Աստծու դեմ։ Հիսուսը ոչ մի սխալ բան չէր արել, բայց նա պետք է տառապեր ու մահանար, որպեսզի պատասխան տար Սատանայի բարձրացրած հարցին և վճարեր այն գինը, որն անհրաժեշտ էր մարդկանց կորցրածը հետ բերելու համար (Մարկ. 8։31; 1 Պետ. 2։21–24)։ Այս ամենը կիրագործվեր, եթե Հիսուսը իր կյանքում առաջին անգամ մի պահ մնար առանց Եհովայի պաշտպանության։

Գուցե Հիսուսը ուզում էր իր հետևորդների ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, թե ինչու է Եհովան թույլ տալիս, որ նա այս ձևով մահանա։ * Հիսուսը գիտեր, որ տանջանքի ցցի վրա որպես հանցագործ մահանալը շատերի համար գայթակղության առիթ էր լինելու (1 Կորնթ. 1։23)։ Եթե Հիսուսի հետևորդները կենտրոնանային նրա մահվան իրական պատճառի վրա, նրան կդիտեին ոչ թե որպես հանցագործի, այլ Փրկչի (Գաղ. 3։13, 14

Այսպիսով՝ անկախ նրանից, թե Հիսուսն ինչու ասաց այս խոսքերը, մի բան հստակ է՝ նա հասկանում էր, որ Եհովայի կամքը կատարելու համար է անցնում այդ ամենի միջով։ 22-րդ սաղմոսի խոսքերը մեջբերելուց անմիջապես հետո նա ասաց. «Կատարվե՛ց» (Հովհ. 19։30; Ղուկ. 22։37)։ Այո՛, մի պահ Հիսուսի վրայից պաշտպանությունը վերցնելով՝ Եհովան նրան հնարավորություն տվեց լիարժեքորեն իրագործելու այն ամենը, ինչի համար ուղարկվել էր։ Դա նաև հնարավորություն տվեց Հիսուսին կատարելու այն, ինչ իր մասին գրված էր «Մովսեսի օրենքում, Մարգարեների գրվածքներում և Սաղմոսներում» (Ղուկ. 24։44

^ պարբ. 2 Տես նաև այս համարում տպագրված «Սովորենք Հիսուսի վերջին խոսքերից» հոդվածի 9-րդ և 10-րդ պարբերությունները։

^ պարբ. 4 Իր ծառայության ընթացքում Հիսուսն ասում էր բաներ կամ բարձրացնում այնպիսի հարցեր, որոնք իր աշակերտներին մղում էին մտածելու և հնարավորություն էին տալիս արտահայտելու իրենց հավատը (Մարկ. 7։24–27; Հովհ. 6։1–5) (տես «Դիտարանի» 2010 թ. հոկտեմբերի 15-ի համարը, էջ 4–5